Գլխավոր տեղեկություն
Համար
N 1301-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.28/58(582) Հոդ.1188
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.11.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 նոյեմբերի 2007 թվականի N 1301-Ն

ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎՏԱՆԳ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԻԱԿԻԶՄԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՈՒ ՎՐԱՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության, 3-րդ մասի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինների դիակիզման, գերեզմանատների վնասազերծման և տեղափոխման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) վրահուղարկավորման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. նոյեմբերի 16
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 8-ի N 1301-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎՏԱՆԳ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԻԱԿԻԶՄԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինների դիակիզման, գերեզմանատների վնասազերծման և տեղափոխման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանում է`

1) I-II խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդություններից մահացածների հուղարկավորության դեպքում.

2) արտակարգ իրավիճակների ժամանակ (երկրաշարժեր, ջրհեղեղներ, սողանքներ և այլն), երբ գերեզմանատունը ենթարկվում է խախտման, ինչի արդյունքում կարող է առաջանալ աճյունի ամբողջականության վնասում և վարակի տարածման վտանգ:

3. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում գերեզմանատունն ամբողջությամբ կամ դրա վնասված հատվածը ենթակա է վնասազերծման, փակման և աճյունների տեղափոխման:

4. Գերեզմանատան վնասազերծման, աճյունի տեղափոխման, վերահուղարկավորման (դիակիզման) աշխատանքները կազմակերպվում են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` համաձայն «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի` կազմելով հանձնաժողովներ, որոնց կազմերում ընդգրկվում են պետական կառավարման լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և համապատասխան համայնքի (Երևանում` Երևանի քաղաքապետարանի) ներկայացուցիչները: Հանձնաժողովն ընդունում է որոշում գերեզմանատան վնասազերծման, աճյունի տեղափոխման, վերահուղարկավորման (դիակիզման) միջոցառումների մասին և տեղեկացնում գերեզմանատանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման համաձայն հաշվառված գերեզմանատեղերի (գերեզմաններ) գերեզման օգտագործողներին: Հանձնաժողովի գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:

(4-րդ կետը փոփ. 29.12.16 N 1374-Ն, լրաց. 30.11.17 N 1514-Ն, փոփ. 31.03.22 N 425-Ն)

5. Գերեզմանատան փակումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

(5-րդ կետը լրաց. 30.11.17 N 1514-Ն, փոփ. 31.03.22 N 425-Ն)

6. Տվյալ գերեզմանատանը մարդու համար ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդություններից մահացածների աճյունների բացակայության դեպքում՝ հողի, ջրի մակերևույթին հայտնված դիակները տեղափոխվում են այլ գերեզմանատուն և թաղվում ինչպես այլ դիակներ (վերջիններիս վրա չի տարածվում ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդություններից մահացածների դիակների հուղարկավորմանը կամ դիակիզմանը, գերեզմանատների վարակազերծմանը և տեղափոխմանը ներկայացվող պահանջները):

7. Այն դեպքերում, երբ առկա են տվյալներ նախկինում տվյալ գերեզմանատանը մարդու համար ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդություններից մահացածների աճյունների թաղված լինելու մասին, ապա գերեզմանատան տարածքը վնասազերծվում է որպես մարդու համար ախտածին միկրոօրգանիզմներով վարակված օբյեկտ:

8. Ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդություններից մահացածի դիակը դիակիզվում է:

9. Դիակների հետ շփման մեջ եղած գործիքները, անձնակազմի պաշտպանիչ հագուստը և բոլոր առարկաները, ինչպես նաև փոխադրամիջոցը, որով տեղափոխվել է դիակը, ենթակա են մանրազնին վարակազերծման` որպես մարդու համար ախտածին միկրոօրգանիզմներով վարակված օբյեկտ:

10. Մարդու համար ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված վարակներից մահացած մարդկանց դիակները տուն չեն տեղափոխվում:

11. Դիակի տեղափոխումը դիակիզարան իրականացվում է ամուր փակվող փայտյա դագաղով, որը ներսից պատված է մոմլաթով: Դիակային հեղուկի արտահոսքը կանխելու նպատակով մոմլաթում կարերը պետք է լինեն վերից վար և գտնվեն դագաղի կողմնային մասերում: Դիակը պետք է փաթաթված լինի ախտահանիչ լուծույթով ներծծված գործվածքով: Դիակը տեղափոխվում է դիակիզարան ցանկացած դիատարով: Դիակիզման արարողությունից առաջ արգելվում է դագաղի բացումը:

12. Դիակիզումը կատարվում է ընդհանուր դիակիզարաններում՝ տեղափոխելուց անմիջապես հետո` դագաղի հետ միասին: Դիակիզումից հետո ստացված մոխիրն ամփոփվում է աճյունասափորի մեջ և տեղադրվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ սահմանված թաղման և դիակիզման կարգի համաձայն:

13. Սույն կարգի համաձայն դիակիզումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում դիակիզարաններ կառուցելուց և դրանք գործարկելուց հետո:

(հավելվածը փոփ. 29.12.16 N 1374-Ն, լրաց. 30.11.17 N 1514-Ն, փոփ. 31.03.22 N 425-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 8-ի N 1301-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՎՐԱՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՄԱՆ

1. Սույն կարգով uահմանվում է վրահուղարկավորման կազմակերպման կարգը:

2. Նոր հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձի ցանկությամբ և գերեզման օգտագործողի համաձայնությամբ վրահուղարկավորումն իրականացվում է տվյալ գերեզմանում նախկինում մահացածի թաղումից առնվազն տասնհինգ տարի հետո` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(2-րդ կետը խմբ. 31.03.22 N 425-Ն)

3. Վրահուղարկավորումը թույլատրում է գերեզմանատան տնօրինությունը` մահացածի հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի դիմումի, գերեզման օգտագործողի համաձայնության, մահացածի մահվան վկայականի, նախկինում մահացածի մահվան վկայականի, գերեզմանի վկայականի և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության պետական կազմակերպության (այսուհետ՝ պետական կազմակերպություն) կողմից տրված վրահուղարկավորում իրականացնելու հնարավորության մասին եզրակացության հիման վրա` եզրակացությունն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում:

(3-րդ կետը փոփ. 30.11.17 N 1514-Ն, փոփ., լրաց. 31.03.22 N 425-Ն, խմբ. 31.07.25 N 1064-Ն)

4. Վրահուղարկավորում իրականացնելու հնարավորության կամ անհնարինության մասին եզրակացություն ստանալու համար գերեզմանատան տնօրինությունը վրահուղարկավորում իրականացնելու թույլտվության դիմումի ստացման օրը կից գրությամբ էլեկտրոնային եղանակով պետական կազմակերպություն է ներկայացնում մահացածի հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի դիմումը, մահացածի մահվան վկայականը, նախկինում մահացածի մահվան վկայականը և գերեզմանի վկայականը` դրանք ուղարկելով պետական կազմակերպության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով։

(4-րդ կետը փոփ. 30.11.17 N 1514-Ն, փոփ., լրաց. 31.03.22 N 425-Ն, խմբ. 31.07.25 N 1064-Ն)

4.1. Պետական կազմակերպությունը սույն կարգի 4-րդ կետում նշված գերեզմանատան տնօրինության գրությունն ստանալու պահից մեկ օրվա ընթացքում վրահուղարկավորում իրականացնելու հնարավորության կամ անհնարինության մասին եզրակացությունը ներկայացնում է գերեզմանատան տնօրինություն էլեկտրոնային եղանակով` ուղարկելով գերեզմանատան տնօրինության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով։

(4.1-ին կետը լրաց. 31.07.25 N 1064-Ն)

4.2. Պետական կազմակերպության կողմից տրվում է վրահուղարկավորում իրականացնելու անհնարինության մասին եզրակացությունը, եթե՝

1) տվյալ գերեզմանում նախկինում մահացածի թաղումից չի անցել առնվազն տասնհինգ տարի.

2) նախկինում մահացածի կամ վրահուղարկավորման ենթակա մահացածի մահվան պատճառը եղել է մարդու համար ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմներով (ժանտախտի, խոլերայի, դեղին տենդի) հարուցված վարակներից որևէ մեկը.

3) սույն կարգի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերն ամբողջական կամ ընթեռնելի չլինելու դեպքում։

(4.2-րդ կետը լրաց. 31.07.25 N 1064-Ն)

4.3. Սույն կարգի 4.2-րդ կետով սահմանված վրահուղարկավորում իրականացնելու անհնարինության հիմքերի բացակայության դեպքում պետական կազմակերպության կողմից տրվում է վրահուղարկավորում իրականացնելու հնարավորության մասին եզրակացությունը։

(4.3-րդ կետը լրաց. 31.07.25 N 1064-Ն)

4.4. Պետական կազմակերպության կողմից վրահուղարկավորում իրականացնելու հնարավորության կամ անհնարինության մասին եզրակացությունը տրվում է անվճար։

(4.4-րդ կետը լրաց. 31.07.25 N 1064-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 31.07.25 N 1064-Ն)

6. Վրահուղարկավորումը թույլատրվում է միայն բաց և մասնակի փակ գերեզմանատներում:

7. Աճյունասափորը (մահացածի մարմնի դիակիզումից հետո) ընտանեկան գերեզմանում` վրահուղարկավորման միջոցով տեղադրելու համար հատկացվում է նախկինում մահացածի գերեզմանի տարածքից 1 քառ. մետր տարածք:

8. Գերեզմանատան տնօրինությունը մահվան վկայականի հիման վրա թաղումների և գերեզմանատեղերի գրանցման մատյանում և գերեզմանի վկայականում կատարում է համապատասխան գրանցումներ վրահուղարկավորման մասին:

(հավելվածը փոփ. 30.11.17 N 1514-Ն, փոփ., խմբ., լրաց. 31.03.22 N 425-Ն, 31.07.25 N 1064-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.07.2025, N 1064-Ն 19.08.2025, N 1301-Ն
31.03.2022, N 425-Ն 01.04.2022, N 1301-Ն
30.11.2017, N 1514-Ն 23.12.2017, N 1301-Ն
29.12.2016, N 1374-Ն 30.12.2016, N 1301-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան