600.0278.01.08.25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
1 օգոստոսի 2025 թվականի |
N 278-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 517-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ ԷՄԱ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) ԷՄԱ կանոնների 2-րդ կետի 22-րդ ենթակետում «Օրենքին» բառը փոխարինել «Էներգետիկայի մասին» օրենքին (այսուհետ՝ Օրենք)» բառերով,
2) ԷՄԱ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 65.1-ին, 65.2-րդ, 65.3-րդ և 65.4-րդ կետերով.
«65.1. Այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարվա ընթացքում իրենց 6 (10) կՎ ու բարձր լարման՝ մեկ միլիոն կՎտժ սպառումը գերազանցող բոլոր հաշվառման կետերում միասին ունեցել են 12 միլիոն կՎտժ-ից ավելի սպառում, պարտավոր են մինչև տվյալ տարվա փետրվարի 1-ը Օրենքի և շուկայի կանոնների համաձայն տվյալ հաշվառման կետերի մասով ստանալ որակավորված սպառողի կարգավիճակ։
65.2. Բաշխողը յուրաքանչյուր տարի մինչև հունվարի 15-ը Շուկայի օպերատորին է ներկայացնում ԷՄԱ կանոնների 65.1-ին կետի պահանջներին բավարարող սպառողների ցանկը։
65.3. Շուկայի օպերատորը ԷՄԱ կանոնների 65.2-րդ կետով նախատեսված ցանկը ստանալուց հետո 3 օրվա ընթացքում ԷՄԱ կանոնների 65.1-ին կետով նախատեսված պարտավորության, ինչպես նաև ԷՄԱ կանոնների 82-րդ կետով նախատեսված կարգավորման մասին ծանուցում է սպառողին, սպառողի Մատակարարին և Երաշխավորված մատակարարին։
65.4. Սույն կանոնների 65.1-ին կետի պահանջներին բավարարող սպառողների կողմից մինչև օրացուցային տարվա փետրվարի 1-ը որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու դեպքում Շուկայի օպերատորն իր նախաձեռնությամբ նշված սպառողներին այդ ամսաթվից տեղափոխում է Երաշխավորված մատակարարի խումբ, որպիսի դեպքում վերջինիս նկատմամբ կիրառելի է ԷՄԱ կանոնների 82-րդ կետով նախատեսված կարգավորումը։»,
3) ԷՄԱ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 111-րդ կետով.
«111. Այն սպառողները, որոնք 2024 թվականի ընթացքում իրենց 6 (10) կՎ ու բարձր լարման՝ մեկ միլիոն կՎտժ սպառումը գերազանցող բոլոր հաշվառման կետերում միասին ունեցել են 12 միլիոն կՎտժ և ավելի սպառում, պարտավոր են մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը ստանալ որակավորված սպառողի կարգավիճակ։ Բաշխողը պարտավոր է սույն կետով նշված սպառողների ցանկը Շուկայի օպերատորին ներկայացնել մինչև 2025 թվականի օգոստոսի 15-ը։ Շուկայի օպերատորը Բաշխողի կողմից սույն կետով նախատեսված ցանկը ստանալուց հետո 3 օրվա ընթացքում ԷՄԱ կանոնների 65.1-ին կետով նախատեսված պարտավորության, ինչպես նաև ԷՄԱ կանոնների 82-րդ կետով նախատեսված կարգավորման մասին ծանուցում է սպառողին, սպառողի Մատակարարին և Երաշխավորված մատակարարին։ Սույն կետի պահանջներին բավարարող սպառողների կողմից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու դեպքում տվյալ սպառողները Շուկայի օպերատորի կողմից այդ ժամկետից տեղափոխվում են Երաշխավորված մատակարարի հաշվեկշռման խումբ, որպիսի դեպքում վերջինիս նկատմամբ կիրառելի է ԷՄԱ կանոնների 82-րդ կետով նախատեսված կարգավորումը։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Մ. Մեսրոպյան |
1 օգոստոսի 2025 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 օգոստոսի 2025 թվական:
