ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2025 թվականի N 1147-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2070-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառումը հաստատելու մասին» N 2070-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը» բառերով.
2) հավելվածի 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Միջոցառմամբ սահմանված պայմանները բավարարված լինելու դեպքում դիմումն ընդունվում է, և աջակցության գումարը շահառուին փոխանցելու նպատակով ՊԵԿ-ը՝ դիմումը ներկայացնելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան հանձնարարականի հիման վրա, «Mulberry» էլեկտրոնային համակարգով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում՝
1) աջակցության գումարի վերաբերյալ վճարման հանձնարարականը.
2) ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգով ներկայացվող N 3 ձևով սահմանված դիմումը։
14․ Աջակցության գումարը շահառուին փոխանցելու նպատակով ՊԵԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները՝
1) շահառուի անվանումը.
2) շահառուի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
3) շահառուի բանկային հաշվի համարը.
4) աջակցության գումարի չափը։
15․ ՊԵԿ-ի կողմից վճարման հանձնարարականը և N 3 ձևով սահմանված դիմումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, աջակցության գումարը փոխանցվում է շահառուի նշված բանկային հաշվին։ Ընդ որում, սույն դիմումի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։».
3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15․1-ին կետով.
«15.1. Սույն ծրագրի շրջանակներում սահմանվում է, որ ՊԵԿ-ի էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգով ներկայացվող N 3 ձևով սահմանված դիմումը և վճարման հանձնարարականը համարվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և շահառուի միջև կնքված պայմանագիր և հանդիսանում են բավարար իրավական հիմք՝ Գանձապետարանի ստորաբաժանմանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ներկայացման պահանջն իրականացնելու նպատակով։
Սույն ծրագրի շրջանակում ՊԵԿ-ի կողմից ներկայացված N 3 ձևով սահմանված դիմումը և վճարման հանձնարարականը համարվում են վերջնական։»։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխությունները։
3. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված փոփոխությունները և լրացումը տարածվում են 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
15.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
