ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2025 թվականի N 859-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 152-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 21-ի «Փորձնական ծրագիր իրականացնելու և գնման գործընթաց կազմակերպելու մասին» N 152-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 2-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա. ճաշարանախոհանոցային գույքը և սարքավորումները, ինչպես նաև «Հայր և որդի Երեմյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ձեռքբերված և զորամասերում շահագործվող դիզելային գեներատորները (այսուհետ` նաև գույք) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը սեփականության իրավունքով փոխանցելիս մասնավոր գործընկերոջը փոխհատուցվում է գույքի ձեռքբերման փաստաթղթերով հիմնավորված և սույն կետի 7-րդ ենթակետի համաձայն հաշվարկված` գույքի ձեռքբերման գինը ու սույն կետի 8-րդ և 9-րդ ենթակետով սահմանված կարգով հաշվարկված հարկերի, իսկ մասնավոր գործընկերոջ կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում՝ նաև պետական տուրքերի ու փոխադրման ծախսերի գումարները: Փոխհատուցումն իրականացվում է զորամասում գույքի փաստացի առկայությունը հավաստող երկկողմանի (զորամասի և կազմակերպության միջև) հաստատված հանձնման-ընդունման ակտի համաձայն՝ կազմակերպության կողմից կազմված` հանձնման-ընդունման արձանագրության և գույքի օտարման գործարքին վերաբերող` օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի հիման վրա: Փոխհատուցման ենթակա գույքի անվանացանկը և առավելագույն քանակը ըստ ճաշարանների սնվողների թվաքանակի` հանդիսանում են պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող հավելված,».
2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերությունը.
3) 2-րդ կետի 6-րդ ենթակետի «գ» պարբերության «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
4) 2-րդ կետը լրացնել նոր 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«7) մասնավոր գործընկերոջ կողմից գույքի ձեռքբերման պահին Հարկային օրենսգրքի համաձայն` ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու դեպքում, մասնավոր գործընկերոջը փոխհատուցվող գույքի ձեռքբերման գինն իր մեջ ավելացված արժեքի հարկ չի ներառում, իսկ գույքի ձեռքբերման պահին Հարկային օրենսգրքի համաձայն` շրջանառության հարկ վճարող համարվելու դեպքում, մասնավոր գործընկերոջը փոխհատուցվող գույքի ձեռքբերման գինը ներառում է ավելացված արժեքի հարկ.
8) եթե գույքը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը սեփականության իրավունքով փոխանցելու պահին մասնավոր գործընկերը Հարկային օրենսգրքի համաձայն համարվում է ավելացված արժեքի հարկ վճարող, ապա մասնավոր գործընկերոջը փոխհատուցվում է այդ գործարքի մասով դուրս գրվող հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը.
9) եթե գույքը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը սեփականության իրավունքով փոխանցելու պահին մասնավոր գործընկերը Հարկային օրենսգրքով սահմանված կարգով համարվում է շրջանառության հարկ վճարող, ապա մասնավոր գործընկերոջը փոխհատուցվում է գույքի օտարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկում արտացոլված` միայն այդ գույքի օտարման գործարքից Հարկային օրենսգրքի համաձայն հաշվարկված` շրջանառության հարկի գումարը.
10) Գաղտնի:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի մարտի 8-ից ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2025 թվական:
