ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հուլիսի 2025 թվականի N 962-Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՐԶԱՌԱԶՄԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 16.1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման ֆինանսավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման ֆինանսավորման կարգը` համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի N 962-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի և միջազգային օլիմպիադաների դիպլոմակիրներին անվանական կրթաթոշակ տրամադրելու պահանջները և կարգավորում են դրանց հետ կապված հարաբերությունները:
2. Անվանական կրթաթոշակը տրվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի համաձայն՝ հանրակրթական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ հաստատություն) այն սովորողներին, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
1) հանդիսանում են Հայաստանի Հանրապետության դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի դիպլոմակիրներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.
ա. առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 10000 դրամ,
բ. երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7500 դրամ,
գ. երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 5000 դրամ.
2) հանդիսանում են դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ կամ մասնակիցներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.
ա. առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր)՝ 25000 դրամ,
բ. երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր)՝ 20000 դրամ,
գ. երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր)՝ 15000 դրամ,
դ. գովասանագրով պարգևատրվածներին՝ 12000 դրամ,
ե. եզրափակիչ փուլի այլ մասնակիցներին՝ 10000 դրամ.
3) հանդիսանում են դպրոցականների միջազգային այլ օլիմպիադաների (առնվազն 15 երկրից մասնակիցներ ունեցող) եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.
ա. առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր)՝ 15000 դրամ,
բ. երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր)՝ 10000 դրամ,
գ. երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր)՝ 7500 դրամ:
3. Սովորողը սույն կարգի 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերից երկուսի կամ երեքի հիմքով կրթաթոշակ ստացողների ցանկում ընդգրկվելու դեպքում կարող է ստանալ դրանց չափերի հանրագումարի չափով կրթաթոշակ:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) տվյալ բյուջետային միջոցառման համար պատասխանատու ստորաբաժանումը սույն կարգի 2-րդ կետում նշված չափանիշներին բավարարելու վերաբերյալ համապատասխան տեղեկությունը տվյալ բյուջետային միջոցառման կատարող հանդիսացող ուսումնական հաստատությունից ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում նախարարի ստորագրմանն է ներկայացնում անվանական կրթաթոշակ տրամադրելու մասին հրամանի նախագիծ։
5. Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությունը սույն կարգի 4-րդ կետում նշված հրամանների հիման վրա նախապատրաստում և նախարարության գլխավոր քարտուղարի ստորագրման է ներկայացնում համապատասխան հաստատությունների հետ կնքվող պայմանագրերը։
6. Նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը սույն կարգի 4-րդ կետում նշված հրամանը հրապարակում է նախարարության պաշտոնական կայքում։
7. Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով մեկ տարվա (12 ամսվա) հաշվարկով, ընդ որում՝ անկախ հաստատության կազմակերպական-իրավական ձևից՝ հաստատությունները կրթաթոշակը սովորողին են փոխանցում անկանխիկ եղանակով:
8. Անվանական կրթաթոշակ ստացողի ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա (12 ամսվա) համար նախատեսված անվանական կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ:
9. Կրթաթոշակ ստացող սովորողների ցանկը ենթակա է հրապարակման կրթաթոշակ տրամադրող ուսումնական հաստատությունների ինտերնետային կայքում:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
17.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի N 962-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԱՐԶԱՌԱԶՄԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակ տրամադրելու պահանջները և կարգավորվում են դրանց հետ կապված հարաբերությունները:
2. Մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին ուսումնառության ընթացքում անվանական կրթաթոշակ տրվում է՝
1) պարտադիր կրթության երկրորդ մակարդակում՝
ա․ տվյալ մարզառազմական պետական ուսումնական հաստատություններ նոր ընդունված (վերականգնված կամ տեղափոխված) սովորողներին ուսումնառության առաջին կիսամյակում, ինչպես նաև սույն ենթակետի «բ» և «գ» պարբերություններում չներառված սովորողներին՝ ամսական 10000 (տասը հազար) դրամի չափով,
բ․ նախորդ կիսամյակի արդյունքում միայն «գերազանց» կամ «լավ» գնահատականներ ունեցող սովորողներին՝ ամսական 20000 (քսան հազար) դրամի չափով,
գ․ նախորդ կիսամյակի արդյունքում միայն «գերազանց» գնահատականներ ունեցող սովորողներին՝ ամսական 30000 (երեսուն հազար) դրամի չափով,
2) հանրակրթության երրորդ մակարդակում՝
ա․ տվյալ մարզառազմական պետական ուսումնական հաստատություններ նոր ընդունված (վերականգնված կամ տեղափոխված) սովորողներին ուսումնառության առաջին կիսամյակում, ինչպես նաև սույն ենթակետի «բ» և «գ» պարբերություններում չներառված սովորողներին՝ ամսական 15000 (տասնհինգ հազար) դրամի չափով,
բ․ նախորդ կիսամյակի արդյունքում միայն «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունեցող սովորողներին՝ ամսական 30000 (երեսուն հազար) դրամի չափով,
գ․ նախորդ կիսամյակի արդյունքում միայն «գերազանց» գնահատականներ ունեցող սովորողներին՝ ամսական 45000 (քառասունհինգ հազար) դրամի չափով:
3. Սույն կարգով սահմանված կրթաթոշակները մարզառազմական պետական ուսումնական հաստատություններին հատկացնելու նպատակով յուրաքանչյուր տարվա սկզբին բյուջետային հատկացումների կարգադրիչ հանդիսացող պետական մարմնի և մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների միջև կնքվում են կրթաթոշակի տրամադրման մասին պայմանագրեր՝ կրթաթոշակ ստացող սովորողների տարեսկզբի (հունվար ամսվա երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտի դրությամբ) թվի հիման վրա։ Տվյալ տարում ընդունելության արդյունքների ամփոփումից հետո պետական մարմնի և մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների միջև կնքված պայմանագրերում կատարվում են փոփոխություններ՝ հաշվի առնելով պետական կրթաթոշակ ստացող սովորողների ճշգրտված տարեկան թիվը։
4. Մարզառազմական պետական ուսումնական հաստատության տնօրենի ներկայացմամբ կոլեգիալ կառավարման մարմինը (խորհուրդը) հաստատում է կրթաթոշակներ ստացող սովորողների անվանական կազմը, որը խորհրդի կողմից հավանության արժանանալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է ուսումնական հաստատությունում՝ սովորողների համար տեսանելի վայրում և պատշաճ կերպով տեղեկացվում է սովորողներին, ինչպես նաև խորհրդի նիստի արձանագրության հետ միասին տրամադրվում է բյուջետային հատկացումների կարգադրիչ հանդիսացող պետական մարմնին:
5. Մարզառազմական պետական ուսումնական հաստատության լիազոր մարմնի տվյալ բյուջետային միջոցառման համար պատասխանատու ստորաբաժանումը մարզառազմական պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի (խորհրդի) նիստի որոշմամբ հաստատված կրթաթոշակներ ստացող սովորողների անվանական կազմը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ժամկետում ուսումնասիրում է այդ տեղեկություններում առկա ոչ ֆինանսական ցուցանիշները և՝
1) առարկություններ չունենալու դեպքում գլխավոր քարտուղարին է ներկայացնում նշված տեղեկության վերաբերյալ իր դիրքորոշումը և վերջնական ամփոփ ցուցակները, որոնք սահմանված կարգով ներկայացվում են ֆինանսաբյուջետային գործընթացն իրականացնող ստորաբաժանմանը.
2) առարկություններ ունենալու դեպքում լիազոր մարմնի տվյալ բյուջետային միջոցառման համար պատասխանատու ստորաբաժանումը տեղեկացնում է մարզառազմական պետական ուսումնական հաստատությանը տվյալներում առկա անճշտության մասին, որը պարտավոր է երեք աշխատանքային օրվա ընթացքում շտկել դրանք։ Նշված ժամկետում տվյալների չշտկման դեպքում լիազոր մարմնի տվյալ բյուջետային միջոցառման համար պատասխանատու ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ժամկետում գրությամբ հաստատությանը տեղյակ է պահում չշտկված տեղեկության մասով ֆինանսավորում չտրամադրվելու մասին, իսկ տվյալների շտկման դեպքում գլխավոր քարտուղարին է ներկայացնում նշված տեղեկության վերաբերյալ իր դիրքորոշումը և վերջնական ամփոփ ցուցակները, որոնք սահմանված կարգով ներկայացվում են ֆինանսաբյուջետային գործընթացն իրականացնող ստորաբաժանմանը:
6. Կրթաթոշակների ձևակերպման և վճարման գործընթացն իրականացնում է մարզառազմական պետական ուսումնական հաստատությունը: Կրթաթոշակների վճարումը սովորողներին իրականացվում է անկանխիկ եղանակով՝ նկատի ունենալով հետևյալը՝
1) կրթաթոշակ ստացող սովորողներին ուսումնառության ընթացքում (արձակուրդային օրերից առաջ) վճարվում է սույն կարգի 2-րդ կետում նշված կրթաթոշակի 50 տոկոսը.
2) սույն կարգի 2-րդ կետում նշված կրթաթոշակի մնացած 50 տոկոսը կրթաթոշակ ստացող սովորողներին վճարվում է տվյալ մարզառազմական պետական ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտից հետո՝ ավարտական փաստաթուղթ ստանալու դեպքում։
7. Մարզառազմական պետական ուսումնական հաստատությունը կարող է սեփական միջոցների հաշվին սահմանել կրթաթոշակներ՝ մարզառազմական պետական ուսումնական հաստատության կողմից սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
17.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2025 թվական:
