ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2025 թվականի N 1059-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 233-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ» առանձնացված ստորաբաժանմանը տարածք հանձնելու մասին» N 233-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ղեկավարվելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով՝ «Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ» առանձնացված ստորաբաժանմանը աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) 1-ին կետում՝
ա. «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե)» բառերով,
բ. «օժանդակ սենյակներում» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ գույք)» բառերով,
գ. «2024-2025» թվերը փոխարինել «2026-2027» թվերով.
3) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ» առանձնացված ստորաբաժանման (այսուհետ՝ ինստիտուտ) հետ կնքել 2004 թվականի հունվարի 27-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝
ա. անհատույց օգտագործման տրամադրված գույքը կամ դրա մասն օգտագործողի կողմից որևէ գույքային իրավունքով չի կարող տրամադրվել այլ անձի,
բ. համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև «Անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ» միասնական տեղեկանք ստանալու համար նախատեսված ծախսերը ենթակա են իրականացման ինստիտուտի միջոցների հաշվին,
գ. անհատույց օգտագործման տրամադրված գույքը ինստիտուտի կողմից ներկայացված ծրագրին և պայմաններին չբավարարող գործունեություն իրականացնելու դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
դ. ինստիտուտը պարտավոր է համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում կատարել 10 000 000 (տասը միլիոն) դրամի ներդրումներ՝ համաձայն իր կողմից ներկայացված ծրագրի,
ե․ ինստիտուտը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում,
զ․ սույն կետի «դ» պարբերությամբ սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50% կատարելու դեպքում ինստիտուտը 6 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 15 (տասնհինգ) տոկոսի չափով,
է․ սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, բայց ամբողջությամբ չկատարելու դեպքում ինստիտուտը 4 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 10 (տասը) տոկոսի չափով,
ը․ սույն կետի «զ» կամ «է» պարբերություններով նախատեսված պարտավորություններից որևէ մեկը չկատարելու դեպքում ինստիտուտի հետ կնքված պայմանագիրը ենթակա է լուծման,
թ. պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ» առանձնացված ստորաբաժանման միջոցների հաշվին:»:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
31.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
