Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Թուրքմենստանի կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
հանդիսանալով Քաղաքացիական ավիացիայի միջազգային Կոնվենցիայի մասնակիցներ, որը ստորագրման համար բաց է 1944 թվականի դեկտեմբերի 7-ից,
ընդունելով օդային տրանսպորտի` որպես երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության, փոխըմբռնման և համագործակցության հաստատման ու պահպանման միջոցի կարևորությունը,
Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև միջազգային համագործակցության հետագա զարգացման նպատակով,
ցանկանալով կնքել իրենց համապատասխան տարածքների միջև և դրանց սահմաններից դուրս օդային հաղորդակցություն հաստատելու մասին համաձայնագիր,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1. | ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ |
1. Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման նպատակների համար, եթե տեքստում այլ բան չի ասվում, հետևյալ տերմինները նշանակում են.
ա) «Կոնվենցիա» տերմինը նշանակում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի Կոնվենցիան, որը ստորագրման համար բաց է 1944 թվականի դեկտեմբերի 7-ից և ներառում է այդ Կոնվենցիայի ցանկացած Հավելված` այնքանով, որքանով այդպիսի Հավելվածը կամ ուղղումը կիրառելի են սույն Համաձայնագրի Պայմանավորվող կողմերի նկատմամբ, և Կոնվենցիայի 94-րդ հոդվածի համաձայն ընդունված Կոնվենցիայի ցանկացած ուղղում` վավերացված, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի կողմից,
բ) «ավիացիոն իշխանություններ» տերմինը Հայաստանի Հանրապետության համար նշանակում է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, Թուրքմենստանի համար` Թուրքմենստանի քաղաքացիական ավիացիայի ազգային վարչությունը կամ երկու դեպքերում էլ` ցանկացած անձ կամ մարմին, որը լիազորված է իրականացնելու հիշատակված մարմինների կողմից ներկայումս կատարվող գործառույթները,
գ) «նշանակված ավիաընկերություն» տերմինը նշանակում է այն ավիաընկերություն, որը նշանակված և լիազորված է սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածին համապատասխան,
դ) «տարածք» տերմինը (պետության նկատմամբ) նշանակում է տվյալ պետության իրավազորության ներքո գտնվող երկրի մակերևույթը, տարածքային և ներքին ջրերը, դրանց վրայի օդային տարածքը,
ե) «օդային հաղորդակցություն», «միջազգային օդային հաղորդակցություն», «ավիաըներություն» և «ոչ առևտրային նպատակներով վայրէջք» տերմիններն ունեն Կոնվենցիայի 96-րդ հոդվածում նշված նշանակությունը,
զ) «Համաձայնագիր» տերմինը նշանակում է սույն Համաձայնագիրը` ներառյալ դրա Հավելվածը և ցանկացած ուղղում,
է) «սահմանված չվերթեր» տերմինը նշանակում է սույն Համաձայնագրի Հավելվածով սահմանված կամ սահմանման ենթակա չվերթերը,
ը) «պայմանավորված ուղիներ» տերմինը նշանակում է միջազգային ավիաուղիներ, որոնք շահագործվում են սահմանված չվերթերով` սույն Համաձայնագրի Հավելվածին համապատասխան,
թ) «սակագին» տերմինը նշանակում է այն գները, որոնք գանձվում են ուղևորների, ուղեբեռի և բեռների փոխադրումների համար, և այդ գանձման պայմանները` ներառյալ միջնորդադրամը և գործակալական լրացուցիչ ծառայությունների համար այլ գանձումները, բացառությամբ փոստի փոխադրման համար վճարը և դրա պայմանները,
ժ) «տարողություն» տերմինը «պայմանավորված ուղիների» նկատմամբ նշանակում է այդ ուղիներում օգտագործվող օդանավի տարողությունը` բազմապատկած որոշակի ժամանակահատվածում այդ օդանավով ամբողջ չվերթով կամ դրա մի մասով կատարած թռիչքների հաճախականությամբ:
2. Սույն Համաձայնագրի Հավելվածը կազմում է Համաձայնագրի անբաժանելի մասը:
ՀՈԴՎԱԾ 2. | ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ |
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ տրամադրում է մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրով նախատեսված իրավունքներ` սույն Համաձայնագրի Հավելվածում նշված երթուղիներով կանոնավոր միջազգային հաղորդակցություն իրականացնելու նպատակով:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը սահմանված չվերթերով պայմանավորված ուղիները շահագործելիս կօգտվի հետևյալ իրավունքներից.
ա) կատարել առանց վայրէջքի թռիչք մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վրայով,
բ) կատարել վայրէջքներ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ոչ առևտրային նպատակներով` սույն Համաձայնագրի Հավելվածում նշված կետերում,
գ) կատարել վայրէջք մյուս Պայմանավորվող կողմի տարածքում սույն Համաձայնագրի Հավելվածում նշված կետերում` Պայմանավորվող կողմերի տարածքների միջև ուղևորվող ուղևորների նստեցման և/կամ իջեցման, փոստի և բեռների բարձման և/կամ բեռնաթափման նպատակով,
դ) կատարել վայրէջք մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` սույն Համաձայնագրի Հավելվածում նշված կետերում` երրորդ երկրներ /երկրներից/ ուղևորվող ուղևորների նստեցման և/կամ իջեցման, փոստի և բեռների բարձման և/կամ բեռնաթափման նպատակով: Այս իրավունքը կարող է տրամադրվել յուրաքանչյուր կոնկրետ դեպքում` Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների համաձայնությամբ:
3. Սույն հոդվածում ոչինչ չի դիտվի որպես մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում ուղևորներ, բեռ, փոստ վերցնելու իրավունքի տրամադրում` այդ մյուս Պայմանավորվող կողմի տարածքի կետերի միջև վարձատրմամբ կամ վարձակալության պայմանով փոխադրելու համար, եթե Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև այլ պայմանավորվածություն չլինի:
4. Պայմանավորված ուղիներով օդանավերի չվերթերը և պետական սահմանների հատման կետերը սահմանվում են յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի կողմից իրենց տարածքում:
5. Օդանավերի թռիչքներին և պայմանավորված ուղիներով ուղևորների, ուղեբեռի, բեռների և փոստի փոխադրումներին, գետնի վրա օդանավերի տեխնիկական սպասարկմանը և ֆինանսական հաշվարկների կարգին վերաբերող տեխնիկական և առևտրային հարցերը կլուծվեն նշանակված ավիաընկերությունների միջև պայմանավորվածությամբ և կներկայացվեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հավանությանը: Պայմանավորվածության բացակայության դեպքում այդ հարցերը կլուծվեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների կողմից:
6. Լրացուցիչ, չարտերային և հատուկ չվերթեր կկատարվեն յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի օրենքներին ու կանոններին համապատասխան` նշանակված ավիաընկերության նախնական հայտերով: Այդ հայտերը պետք է տրվեն մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին ոչ ուշ, քան օդանավի թռիչքից 48 ժամ առաջ` չհաշված հանգստյան և տոնական օրերը:
7. Պայմանավորված ուղիներով թռիչքների ժամանակացույցը պետք է ներկայացվի Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների քննարկմանը ոչ ուշ, քան ենթադրվող բացման օրվանից 30 օր առաջ: Որոշ դեպքերում այդ ժամկետը կարող է կրճատվել նշված իշխանությունների համաձայնությամբ:
ՀՈԴՎԱԾ 3. | ԱՎԻԱՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ և ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ |
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք կունենա նշանակելու ավիաընկերություն (ներ)` սահմանված չվերթերով, պայմանավորված ուղիներով շահագործման նպատակով` այդ մասին մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցելով:
2. Այդպիսի ծանուցում ստանալով` մյուս Պայմանավորվող կողմը սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթներին համապատասխան յուրաքանչյուր նշանակված ավիաընկերությանը անհապաղ կտրամադրի թռիչքի համապատասխան թույլտվություն:
3. Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները նախքան թռիչքի թույլտվություն տալը կարող են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ընկերությունից պահանջել ապացույցներ, որ նա կարող է կատարել այդ իշխանությունների կողմից միջազգային օդային ուղիները շահագործելիս սովորաբար կիրառվող օրենքներով և կանոններով, ինչպես նաև Կոնվենցիայի դրույթներով սահմանված պայմանները:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք կունենա մերժելու սույն հոդվածի 2-րդ կետում նշված թռիչքի իրավունքի տրամադրումը կամ պահանջելու այնպիսի պայմանների կատարում, որոնք անհրաժեշտ կհամարի նշանակված ավիաընկերության կողմից սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված իրավունքները օգտագործելիս` ցանկացած դեպքում, երբ նշված Պայմանավորվող կողմը չունի այն ապացույցը, որ այդ ավիաընկերության նկատմամբ առավելապես տիրապետումը և իրական հսկողությունը պատկանում է այդ ավիաընկերությանը նշանակած Պայմանավորվող կողմին կամ նրա քաղաքացիներին:
5. Նշանակված և այդպիսով թույլտվություն ստացած ավիաընկերությունը կարող է սկսել պայմանավորված ուղիների շահագործումը` պայմանով, որ նշանակված ավիաընկերությունների միջև համաձայնեցված թռիչքների չվերթերը հաստատված են Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների կողմից, և սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի դրույթներին համապատասխան սահմանված սակագները դրված են գործողության մեջ:
ՀՈԴՎԱԾ 4. | ԹՌԻՉՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ ԿԱՄ ԿԱՍԵՑՈՒՄԸ |
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք կունենա չեղյալ հայտարարել թռիչքի թույլտվությունը կամ կասեցնել սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված այն իրավունքներից օգտվելը, որոնք տրամադրվել են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը կամ պահանջել այնպիսի պայմանների կատարում, որոնք նա անհրաժեշտ կհամարի այդ իրավունքներից օգտվելիս.
ա) ցանկացած դեպքում, երբ նա համոզված չէ, որ այդ ավիաընկերության նկատմամբ առավելապես տիրապետումը կամ իրական հսկողությունը պատկանում է այդ ավիաընկերությանը նշանակած Պայմանավորվող կողմին կամ նրա քաղաքացիներին,
բ) այն դեպքում, երբ այդ ավիաընկերությունը (ները) չի պահպանում այդ իրավունքները տրամադրած Պայմանավորվող կողմի օրենքները և կանոնները,
գ) այն դեպքում, եթե ավիաընկերությունը (ները) որևէ ձևով չի պահպանում սույն Համաձայնագրով սահմանված պայմանները:
2. Եթե անհապաղ չեղյալ հայտարարումը, կասեցումը կամ սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանները կատարելու պահանջը չի հանդիսանում անհրաժեշտ` օրենքների և կանոնների հետագա խախտումները կանխելու համար, ապա այն իրավունքը, որի մասին խոսվում է այդ կետում, կօգտագործվի միայն ավիացիոն իշխանությունների միջև խորհրդակցություններից հետո, որոնք կկայանան, հարցման օրվանից սկսած, հնարավոր կարճ ժամկետում:
ՀՈԴՎԱԾ 5. | ՄԱՔՍԱՅԻՆ ՏՈՒՐՔԵՐԻՑ ՈՒ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ԱԶԱՏՈՒՄԸ |
1. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունների կողմից պայմանավորված ուղիներում շահագործվող օդանավերը, ինչպես նաև դրանց հաշվեցուցակային գույքը, վառելիքի պաշարները և քսանյութերը, օդանավի պաշարները (ներառյալ սննդամթերքը, խմիչքները և ծխախոտը), որոնք գտնվում են այդ օդանավերում, մյուս Պայմանավորվող կողմի տարածք ժամանելիս կազատվեն բոլոր մաքսային գանձումներից` պայմանով, որ այդ գույքը, նյութերը և պաշարները մնում են օդանավում մինչև դրանց հետ տանելը:
2. Բացառությամբ մատուցված ծառայությունների համար գանձումների, նման գանձումներից և տուրքերից կազատվեն նաև.
ա) մի Պայմանավորվող կողմի տարածքում այդ Կողմի իշխանությունների կողմից սահմանված սահմանափակումների շրջանակներում վերցված և մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության պայմանավորված ուղիներում շահագործվող օդանավում օգտագործման համար նախատեսված օդանավի պաշարները,
բ) մի Պայմանավորվող կողմի տարածք բերված պահեստամասերը, որոնք անհրաժեշտ են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության` պայմանավորված ուղիներում շահագործվող օդանավի տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման համար,
գ) մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունների` պայմանավորված ուղիներում շահագործվող օդանավի օգտագործման համար նախատեսված վառելիքը և քսանյութերը, նույնիսկ եթե այդ պաշարները օգտագործվելու են մյուս Պայմանավորվող կողմի (որտեղ դրանք վերցվել են օդանավ) տարածքի սահմաններում` չվագծերի տեղամասերում,
դ) մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից օգտագործվող փաստաթղթերը, ներառյալ` ավիատոմսերը, ավիաբեռնագրերը, ինչպես նաև գովազդային նյութերը, որոնք անվճար տարածվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված նյութերը, պաշարները և պահեստամասերը, ինչպես նաև գույքը, սարքավորումները և փաստաթղթերը, ըստ պահանջի, կարող են մաքսային իշխանությունների հսկողության տակ դրվել կամ ուշադրության տակ առնվել:
4. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունների` պայմանավորված ուղիներում շահագործվող օդանավում գտնվող հաշվեցուցակային գույքը, նյութերը, պաշարներն ու պահեստամասերը կարող են բեռնաթափվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում միայն այդ Պայմանավորվող կողմի մաքսային իշխանությունների համաձայնությամբ: Այդ դեպքում դրանք կարող են առնվել նշված իշխանությունների ուշադրության տակ մինչև որ հետ տարվեն և չեն ստանա այլ նշանակում` մաքսային կանոններին համապատասխան:
5. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված տուրքերն ու գանձումները կկիրառվեն նաև այն դեպքերում, երբ մի Պայմանավորվող կողմի ավիաընկերությունը պայմանագիր է կնքում այլ ավիաընկերության հետ սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված գույքի ժամանակավոր օգտագործման կամ փոխանցման մասին` պայմանով, որ այդ ավիաընկերությունը նույնպես մյուս Պայմանավորվող կողմի տարածքում օգտվում է տուրքերից ու գանձումներից ազատվելու իրավունքից:
ՀՈԴՎԱԾ 6. | ՍԱԿԱԳՆԵՐԸ |
1. Մի Պայմանավորվող կողմի ավիաընկերությունների կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածք կամ տարածքից փոխադրումների համար գանձվող սակագները պետք է սահմանել պատշաճ չափով` հաշվի առնելով բոլոր համապատասխան գործոնները, ներառյալ շահագործման ծախսերը, չափավոր շահույթը և այլ ավիաընկերությունների սակագները:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված սակագները պետք է հնարավորինս համաձայնեցվեն երկու Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների միջև:
3. Այդպիսով համաձայնեցված սակագները կներկայացվեն երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատմանը ոչ ուշ, քան դրանք գործողության մեջ դնելու ենթադրվող օրվանից 45 (քառասունհինգ) օր առաջ: Հատուկ դեպքերում այդ ժամկետը կարող է կրճատվել նշված իշխանությունների պայմանավորվածությամբ:
4. Կիրառման համաձայնությունը կարող է տրվել կոնկրետ պատասխանի ձևով: Եթե համապատասխան ավիացիոն իշխանությունները սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան սակագների ներկայացման պահից երեսուն (30) օրվա ընթացքում չարտահայտեն դրանց վերաբերյալ իրենց համաձայնությունը, ապա սակագները կարող են համարվել հաստատված: Եթե 3-րդ կետով նախատեսված համաձայնեցման ժամկետը կրճատվում է, ապա ավիացիոն իշխանությունները կարող են պայմանավորվել, որ անհամաձայնության մասին ծանուցելու ժամկետը երեսուն օրից պակաս կլինի:
5. Եթե հաստատման ներկայացված սակագինը չի կարող համաձայնեցվել սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան, կամ եթե սույն հոդվածի 4-րդ կետում նշված ժամկետի ընթացքում մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները ծանուցեն մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան որևէ համաձայնեցված սակագնի հետ իրենց անհամաձայնության մասին, ապա երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները պետք է փորձեն սահմանել այդպիսի սակագինը իրենց միջև` փոխադարձ պայմանավորվածությամբ:
6. Եթե ավիացիոն իշխանությունները չկարողանան պայմանավորվել սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան ներկայացված սակագներից յուրաքանչյուրի շուրջ կամ սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան ցանկացած սակագնի որոշման շուրջ, ապա տարաձայնությունները պետք է կարգավորվեն սույն Համաձայնագրի 20-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:
7. Սույն հոդվածի դրույթներին համապատասխան սահմանված սակագները պետք է ուժի մեջ մնան մինչև նոր սակագների սահմանումը:
8. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի ավիացիոն իշխանությունները կգործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի նշանակված ավիաընկերությունները պահպանեն համաձայնեցված սակագները, որոնք հաստատված են Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների կողմից, և որպեսզի ավիաընկերություններից և ոչ մեկը առանց ավիացիոն իշխանությունների հաստատման այդ սակագներից ուղղակիորեն կամ անուղղակիորեն որևէ զեղչ չտրամադրի, որը կարող է տրամադրվել ընդհանուր հիմունքներով կամ որևէ հատուկ դեպքում կամ մի շարք դեպքերում:
ՀՈԴՎԱԾ 7. | ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ |
1. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը կթույլատրվի փոխադարձության հիմքով մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ունենալ իր ներկայացուցչությունները և առևտրական, օպերատիվ և տեխնիկական անձնակազմ, որն անհրաժեշտ է պայմանավորված ուղիների շահագործման համար: Նշված անձնակազմը պետք է կազմված լինի Պայմանավորվող կողմի քաղաքացիներից:
2. Այդ անձնակազմին ներկայացվող պահանջները նշանակված ավիաընկերության ցանկությամբ կարող են բավարարվել սեփական անձնակազմի հաշվին կամ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գործող այլ կազմակերպությունների, ընկերությունների կամ ավիաընկերությունների ծառայությունների օգտագործման միջոցով, որոնք լիազորված են այդ Պայմանավորվող կողմի տարածքում նման ծառայություններ մատուցելու համար:
3. Ներկայացուցիչների և անձնակազմի վրա տարածվում են մյուս Պայմանավորվող կողմի օրենքները և կանոնները, և, այդ օրենքներին ու կանոններին համապատասխան, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ փոխադարձության հիման վրա և նվազագույն հապաղումով ներկայացուցիչների և անձնակազմին (որոնց մասին խոսվում է սույն հոդվածի 1-ին կետում) կտրամադրի անհրաժեշտ աշխատանքի թույլտվություն, աշխատանքի տեղավորման համաձայնություն կամ նմանատիպ այլ փաստաթղթեր:
ՀՈԴՎԱԾ 8. | ՕՐԵՆՔՆԵՐԻ ՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ |
1. Մի Պայմանավորվող կողմի օրենքները և կանոնները, որոնք կարգավորում են միջազգային օդային փոխադրումներ իրականացնող օդանավերի իր տարածք (ից) ժամանումը և մեկնումը կամ այդ օդանավերի` իր տարածքի սահմաններում գտնվելու ընթացքում շահագործումը կամ թռիչքները, կկիրառվեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության (ների) օդանավերի նկատմամբ:
2. Մի Պայմանավորվող կողմի օրենքները և կանոնները, որոնք կարգավորում են ուղևորների, անձնակազմերի, ուղեբեռի, բեռների և փոստի ժամանումը, գտնվելը և տարածքից դուրս տանելը և, մասնավորապես, անձնագրային, մաքսային, տարադրամային և սանիտարական կանոններին վերաբերող ձևականությունները, կիրառվեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավերի ուղևորների, անձնակազմերի, ուղեբեռի, բեռների և փոստի նկատմամբ` նշված տարածքի սահմաններում դրանց գտնվելու ընթացքում:
ՀՈԴՎԱԾ 9. | ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ |
1. Մի Պայմանավորվող կողմի կողմից տրված կամ ճանաչված թռիչքների համար պիտանիության մասին վկայականները, որակավորման հավաստագրերը և վկայականները մյուս Պայմանավորվող կողմի կողմից կճանաչվեն գործող` սահմանված չվերթերով պայմանավորված ուղիներում թռիչքներ կատարելու նպատակների համար` պայմանով, որ այդպիսի` տրված կամ ճանաչված վկայականները կամ հավաստագրերը համապատասխանում են Կոնվենցիայով սահմանված ստանդարտներին, և որ դրանց գործողության ժամկետը չի լրացել:
2. Սակայն Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, այնուամենայնիվ, իրեն իրավունք է վերապահում հրաժարվել ճանաչելու մյուս Պայմանավորվող կողմի կողմից իր կողմի քաղաքացիներին տրված որակավորման հավաստագրերը և վկայականները իր տարածքի վրայով թռիչքներ կատարելիս:
ՀՈԴՎԱԾ 10. | ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ |
1. Միջազգային իրավունքից բխող իրենց իրավունքներին ու պարտավորություններին համապատասխան` Պայմանավորվող կողմերը հաստատում են միմյանց նկատմամբ ունեցած իրենց պարտավորությունները` պաշտպանելու անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը: Պայմանավորվող կողմերը գործում են 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված` Օդանավերում կատարվող հանցագործությունների և որոշ այլ գործողությունների վերաբերյալ Կոնվենցիայի, 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված` Օդանավերի անօրինական զավթման դեմ պայքարի մասին Կոնվենցիայի, 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված` Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների դեմ պայքարելու մասին Կոնվենցիայի, 1988 թվականի փետրվարի 24-ին Մոնրեալում ստորագրված` Միջազգային օդանավակայաններում բռնության անօրինական գործողությունների դեմ պայքարի մասին Արձանագրության դրույթներին, Պայմանավորվող կողմերի միջև գործող երկկողմ համաձայնագրերին, ինչպես նաև նրանց միջև հետագայում կնքվելիք համաձայնագրերի դրույթներին համապատասխան:
2. Պայմանավորվող կողմերը միմյանց կցուցաբերեն բոլոր անհրաժեշտ օգնությունը` կանխելու համար օդանավերի ապօրինի զավթումը և օդանավերի, դրանց ուղևորների և անձնակազմերի, օդանավակայանների և օդագնացության միջոցների անվտանգության դեմ ուղղված անօրինական այլ գործողությունները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիքը:
3. Պայմանավորվող կողմերը գործում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից սահմանված և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայի Հավելվածներով նախատեսված ավիացիոն անվտանգության դրույթներին և տեխնիկական պահանջներին համապատասխան` այնքանով, որքանով որ այդ դրույթներն ու պահանջները կիրառելի են Պայմանավորվող կողմերի նկատմամբ:
Նրանք կպահանջեն, որ իրենց գրանցած օդանավերի շահագործողները, այն օդանավերի շահագործողները, որոնց գործունեության հիմնական վայրը կամ մշտապես գտնվելու վայրը իրենց պետության տարածքում է, և իրենց տարածքում եղած միջազգային օդանավակայաններ շահագործողները գործեն ավիացիոն անվտանգության այդ դրույթներին և պահանջներին համապատասխան:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համաձայնում է, որ մյուս Պայմանավորվող կողմը կարող է օդանավերի այդպիսի շահագործողներից պահանջել սույն հոդվածի 3-րդ կետում հիշատակված ավիացիոն անվտանգության դրույթների ու պահանջների կատարում, որոնք նախատեսվում են այդ մյուս Պայմանավորվող կողմի կողմից իր տարածքի սահմաններ մուտք գործելու, մեկնելու և գտնվելու համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքում կապահովի պատշաճ միջոցների կիրառում մինչև օդանավ բարձրանալը կամ բեռնումը և այդ ընթացքում օդանավերի պաշտպանության և ուղևորների, անձնակազմի, ձեռնածանրոցների, բեռների, ուղեբեռի և օդանավի պաշարների ստուգման համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նաև բարյացակամ կքննի կոնկրետ սպառնալիքի դեպքում մյուս Պայմանավորվող կողմի անվտանգության հատուկ միջոցներ ձեռնարկելու մասին ցանկացած խնդրանքը:
5. Երբ միջադեպ է տեղի ունենում, կամ առկա է միջադեպի սպառնալիք` կապված քաղաքացիական օդանավերի ապօրինի զավթման հետ կամ անօրինական այլ գործողությունների հետ` ուղղված օդանավերի, դրանց ուղևորների ու անձնակազմի, օդանավակայանների կամ օդագնացության միջոցների անվտանգության դեմ, Պայմանավորվող կողմերը միմյանց օգնություն են ցուցաբերում կապը դյուրացնելու և նման միջադեպի կամ դրա սպառնալիքի արագ ու անվտանգ խափանման նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելու միջոցով:
6. Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ մյուս Պայմանավորվող կողմը խախտում է սույն հոդվածով նախատեսված ավիացիոն անվտանգության դրույթները, ապա այդ Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են խնդրել մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հետ անհապաղ խորհրդակցություններ անցկացնելու մասին:
ՀՈԴՎԱԾ 11. | ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ |
1. Մի Պայմանավորվող կողմի ավիաընկերության օդանավի` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում հարկադրված վայրէջքի, վթարի կամ այլ պատահարի դեպքում այն Կողմը, որի տարածքում տեղի է ունեցել պատահարը, անհապաղ և առավել արագ եղանակով կծանուցի մյուս Պայմանավորվող կողմին կատարվածի մասին, պատահարի մանրամասների և հանգամանքների մասին, կձեռնարկի անհրաժեշտ միջոցառումներ պատահարի պատճառների քննության համար, ինչպես նաև կձեռնարկի անհետաձգելի միջոցառումներ այնպիսի օգնության ցուցաբերման ուղղությամբ, որը կարող է պահանջվել անձնակազմին և ուղևորներին, կապահովի օդանավի, դրա փոստի, ուղեբեռի և բեռների պահպանությունը այն տեսքով, ինչ ձևով դրանք գտնվել են պատահարից հետո, և կապահովի դրանց հետագա փոխադրումը:
2. Պայմանավորվող կողմը, որի ռեեստրում գրանցված է օդանավը, իրավունք կունենա նշանակելու իր դիտորդներին, որոնք մյուս Պայմանավորվող կողմի հետ պայմանավորվածությամբ կարող են մասնակցություն ունենալ ավիացիոն պատահարի քննությանը:
ՀՈԴՎԱԾ 12. | ՀԱՇՎԱՐԿՆԵՐ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ և ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ |
1. Նշանակված ավիաընկերությունների միջև հաշվարկները կիրականացվեն Պայմանավորվող կողմերի միջև հաշվարկների և վճարումների մասին գործող համաձայնագրերին համապատասխան:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությանը տրամադրում է պայմանավորված ուղիների շահագործումից այդ ավիաընկերության ստացած` ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցող գումարի ազատ փոխանցման իրավունք:
3. Այդպիսի փոխանցումը պետք է կատարվի Պայմանավորվող կողմերի միջև ֆինանսական հարաբերությունները կարգավորող համաձայնագրի դրույթներին համապատասխան: Այդպիսի համաձայնագրի կամ դրանում համապատասխան դրույթների բացակայության դեպքում փոխանցումը պետք է իրականացվի ազատ փոխարկելի տարադրամով` պաշտոնական փոխարժեքի` Պայմանավորվող կողմերի կողմից կիրառվող տարադրամի փոխարկման կանոններին համապատասխան:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը կարող է մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, անմիջականորեն կամ նրա կողմից նշանակված գործակալի միջոցով, իրականացնել ավիափոխադրման վաճառք` այդ մյուս Պայմանավորվող կողմի օրենքներին կամ կանոններին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 13. | ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏՈՒՄ |
1. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում պայմանավորված ուղիների շահագործումից ստացած եկամուտները կազատվեն այդ մյուս Պայմանավորվող կողմի կողմից հարկումից, որը պետք է կամ կարող էր կիրառվել այդ Պայմանավորվող կողմի կանոններին համապատասխան:
2. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության անհրաժեշտ փաստաթղթերը, ներառյալ ավիատոմսերը և ավիաբեռնագրերը, ինչպես նաև գովազդային նյութերը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կազատվեն բոլոր տեսակի հարկերից և մաքսային տուրքերից:
ՀՈԴՎԱԾ 14. | ՏԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ և ՉՎԵՐԹԵՐ |
1. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերություններին կտրամադրվեն համապատասխան տարածքների միջև սահմանված չվերթով պայմանավորված ուղիների շահագործման արդարացի և հավասար պայմաններ:
2. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը պայմանավորված ուղիները շահագործելիս պետք է ուշադրության առնի մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության շահերը, որպեսզի վնաս չհասցնի վերջինիս այն ավիաընկերության փոխադրումներին, որը շահագործում է այդ չվերթով ավիաուղին կամ դրա մի մասը: Այդ նպատակներով Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունները կարող են միմյանց միջև կնքել համատեղ շահագործման կամ պուլի մասին համաձայնագիր:
3. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից սպասարկվող պայմանավորված ուղիները պետք է համապատասխանեն սահմանված չվերթերով փոխադրումների հասարակական պահանջարկին, և յուրաքանչյուր ավիաընկերություն պետք է այնպիսի տարողության տրամադրման առաջնային խնդիր ունենա, որը բեռնվածության չափավոր գործակցի դեպքում կհամապատասխանի Կողմերի համապատասխան տարածքների միջև ուղևորների, բեռների և փոստի փոխադրման` համապատասխան և պատշաճ` ենթադրվող պահանջներին:
4. Սահմանված չվերթերում տարողությունները պետք է սկզբունքորեն հավասար բաժանվեն յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունների միջև, եթե չլինի այլ պայմանավորվածություն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև:
5. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը պետք է ոչ ուշ, քան թռիչքներից 60 (վաթսուն) օր առաջ մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հաստատմանը ներկայացնի ենթադրվող չվացուցակը` նշելով թռիչքների հաճախականությունը, օդանավի տեսակը և վաճառքի համար ենթադրվող տեղերի քանակը:
6. Այն դեպքում, եթե նշանակված ավիաընկերությունները չեն կարողանա հասնել պայմանավորվածության թռիչքների չվացուցակի համաձայնեցման հարցում, այդ հարցը կլուծվի անմիջականորեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև:
7. Թռիչքների չվացուցակը չի կարող գործողության մեջ դրվել առանց Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատման: Հաստատված հաստիքային չվացուցակում ցանկացած հետագա փոփոխություն պետք է ներկայացվի Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատմանը:
ՀՈԴՎԱԾ 15. | ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ և ԳԱՆՁՈՒՄՆԵՐ |
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է սահմանել կամ թույլատրել սահմանել արդար և չափավոր գանձումներ` օդանավակայաններից և օդագնացության այլ միջոցներից օգտվելու համար` պայմանով, որ այդ գանձումները չեն գերազանցի նմանատիպ միջազգային օդային հաղորդակցություն իրականացնող այլ ավիաընկերությունների կողմից վճարվող գանձումները:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կնպաստի իր` գանձումներ կատարող իրավասու կազմակերպությունների և ծառայություններից ու միջոցներից օգտվող նշանակված ավիաընկերությունների միջև խորհրդակցությունների անցկացմանը, որտեղ դա գործնականում հնարավոր է, ավիաընկերությունը ներկայացնող կազմակերպությունների միջոցով:
3. Պայմանավորվող կողմերից և ոչ մեկը մաքսային, իմիգրացիոն, կարանտինային և նման կանոնների կիրառման կամ օդանավակայանների, ավիաչվերթերի, ավիափոխադրումների սպասարկման միջոցների և իր հսկողության տակ գտնվող տեխնիկական միջոցների հարցում առավելություն չի տա իր սեփական կամ ցանկացած այլ ավիաընկերությանը մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերությունների նկատմամբ, որոնք իրականացնում են նմանատիպ միջազգային օդային հաղորդակցություն:
ՀՈԴՎԱԾ 16. | ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ |
Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հարցումով տրամադրում են պարբերական վիճակագրական տեղեկություն, որը կարող է խելամտորեն պահանջվել առաջին Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից` պայմանավորված ավիաուղիներով կատարվող փոխադրումների ծավալը որոշելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 17. | ՈՒՂՂԱԿԻ ՏԱՐԱՆՑՈՒՄ |
Մի Պայմանավորվող կողմի տարածքով ուղիղ տարանցմամբ անցնող և օդանավակայանի` այդ նպատակով առանձնացված մասը չթողնող ուղևորները, ուղեբեռը և բեռները կենթարկվեն միայն պարզեցված հսկողության: ՈՒղեբեռը և բեռները, որոնք ուղիղ տարանցմամբ են փոխադրվում, չեն հարկվի մաքսային տուրքերով և նմանատիպ այլ հարկերով:
ՀՈԴՎԱԾ 18. | ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
1. Պայմանավորվող կողմերը կիրականացնեն սերտ համագործակցություն և փոխգործակցություն հետևյալ բնագավառներում.
գիտատեխնիկական քաղաքականություն օդային տրանսպորտի բնագավառում,
ավիաընկերությունների նյութատեխնիկական ապահովում,
ավիացիոն մասնագետների ուսուցում և պատրաստվածության մակարդակի միասնական պահանջների մշակում, ավիացիոն տեխնիկայի տեխնիկական շահագործում, վերանորոգում և փոխադարձաբար մատակարարում,
ավիացիոն աշխատանքների կատարում ժողովրդական տնտեսությունում,
օդանավերի պարկի շահագործման և ավիացիոն իրադարձությունների հետ կապված տեղեկությունների փոխանակում:
2. Համագործակցության նշված բնագավառներին վերաբերող հարցերը կհանդիսանան Պայմանավորվող կողմերի կամ Պայմանավորվող կողմերի իշխանությունների միջև հատուկ համաձայնագրերի առարկա:
ՀՈԴՎԱԾ 19. | ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
Սույն Համաձայնագրի կատարմանը վերաբերող բոլոր հարցերով սերտ համագործակցություն ապահովելու համար Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև պարբերաբար կանցկացվեն խորհրդակցություններ:
ՀՈԴՎԱԾ 20. | ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ |
1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման կապակցությամբ Պայմանավորվող կողմերի միջև վեճ առաջանալու դեպքում Պայմանավորվող կողմերը առաջին հերթին կձգտեն այն լուծել Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև` բանակցությունների միջոցով:
2. Այն դեպքում, եթե ավիացիոն իշխանությունները համաձայնության չգան, վեճը կլուծվի դիվանագիտական ուղիներով:
3. Այն դեպքում, եթե կարգավորումը չի կարող ձեռք բերվել վերոհիշյալ եղանակով, վեճը, Պայմանավորվող կողմերից ցանկացածի պահանջով, կհանձնվի երեք դատավորներից (որոնցից երկուսը նշանակվում են Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի կողմից, իսկ երրորդ դատավորը` երկու նշանակված դատավորների կողմից) կազմված դատարանի (այսուհետև` արբիտրաժային դատարան) քննարկմանը:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նշանակում է դատավոր մի Պայմանավորվող կողմի` մյուսից վեճը արբիտրաժային դատարանի քննարկմանը հանձնելու պահանջը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում, և երրորդ դատավորը նշանակվում է հաջորդ 60 (վաթսուն) օրվա ընթացքում: Այն դեպքում, եթե Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրին չի հաջողվի նշանակել դատավոր նշված ժամկետում, կամ եթե երրորդ դատավորը չի նշանակվի նշված ժամկետում, Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության խորհրդի նախագահին` կախված հանգամանքներից, դատավոր կամ դատավորներ նշանակելու խնդրանքով:
5. Սույն հոդվածի 4-րդ կետի դրույթներին համապատասխան նշանակված երրորդ դատավորը պետք է լինի երրորդ պետության քաղաքացի և կատարի արբիտրաժային դատարանի նախագահի պարտականությունները:
6. Արբիտրաժային դատարանը ինքն է որոշում իր ընթացակարգերը:
7. Արբիտրաժային դատարանի ծախսերը, ներառյալ դատավորների ծախսերը, հավասար բաշխվում են Պայմանավորվող կողմերի միջև:
8. Պայմանավորվող կողմերը պետք է գործեն դատարանի միջանկյալ կամ վերջնական որոշման համապատասխան:
9. Եթե մինչև այն ժամանակը, երբ Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը չի կատարի արբիտրաժային դատարանի` սույն հոդվածի դրույթներին համապատասխան ընդունված որոշումը, մյուս Պայմանավորվող կողմը կարող է սահմանափակել, կասեցնել կամ դադարեցնել այն իրավունքները կամ արտոնությունները, որոնք նա տրամադրել է, սույն Համաձայնագրին համապատասխան, պարտավորությունները չկատարած Պայմանավորվող կողմին:
ՀՈԴՎԱԾ 21. | ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Եթե Պայմանավորվող կողմերից մեկը առաջարկի փոփոխել սույն Համաձայնագրի կամ դրա Հավելվածի պայմանները, Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև կանցկացվեն ենթադրվող փոփոխությունների վերաբերյալ խորհրդակցություններ: Խորհրդակցությունները պետք է սկսել դրանք անցկացնելու պահանջը ստանալու օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում, եթե միայն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները չպայմանավորվեն այդ ժամկետը երկարաձգելու մասին: Համաձայնագրի ուղղումները ուժի մեջ են մտնում դրանք ընդունելու մասին դիվանագիտական ուղիներով հայտագրերի փոխանակման օրվանից: Հավելվածի ուղղումները կարող են ընդունվել Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև համաձայնեցմամբ:
ՀՈԴՎԱԾ 22. | ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ |
Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագիրը և ցանկացած ուղղում կգրանցեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում:
ՀՈԴՎԱԾ 23. | ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ |
1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ դիվանագիտական ուղիներով մյուս Պայմանավորվող կողմին ծանուցել սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Այդ դեպքում Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է մյուս Պայմանավորվող կողմի կողմից նման ծանուցում ստանալու օրվանից 12 (տասներկու) ամիս անց, եթե Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին նման ծանուցումը այդ ժամկետը լրանալուց առաջ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ հետ չվերցվի:
ՀՈԴՎԱԾ 24. | ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Սույն Համաձայնագիրը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման պահից և ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի կողմից Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցման օրվանից:
Կատարված է Աշգաբատ քաղաքում 1993 թվականի օգոստոսի 24-ին, ռուսերեն երկու բնօրինակով:
ՀԱՎԵԼՎԱԾ |
1. Չվերթեր, որոնք պետք է շահագործվեն Հայաստանի Հանրապետության նշանակած ավիաընկերության (ների) կողմից` երկու ուղղություններով.
Մեկնման կետեր | Միջանկյալ կետեր | Նշանակման կետեր | Կետեր Թուրքմենստանի սահմաններից դուրս |
Երևան, Հայաստանի Հանրապետությունում այլ կետեր * | կետեր երրորդ երկրներում | Աշգաբատ, Թուրքմենստանում այլ կետեր | կետեր երրորդ երկրներում |
2. Չվերթեր, որոնք պետք է շահագործվեն Թուրքմենստանի նշանակած ավիաընկերության (ների) կողմից` երկու ուղղություններով.
Մեկնման կետեր | Միջանկյալ կետեր | Նշանակման կետեր | Կետեր Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս |
Աշգաբատ, Թուրքմենստանում այլ կետեր | կետեր երրորդ երկրներում | Երևան, Հայաստանի Հանրապետությունում այլ կետեր | կետեր երրորդ երկրներում |
* Չվերթերի աղյուսակում չնշված` Պայմանավորվող կողմերի տարածքներում այլ կետերը կսահմանվեն ավիացիոն իշխանությունների որոշմամբ:
Ծանոթություն
ա) Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կետերի և երրորդ երկրներում կետերի միջև ուղևորների, բեռների և փոստի փոխադրումներ իրականացնելու իրավունքը հանդիսանում է Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև առանձին պայմանավորվածության առարկա:
բ) Պայմանավորվող կողմի տարածքներից դուրս կորոշվեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև համաձայնեցմամբ:
գ) Թռիչքների հաճախականությունը, օդանավերի տեսակը և պայմանավորված ուղիների շահագործման առևտրային պայմանները կսահմանվեն նշանակված ավիաընկերությունների միջև պայմանավորվածությամբ և կներկայացվեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատմանը:
դ) Չարտերային, լրացուցիչ և հատուկ չվերթերը կարող են կատարվել նշանակված ավիաընկերության նախնական հայտի հիման վրա. այդ հայտը պետք է տրվի մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին ոչ ուշ, քան օդանավի թռիչքից 48 ժամ առաջ` չհաշված հանգստյան և տոն օրերը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի մարտի 1-ից:
