ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«22» հուլիսի 2025 թ. |
N 57-Ն |
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ, ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄՈԴՈՒԼԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից իրականացվող մոդուլի երաշխավորման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար
7/22/2025 |
Ա. ՄարտիրոսՅԱՆ |
Հավելված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի հուլիսի 22-ի N 57-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ, ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄՈԴՈՒԼԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են մանկավարժի որակավորում շնորհող միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ հաստատություն) կողմից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով երաշխավորված նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 20 կրեդիտի շնորհման հետ կապված իրավահարաբերությունները:
2. Դասընթացին կարող է մասնակցել այն անձը, որն ունի միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն:
2. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ, ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄՈԴՈՒԼԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄԸ
3. Հաստատության կողմից ներկայացված մոդուլը պետք է ներառի հետևյալ բաժինները՝
1) «Նախադպրոցական մանկավարժություն»,
2) «Մանկան հոգեբանություն»,
3) «Նախադպրոցական կրթության օրենսդրություն, կրթական փաստաթղթեր»,
4) «Նախադպրոցական ուսումնական հաստատությունում ուսումնադաստիարակչական աշխատանքի կազմակերպման ժամանակակից տեխնոլոգիաներ»,
5) «Նախադպրոցական կրթության տեսություն և մեթոդիկա»:
4. Մոդուլը պետք է ներառի նաև դասընթացի տևողությունը, կրեդիտների բաշխվածությունն ըստ բաժինների, պրակտիկայի և հետազոտական աշխատանքի կազմակերպման ընթացակարգը:
5. Հաստատության կողմից ներկայացված մոդուլը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացվելուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացվում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամ (այսուհետ՝ ԿԶՆԱԿ)՝ փորձագիտական եզրակացության:
6. ԿԶՆԱԿ-ը մոդուլը ստանալու օրվանից սկսած 15 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է մոդուլի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն:
7. Մոդուլի վերաբերյալ դրական փորձագիտական եզրակացությունը ստանալու օրվանից սկսած 10 աշխատանքային օրվա ընթացքում նախարարի հրամանով մոդուլը երաշխավորվում է գործածության՝ 5 տարի ժամկետով:
8. Բացասական փորձագիտական եզրակացությունը տրամադրվում է հաստատությանը՝ մոդուլը լրամշակելու և կրկին ներկայացնելու հնարավորությամբ:
3. ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄՈԴՈՒԼԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
9. Դասընթացն իրականացվում է հաստատության կողմից սահմանված վճարովի կամ անվճար հիմունքներով: Վճարման չափը և կարգը սահմանվում է հաստատության և հավակնորդի միջև կնքվող պայմանագրով:
10. Դասընթացին մասնակցելու համար հաստատության համապատասխան ստորաբաժանումը հավակնորդների ընդունելության համար իր պաշտոնական կայքում հրապարակում է հայտարարություն՝ նշելով դիմումների ընդունման ժամկետը, դիմումները թղթային եղանակով ներկայացնելու դեպքում՝ հաստատության գտնվելու վայրը, էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, պահանջվող փաստաթղթերի ցանկը, դասընթացի արժեքը, դասընթացի իրականացման վայրը, դասընթացի ուղղությունը՝ ըստ բաժինների, դասընթացին մասնակիցների առավելագույն թիվը, տվյալ հաստատության կողմից սահմանված՝ դասընթացների կազմակերպման ժամանակացույցը և ձևաչափը (առկա, հեռավար կամ հիբրիդ), ըստ անհրաժեշտության՝ այլ տեղեկություն:
11. Ընդունելության գործընթացի և փաստաթղթերի համապատասխանության դիտարկման համար հաստատության կողմից ներկայացված դասընթացի երաշխավորումից հետո տվյալ հաստատության տնօրենի կամ ռեկտորի հրամանով 15 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորվում է 5 հոգուց բաղկացած հանձնաժողով, և նշանակվում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար:
12. Կրեդիտային և մոդուլային ուսուցման համակարգով ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքում կիրառվում են հավակնորդների գիտելիքների գնահատման հետևյալ ձևերը՝
1) հայտորոշիչ գնահատում,
2) միջանկյալ գնահատում,
3) ամփոփիչ գնահատում։
13. Դասընթացի ավարտին հավակնորդը ներկայացնում է հետազոտական ավարտական աշխատանք, որը պաշտպանելու դեպքում վերջինիս տրվում է հաստատության կողմից սահմանված ձևի վկայական և ներդիր:
14. Վկայականում պարտադիր պետք է առկա լինի դասընթացի՝ նախարարի հրամանով երաշխավորված լինելու վերաբերյալ նշում:
15. Ավարտական աշխատանքի իրականացման, ներկայացման և պաշտպանության ընթացակարգերը սահմանվում են տվյալ հաստատության կողմից։
4․ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
16. Դասընթացին մասնակցելու նպատակով հավակնորդը դիմում է ներկայացնում տվյալ հաստատության տնօրենի կամ ռեկտորի անունով, որին կից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
1) անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը,
2) միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթության դիպլոմի լուսապատճենները,
3) 2 լուսանկար՝ 3x4 սմ չափսի:
18․ Դասընթացի վերաբերյալ ուսումնամեթոդական նյութերն ու անհրաժեշտ տեղեկությունը պարտադիր տեղադրվում են տվյալ հաստատության ուսուցման կառավարման համակարգում կամ հաստատության պաշտոնական կայքում:
19․ Հավակնորդը կարող է մասնակցել դասընթացի ամփոփիչ գնահատմանը՝ յուրաքանչյուր դասընթացի համար սահմանված ժամաքանակի առնվազն 80 տոկոսին մասնակցած լինելու դեպքում:
20․ Դասընթացի մասնակցի կողմից մոդուլի ելքային կրթական արդյունքներին համապատասխան մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձեռքբերումը հաստատվում է ծրագրի ավարտից հետո կազմակերպվող ավարտական հետազոտական աշխատանքի պաշտպանությամբ:
21. Ավարտական հետազոտական աշխատանքի պաշտպանության անցկացման համար հաստատությունում տնօրենի կամ ռեկտորի հրամանով ստեղծվում են քննական հանձնաժողովներ (այսուհետ` քննական հանձնաժողով)՝ բաղկացած առնվազն 5 անդամից: Քննական հանձնաժողովի ձևավորումից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ հանձնաժողովի կողմից սահմանվում է նաև քննական հանձնաժողովի աշխատակարգը: Դասընթացների կազմակերպման յուրաքանչյուր փուլում գործընթացի ավարտից հետո հանձնաժողովի նախագահը կազմում ու տնօրենին կամ ռեկտորին է ներկայացնում հաշվետվություն դասընթացների մասնակիցների թվի և 20 կրեդիտ ստացող հավակնորդների վերաբերյալ:
22. Ավարտական հետազոտական աշխատանքի պաշտպանության ընթացքը տեսաձայնագրվում է և պահպանվում է արդյունքները հրապարակելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում, իսկ բողոքարկման ժամանակ՝ մինչև բողոքարկման գործընթացի ավարտը։
23. Ավարտական հետազոտական աշխատանքի պաշտպանության գնահատականները հավակնորդին հայտնվում են իր աշխատանքի պաշտպանության ավարտին՝ բարձրաձայն հնչեցնելով։
24․ Գնահատականի հետ անհամաձայնության դեպքում հավակնորդը կարող է բողոքարկել արդյունքները՝ նույն օրը գրավոր դիմում ներկայացնելով հանձնաժողովի նախագահին։
25. Ներկայացված դիմումը քննարկում է ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կողմից՝ երկօրյա ժամկետում։
26․ Քննարկման արդյունքում բողոքարկված աշխատանքի գնահատականը կարող է բարձրացվել կամ թողնվել անփոփոխ՝ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կողմից կազմելով համապատասխան արձանագրություն:
27․ Բողոքարկման արդյունքում կազմված արձանագրությունը այն կազմելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված դիմումում նշված հետադարձ կապի միջոցով տրամադրվում է հավակնորդին։ Բողոքարկման արդյունքների հետ անհամաձայնության դեպքում հավակնորդը դրանք կարող է բողոքարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
28. Ամփոփիչ ատեստավորումից անբավարար գնահատական ստացած հավակնորդները կարող են ըստ հաստատության կողմից սահմանված ընթացակարգի վճարովի կամ անվճար հիմունքներով կրկնել ամբողջ դասընթացը կամ ուղղակիորեն վերահանձնել քննությունը:
29. Ամփոփիչ ատեստավորումից որևէ պատճառով բացակայած կամ քննությունն ընդհատած հավակնորդի վերաբերյալ կազմվում է արձանագրություն՝ հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ։ Քննական հանձնաժողովի նախագահն արձանագրությունը ներկայացնում է հաստատության տնօրենին կամ ռեկտորին, և քննության ավարտից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, հանձնաժողովի կողմից որոշում է կայացվում քննությունն ընդհատած հավակնորդին լրացուցիչ քննության թույլատրելու և օրը նշանակելու մասին:
30. Սույն կարգի 29-րդ կետով կայացված որոշումը մեկօրյա ժամկետում հավակնորդի կողմից ներկայացված դիմումում նշված հետադարձ կապի միջոցով տրամադրվում է նրան:
31. Դասընթացի՝ հաստատության կողմից սահմանված գնահատման համակարգով ընթացիկ գնահատման արդյունքում նվազագույն դրական միավորի շեմը չապահոված մասնակցին չի թույլատրվում մասնակցել ամփոփիչ քննությանը կամ վերահանձնել այն:
32․ Բաց թողնված կրեդիտները հավակնորդը կարող է լրացնել կազմակերպվող դասընթացների հաջորդ փուլերի ընթացքում՝ սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2025 թվական:
