Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Թուրքմենստանի կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
գիտակցելով առևտրատնտեսական հարաբերությունների կարևորությունը Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև,
ելնելով երկու երկրների միջև փոխշահավետ, բազմակողմանի հարաբերությունների ստեղծմանը նպաստելու մտադրությունից,
առաջնորդվելով փոխադարձ տնտեսական կապերն իրագործելիս իրավահավասարության, փոխադարձ շահի և միջազգային իրավունքի սկզբունքներով,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
1. Կողմերն իրար կտրամադրեն առավելագույն բարենպաստության պայմանակարգ` մաքսատուրքերի և այլ գանձումների, ինչպես նաև ապրանքների արտահանման և ներմուծման ու ծառայությունների դեպքում նման մաքսատուրքերի և գանձումների գանձման եղանակի նկատմամբ:
2. Կողմերը պայմանավորվեցին, որ առավելագույն բարենպաստության պայմանակարգը չի տարածվում, մասնավորապես, այն արտոնությունների և առավելությունների վրա, որոնք Կողմերից մեկը տրամադրում է կամ ապագայում տրամադրելու է`
ա) հարևան պետություններին` սահմանային առևտուրը թեթևացնելու նպատակով,
բ) այն պետություններին, որոնք նրա հետ միասին մտնում են արդեն գոյություն ունեցող կամ ստեղծվելիք մաքսային միության կամ ազատ առևտրի գոտու մեջ,
գ) երրորդ երկրներին` բազմակողմ պայմանավորվածությունների շրջանակներում, որոնց չի մասնակցում մյուս Կողմը:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերը որոշեցին, որ առևտրատնտեսական հարաբերությունները պետք է զարգանան Կողմերի սուբյեկտների և պետական կառավարման մարմինների միջև, նրանց իրավասության սահմաններում` նրանց միջև կնքված կոնտրակտների, պայմանագրերի, համաձայնագրերի կամ արձանագրությունների հիման վրա:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերը կառավարությունների մակարդակով կիրականացնեն կարևորագույն արտադրատեսակների, ապրանքների և ծառայությունների մատակարարումների կարգավորումը: Ապրանքների ու ծառայությունների անվանացանկը և ծավալները սահմանվելու են Կողմերի կառավարությունների կողմից լիազորված մարմինների կողմից ստորագրվող ամենամյա արձանագրություններով:
ՀՈԴՎԱԾ 4
Կողմերն ամեն կերպ կաջակցեն առևտրի և տնտեսական ու տեխնիկական համագործակցության այլ տեսակների զարգացմանը` երկարաժամկետ և փոխշահավետ հիմքի վրա: Այդ նպատակով Կողմերը`
կաջակցեն օբյեկտների միջև անմիջական առևտրական, տնտեսական և տեխնիկական համագործակցությանը արդյունաբերության ու արտադրության, գիտության և հետազոտական աշխատանքների բոլոր բնագավառներում,
կապահովեն բարենպաստ պայմաններ ներդրումների իրականացման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, տնտեսական և առևտրական տեղեկության, առևտրական և այլ կազմակերպություններ ներկայացնող պատվիրակությունների փոխանակման, ինչպես նաև սեմինարների, գիտաժողովների, ցուցահանդեսների ու տոնավաճառների կազմակերպման և անցկացման համար:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերը պայմանավորվեցին անհրաժեշտության դեպքում թույլատրել իրենց տարածքում մյուս Կողմի առևտրական ներկայացուցչությունների ստեղծումը:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերի միջև հաշվարկներն ու վճարումները իրականացվելու են ազատ փոխարկելի արժույթով` միջազգային առևտրական պրակտիկայում ընդունված պայմաններով:
Կողմերի լիազորված մարմինների համաձայնությամբ հաշվարկներն ու վճարումները կարող են կատարվել նաև այլ ձևերով` յուրաքանչյուր երկրում գործող օրենսդրության համաձայն:
ՀՈԴՎԱԾ 7
Բեռնափոխադրումների, մաքսային ձևակերպումների, տրանսպորտի երթևեկության, այդ թվում` բեռների և ուղևորների տարանցիկ փոխադրումների կարգը և պայմանները, ինչպես նաև տրանսպորտային համակարգերի փոխգործողությունը սահմանվելու են Կողմերի իրավասու մարմինների կողմից ստորագրված երկկողմ համաձայնագրերով:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերը համաձայնեցին անհապաղ խորհրդակցություններ անցկացնել Կողմերից մեկի խնդրանքով, եթե մյուս Կողմի տարածքից ծագող, արդեն իրականացված կամ իրականացվելիք ապրանքների ներմուծումն առաջացնի կամ սպառնա առաջացնել կամ էլ զգալի չափով նպաստի շուկայի խախտմանը:
Սույն հոդվածի համաձայն միջոցներ ընտրելիս Կողմերն առաջնությունը տալու են այն միջոցներին, որոնք նվազագույն բացասական ազդեցություն կունենան սույն Համաձայնագրի նպատակների իրագործման վրա:
ՀՈԴՎԱԾ 9
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման ժամանակ ծագած վիճելի հարցերը կլուծվեն բանակցությունների ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի պահպանմամբ:
ՀՈԴՎԱԾ 10
1. Կողմերը համաձայնեցին պարբերաբար խորհրդակցություններ անցկացնել իրենց լիազոր մարմինների միջոցով` սույն Համաձայնագրի կատարման ընթացքը քննելու համար:
2. Կողմերն անհրաժեշտ գտան, Կողմերից մեկի խնդրանքով, համապատասխան ուղիներով անցկացնել խորհրդակցություններ` սույն Համաձայնագրի մեկնաբանմանը կամ կատարմանը և Կողմերի միջև հարաբերությունների այլ կողմերին վերաբերող հարցերի քննարկման համար:
ՀՈԴՎԱԾ 11
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում յուրաքանչյուր Կողմի օրենսդրությանը համապատասխան և կգործի մինչև վեց ամիս լրանալը` այն օրից սկսած, երբ Կողմերից մեկը մյուս Կողմին գրավոր կծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Աշգաբատ քաղաքում 1993 թվականի դեկտեմբերի 24-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ համազոր են: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի մարտի 1-ից:
