ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«14» հուլիսի 2025 թ. |
N 20-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 05-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի փետրվարի 10-ի «ՀՀՇՆ 13-04-2025 «Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան քաղաքաշինական գործունեության օբյեկտներում իրականացվող աշխատանքների և ծառայությունների մատուցման գործելակարգեր և պատասխանատու մասնագետների մասնագիտական բնութագրեր» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 1998 թվականի ապրիլի 28-ի N 44 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 05-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածում՝
1) 83-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 83.1 և 83.2 կետեր.
«83.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ու որակավորման կարգը հաստատելու մասին» N 2106-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելված 1-ի 6.1-ին կետով սահմանված իրավաբանական անձանց կողմից որակի տեխնիկական հսկողությունն իրականացնում են հավաստագրված ճարտարագետ տեխնիկական հսկիչները, այս դեպքում` մեկ հավաստագրված տեխնիկական հսկիչին միաժամանակ կարող է վերապահվել մի քանի օբյեկտների տեխնիկական հսկողություն, ընդ որում, վերջնանշված եղանակով ամենօրյա հսկողությունը կարող է իրականացվել չհավաստագրված, սակայն համապատասխան մասնագիտական կրթությամբ շինարարության բնագավառում աշխատանքային փորձ ունեցող և սույն կետում նշված իրավաբանական անձի աշխատակից հանդիսացող մասնագետների կողմից, ովքեր հաշվետու են տվյալ օբյեկտի հսկողությունն իրականացնող հավաստագրված տեխնիկական հսկիչին:
83.2. Սույն նորմերի 83.1 կետում նշված դեպքերում օբյեկտներում աշխատանքների վկայագրման, հետագա աշխատանքների իրականացման օբյեկտը տեխնիկապես պատրաստ լինելու մասին միջանկյալ ընդունման, ավարտված օբյեկտի հանձնման-ընդունման ժամանակ համապատասխան փաստաթղթերի վավերացումը հավաստագրված տեխնիկական հսկիչի կողմից պարտադիր է։»։
2) 94-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«94. Հայաստանի Հանրապետության տարածքում՝ ճարտարապետական, պատմամշակութային արժեք ներկայացնող, բնակելի, հասարակական և արտադրական, էլեկտրամատակարարման, ջերմագազամատակարարման և օդափոխության, հիդրոտեխնիկական, ջրամատակարարման և ջրահեռացման, տրանսպորտային ուղիների, կապի օբյեկտներում տեխնիկական վիճակի հետազննություն և անձնագրավորում կարող է իրականացնել «քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցման» տեսակի «շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն և անձնագրավորման» ենթատեսակի լիցենզավորված անձը, որի ինժեներատեխնիկական անձնակազմում պարտադիր ներառված է թվարկված օբյեկտներին համապատասխան հավաստագրված առնվազն մեկ փորձագետ:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
7/14/2025 |
Ե. Վարդանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2025 թվական:
