ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2025 թվականի N 1097-Ն
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 16.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 8-րդ, 9-րդ և 11-րդ մասերի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայականների գործողության կասեցման, կասեցման հիմքերի վերացման և վկայականի գործողության դադարեցման, այդ թվում՝ կոմիտեի նախաձեռնությամբ, կարգը և ժամկետները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Երևան |
08.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի N 1097-Ն որոշման |
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայականի (այսուհետ՝ որակավորման վկայական) գործողությունը Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) ղեկավարի հրամանով կասեցնում, կասեցումը վերացնում, ինչպես նաև դադարեցնում է կոմիտեն «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 16.2-րդ հոդվածով սահմանված պահանջների համաձայն:
2. Որակավորման վկայականի գործողությունը կասեցվում, ինչպես նաև դադարեցվում է կոմիտեի ղեկավարի հրամանով՝ գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության բնագավառներում մասնագիտական որակավորման մշտական գործող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) համապատասխան եզրակացության հիման վրա, բացառությամբ «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 16.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-6-րդ, 9-րդ և 7-րդ մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերի, որոնց պարագայում նշված հրամանները կարող են ընդունվել առանց համապատասխան եզրակացության առկայության։
3. Հանձնաժողովի՝ սույն կարգի 2-րդ կետով սահմանված եզրակացության համար հիմք են հանդիսանում կոմիտեի մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կամ համապատասխան ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից ներկայացված մասնագիտական դիրքորոշումները՝ հիմնավորված եզրակացության տեսքով։
4. Կոմիտեի մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կողմից սույն կարգի 3-րդ կետով սահմանված համապատասխան եզրակացության համար հիմք են հանդիսանում՝
1) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ներկայացված դիմումը կամ բողոքը.
2) կոմիտեի մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրություններով հաստատված գործառույթների իրականացման շրջանակներում որակավորված անձի կազմած փաստաթղթերում սխալների հայտնաբերումը:
5. Կոմիտեի մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները որակավորման վկայական ստացած անձի կողմից ենթադրյալ խախտում հայտնաբերելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս վերաբերյալ կազմում են համապատասխան եզրակացություն և այն կազմելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում հանձնաժողովի նախագահին:
6. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված եզրակացության կազմման նախադրյալ կարող են հանդիսանալ նաև՝
1) որակավորման վկայական ստացած անձի կողմից գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները չկատարելը, որոնց հիմքով կատարվել է իրավունքի պետական գրանցում կամ ինքնակամ կառույցների հաշվառում՝ կոմիտեի նախաձեռնությամբ.
2) որակավորման վկայական ստացած անձի կողմից կազմված փաստաթղթերի հիմքով իրավունքի պետական գրանցում կատարված չլինելու պարագայում՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա։
7. Կոմիտեի մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները՝ որակավորման վկայական ստացած անձի կողմից ենթադրյալ խախտում կատարելու վերաբերյալ կազմված եզրակացությունն ու դրա վերաբերյալ ամփոփ տեղեկանքը, որն իր մեջ պետք է պարունակի կոմիտեի մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ուսումնասիրված անշարժ գույքի հասցեն, որակավորման վկայական ունեցող անձի նույնականացման տվյալները (անուն, ազգանուն, հասցե, որակավորման վկայականի համարը և տրման ամսաթիվը), հայտնաբերված խախտման էությունը, կցված փաստաթղթերի ցանկը՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ներկայացնում են հանձնաժողովի նախագահին: Որակավորման վկայական ստացած անձի կողմից ենթադրյալ խախտում կատարած լինելու վերաբերյալ համապատասխան ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կազմած եզրակացությունը կոմիտե մուտքագրվելու օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ներկայացվում է հանձնաժողովի նախագահին։ Հանձնաժողովի նախագահը նշված փաստաթղթերն ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով փոխանցում է հանձնաժողովի քարտուղարին:
8. Հանձնաժողովի քարտուղարը վերոնշյալ եզրակացություններն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան որակավորման վկայական ստացած անձին, ինչպես նաև հանձնաժողովի անդամներին էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ փոստային ծառայության միջոցով հրավիրում է գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության ոլորտներում կատարված աշխատանքների ստուգման հանձնաժողովի մասնագիտական նիստին՝ կատարված աշխատանքների վերաբերյալ քննարկում իրականացնելու, ինչպես նաև խնդրո առարկա հարցերի կապակցությամբ դիրքորոշում ներկայացնելու նպատակով:
9. Հանձնաժողովը, ղեկավարվելով գործող օրենսդրության պահանջներով և հաշվի առնելով անդամների ու գործի մասնակիցների կարծիքները՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ձայների հավասարության դեպքում՝ հօգուտ որակավորման վկայական ստացած անձի, կազմում է համապատասխան եզրակացություն՝ որակավորման վկայականը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ:
10. Սույն կարգի 9-րդ կետում նշված եզրակացությունում պարտադիր արձանագրվում է նաև այն դեպքը, երբ որակավորման վկայական ստացած անձի կողմից խախտում չի արձանագրվել` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ եզրակացությունը պետք է պարունակի ամբողջական գնահատում, այդ թվում՝ խախտման բացակայության վերաբերյալ։
11. Սույն կարգի 9-րդ կետում նշված եզրակացությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է կոմիտեի ղեկավարին, որի հիմքով կոմիտեի ղեկավարն ընդունում է որակավորման վկայականը կասեցնելու կամ դադարեցնելու մասին հրաման:
12. Որակավորման վկայական ստացած անձը սույն կարգի 11-րդ կետում նշված հրամանի վերաբերյալ ծանուցվում է «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 16.2-րդ հոդվածի 4-րդ և 9-րդ մասերով սահմանված կարգով:
13. Սույն կարգի 11-րդ կետում նշված դեպքերում կոմիտեի ղեկավարի հրամանն ընդունվում է սույն կարգի 9-րդ կետով նախատեսված եզրակացությունը կոմիտեի ղեկավարին ներկայացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:
14. «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 16.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-6-րդ և 9-րդ կետերով սահմանված դեպքերում, երբ որակավորման վկայականի կասեցման հիմքերը վերացվում են, շահագրգիռ անձինք էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով կոմիտե են ներկայացնում դիմում՝ կցելով կասեցման վերացման հիմնավորումները հաստատող փաստաթղթերը: Դիմումը կոմիտե մուտքագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, կոմիտեի ղեկավարի հրամանի հիման վրա, վերացվում է որակավորման վկայականի գործողության կասեցումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
08.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 օգոստոսի 2025 թվական:
