ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18-Ն օրենքի 36-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Կառավարության լիազոր մարմնի հաղորդման առկայության դեպքում, որով առերևույթ հիմնավորվում է, որ վտանգվել է կամ կարող է վտանգվել Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ հավանական խախտումը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման, հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ անհապաղ, բայց ոչ ուշ, քան հաղորդումը ստանալուց հետո՝ հինգօրյա ժամկետում, հարուցվում է վարչական վարույթ։ Վարչական վարույթ հարուցելու մասին որոշմամբ կարող են կիրառվել «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածով սահմանված կանխարգելիչ միջոցառումները։ Սույն մասով սահմանված դեպքում չեն կիրառվում սույն հոդվածով նախատեսված այլ կարգավորումները: Հանձնաժողովի նախագահի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա է անհապաղ կատարման, և դրա բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը կամ կատարումը։»:
Հոդված 2. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքով սահմանված կարգավորումները տարածվում են նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը թույլ տրված խախտումների վրա:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 8 Երևան ՀՕ-195-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2025 թվական:
