ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2025 թվականի N 1115-Լ
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՁԵՎԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 27-ի N 341-Ն որոշման 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
14.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1115-Լ որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՁԵՎԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) շահառուներին ներկայացվող պահանջները, միջոցառման շրջանակներում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ընթացակարգը, միջոցառման շրջանակներում տրամադրվող աջակցության դադարեցման հիմքերը և աջակցության դադարեցման պահի դրությամբ արդեն ցուցաբերված աջակցության գումարի տնօրինման կարգը, առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների (այսուհետ՝ ֆինանսական կազմակերպություններ) կողմից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) ներկայացվող հաշվետվություններին վերաբերող պահանջները:
2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն են՝
1) միջոցառում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 27-ի N 341-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետով հաստատված՝ հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառում.
2) շահառու` միջոցառման 2-րդ կետում նշված անձինք.
3) հեծանիվ՝ երկու անիվներով նոր (չօգտագործված) տրանսպորտային միջոց, որը շարժվում է մարդու մկանային ուժի շնորհիվ՝ ոտնակների միջոցով, նախատեսված 14 տարեկանից բարձր տարիքի անձանց համար.
4) վարկ` սույն կարգի հաստատումից հետո Հայաստանի Հանրապետությունում գործող իրավաբանական անձանցից կամ անհատ ձեռնարկատերերից (տնտեսավարող սուբյեկտներից) հեծանիվի (ներառյալ հեծանիվի հետ միաժամանակ գնվող՝ սաղավարտի, ծնկների բարձիկների և ձեռնոցների) գնման նպատակով տրամադրված վարկ.
5) ֆինանսական կազմակերպություն` առևտրային բանկեր կամ վարկային կազմակերպություններ, որոնք միջոցառման շրջանակներում համագործակցում են նախարարության հետ.
6) ընտանիքի անդամ՝ սույն կարգի իմաստով շահառուի ընտանիքի անդամ են հանդիսանում շահառուի հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, թոռները.
7) վարկառու՝ շահառուն կամ վերջինիս ընտանիքի անդամը, ով ֆինանսական կազմակերպության հետ կնքում է վարկային պայմանագիր.
8) վարկային պայմանագիր` միջոցառման ներքո ֆինանսական կազմակերպության և վարկառուի միջև կնքված վարկի պայմանագիր.
9) սուբսիդավորման գումար` միջոցառմամբ սահմանված սահմանաչափով վարկի տարեկան տոկոսադրույքի մարմանն ուղղված գումար.
10) հատուկ հաշիվ՝ ֆինանսական կազմակերպության բանկային հաշիվ, որին միջոցառման շրջանակներում նախարարությունը փոխանցում է սուբսիդավորման գումարը.
11) պայմանագիր՝ հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման շրջանակներում նախարարության և ֆինանսական կազմակերպության միջև կնքվող համագործակցության պայմանագիր:
2. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
3. Միջոցառումն իրականացվում է հետևյալ ընթացակարգով՝
1) վարկառուն վարկ ստանալու նպատակով դիմում է ֆինանսական կազմակերպությանը (ապառիկ վարկավորման պրոդուկտների շրջանակում վերջինիս հետ համագործակցող կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատերերին)՝ բացի բանկի ներքին ընթացակարգերով պահանջվող փաստաթղթերից ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
ա. տեղեկանք Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արհեստագործական, միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթական ծրագիր իրականացնող պետական կամ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունից (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) տվյալ ուսումնական հաստատության սովորող կամ աշխատող հանդիսանալու վերաբերյալ,
բ․ որպես վարկառու ուսումնական հաստատության սովորողի կամ աշխատողի ընտանիքի անդամ հանդիսանալու դեպքում՝ ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ.
2) ֆինանսական կազմակերպության կողմից՝
ա. գնահատվում է վարկառուի վարկավորման պայմանների համապատասխանությունը միջոցառման և սույն կարգի պայմաններին, և որոշում է կայացվում վարկ տրամադրելու վերաբերյալ՝ իր ներքին ընթացակարգերին համապատասխան (ֆինանսական կազմակերպությունն ազատ է որպես գրավ ընդունել կամ չընդունել ձեռք բերված ապրանքները),
բ. մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը նախարարության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով (secretariat@escs.am) պայմանագրով սահմանված ձևաչափով նախարարություն է ներկայացվում սուբսիդավորման գումարի փոխանցման վերաբերյալ հայտ (այսուհետ՝ հայտ).
3) նախարարությունը հայտը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրա համապատասխանությունը որոշման և սույն կարգով սահմանված պահանջներին (պահանջները բավարարող շահառուն ինքնաշխատ եղանակով համարվում է միջոցառման շահառու) և պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում ապահովում է շահառուների մասով սուբսիդավորման ենթակա գումարների փոխանցումը ֆինանսական կազմակերպության հատուկ հաշվին:
4. Վարկի հետ կապված ֆինանսական կազմակերպությունների ծառայությունների համար այլ վճարներ չեն գանձվում (սպասարկման վճար, միջնորդավճարներ):
5. Վարկը տրամադրվում է միանվագ՝ միայն անկանխիկ եղանակով:
6. Վարկի մայր գումարի և տոկոսագումարների մարման համար արտոնյալ ժամկետ չի սահմանվում:
7. Վարկի գծով ամսական տոկոսադրույքի վճարները սուբսիդավորման գումարի սահմանաչափերը գերազանցելու դեպքում տարբերությունը վճարվում է վարկառուի կողմից։
8. Վարկառուի կողմից վարկի վաղաժամկետ մարման դեպքում վերջինիս համար որևէ ֆինանսական կամ այլ պարտավորություն, կամ պատասխանատվություն չի կարող սահմանվել կամ կիրառվել։
9. Վարկի տույժերը և (կամ) տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն:
10. Սուբսիդավորման գումարի չափը հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ։
11. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է վարկի մայր գումարի և վարկի տոկոսադրույքի չսուբսիդավորվող մասի փաստացի մարումների հիման վրա:
12. Մեկ շահառուի համար միջոցառման շրջանակներում իրականացվում է միայն մեկ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում:
3. ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
13. Վարկի գործողության ընթացքում սուբսիդավորման գումարի տրամադրումը դադարեցվում է միջոցառման 10-րդ կետով նախատեսված դեպքերում։
14. Վարկառուի կողմից միջոցառման 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հիմքով սուբսիդավորման գումարի տրամադրման դադարեցման դեպքում մինչև այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը վարկառուի կողմից ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով:
4. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
15. Ֆինանսական կազմակերպությունը պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում հաշվետվություն է ներկայացնում նախարարություն, որը պետք է պարունակի՝
1) տեղեկատվություն տրամադրված վարկերի գումարի և քանակի, շահառուների թվի, սուբսիդավորման ենթակա գումարի մասին.
2) տեղեկատվություն հայտնաբերված խախտումների վերաբերյալ (առկայության դեպքում):
16. Հաշվետվությունը կարող է պարունակել առաջարկություններ միջոցառման պայմանների բարելավման կամ կատարելագործման հետ կապված:
17. Միջոցառման մշտադիտարկումն իրականացնում է նախարարությունը՝ հիմք ընդունելով միջոցառման իրականացման ընթացքի ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների կողմից ներկայացված հաշվետվությունները։ Նախարարության կողմից մշտադիտարկումն իրականացվում է ընտրանքային սկզբունքով։
18. Նախարարությունը կիսամյակային պարբերականությամբ իր պաշտոնական կայքէջում հրապարակում է տեղեկատվություն՝ տրամադրված վարկերի գումարի և քանակի, շահառուների թվի, սուբսիդավորման ենթակա գումարների, միջոցառման մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
14.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
