Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը և Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական մաքսային տեսչությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
ձգտելով զարգացնել և ամրապնդել երկու պետությունների մաքսային ծառայությունների միջև հետագա համագործակցությունը,
ապրանքների փոխադրումների մաքսային ձևակերպումների պարզեցման նպատակով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինները իրենց երկրների մաքսային օրենսդրության շրջանակներում, մաքսային և արտարժութային կանոնների վերահսկողության ապահովման նպատակով, ինչպես նաև աշխատելով առավելագույնս հեշտացնել բեռների և ուղևորների փոխադրումների, փոստային առաքումների փոխանակությունը, կձգտեն մաքսային հարցերի բնագավառում իրականացնել բազմակողմ համագործակցություն և փոխադարձ աջակցություն:
Հոդված 2
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, հաշվի առնելով երկուստեք շահերը, ապահովում է բեռների և ուղևորների հաղորդակցության և փոստային առաքումների մաքսային վերահսկողության իրականացումը:
Հոդված 3
Սույն Համաձայնագրում նախատեսված նպատակներին հասնելու համար Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները բեռների և ուղևորների փոխադրումների և փոստային առաքումների մաքսային վերահսկողության արագացման, այդ վերահսկողության մեթոդների և ձևերի կատարելագործման, ինչպես նաև տրանսպորտային միջոցների, բեռների, ուղեբեռների, փոստային առաքումների, արտարժույթի, վճարման այլ միջոցների և արտարժութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և տարանցման կանխարգելման նպատակով, Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության տնտեսական և այլ շահերին վնաս հասցնելուց խուսափելու համար:
Հոդված 4
Պայմանավորվող կողմերը կապահովեն, որ պետական սահմանով անցնող փոխադրամիջոցները, բեռները, փոստային առաքումները, արտարժույթը, վճարման այլ միջոցները և արտարժութային արժեքներն ապահովվեն անհրաժեշտ մաքսային փաստաթղթերով, որոնք համապատասխանում են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների մաքսային և արտարժութային կանոններին և կիրառվում են ուղևորաբեռնային հաղորդակցության և փոստային առաքումների համար:
Հոդված 5
Պայմանավորվող կողմերի մաքսատների միջև ապրանքների և փոխադրամիջոցների տեղափոխումը կիրականացվի Բեռնային մաքսային հայտարարագրի (ԲՄՀ) օգտագործմամբ:
Հոդված 6
Պայմանավորվող կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, պարտավորվում են իրականացնել Տարանցիկ բեռների մաքսային ձևակերպումների վերաբերյալ Համաձայնագրի կանոնները, որը Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունների ղեկավարների կողմից ստորագրվել է 1992 թվականի ապրիլի 2-ին` Ալմա Աթայում:
Պայմանավորվող կողմերի տարածքով փոխադրվող և նրանց մաքսային մարմինների կողմից ձևակերպված տարանցիկ բեռները անցնում են անարգել և ազատվում մաքսային ստուգումներից, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմքեր կան ենթադրելու, որ այդ բեռները պարունակում են ներմուծման, արտահանման և տարանցման համար արգելված ապրանքներ և այլ առարկաներ:
Հոդված 7
Պայմանավորվող կողմերը փոխադարձաբար կճանաչեն միմյանց մաքսային փաստաթղթերը, մաքսային կապարակնիքները, կնիքների և դրոշմների նմուշօրինակները և փոստային առաքումների, բեռների և փոխադրամիջոցների վրա պաշտոնական նշանները: Նրանք կարող են նաև փոխադարձաբար ճանաչել միմյանց առաքիչ և տրանսպորտային կազմակերպությունների կապարակնիքները, կնիքներն ու դրանց պաշտոնական նշանները փոխադրամիջոցների վրա:
Հոդված 8
Պայմանավորվող կողմերը միմյանց կփոխանցեն 7-րդ հոդվածում նշված մաքսային փաստաթղթերի և մաքսային ապահովումների նմուշները, ինչպես նաև ներմուծման, արտահանման և տարանցման համար արգելված կամ սահմանափակված ապրանքների անվանացանկերը:
Հոդված 9
Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինները փոխադարձ համաձայնությամբ կձգտեն մաքսային փաստաթղթերի միասնականացմանը:
Հոդված 10
Պայմանավորվող կողմերից մեկի մաքսային մարմինները մյուս Կողմի տարածքից իրենց տարածքով ներս են թողնում միայն մաքսային ստուգումների ենթակա այն բեռները, փոխադրամիջոցները, ուղեբեռները և փոստային առաքումները, որոնք բաց են թողնվել մյուս Կողմի մաքսային մարմինների կողմից:
Եթե Կողմերից մեկի մաքսային մարմինները բացահայտեն, որ մյուս Կողմի մաքսային մարմինները չեն իրականացրել այդ բեռների, փոխադրամիջոցների, ուղեբեռների ու փոստային առաքումների մաքսային ստուգումներն ու ձևակերպումները, ապա դրանք կկասեցնեն և այդ մասին կտեղեկացնեն մյուս Կողմի մաքսային մարմնին:
Այնուհետև բացահայտող Կողմը կգործի մյուս Կողմի մաքսային մարմինների կարգադրությունների համաձայն:
Հոդված 11
Եթե սույն Համաձայնագրի մասնակից պետության տարածքից մյուս մասնակից պետության տարածք ներմուծված բեռները, փոխադրամիջոցները, ուղեբեռները, ինչպես նաև արտարժույթը և արտարժութային արժեքները ենթակա չեն ներս թողնելու մաքսային, արտարժութային, սանիտարական, կարանտինային և անասնաբուժական վերահսկողության կանոնների ու ներմուծման հրահանգների հիման վրա կամ անվտանգության ապահովման նպատակով, ապա դրանք կվերադարձվեն մյուս Կողմին` բեռնային փաստաթղթերի մեջ արգելման վերաբերյալ համապատասխան նշումներ կատարելով, կամ կներկայացնեն համապատասխան տեղեկանք, եթե մյուս Կողմի մաքսային մարմինները այդ հարցով կդիմեն նրանց:
Հոդված 12
Մի Պայմանավորվող կողմի տարածքից մյուս Պայմանավորվող կողմի տարածք ապօրինի ներմուծված փոխադրամիջոցների, բեռների, ուղեբեռների, փոստային առաքումների, արտարժույթի, վճարման այլ միջոցների ու արտարժութային արժեքների նկատմամբ կկիրառվի այն պետության մաքսային օրենսդրությունը, որի տարածքում գտնվում են վերոհիշյալ առարկաներն ու արժեքները:
Հոդված 13
Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմինների փոխադարձ համաձայնությամբ Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքով երրորդ երկիր տարանցիկ ուղևորություն կատարող Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության քաղաքացիների ձեռքի իրերի և ուղեբեռների նկատմամբ մաքսային ստուգումները և բացթողումը կկատարվեն Պայմանավորվող կողմերի մաքսային օրենսդրության համաձայն:
Այդ նպատակով`
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները բաց կթողնեն Ղրղզստանի Հանրապետության քաղաքացիներին պատկանող ձեռքի իրերում և ուղեբեռում գտնվող արտարժույթը, արտարժութային արժեքները և իրերը` Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից հայտարարագրում հաստատված և նշված քանակության համաձայն,
Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմինները բաց կթողնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պատկանող ձեռքի իրերում և ուղեբեռում գտնվող արտարժույթը, արտարժութային արժեքները և իրերը` Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից հայտարարագրում հաստատված և նշված քանակության համաձայն:
Հոդված 14
Սույն Համաձայնագրի հոդվածների կիրառման, մեկնաբանման և փոփոխման հետ կապված վիճելի հարցերը Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունների միջև կլուծվեն բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով: Համաձայնագիրը կարող է փոփոխվել և լրացվել Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Հոդված 15
Պայմանավորվող կողմերը միմյանց տեղեկություններ կհաղորդեն մաքսային հարցերին առնչվող` գործող օրենսդրական ակտերի վերաբերյալ:
Պայմանավորվող կողմերը միմյանց ժամանակին կհաղորդեն մաքսային օրենսդրության, կանոնակարգերի, հրահանգների և մաքսային փաստաթղթերի, ձևերի և ապահովումների վերաբերյալ փոփոխությունների ու լրացումների մասին:
Հոդված 16
Մաքսային փաստաթղթերը կատարվում են առաքող պետության օրենսդրությամբ` մաքսային փաստաթղթերի ձևակերպումների համար սահմանված լեզվով:
Սահմանային մաքսատները ապրանքների ներմուծման դեպքում կարող են պահանջել մաքսային փաստաթղթերում պարունակող տեղեկությունների թարգմանությունը պետական լեզվով կամ տվյալ մարմնի կողմից ընդունելի լեզվով:
Հոդված 17
Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինները պարբերաբար գրավոր կամ բանավոր կիրականացնեն սույն Համաձայնագրի կատարման հետ կապված ամբողջական փորձի փոխանակում:
Կողմերի միջև գրագրությունը կկատարվի ռուսերենով:
Հոդված 18
Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինները միմյանց փոխօգնություն կցուցաբերեն անհատույց:
Հոդված 19
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և կգործի հինգ տարի ժամկետով, որից հետո ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը վերջնական ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ գրավոր չի տեղեկացնի մյուս Կողմին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1996 թվականի փետրվարի 14-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղրղզերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Հայերեն և ղրղզերեն տեքստերի մեկնաբանման դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի փետրվարի 14-ից:
