ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18․1-ին հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Տրանսպորտային միջոցի վարորդի բացակայության դեպքում այն հատուկ տարածք բերման ենթարկելու մասին բերման ենթարկողն անհապաղ հայտնում է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը հնարավորության դեպքում՝ անմիջապես, իսկ հնարավորության բացակայության պարագայում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից դիմելու դեպքում նրանց տեղեկացնում է տրանսպորտային միջոցի գտնվելու վայրի մասին:»:
Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածում`
1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանող ազգային և միջազգային վարորդական վկայականներ, ընդ որում`
1) Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների տված միջազգային վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոցներ վարելու համար համարվում են չգործող.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում՝ երկքաղաքացի հանդիսացող)` այլ երկրներում ստացած և Վիեննայի՝ 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են գործող այդ անձանց` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահից՝ երեք ամիս ժամկետով:».
2) 12-րդ մասը «վրա» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նույն կարգի կամ ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու» բառերով.
3) 13-րդ մասը «վկայականը» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նույն կարգի կամ ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականով» բառերով:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում՝ երկքաղաքացի հանդիսացող)` այլ երկրներում ստացած և Վիեննայի 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են գործող սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամիս ժամկետով:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025թ. հուլիսի 22 Երևան ՀՕ-251-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2025 թվական:
