ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2025 թվականի N 1237-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 1179-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է կամ դրանից հետո: Այն դեպքում, երբ ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է, իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 1179-Ն որոշման՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը ապահովել սույն որոշմամբ նախատեսված դեպքերում ինքնաշխատ եղանակով իրականացվող գործընթացների ծրագրային ապահովման մշակումն ու ներդրումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի |
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2015 թվականի |
Կ Ա Ր Գ
ՉԱՇԽԱՏՈՂ ԱՆՁԻՆ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձանց (այսուհետ՝ չաշխատող անձ) մայրության նպաստ (այսուհետ՝ նպաստ) նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:
2. Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները կիրառվում են օրենքով սահմանված իմաստով։ Սույն կարգում կիրառվող այլ հասկացություններն են՝
1) դիմող՝ մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը վճարելու դիմում ներկայացրած անձ.
2) շահառու՝ անձ, ում պետք է նշանակվի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը.
3) տարածքային կենտրոն` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ծառայություն) համապատասխան ստորաբաժանում.
4) անձը հաստատող փաստաթուղթ՝
ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում` երկքաղաքացիների) համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը,
բ. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը,
գ. փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,
դ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված՝ փախստական ճանաչված անձանց (այսուհետ՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական) համար՝ անձնագիրը (որն իր նկարագրով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում է (կամ տպագրված է) բացառապես 070 ծածկագրով) կամ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը.
5) բանկ` ծառայության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված՝ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկ.
6) բանկային հաշիվ` շահառուի (սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքում՝ այն անձի, ում պետք է նշանակվի (վճարվի) մահվան պատճառով չվճարված նպաստի գումար) անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված կարգով բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշիվ․
7) տեղեկատվական շտեմարան՝ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքով սահմանված կարգով ստեղծված ժամանակավոր անաշխատունակության նպաստ և մայրության նպաստ հաշվարկելու, նշանակելու, վճարելու համար տեղեկատվական շտեմարան․
8) օգտահաշիվ՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտի դիմումների միասնական համակարգում «Ես Եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով՝ բջջային նույնականացման քարտով կամ էլեկտրոնային ստորագրությունը կարդացող սարքի կիրառմամբ՝ նույնականացման քարտով անձի նույնականացմամբ բացված անձնական էջ:
3. Օրենքով նպաստի իրավունք ունենալու դեպքում ծառայությունը շահառուին նպաստը նշանակում և վճարում է տեղեկատվական շտեմարանի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով էլեկտրոնային առողջապահության համակարգից ստացված՝ անձի հղիության և ծննդաբերության վերաբերյալ տեղեկատվության (տվյալների) հիման վրա, եթե նա բավարարում է օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված պահանջները։
4. Հղիության և ծննդաբերության առաջին օրվա վերաբերյալ տեղեկատվությունը սույն կարգի 3-րդ կետում նշված կարգով ստանալուց հետո՝ մինչև նպաստ նշանակելը անձի մահվան դեպքում նպաստը նշանակվում և վճարվում է, իսկ նպաստը նշանակելուց հետո անձի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը վճարվում է ծառայության ցանկացած տարածքային կենտրոն ներկայացված դիմումի հիման վրա։
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումը ներկայացվում է առցանց` դիմողի օգտահաշվի միջոցով։ Դիմումում կատարվում է դրանում շահառուի տվյալները մշակելու, օգտագործելու և փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու նշում։ Սույն կարգով փաստաթուղթ ներկայացնելու պահանջ նախատեսված լինելու դեպքում դիմումը ներկայացվում է ծառայության ցանկացած տարածքային կենտրոնում։
6. Սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումն առցանց եղանակով ներկայացնելու համար անձը մուտք է գործում www.e-social.am կայքէջ՝ համապատասխան դաշտերում լրացնելով՝
1) շահառուի անունը, ազգանունը, ում պետք է նշանակվի (վճարվի) մահվան պատճառով չվճարված նպաստի գումար.
2) շահառուի հանրային ծառայության համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը).
3) բանկի անվանումը, որտեղից շահառուն ցանկանում է ստանալ նպաստը.
4) շահառուի տեղական բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
5) մահացած չաշխատող անձի՝ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տվյալները.
6) եթե դիմումը ներկայացնում է շահառու չհանդիսացող այլ անձ (դիմողը), ապա այդ մասին դիմումում կատարվում է նշում և լրացվում են այդ անձի՝ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տվյալները։
7. Ըստ անհրաժեշտության՝ սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումին կցվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) նպաստի իրավունք ունեցող անձի մահվան փաստը հավաստող` օտարերկրյա պետության տված փաստաթուղթը` վավերացված ապոստիլով և հայերեն թարգմանությամբ․
2) նպաստի իրավունք ունեցող անձի մահվան օրվա դրությամբ բնակության միևնույն վայրում նրա հետ հաշվառված չլինելու դեպքում ամուսինը ներկայացնում է ամուսնության վկայականը, երեխան կամ ծնողը` ծննդյան վկայականը կամ սերման փաստը հաստատող այլ փաստաթուղթ, եթե դիմումը ներկայացվում է մահվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում․
3) ժառանգության իրավունքի վկայագիրը կամ ժառանգություն ընդունելու մասին օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռը, եթե դիմումը ներկայացվում է մահվանից 6 ամիս հետո։
8. Սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումը ծառայության տարածքային կենտրոնում ներկայացվելու դեպքում ծառայության տարածքային կենտրոնի աշխատակիցը սույն կարգի համար իրեն տրված օգտանվան և գաղտնաբառի կիրառմամբ դիմողի՝ սույն կարգի 7-րդ կետում նշված տվյալները, իսկ դիմումին կից ներկայացված փաստաթղթեր ներկայացնելու դեպքում՝ դրանց լուսապատճենները, իր տվյալները մշակելու, օգտագործելու և փոխանցելու վերաբերյալ շահառուի գրավոր համաձայնության ստորագրված տարբերակի լուսապատճենը մուտքագրում է առցանց դիմումների համակարգ։
9. Որևէ եղանակով շահառուի տվյալները մուտքագրելիս կամ սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով ստանալիս համակարգն ինքնաշխատ եղանակով տվյալների շտեմարանների փոխգործելիության միջոցով իրականացնում է շահառուի տվյալների ստուգում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայի և Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ։
10. Համակարգը հարցման միջոցով (հարցումը կատարում է ինքնաշխատ եղանակով էլեկտրոնային առողջապահության համակարգից ստացված՝ մահացած չաշխատող անձի հանրային ծառայությունների համարանիշով կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարով) ստանում է՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից՝ անձի մահվան օրը, ամիսը, տարեթիվը․
2) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրից՝ շահառուի և մահացած չաշխատող անձի՝
ա․ անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում),
բ․ անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,
գ․ ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,
դ․ քաղաքացիությունը,
ե․ փախստականի կարգավիճակ ունենալը (առկայության դեպքում),
զ․ հաշվառման հասցեն և այդ հասցեում հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը։
11. Եթե մուտքագրված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայի, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալներում՝
1) առկա են անհամապատասխանություններ (սխալներ), ապա ներկայացված տվյալների հիման վրա դիմում չի ձևավորվում և դրա մասին առցանց դիմումների համակարգն անմիջապես ծանուցում է.
2) առկա չեն անհամապատասխանություններ (սխալներ)՝ շահառուն նույնականացվում է, ապա ներկայացված տվյալների հիման վրա ձևավորվում է դիմում։
12. Դիմումի տվյալները համակարգն ինքնաշխատ եղանակով համադրում է էլեկտրոնային առողջապահության համակարգից ստացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկների (այսուհետ՝ անաշխատունակության թերթիկ) տվյալների հետ։
13. Սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումի հիման վրա համակարգն ինքնաշխատ եղանակով (եթե դիմումին չեն կցվել փաստաթղթեր) կամ ծառայությունը (եթե դիմումին կցվել են փաստաթղթեր) որոշում է`
1) մերժել նպաստ նշանակելը (վճարելը) և այդ (լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության) մասին տեղեկացնել շահառուին.
2) նշանակել և վճարել նպաստը։
14. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված դիմումի հիման վրա մերժվում է նպաստ նշանակելը օրենքի 23.2-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում։
15. Դիմումի հիման վրա նպաստ նշանակելու (վճարելու) կամ նպաստ նշանակելը մերժելու մասին համակարգն ինքնաշխատ եղանակով հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կարգով ծանուցում է այն անձին, ում վճարվել է նպաստը (ում վճարելու համար նպաստի գումարը փոխանցվել է բանկ) կամ, ում մերժել է նպաստ նշանակելը՝ նշելով մերժման հիմքերը։
16. Սույն կարգի 15-րդ կետում նշված ծանուցումներն ուղարկվում են www.e-social.am կայքէջի (եթե նպաստ ստացողը գրանցված է այդ կայքէջում) կամ azdarar.am կայքէջի (եթե նպաստ ստացողը գրանցված չէ www.e-social.am կայքէջում) միջոցով։
17. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով ստացված տեղեկատվության հիման վրա համակարգն ինքնաշխատ եղանակով նպաստ չի նշանակում, եթե ստացված տվյալներով անձը Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալներով՝
1) չի նույնականացվում կամ
2) նույնականացվում է, սակայն չունի նպաստի իրավունք՝ չի հանդիսանում չաշխատող անձ կամ չի բավարարում օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված պայմանները։
18. Նպաստի գումարը վճարում է ծառայությունը՝ էլեկտրոնային առողջապահության համակարգում ժամանակավոր անաշխատունակության թերթիկում նշված բանկին փոխանցելու միջոցով։
19. Անձի (ում վերաբերյալ տվյալներն անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ համարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն)՝ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշված անձ հանդիսանալու կամ չհանդիսանալու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում, եթե՝
1) անձին, որպես չաշխատող անձ, նշանակվել և վճարվել է նպաստ, ապա նպաստի գումարը հաշվի է առնվում «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքով սահմանված կարգով մայրության նպաստ հաշվարկելիս (վերահաշվարկելիս), նշանակելիս, վճարելիս․
2) անձին, որպես չաշխատող անձ, չի վճարվել նպաստ, ապա նպաստ չի նշանակվում և վճարվում։»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
29.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2025 թվական:
