ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 օգոստոսի 2025 թվականի N 565-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 302-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը և 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերը՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2022 թվականի օգոստոսի 23-ի «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 25-ի N 77-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 302-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
4. Սույն որոշմամբ հաստատված աշխատակարգը կիրառվում է նաև 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո հարուցված և իրականացվող վարույթների նկատմամբ։
5. Մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը հարուցված և իրականացվող վարույթների նկատմամբ կիրառվում է մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գործող աշխատակարգը։
Նախագահին |
Տ. Մարկոսյան |
2025 թ. օգոստոսի 22 Երևան |
Հավելված Մրցակցության և սպառողների շահերիպաշտպանության հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 22-ի N 565-Ն որոշման |
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգը սահմանում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերի մանրամասները։
2. Հանձնաժողովն իր գործառույթներն ու լիազորություններն իրականացնելիս ինքնուրույն է:
ԲԱԺԻՆ 2
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՆԻՍՏԵՐԻ ՄԱՍԻՆ
3. Հանձնաժողովի որոշումները և եզրակացություններն ընդունվում են նիստում:
4. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են հերթական և արտահերթ կարգով։
5. Հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երեքշաբթի օրերին: Եթե երեքշաբթին ոչ աշխատանքային օր է, Հանձնաժողովի հերթական նիստն անցկացվում է դրան նախորդող կամ հաջորդող աշխատանքային օրը։
6. Ըստ անհրաժեշտության՝ Հանձնաժողովի անդամներից որևէ մեկի պահանջով կարող է հրավիրվել արտահերթ նիստ: Հանձնաժողովի արտահերթ նիստ կարող է հրավիրվել նաև այն դեպքում, երբ նիստ չհրավիրելը կհանգեցնի օրենսդրությամբ սահմանված ժամկետների խախտման։
7. Հանձնաժողովի նիստը, որպես կանոն, անցկացվում է Հանձնաժողովի գտնվելու վայրում։
8. Հանձնաժողովի նախագահն իր նախաձեռնությամբ կամ Հանձնաժողովի անդամի պահանջով կարող է հրավիրել Հանձնաժողովի արտագնա նիստ: Արտագնա նիստը հրավիրվում է Հանձնաժողովի նախագահի հրամանով:
9. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են աշխատանքային օրերին և ժամերին։ Բացառիկ դեպքերում, ելնելով հարցի հրատապությունից, նիստ կարող է հրավիրվել նաև ոչ աշխատանքային օրերին և ժամերին։
ԳԼՈՒԽ 2
ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
10. Հանձնաժողովի նիստերը հրավիրում և նախագահում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող Հանձնաժողովի անդամը (այսուհետ նաև՝ Հանձնաժողովի նախագահ, իսկ Հանձնաժողովի նիստը նախագահելու դեպքում՝ Հանձնաժողովի նիստը նախագահող)։
11. Բանավոր հանձնարարությամբ Հանձնաժողովի նախագահին նիստում փոխարինելու դեպքում ոչ ուշ, քան Հանձնաժողովի նիստի ավարտից հետո մեկօրյա ժամկետում Հանձնաժողովի նախագահն ընդունում է հրաման նիստը նախագահելու համար իրեն փոխարինող նշանակելու վերաբերյալ։
12. Հանձնաժողովի նիստերի աշխատանքային լեզուն հայերենն է։ Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն Հանձնաժողովի նիստում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:
13. Նիստի մասնակիցները փաստաթղթեր կարող են ներկայացնել այլ լեզվով՝ ապահովելով հայերեն պատշաճ թարգմանությունը:
14. Հանձնաժողովի նիստին վարույթի մասնակիցները և Հանձնաժողովի աշխատող չհանդիսացող այլ անձինք ներկայանում են անձը հաստատող փաստաթղթով։ Հանձնաժողովի քարտուղարության (այսուհետ նաև՝ Քարտուղարություն) համապատասխան աշխատողը ստուգում է անձը հաստատող փաստաթղթի, իսկ վարույթի մասնակցի ներկայացուցչի դեպքում՝ նրա լիազորությունները հավաստող փաստաթղթի առկայությունը։
15. Հանձնաժողովը հարցերը քննում է դռնբաց նիստում, բացառությամբ դռնփակ նիստի անցկացման դեպքերի։
16. Հանձնաժողովի դռնբաց նիստին կարող են ներկա գտնվել Հանձնաժողովի աշխատողները և այլ անձինք՝ հաշվի առնելով Հանձնաժողովի նիստերի դահլիճում առկա տեղերի քանակը։
17. Հանձնաժողովը որոշում է կայացնում նիստը կամ դրա առանձին մասն անցկացնել դռնփակ շահագրգիռ անձանց շահերի, ներառյալ` առևտրային գաղտնիքի պահպանության, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով:
18. Հարցը կամ դրա մասը դռնփակ նիստում քննելու մասին որոշում կայացվելու դեպքում նիստին կամ դրա առանձին մասին մասնակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակը որոշում է Հանձնաժողովի նիստը նախագահողը:
19. Նիստին ներկա վարույթի մասնակիցներից և նրանց ներկայացուցիչներից վերցվում է ստորագրություն՝ դռնփակ նիստի ընթացքում բացահայտված օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկությունները չհրապարակելու և չօգտագործելու վերաբերյալ: Նիստին ներկա վարույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները նախազգուշացվում են բացահայտված գաղտնի տեղեկությունները հրապարակելու կամ օգտագործելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:
20. Դռնբաց նիստին ներկա գտնվող անձինք իրավունք ունեն կատարելու գրառումներ, սղագրություն և ձայնագրություն: Դռնբաց նիստի ընթացքում կինոնկարահանումը, լուսանկարահանումը և տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ հեռահաղորդակցության կապի այլ միջոցով կատարվում են Հանձնաժողովի նիստը նախագահողի թույլտվությամբ։
21. Դռնփակ նիստի ընթացքում նիստին ներկա գտնվողների կողմից ձայնագրություն, տեսանկարահանում, կինոնկարահանում, լուսանկարահանում և տեսաձայնագրում, ինչպես նաև հեռարձակում ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ հեռահաղորդակցության կապի այլ միջոցով արգելվում է:
22. Հանձնաժողովի նիստը նախագահողը.
1) հայտարարում է Հանձնաժողովի նիստի մեկնարկի մասին.
2) նիստի սկզբում պարզում է Հանձնաժողովի նիստի և որոշումներ ընդունելու իրավազորության հարցը.
3) Քարտուղարության աշխատողից պարզում է նիստի հրավիրյալների ներկայացած լինելու, նիստին չներկայացած անձանց` նիստի մասին պատշաճ կարգով ծանուցված լինելու մասին, ինչպես նաև, առկայության դեպքում, բացակայության պատճառների մասին.
4) հանդես է գալիս ելույթներով և հարցերով.
5) Հանձնաժողովի անդամին հնարավորություն է տալիս հանդես գալ ելույթներով և հարցերով.
6) ելույթի հնարավորություն է տալիս նիստի մասնակիցներին կամ դադարեցնում է այն ելույթները, որոնք վերաբերելի չեն Հանձնաժողովի նիստում քննարկվող հարցերի էությանը.
7) հայտարարում է Հանձնաժողովի նիստը ընդմիջելու մասին.
8) հայտարարում է քվեարկության անցկացման և քվեարկության արդյունքների մասին.
9) հայտարարում է Հանձնաժողովի նիստի ընթացքում հարցի քննարկման ավարտի, ինչպես նաև նիստի ավարտի մասին.
10) Հանձնաժողովի նիստի բնականոն աշխատանքներն ապահովելու համար իրականացնում է այլ գործողություններ։
23. Նիստի օրակարգում ընդգրկված հարցը Հանձնաժողովի նիստը նախագահողի կամ Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ կարող է հանվել օրակարգից, ինչպես նաև օրակարգում կարող է ներառվել լրացուցիչ հարց: Նիստի ընթացքում Հանձնաժողովի օրակարգի հետ կապված փոփոխությունները տեղի են ունենում քվեարկությամբ:
24. Նիստի մասնակիցները Հանձնաժողովին դիմում են «Հարգելի Հանձնաժողով», նիստը նախագահողին` «Հարգելի նախագահող», Հանձնաժողովի անդամին` «Հանձնաժողովի հարգելի անդամ» արտահայտություններով:
25. Նիստի մասնակիցները պետք է չխոչընդոտեն նիստի բնականոն ընթացքը և դրսևորեն հարգալից վերաբերմունք Հանձնաժողովի, վարույթի մասնակիցների և այլ անձանց նկատմամբ։
26. Եթե նիստին ներկա անձանցից որևէ մեկը խախտում է նիստի կարգը կամ անհարգալից վերաբերմունք է դրսևորում Հանձնաժողովի կամ այլ անձանց նկատմամբ, ապա Հանձնաժողովը կարող է որոշում կայացնել նիստի անցկացման վայրից նրան հեռացնելու և նրա բացակայությամբ նիստը շարունակելու վերաբերյալ:
27. Հանձնաժողովի նիստում քննարկվող հարցը զեկուցում է այն պատրաստող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման աշխատողը, իսկ Հանձնաժողովի նիստը նախագահողի հանձնարարությամբ կամ նրա համաձայնությամբ` այլ աշխատող:
28. Զեկուցողը ամբիոնից ներկայացնում է գործի համառոտ նկարագրությունը։
29. Հանձնաժողովի նիստում զեկուցվող հարցերի վերաբերյալ զեկուցման համար տրվում է մինչև 10 րոպե, ելույթների համար՝ մինչև 10 րոպե, վարույթի մասնակիցներին ուղղված հարցերի և պատասխանների համար` մինչև 20 րոպե, այլ ելույթների համար՝ մինչև հինգ րոպե ժամանակ: Հանձնաժողովի նիստը նախագահողը, անհրաժեշտության դեպքում, կարող է սահմանել այլ ժամկետներ:
30. Զեկուցմանը, առկայության դեպքում, հաջորդում են հարցի վերաբերյալ ելույթները, ինչպես նաև հարցերը և պատասխանները:
31. Նիստի աշխատանքները նշանակված օրը չավարտվելու դեպքում նիստը շարունակվում է Հանձնաժողովի նիստը նախագահողի կողմից սահմանված այլ ժամկետում:
32. Հանձնաժողովի նիստը կարող է հետաձգվել կամ ընդմիջվել նիստի անցկացմանը խոչընդոտող հանգամանքների առկայության կամ անհրաժեշտության առաջացման այլ դեպքերում:
33. Եթե Հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված հարցի քննարկումը չի ավարտվում մինչև հաջորդ հարցի քննարկման համար նախատեսված ժամը, ապա հաջորդ հարցի քննարկումն իրականացվում է նախորդ հարցի քննարկման ավարտից հետո։
ԳԼՈՒԽ 3
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՁԱՅՆԱՅԻՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ
34. Վարույթի մասնակցի միջնորդության հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ Հանձնաժողովի նախագահը կարող է մասնակցին հնարավորություն տալ Հանձնաժողովի նիստին մասնակցել տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցների կիրառմամբ իրական ժամանակի ռեժիմում:
35. Հանձնաժողովի նիստին իրական ժամանակի ռեժիմում տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցների կիրառմամբ մասնակցելու վերաբերյալ միջնորդությունը (այսուհետ նաև՝ տեսաձայնային մասնակցության միջնորդություն) մասնակիցը, որպես կանոն, նիստի անցկացման օրվանից երեք օր առաջ ուղարկում է «e-Compete» էլեկտրոնային համակարգի (այսուհետ նաև՝ «e-Compete»), էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգի, էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (https://e-request.am հարթակ) կամ Հանձնաժողովի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով:
36. Տեսաձայնային մասնակցության միջնորդությունում նշվում են.
1) մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն, բացառությամբ՝ «e-Compete»–ով միջնորդության ներկայացման դեպքի.
2) Հանձնաժողովի նիստին տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցների կիրառմամբ իրական ժամանակի ռեժիմում մասնակցելու հնարավորություն տալու կամ չտալու վերաբերյալ Հանձնաժողովի նախագահի համապատասխան գրությունը և այլ թղթակցությունն էլեկտրոնային փոստի հասցեով ստանալու մասնակցի համաձայնությունը, բացառությամբ՝ «e-Compete»–ով միջնորդության ներկայացման դեպքի.
3) Հանձնաժողովի նիստին իրական ժամանակի ռեժիմում տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցների կիրառմամբ մասնակցող անձանց տվյալները՝ անունը, ազգանունը և կարգավիճակը:
37. Տեսաձայնային մասնակցության միջնորդությանը կցվում են միջնորդությունը ներկայացնողի, ինչպես նաև նիստին մասնակցող անձանց (մասնակցի, վերջինիս ներկայացուցչի) ինքնությունը և լիազորությունները հավաստող փաստաթղթերը, եթե դրանք առկա չեն գործի վարույթի նյութերում:
38. Այն դեպքում, երբ Հանձնաժողովի նախագահը վարույթի մասնակցին հնարավորություն է տալիս մասնակցել իրական ժամանակի ռեժիմում տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցների կիրառմամբ, մասնակիցը Հանձնաժողովի նախագահի կամ գլխավոր քարտուղարի համապատասխան գրությամբ տեղեկացվում է նաև տեսաձայնային հեռահաղորդակցության համապատասխան կապի միջոցին միանալու տեխնիկական ցուցումների մասին:
39. Վարույթի մասնակցին հնարավորություն չի տրվում Հանձնաժողովի նիստին մասնակցել տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցների կիրառմամբ իրական ժամանակի ռեժիմում կամ այն դադարեցվում է, եթե՝
1) բացակայում է տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցների կիրառմամբ իրական ժամանակի ռեժիմում Հանձնաժողովի նիստին մասնակցելու տեխնիկական հնարավորությունը.
2) տեսաձայնային մասնակցության միջնորդությունը ներկայացվել է սահմանված ժամկետի կամ տեսաձայնային մասնակցության միջնորդությանը ներկայացվող պահանջների խախտմամբ.
3) անհրաժեշտ է մասնակցի ներկա գտնվելը Հանձնաժողովի նիստին.
4) տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցների կիրառմամբ նիստին մասնակցող անձը խոչընդոտում է նիստի բնականոն ընթացքը.
5) անցկացվում է Հանձնաժողովի դռնփակ նիստ։
40. Հանձնաժողովի նախագահի կողմից մասնակցին Հանձնաժողովի նիստին տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցների կիրառմամբ իրական ժամանակի ռեժիմում մասնակցելու հնարավորություն տալը չի զրկում վարույթի մասնակցին Հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու հնարավորությունից:
41. Հանձնաժողովի նիստին տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցների կիրառմամբ կարող են մասնակցել Հանձնաժողովի նախագահը և Հանձնաժողովի նիստը նախագահողի համաձայնությամբ՝ Հանձնաժողովի անդամը։
ԳԼՈՒԽ 4
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԸ
42. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են գրավոր համառոտագրմամբ, իսկ համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում նաև ձայնագրվում կամ տեսաձայնագրվում են։
43. Քարտուղարության պետը Հանձնաժողովի նիստի ավարտից հետո յոթնօրյա ժամկետում իր կողմից ստորագրված նիստի արձանագրությունը ներկայացնում է նիստին ներկա Հանձնաժողովի անդամների ստորագրմանը: Քարտուղարության պետի կողմից նիստի արձանագրությունը «e-Compete»-ով ներկայացնելը և Հանձնաժողովի անդամի կողմից նիստի արձանագրությանը «e-Compete»-ում տրված համաձայնեցումը համարժեք են արձանագրության վրա կատարված ստորագրությանը։
44. Հանձնաժողովի նիստի գրավոր համառոտագրվող արձանագրությունում նշվում են.
1) նիստի տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
2) նիստը սկսելու և ավարտելու ժամերը.
3) նիստը նախագահողի, նիստին ներկա Հանձնաժողովի անդամների և նիստի քարտուղարի անուն-ազգանունը, Հանձնաժողովի անդամների և մասնակիցների մասին տեղեկությունները.
4) Հանձնաժողովի կողմից քննվող հարցերի վերաբերյալ տեղեկություններ.
5) Հանձնաժողովի ընդունած բանավոր (արձանագրային) որոշումների մասին.
6) նիստին հնչած զեկուցումների, ելույթների, հարցերի և պատասխանների մասին՝ համառոտ տարբերակով.
7) նիստին մասնակցող անձանց հայտարարությունների, առաջարկությունների, առարկությունների, միջնորդությունների և բացատրությունների մասին՝ համառոտ տարբերակով.
8) քվեարկության արդյունքների մասին.
9) առկայության դեպքում՝ հատուկ կարծիքի մասին։
45. Հանձնաժողովի նիստերի գրավոր արձանագրությունները, ձայնագրությունները և տեսաձայնագրությունները պահվում և սահմանված կարգով արխիվացվում են Հանձնաժողովի համապատասխան պաշտոնատար անձի կողմից:
46. Վարույթի մասնակիցները համապատասխան դիմում ներկայացնելուց հետո երեք օրվա ընթացքում կարող են ստանալ Հանձնաժողովի նիստի գրավոր համառոտագրվող արձանագրության քաղվածքը, իսկ Հանձնաժողովի նիստի ձայնագրման կամ տեսաձայնագրման դեպքում նաև նիստի ձայնագրության կամ տեսաձայնագրության իրենց առնչվող հարցի քննարկման մասը՝ ներկայացնելով լազերային կամ էլեկտրոնային այլ կրիչ։
47. Հանձնաժողովի նիստի գրավոր համառոտագրվող արձանագրության քաղվածքը վարույթի մասնակցին տրամադրվում է Քարտուղարության պետի կողմից ստորագրված և կնքված։
ԲԱԺԻՆ 3
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 5
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
48. Հանձնաժողովի նիստերի նախապատրաստումն ու անցկացումն ապահովում է Քարտուղարությունը։
49. Հարցի քննարկումը նիստին ներկայացնելու նպատակով պատասխանատու աշխատողն «e-Compete»-ի միջոցով, որպես կանոն, նիստից առնվազն հինգ օր առաջ Նախագահին է ներկայացնում գործի փաստական հանգամանքների վերաբերյալ տեղեկանքը կամ Հանձնաժողովի որոշման նախագիծը։
50. Հարցը նիստի ներկայացնելիս աշխատողը Համակարգում.
1) ընտրում է նիստը, որի ընթացքում առաջարկվում է քննարկել հարցը.
2) ընտրում է հարցի տեսակը (զեկուցվող կամ չզեկուցվող).
3) զեկուցվող լինելու դեպքում նշում է զեկուցողի, չզեկուցվող լինելու դեպքում՝ կատարողի անուն-ազգանունը.
4) նշում է հրավիրվածների վերաբերյալ տվյալները.
5) կցում է գործի փաստական հանգամանքների վերաբերյալ տեղեկանքը կամ Հանձնաժողովի որոշման նախագիծը․
6) ըստ անհրաժեշտության նշում է այլ տեղեկություններ։
51. Հանձնաժողովի որոշման նախագիծը և տեղեկանքը պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման մասնագիտական կարծիքն է քննարկվող հարցի վերաբերյալ և հանդիսանում է ներքին օգտագործման նյութ։
52. Պատասխանատու ստորաբաժանումը կրում է պատասխանատվություն Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված հարցի հիմնավորվածության, ներկայացված նյութերի ամբողջականության, ինչպես նաև օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկության և ժամկետների պահպանման համար։
53. Այն դեպքում, երբ Հանձնաժողովի նիստը գումարվում է Հանձնաժողովի անդամի կամ Հանձնաժողովի նախագահի պահանջով, նիստի օրակարգը առաջարկվում է նախաձեռնողի կողմից։
54. Հանձնաժողովի նիստի օրակարգը հաստատում է Հանձնաժողովի նախագահը, որպես կանոն, նիստից առնվազն մեկ օր առաջ: Հանձնաժողովի անդամները և աշխատողները նիստի մասին ծանուցվում են «e-Compete»-ում առկա տեղեկությունների հիման վրա։
55. Նիստի հարցերն օրակարգում նշվում են որպես զեկուցվող կամ չզեկուցվող՝ կախված հարցի քննարկման անհրաժեշտությունից։ Չզեկուցվող հարցերը նիստում ենթակա չեն զեկուցման և քննարկման: Հանձնաժողովի նախագահի կամ Հանձնաժողովի անդամներից մեկի առաջարկով օրակարգում չզեկուցվող նշված հարցերը ըստ անհրաժեշտության կարող են զեկուցվել և հակառակը։ Զեկուցվող և չզեկուցվող հարցերի առնչությամբ Հանձնաժողովի անդամի կողմից նիստի ընթացքում կարող են ներկայացվել դիտողություններ և առաջարկություններ։
56. Հարցը «e-Compete»-ով նիստին ներկայացնելու անհնարինության դեպքում այն նիստին ներկայացվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության այլ համակարգի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ թղթային եղանակով:
ԳԼՈՒԽ 6
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱՆԻՍՏԵՐԸ
57. Նախանիստը վարում և նախագահում է Հանձնաժողովի նախագահը։
58. Նախանիստերին կարող են մասնակցել Հանձնաժողովի անդամները և Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ նաև այլ աշխատողներ։
59. Նախանիստերը տեղի են ունենում, որպես կանոն, նիստերից առնվազն մեկ օր առաջ:
60. Նախանիստի անցկացման օրը և ժամը սահմանում է նախանիստը նախագահողը, որպես կանոն, նախանիստից առնվազն մեկ օր առաջ:
61. Հանձնաժողովի նախանիստում քննարկվող հարցը զեկուցում է այն պատրաստող պատասխանատու մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման աշխատողը, Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կամ նրա համաձայնությամբ այլ աշխատող:
62. Նախանիստից հետո պատասխանատու աշխատողների կողմից այլ գործողություններ կատարելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում, վերջիններս գործում են նախանիստում տրված հանձնարարությունների հիման վրա:
ԳԼՈՒԽ 7
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ
63. Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կամ վարույթի մասնակցի միջնորդությամբ կարող է անցկացնել բանավոր լսումներ, եթե Հանձնաժողովի մոտ առաջանում են վարույթի մասնակիցների կողմից պարզաբանման ենթակա հարցեր։
64. Բանավոր լսումներ անցկացնելու վերաբերյալ վարույթի մասնակցի կողմից ներկայացված միջնորդությունը պետք է պարունակի հարցերի այն շրջանակը, որոնք ունեն բանավոր քննարկման անհրաժեշտություն և նման անհրաժեշտության հիմնավորում։
65. Վարույթի մասնակիցները և, ըստ անհրաժեշտության, այլ անձինք ծանուցվում են Հանձնաժողովի նիստի ժամանակի և վայրի մասին:
66. Վարույթի մասնակիցներին և, ըստ անհրաժեշտության, այլ անձանց Հանձնաժողովի նիստի օրվա և ժամի մասին ծանուցումն իրականացվում է Հանձնաժողովի նախագահի կամ գլխավոր քարտուղարի գրությամբ:
67. Ծանուցման ապահովումն իրականացնում է Հանձնաժողովի համապատասխան մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման և Քարտուղարության միջոցով։
68. Գրավոր ծանուցման մեջ նշվում են.
1) նիստի վայրը, օրը և ժամը․
2) հարուցված վարույթի առկայության դեպքում՝ հարուցված վարույթի տվյալները.
3) նիստին տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցով մասնակցելու հնարավորության մասին.
4) տեղեկացում, որ նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված վարույթի մասնակցի չներկայանալը չի խոչընդոտում նիստի անցկացմանը.
5) տեղեկացում անձը հաստատող փաստաթղթով, ներկայացուցչի դեպքում՝ լիազորությունները հավաստող փաստաթղթով ներկայանալու մասին.
6) տեղեկացում, որ այն դեպքում, երբ ծանուցմամբ սահմանված ժամին Հանձնաժողովի կողմից քննարկվում է օրակարգում ներառված դրան նախորդող այլ հարց, տվյալ հարցի քննարկումը սկսվում է այդ հարցի քննարկման ավարտից հետո։
69. Հանձնաժողովի նիստին ներկայացած վարույթի մասնակիցները հաջորդ նիստի ժամանակի և վայրի մասին կարող են ծանուցվել բանավոր կարգով։
70. Քարտուղարության համապատասխան աշխատողը վարույթի մասնակցից կարող է ստորագրություն վերցնել Հանձնաժողովի հաջորդ նիստի ժամանակի և վայրի մասին բանավոր կարգով ծանուցված լինելու մասին, որը կցվում է տվյալ գործի վարույթի նյութերին։
ԲԱԺԻՆ 4
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ, ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ
71. Ընթացակարգային հարցերի քննարկման կամ ըստ էության որոշում չկայացվելու (այդ թվում` դռնփակ նիստ գումարելու, հարցը քննարկումից հանելու, քննարկումը հետաձգելու, օրակարգում լրացուցիչ հարց ընդգրկելու, աշխատողներին հանձնարարություն տալու և այլն) դեպքում Հանձնաժողովի կողմից քվեարկությամբ կայացվում է բանավոր (արձանագրային) որոշում, ինչի մասին նշվում է արձանագրության մեջ: Հանձնաժողովի նախագահի կամ անդամի առաջարկությամբ այդ որոշումները կարող են ձևակերպվել գրավոր։ Որոշման գրավոր ձևակերպման անհրաժեշտության դեպքում ընթացակարգային հարցը կարող է տեղափոխվել և քննարկվել հաջորդ նիստի ընթացքում։
72. Հանձնաժողովի որոշումները և եզրակացություններն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Քվեարկության արդյունքներն արձանագրվում են։
73. Հանձնաժողովը չզեկուցվող հարցերի քվեարկությունը կարող է իրականացնել մեկ փաթեթով։
74. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկության համար ունի մեկ ձայնի իրավունք։
75. Քվեարկությունն իրականացվում է ձեռք բարձրացնելու միջոցով։
76. Հանձնաժողովի՝ ինքնաբացարկ հայտնած կամ բացարկ հայտնած անդամը, ինչպես նաև բացարկվող անդամը չեն մասնակցում ինքնաբացարկի կամ բացարկի հարցով քվեարկությանը:
77. Քվեարկությունը կազմակերպում և արդյունքներն ամփոփում է Հանձնաժողովի նիստը նախագահողը։
78. Հանձնաժողովի նիստը կարող է անցկացվել գրավոր քվեարկությամբ, եթե Հանձնաժողովի որևէ անդամ չի առարկում նիստը գրավոր քվեարկությամբ անցկացնելու վերաբերյալ։
79. Հանձնաժողովի նիստը գրավոր քվեարկությամբ անցկացվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով, որտեղ քվեարկությունն իրականացվում է օրակարգում ներառված հարցի վերաբերյալ Հանձնաժողովի անդամների կողմից համաձայնեցման ներկայացման միջոցով։
80. Օրակարգում ներառված հարցի քննարկման արդյունքում որոշում չընդունվելու դեպքում հարցը համարվում է նիստի օրակարգից հանված։
81. Հանձնաժողովի ընդունած որոշումը և եզրակացությունը Հանձնաժողովի նախագահը ստորագրում է մինչև դրա ընդունմանը հաջորդող օրվա ավարտը։
82. Հանձնաժողովի որոշումը և եզրակացությունը, որն ընդունվել է որոշակի դիտողությունների և առաջարկությունների ներկայացմամբ, լրամշակվում է և համապատասխան առաջարկներ ներկայացրած Հանձնաժողովի անդամի հետ համաձայնեցվելուց հետո, ներկայացվում է Հանձնաժողովի նախագահի ստորագրմանը։ Հանձնաժողովի նախագահն այդ որոշումը կամ եզրակացությունը ստորագրում է ընդունվելուց հետո հինգ օրվա ընթացքում:
83. Հանձնաժողովի որոշումը և եզրակացությունը մինչև ստորագրման ներկայացնելը Հանձնաժողովի պատասխանատու ստորաբաժանումը կարող է սեփական նախաձեռնությամբ կատարել համապատասխան տեխնիկական բնույթի խմբագրական շտկումներ՝ առանց փոփոխելու որոշման էությունը և բովանդակությունը։
84. Հանձնաժողովի որոշման կամ եզրակացության պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ տարբերվող կարծիք ունենալու դեպքում Հանձնաժողովի անդամը որոշման ստորագրումից հետո մեկ օրվա ընթացքում ներկայացնում է գրավոր հատուկ կարծիք։ Հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքն ստորագրվում և կցվում է համապատասխան որոշմանը կամ եզրակացությանը և հրապարակվում Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում։
85. Հանձնաժողովի որոշումները և եզրակացություններն ստորագրվելուց հետո երեք օրվա ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ գլխավոր քարտուղարի գրությամբ ուղարկվում են հասցեատիրոջը։ Հատուկ կարծիքի առկայության դեպքում ուղարկվում է նաև հատուկ կարծիքը։
86. Հանձնաժողովի որոշումները և եզրակացություննեը, իսկ առկայության դեպքում նաև հատուկ կարծիքը, հասցեատիրոջն ուղարկվում են՝ չներառելով պետական և օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող հատվածները:
87. Հանձնաժողովի հարկադիր կատարման ենթակա որոշումները Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու նպատակով առանց պետական և օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող հատվածների կրկին ներկայացվում են Հանձնաժողովի նախագահի ստորագրմանը։
88. Հանձնաժողովից ելքագրվող գրությունները ստորագրում են Հանձնաժողովի նախագահը, Հանձնաժողովի գլխավոր քարտուղարը, իր համակարգման լիազորությունների սահմաններում Հանձնաժողովի համապատասխան անդամը և համապատասխան պատասխանատու մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, եթե Օրենքով նախատեսված չէ համապատասխան գրությունը միայն Հանձնաժողովի նախագահի կամ գլխավոր քարտուղարի կողմից ստորագրելու ուղղակի պահանջ։
ԲԱԺԻՆ 5
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՍՏՈՒԳՈՒՄ, ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄ, ԴԻՏԱՆՑՈՒՄ, ԱՐՏԱՔԻՆ ԴԻՏՈՒՄ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՎ ԶՆՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ
ԳԼՈՒԽ 8
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
89. Հանձնաժողովի կողմից հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում կամ մշտադիտարկում իրականացնելու համար հիմք են.
1) Հանձնաժողովի համապատասխան աշխատակցի` Հանձնաժողովի նախագահին ուղղված զեկուցագիրը.
2) սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունները:
90. Երրորդ անձինք կարող են գրավոր տեղեկություն ներկայացնել Հանձնաժողովին տնտեսական մրցակցության բնագավառում և սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման հնարավոր դեպքերի վերաբերյալ, որից կարող է բխել Հանձնաժողովի կողմից հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում կամ մշտադիտարկում իրականացնելու անհրաժեշտությունը։
91. Երրորդ անձանց կողմից տրված տեղեկություն է համարվում ցանկացած ձևով Հանձնաժողովին ներկայացված տեղեկությունը, որը հիմք է Հանձնաժողովի լիազորությունների իրականացման, տնտեսական մրցակցության բնագավառում կամ սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման համար։
92. Հանձնաժողովի համապատասխան աշխատողը հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում կամ մշտադիտարկում իրականացնելու նպատակով Հանձնաժողովի նախագահին ուղղված զեկուցագրում նշում է.
1) տնտեսավարող սուբյեկտի (սուբյեկտների) լրիվ անունը (անունները) կամ անվանումը (անվանումները).
2) հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում կամ մշտադիտարկում իրականացնելու հիմքը, նպատակը, ժամկետը, մշտադիտարկման դեպքում՝ պարբերականությունը, վայրը (վայրերը) կամ ինտերնետային կայքը, որտեղ առաջացել է հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում կամ մշտադիտարկում իրականացնելու անհրաժեշտություն.
3) հսկիչ գնում իրականացնելու դեպքում՝ անհրաժեշտ դրամական միջոցների հատկացման անհրաժեշտության մասին տեղեկություն` համապատասխան ապրանքների քանակի ու պահանջվող գումարի հաշվարկի հիման վրա:
93. Հանձնաժողովի նախագահը զեկուցագիրը ստանալուց հետո, գնահատելով հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում կամ մշտադիտարկում իրականացնելու անհրաժեշտության հարցը, ընդունում է հրաման հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում կամ մշտադիտարկում իրականացնելու մասին։
94. Հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում կամ մշտադիտարկում իրականացվում է Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա։
95. Հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում կամ մշտադիտարկում իրականացվում են աշխատանքային օրերին և ժամերին, Հանձնաժողովի նախագահի հրամանում նշված լինելու դեպքում կարող է իրականացվել նաև ոչ աշխատանքային օրերին և ժամերին։
96. Հանձնաժողովը հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում կամ մշտադիտարկում իրականացնելիս կարող է կիրառել համակարգչային տեխնոլոգիաներ և այլ տեխնիկական միջոցներ, օգտագործել տեսանկարահանման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ սարքավորումներ և կրիչներ և կատարել այլ գործողություններ։
97. Հանձնաժողովի կողմից հսկիչ գնման, դիտանցման կամ արտաքին դիտման արձանագրությունը համարակալվում է հսկիչ գնում, դիտանցում կամ արտաքին դիտում իրականացնելու վերաբերյալ Հանձնաժողովի նախագահի հրամանի համարակալմամբ։ Միևնույն հրամանի շրջանակում մեկից ավելի արձանագրություն կազմելու դեպքում արձանագրության համարին ավելացվում է կոտորակ և հերթական համար:
98. Հանձնաժողովի կողմից զննման արձանագրությունը համարակալվում է զննում իրականացնելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշման համարակալմամբ։ Միևնույն որոշման շրջանակում մեկից ավելի արձանագրություն կազմելու դեպքում արձանագրության համարին ավելացվում է կոտորակ և հերթական համար:
99. Ստուգումն իրականացվում է «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով։
ԳԼՈՒԽ 9
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ
100. Հանձնաժողովի կողմից տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության, տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտման կամ Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով՝ Օրենքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ իրականացվում է ստուգում:
101. Հանձնաժողովն ստուգում իրականացնելիս իրավունք ունի ստանալու այլ պետական մարմինների աջակցությունը, ստուգմանը ներգրավելու այդ մարմինների աշխատողներին, ինչպես նաև ստուգման ցանկացած փուլում առանձին հարցերի պարզաբանման նպատակով ներգրավելու համապատասխան մասնագետների, փորձագետների և թարգմանիչների:
102. Ստուգում իրականացնելուց հետո Հանձնաժողովի համապատասխան աշխատողը կազմում է Հանձնաժողովի սահմանած ձևով արձանագրություն` երկու օրինակից։
103. Ստուգման արձանագրությանը կարող են կցվել լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և (կամ) այլ նյութեր, որի վերաբերյալ արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում:
104. Ստուգման արձանագրությունն ստորագրում են ստուգում կատարող անձը և տնտեսավարող սուբյեկտը, տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը կամ տնտեսավարող սուբյեկտի այլ ներկայացուցիչ: Ստուգման արդյունքների վերաբերյալ առարկություն ունենալու դեպքում արձանագրությունն ստորագրող անձն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին:
ԳԼՈՒԽ 10
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ
105. Հսկիչ գնում է համարվում ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի պարզման, Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության, տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության, ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության, տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով Հանձնաժողովի իրականացրած գնումը:
106. Հսկիչ գնում կատարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները հատկացվում են Հանձնաժողովի նախագահի՝ հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ հրամանի հիման վրա` Հանձնաժողովի հաշվապահական հաշվառման ստորաբաժանման կողմից:
107. Հսկիչ գնում իրականացնելուց հետո հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ հրամանի պատճենը ստացականով հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին, տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողին կամ տնտեսավարող սուբյեկտի այլ ներկայացուցչի:
108. Հսկիչ գնում իրականացնելուց հետո Հանձնաժողովի համապատասխան աշխատակիցը կազմում է արձանագրություն՝ կազմված երկու օրինակից։
109. Հսկիչ գնման արձանագրությանը, առկայության դեպքում, կցվում են հսկիչ գնման հետ առնչություն ունեցող բոլոր նյութերը (օրինակ՝ ՀԴՄ կտրոն, հաշիվ-ապրանքագիր, պայմանագիր, լուսանկարներ, այլ փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և այլ նյութեր)։ Կցված նյութերի մասին արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում:
110. Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին։ Արձանագրությանը կցված նյութերի ծավալուն լինելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը տեղեկացվում է դրանց՝ Հանձնաժողովի գտնվելու վայրում ծանոթանալու հնարավորության մասին։
111. Այն դեպքերում, երբ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինելու իրավունք ունեցող անձը չեն գտնվում հսկիչ գնում իրականացնելու վայրում, հրաժարվում են ստանալ կամ որևէ այլ պատճառով անհնար է հանձնել հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ հրամանի պատճենը, ապա հրամանի պատճենը և արձանագրության երկրորդ օրինակը արձանագրությունը կազմելուց հետո հինգ օրվա ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ գլխավոր քարտուղարի գրությամբ ուղարկվում է տնտեսավարող սուբյեկտին։
ԳԼՈՒԽ 11
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԴԻՏԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ
112. Դիտանցում է համարվում տնտեսավարող սուբյեկտի կողմից իրացվող կամ ձեռքբերվող ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի պարզման, Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության, տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության, ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության, տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործունեության վայրում (այդ թվում` առևտրի օբյեկտում) Հանձնաժողովի իրականացրած դիտարկումը՝ առանց գնում կատարելու:
113. Դիտանցում իրականացնելուց հետո դիտանցում իրականացնելու վերաբերյալ հրամանի պատճենը ստացականով հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին, տնտեսավարող սուբյեկտի աշխատողին կամ տնտեսավարող սուբյեկտի այլ ներկայացուցչի:
114. Դիտանցումն իրականացնելուց հետո Հանձնաժողովի համապատասխան աշխատողը կազմում է արձանագրություն։
115. Դիտանցման արձանագրությանը, առկայության դեպքում, կցվում են տնտեսավարող սուբյեկտից դիտանցման ընթացքում ձեռքբերված դիտանցմանն առնչվող բոլոր նյութերը (այդ թվում՝ կանոնադրություն, պայմանագիր, վկայական, տեղեկանք, հաշիվ-ապրանքագիր, անձնագիր, լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և այլ նյութեր)։ Դիտանցման արձանագրությանը կցված նյութերի մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ։
116. Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին։ Արձանագրությանը կցված նյութերի ծավալուն լինելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը տեղեկացվում է դրանց՝ Հանձնաժողովի գտնվելու վայրում ծանոթանալու հնարավորության մասին։
117. Այն դեպքերում, երբ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինելու իրավունք ունեցող անձը չեն գտնվում դիտանցում իրականացնելու վայրում, հրաժարվում են ստանալ կամ որևէ այլ պատճառով անհնար է հանձնել դիտանցում իրականացնելու վերաբերյալ հրամանի պատճենը, ապա հրամանի պատճենը և արձանագրության երկրորդ օրինակն արձանագրությունը կազմելուց հետո հինգ օրվա ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ գլխավոր քարտուղարի գրությամբ ուղարկվում է տնտեսավարող սուբյեկտին։
ԳԼՈՒԽ 12
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԴԻՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ
118. Արտաքին դիտում է համարվում ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի պարզման, Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության, տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության, ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության, տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով Հանձնաժողովի գտնվելու վայրում կամ ինտերնետային կայքում կամ բաց տարածությունում կամ հասարակական վայրում իրականացվող դիտարկումը։ Արտաքին դիտում իրականացնող անձն արտաքին դիտում իրականացնելուց հետո անմիջապես, բայց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում կազմում է Հանձնաժողովի սահմանած ձևով արձանագրություն` մեկ օրինակից:
119. Արտաքին դիտման արձանագրությանը կարող են կցվել լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և այլ նյութեր, որի վերաբերյալ արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում: Արձանագրությունն ստորագրում է արտաքին դիտում իրականացնող անձը։
ԳԼՈՒԽ 13
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ
120. Մշտադիտարկում է համարվում ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի պարզման, Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության, տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության, ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության, տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով Հանձնաժողովի գտնվելու վայրում որոշակի պարբերականությամբ իրականացվող դիտարկումը։
ԳԼՈՒԽ 14
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԶՆՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ
121. Հանձնաժողովի կողմից զննում իրականացվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա, որում նշվում է.
1) Հանձնաժողովի լրիվ անվանումը.
2) զննում իրականացնողի անունը ազգանունը, զննման հիմքերը, նպատակը, ժամկետները և վայրը։
122. Զննման ամբողջ ընթացքը կամ դրա մի մասը լրացուցիչ արձանագրման նպատակով Հանձնաժողովի կողմից կարող է իրականացվել տեսաձայնագրում։ Զննում իրականացնելու ընթացքը տեսաձայնագրվում է զննում իրականացնելու վերաբերյալ ընդունված որոշմամբ նշված լինելու դեպքում կամ զննում իրականացնող անձի նախաձեռնությամբ։ Զննման ընթացքի տեսաձայնագրում իրականացնելու ընթացքում կիրառված տեխնիկական միջոցների, էլեկտրոնային և այլ սարքավորումների վերաբերյալ տվյալները (տեսակ, մակնիշ և մոդել) նշվում են զննման արդյունքներն ամփոփելիս։
123. Զննման արդյունքներն ամփոփվում են կազմված արձանագրությունում, որի ձևը սահմանվում է Հանձնաժողովի գլխավոր քարտուղարի հրամանով։
124. Զննման ընթացքի տեսաձայնագրում իրականացնելու անհնարինության դեպքում այդ մասին նշում է զննման արդյունքներով կազմված արձանագրությունում։
ԳԼՈՒԽ 15
ՍՏՈՒԳՄԱՆ, ՀՍԿԻՉ ԳՆՄԱՆ, ԴԻՏԱՆՑՄԱՆ, ԱՐՏԱՔԻՆ ԴԻՏՄԱՆ ԿԱՄ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼԸ
125. Եթե տնտեսավարող սուբյեկտը կամ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող անձը կամ նրա աշխատողը կամ այլ ներկայացուցիչ հրաժարվում է ստորագրել ստուգման, հսկիչ գնման կամ դիտանցման արձանագրությունը կամ այլ կերպ խոչընդոտում է ստուգման, հսկիչ գնման, դիտանցման, արտաքին դիտման կամ մշտադիտարկման իրականացմանը, ինչպես նաև եթե ստուգմանը, հսկիչ գնմանը, դիտանցմանը, արտաքին դիտմանը կամ մշտադիտարկմանը խոչընդոտում է այլ անձ, ապա Հանձնաժողովի ներկայացուցիչն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ, իսկ հնարավորության դեպքում նշվում են նաև խոչընդոտած անձի անունը և ազգանունը:
126. Ստուգման, հսկիչ գնման կամ դիտանցման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի (փոխարինող անձի) չստորագրելու, ստանալուց հրաժարվելու կամ որևէ այլ պատճառով հանձնելու անհնարինության դեպքում ստուգում, հսկիչ գնում կամ դիտանցում իրականացրած անձը ստուգում, հսկիչ գնում կամ դիտանցում իրականացնելուց հետո երկու օրվա ընթացքում կազմում է Հանձնաժողովի նախագահին ուղղված զեկուցագիր արձանագրությունը հանձնելու անհնարինության վերաբերյալ։
ԲԱԺԻՆ 6
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 16
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
127. Հանձնաժողովի կողմից տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցությանը կամ սպառողների շահերի վնասմանը հանգեցնող վարքագծի, գործողության կամ անգործության առերևույթ հատկանիշների առկայության դեպքում Հանձնաժողովի որոշմամբ տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց կարող է տրվել զգուշացում։
128. Զգուշացում տալու մասին որոշման մեջ նշվում են առերևույթ խախտման հատկանիշներ պարունակող վարքագծի, գործողության կամ անգործության նկարագրությունը, այն վերացնելու համար տրամադրվող ժամկետը և վերացրած լինելու վերաբերյալ տեղեկատվությունը Հանձնաժողովին ներկայացնելու համար սահմանված ժամկետը, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի կողմից սահմանված ժամկետում առերևույթ խախտման հատկանիշները չվերացնելու հետևանքների վերաբերյալ պարզաբանումը։
129. Հանձնաժողովի սահմանած ժամկետում զգուշացման մեջ նկարագրված տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցությանը կամ սպառողների շահերի վնասմանը հանգեցնող վարքագծի, գործողության կամ անգործության առերևույթ հատկանիշները տնտեսավարող սուբյեկտների, պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից չվերացվելու դեպքում կարող է հարուցվել վարույթ։
130. Տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցությանը կամ սպառողների շահերի վնասմանը հանգեցնող վարքագծի, գործողության կամ անգործության առերևույթ հատկանիշների վտանգի առկայության դեպքում տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին, դրանց պաշտոնատար անձանց զգուշացումը տրվում է Հանձնաժողովի նախագահի, իր համակարգման լիազորությունների սահմաններում Հանձնաժողովի համապատասխան անդամի, համապատասխան պատասխանատու մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կամ գլխավոր քարտուղարի գրությամբ։
131. Հանձնաժողովի նախագահի, իր համակարգման լիազորությունների սահմաններում Հանձնաժողովի համապատասխան անդամի, համապատասխան պատասխանատու մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կամ գլխավոր քարտուղարի գգուշացում տալու գրության մեջ նշվում են տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցությանը կամ սպառողների շահերի վնասմանը հանգեցնող վարքագծի, գործողության կամ անգործության առերևույթ հատկանիշների վտանգ պարունակող վարքագծի, գործողության կամ անգործության նկարագրությունը, ինչպես նաև նշված վարքագծից չխուսափելու հետևանքների վերաբերյալ պարզաբանումը։
ԳԼՈՒԽ 17
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ԽԱԽՏՄԱՆ ՓԱՍՏԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ
132. Հանձնաժողովի՝ իր լիազորությունների իրականացման ընթացքում իրավախախտման առերևույթ հատկանիշների վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու դեպքում Հանձնաժողովի համապատասխան աշխատողը Հանձնաժողովի նախագահին ներկայացնում է զեկուցագիր։
133. Առերևույթ խախտման փաստը Հանձնաժողովի կողմից հայտնաբերված է համարվում զեկուցագրի՝ Հանձնաժողովի նախագահին ներկայացնելու պահից։
ԳԼՈՒԽ 18
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՐՈՒՑՄԱՆ ԱՌԻԹՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՎԱՐՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
134. Հանձնաժողովը վարույթի հարուցման առիթները քննարկելիս կարող է հաշվի առնել վարքագծի, գործողության և անգործության ազդեցությունը, վարույթ հարուցելու դեպքում՝ այն եզրափակող՝ Հանձնաժողովի որոշման ազդեցությունը:
135. Հանձնաժողովի պատասխանատու մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումը վարքագծի, գործողության և անգործության ազդեցությունը, ինչպես նաև Հանձնաժողովի որոշման ազդեցությունը գնահատում է՝ հաշվի առնելով հետևյալ հանգամանքներից մեկը կամ մի քանիսը․
1) այն ոլորտի կամ շուկայի ռազմավարական նշանակությունը, որում կատարվել է առերևույթ իրավախախտումը․
2) առերևույթ իրավախախտման հետևանքով տուժած կամ հնարավոր տուժող սպառողների խոցելիության աստիճանը․
3) առերևույթ իրավախախտման համակարգային տարածվածությունը, ներառյալ՝ ազդակիր սպառողների շրջանակի մեծությունը․
4) առերևույթ իրավախախտումը կատարած սուբյեկտի առերևույթ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի չափը, իսկ նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում իրավախախտմանը փաստացի գործունեության ժամանակահատվածի հասույթը։
136. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթի իրականացման առանձնահատկություններ սահմանված չլինելու դեպքում կիրառվում են տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի իրականացման սույն աշխատակարգով սահմանված կանոնները։
ԳԼՈՒԽ 19
ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՐՁՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
137. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս և տեղեկատվություն հավաքագրելիս կարող է օգտվել ինտերնետային աղբյուրներում առկա տեղեկություններից, որոնք անխախտ վիճակում արձանագրելու նպատակով կարող է իրականացվել արտաքին դիտում կամ էկրանապատճենում։
138. Պետական էլեկտրոնային հարթակներից հատուկ տեխնիկածրագրային ուղիների միջոցով ձեռք բերված տեղեկությունն արձանագրվում է էլեկտրոնային ձևաչափով արտահանման կամ արտատպման միջոցով։
139. Հանձնաժողովը տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորության առնչությամբ ինտերնետային և այլ էլեկտրոնային հարթակների միջոցով հասանելի դարձած նյութերի հետ աշխատելիս կարող է օգտվել հանրամատչելի թվային գործիքներից։
ԳԼՈՒԽ 20
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
140. Հանձնաժողովի գործունեության արդյունքում ձեռք բերված տվյալները այլ գործից Հանձնաժողովի մեկ այլ գործի վարույթի նյութերին կցվում են համապատասխան աշխատողի կողմից Հանձնաժողովի նախագահին հասցեագրված զեկուցագրի հիման վրա։
ԳԼՈՒԽ 21
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
141. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի ընթացքում Հանձնաժողովի պատասխանատու աշխատողը մինչև որոշման նախագիծը Հանձնաժողովի նիստին քննարկման ներկայացնելը կարող է կազմել տեղեկանք վարույթում առկա փաստական հանգամանքների վերաբերյալ։
142. Տեղեկանքը Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանման կողմից կազմված նյութ է, որը չի արտացոլում Հանձնաժողովի դիրքորոշումը։
143. Տեղեկանքը Հանձնաժողովի նախագահի կամ գլխավոր քարտուղարի գրությամբ կարող է իրեն առնչվող մասով ներկայացվել վարույթի մասնակից տնտեսավարող սուբյեկտին՝ դիրքորոշում ստանալու նպատակով: Տեղեկանքի վերաբերյալ դիրքորոշում տրամադրվում է գրությամբ սահմանված ժամկետում։
ԳԼՈՒԽ 22
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ
144. Վարույթի մասնակիցները կարող են ծանոթանալ վարույթի վերաբերյալ գործի նյութերին։
145. Վարույթի մասնակիցները վարույթի վերաբերյալ գործի նյութերին ծանոթանալու նպատակով Հանձնաժողովին ներկայացնում են գրավոր դիմում՝ վարույթի վերաբերյալ գործի նյութերին ծանոթանալու, իսկ անհրաժեշտության դեպքում դրանք ստանալու վերաբերյալ։
146. Վարույթի մասնակիցները վարույթի վերաբերյալ գործի նյութերին ծանոթանում են Հանձնաժողովի գտնվելու վայրում, պատասխանատու աշխատողի հետ նախապես համաձայնեցված ժամի կամ, հնարավորության դեպքում, «e-Compete»-ի միջոցով։
147. Վարույթի մասնակիցներն իրենց հաշվին վարույթի վերաբերյալ գործի նյութերից կարող են կատարել պատճեններ, լուսապատճեններ, քաղվածքներ, լուսանկարներ: Վարույթի վերաբերյալ գործի նյութերը կարող են տրամադրվել նաև էլեկտրոնային եղանակով՝ վարույթի մասնակցի կողմից լազերային կամ էլեկտրոնային այլ կրիչ ներկայացնելու դեպքում կամ, հնարավորության դեպքում, «e-Compete»-ի միջոցով։
148. Վարույթի վերաբերյալ գործի նյութերին ծանոթանալիս Հանձնաժողովը ապահովում է պետական և օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկատվության պահպանությունը։
149. Վարույթի մասնակիցը վարույթի վերաբերյալ գործի նյութերին ծանոթանալուց հետո կատարում է համապատասխան նշում՝ վարույթի վերաբերյալ գործի նյութերին ծանոթացած լինելու, իսկ դրա ստացած լինելու դեպքում՝ նաև ստացած լինելու վերաբերյալ կամ վարույթի վերաբերյալ գործի նյութերին կցվում է համապատասխան ապացույց։
ԳԼՈՒԽ 23
ՆԻՍՏԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
150. Հանձնաժողովը կարող է իրականացնել քննարկումներ Հանձնաժողովի աշխատողների, մասնակցությամբ։
151. Հանձնաժողովը, նիստերից դուրս անհրաժեշտության դեպքում կարող է կազմակերպել քննարկումներ նաև այլ անձանց մասնակցությամբ։
152. Հանձնաժողովի կողմից այլ անձանց մասնակցությամբ քննարկումներ կարող են կազմակերպվել.
1) Հանձնաժողովի լիազորությունների և գործառույթների իրականացմանն ուղղված հարցերի (նախագծերի) քննարկման, ուսումնասիրության, վերլուծության, մշակման կամ ամփոփման համար.
2) տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին առնչվող իրավական ակտերի նախագծերի, խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցերի, այլ փաստաթղթերի մշակման համար․
3) տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության ոլորտում առկա հիմնահարցերի վերաբերյալ.
4) Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթի առնչությամբ․
5) Հանձնաժողովի կողմից ոլորտային ուսումնասիրությունների իրականացման առնչությամբ.
6) Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ այլ դեպքերում։
153. Քննարկումները կարող են կազմակերպվել Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի անդամի, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի կամ մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի նախաձեռնությամբ (այսուհետ նաև՝ քննարկումը կազմակերպող)։
154. Քննարկումներն անցկացվում են հանդիպումների, ինչպես նաև հեռահաղորդակցության հնարավոր միջոցներով։ Քննարկման ձևաչափը և մասնակիցների ցանկը յուրաքանչյուր դեպքում սահմանվում է քննարկումը կազմակերպողի կողմից։
155. Քննարկման մասին տեղեկացումը պարունակում է քննարկումների իրականացման վայրի, ժամի, ժամկետների, քննարկման թեմայի մասին տեղեկություններ:
ԳԼՈՒԽ 24
ԹԵԺ ԳԾԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԶԱՆԳԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
156. Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին օրենսդրության խախտման հնարավոր դեպքերի վերաբերյալ զանգերի ընդունման նպատակով Հանձնաժողովում գործում է թեժ գծի հեռախոսահամար, որը հրապարակվում է Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում։
157. Թեժ գծի միջոցով ստացված զանգերի հետ կապված աշխատանքներն, այդ թվում՝ զանգի գրանցումն, իրականացնում է Հանձնաժողովի համապատասխան աշխատողը (այսուհետ նաև՝ թեժ գծի պատասխանատու)։
158. Հանձնաժողովի թեժ գծի միջոցով թեժ գծի պատասխանատուն անձամբ կամ իրավասու այլ աշխատող տրամադրում է միայն հակիրճ խորհրդատվություն։
159. Եթե թեժ գծով ներկայացված զանգը պարունակում է տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության օրենսդրության առերևույթ խախտման մասին տեղեկատվություն, ապա թեժ գծի պատասխանատուն կամ իրավասու աշխատողը տասնօրյա ժամկետում կազմում է Հանձնաժողովի նախագահին ուղղված համապատասխան զեկուցագիր։
ԳԼՈՒԽ 25
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
160. Հանձնաժողովն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունը զանգվածային լրատվամիջոցների, պաշտոնական ինտերնետային կայքի, հանրային իրազեկման աշխատանքների և այլ միջոցներով:
161. Հանձնաժողովի որոշումները, եզրակացությունները և Հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքում ստորագրումից հետո տասն օրվա ընթացքում, բացառությամբ պետական և օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող հատվածների:
162. Հանձնաժողովի, Հանձնաժողովի նախագահի կամ գլխավոր քարտուղարի կողմից ընդունված ներքին իրավական ակտերում ուժի մեջ մտնելու ամսաթիվ սահմանված լինելու դեպքում տվյալ ակտի հրապարակումը Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում ապահովվում է ամենաուշն իրավական ակտի ուժի մեջ մտնելու օրվան նախորդող օրը։
163. Հանձնաժողովի նախագահին ժամանակավոր փոխարինող նշանակելու մասին Հանձնաժողովի նախագահի հրամանը հրապարակվում է Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում ստորագրումից հետո անհապաղ, բայց ոչ ուշ քան երեք աշխատանքային օրվա ընթացքում։
164. Հանձնաժողովի կողմից ընդունված ներքին իրավական ակտերը, Հանձնաժողովի նախագահի կամ գլխավոր քարտուղարի կողմից ընդունված իրավական ակտերը Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելիս նշվում է դրա հրապարակման ամսաթվի վերաբերյալ տեղեկատվություն։
165. Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ տեղեկության հրապարակումն, այդ թվում՝ որոշումների և եզրակացությունների հրապարակումն իրականացվում է Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով։ Հանձնաժողովի որոշումների և եզրակացությունների հրապարակումը Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում իրականացնում է որոշման կամ եզրակացության նախագիծը Հանձնաժողովի քննարկմանը ներկայացրած համապատասխան մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումը։
166. Հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները, Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի գլխավոր քարտուղարի կողմից ընդունված իրավական ակտերը Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում կարող են հրապարակվել անստորագիր և չկնքված տարբերակով։
ԳԼՈՒԽ 26
ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ
167. Սույն աշխատակարգով, Հանձնաժողովի որոշումներով և եզրակացություններով օրերով սահմանված ժամկետների հաշվարկն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված աշխատանքային օրերով։
168. Աշխատակարգով, Հանձնաժողովի որոշումներով և եզրակացություններով սահմանված ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է այդ ժամկետի սկիզբը։
169. Տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:
170. Ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան օրը: Եթե ժամկետի վերջը համընկնում է համապատասխան ամսաթիվ չունեցող ամսվան, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:
171. Շաբաթներով հաշվարկվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին շաբաթվա համապատասխան օրը:
172. Օրերով հաշվարկվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին օրվա ժամը 24։00-ին:
173. Ժամերով որոշվող ժամկետն սկսվում է այն իրադարձության վրա հասնելու հաջորդ ժամից, որով որոշված է ժամկետի սկիզբը: Ժամերով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ժամի վերջին վայրկյանին:
174. Ժամանակահատվածով որոշվող ժամկետն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի, օրվա կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:
175. Եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2025 թվական:
