հայաստանի հանրապետության նախարարների խորհուրդ
ո ր ո շ ու մ
22 հունվարի 1991 թ. N 43
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀՈՂԱՅԻՆ ՌԵՖՈՐՄԻ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՆՐԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՊԱՐԱՏԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ագրոարդյունաբերական համակարգում տնտեսական բարեփոխումների, սեփականաշնորհման և հողային ռեֆորմի իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հողային ռեֆորմի և սեփականաշնորհման կենտրոնական պետական հանձնաժողով, համաձայն N 1 հավելվածի*):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հողային ռեֆորմի և սեփականաշնորհման կենտրոնական պետական, ճյուղային, շրջանային և տեղական հանձնաժողովների կանոնադրությունը (կցվում է):
Հանձնարարել ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` մինչև 1991 թվականի փետրվարի 25-ը ավարտել հանձնաժողովների կազմավորումը:
3. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հողային ռեֆորմի և սեփականաշնորհման կենտրոնական պետական հանձնաժողովի աշխատանքային ապարատ, համաձայն N N 2 և 3 հավելվածների:
Հաստատել աշխատանքային ապարատի աշխատողների առավելագույն թվաքանակը` 31 միավոր, ապարատում ներգրավելով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի ագրոարդյունաբերական ճյուղերի բաժնի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի գյուղատնտեսության բաժնի և այլ կազմակերպությունների ու ձեռնարկությունների աշխատողների:
4. Հանձնաժողովի աշխատանքային ապարատի սպասարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի ապարատի աշխատողների թվաքանակը ժամանակավոր ավելացնել 5 միավորով (հավելված N 4):
5. Սահմանել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հողային ռեֆորմի և սեփականաշնորհման կենտրոնական պետական հանձնաժողովի աշխատանքային ապարատում ներգրավված աշխատողներին, գործուղման ծախսերի փոխարեն, ամենամսյա հավելավճար` նրանց պաշտոնական դրույքի 50 տոկոսի չափով:
6. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հողային ռեֆորմի և սեփականաշնորհման կենտրոնական պետական հանձնաժողովի աշխատանքային ապարատի սպասարկումը դնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի գործերի կառավարչության վրա:
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի 1990 թվականի հոկտեմբերի 25-ի N 696 կարգադրության 2-րդ կետը:
_______________
*) Հավելվածները չեն բերվում:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունվարի 22-ի N 43 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀՈՂԱՅԻՆ ՌԵՖՈՐՄԻ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ, ՃՅՈՒՂԱՅԻՆ, ՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
I. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հողային ռեֆորմի և սեփականաշնորհման կենտրոնական պետական հանձնաժողով
Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հողային ռեֆորմի և սեփականաշնորհման կենտրոնական պետական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) Հայաստանի Հանրապետությունում հողային ռեֆորմը և ագրոարդյունաբերական համակարգի արտադրության ոլորտում սեփականաշնորհումը կազմակերպող և վերահսկող մարմին է:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, հանրապետության կառավարության որոշումներով և կարգադրություններով:
3. Հանձնաժողովը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից և այն գլխավորում է կառավարության նախագահը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են կառավարության նախագահի տեղակալներ, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորներ, տնտեսական մարմինների, նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարներ, առաջատար գիտնականներ և մասնագետներ:
4. Հանձնաժողովի կողմից իր վրա դրված պարտականությունների իրականացման նպատակով ստեղծվում է հանձնաժողովի աշխատանքային ապարատ, որի ղեկավարն է կենտրոնական պետական հանձնաժողովի քարտուղարը: Աշխատանքային ապարատի կազմը հաստատվում է հանրապետության կառավարության կողմից:
5. Կենտրոնական պետական հանձնաժողովի նիստերը հրավիրում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի նախագահի տեղակալներից մեկը, պարբերաբար` առնվազն ամիսը մեկ անգամ:
Օպերատիվ հարցերի լուծման համար հանձնաժողովի նախագահի տեղակալներից մեկը ամիսը երկու անգամ հրավիրում է հանձնաժողովի աշխատանքային ապարատի խորհրդակցություն:
Աշխատանքային ապարատի աշխատողները ղեկավարի հանձնարարությամբ կարող են գործուղվել հանրապետության շրջաններ` տեղում հարցերը ուսումնասիրելու և գործնական օգնություն ցույց տալու համար:
6. Հողային ռեֆորմի և սեփականաշնորհման իրականացման վերաբերյալ կենտրոնական պետական հանձնաժողովի որոշումը վերջնական է և կարող է փոփոխվել կամ չեղյալ համարվել միայն դատական կարգով:
Կենտրոնական պետական հանձնաժողովի հիմնական խնդիրները
7. Կենտրոնական պետական հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետությունում հողային ռեֆորմի և սեփականաշնորհման իրականացման իրավական հիմք հանդիսացող օրենսդրական ակտերի և կառավարության որոշումների նախագծերի մշակումը.
բ) հողային ռեֆորմի և սեփականաշնորհման իրականացման վերաբերյալ որոշումների ընդունումը, որոնք պարտադիր են կատարման ճյուղային, շրջանային, տեղական հանձնաժողովների, կառավարման մյուս օղակների համար.
գ) ագրոարդյունաբերական համակարգում հողային ռեֆորմ և սեփականաշնորհում իրականացնելիս օրենսդրական ակտերի ոչ ճիշտ կիրառման փաստերի բացահայտումը և դրանց վերացման հետ կապված միջոցառումների մշակումը.
դ) հողային ռեֆորմի և սեփականաշնորհման գործընթացին շահագրգռված նախարարությունների, գերատեսչությունների, գիտական հիմնարկների ու կազմակերպությունների մասնակցության և համագործակցության ապահովումը.
ե) շրջանային, ճյուղային և տեղական հանձնաժողովների գործունեության, նրանց կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը, այդ բնագավառի մեթոդական ղեկավարման իրականացումը.
զ) առաջատար գիտնականների և մասնագետների մասնակցությամբ հողային ռեֆորմի և սեփականաշնորհման, հողային ռեսուրսների պահպանության և արդյունավետ օգտագործման հարցերի վերաբերյալ խորհրդակցությունների ու հանձնաժողովների կազմակերպումը:
Կենտրոնական պետական հանձնաժողովի իրավունքները
8. Կենտրոնական պետական հանձնաժողովն իրավունք ունի`
ա) հաստատել շրջանային հանձնաժողովների կազմը, ներկայացնել առաջարկություններ դրանց կազմի փոփոխման վերաբերյալ.
բ) ճյուղային, շրջանային և տեղական հանձնաժողովների աշխատանքներին մասնակցելու համար նշանակել իր լիազոր ներկայացուցչին, որի կայացրած որոշման համար հանձնաժողովը պատասխանատվություն է կրում.
գ) հանձնարարություններ տալ ճյուղային, շրջանային, տեղական հանձնաժողովներին, կառավարման մյուս օղակներին, ձեռնարկություններին ու կազմակերպություններին.
դ) պարբերաբար քննության առնել ճյուղային, շրջանային, տեղական հանձնաժողովների կատարած աշխատանքների արդյունքները, հաշվետվությունները և ընդունել համապատասխան որոշումներ: Անհրաժեշտության դեպքում չեղյալ համարել սեփականաշնորհման վերաբերյալ մյուս հանձնաժողովների կողմից ընդունված որոշումները:
II. Ճյուղային (գերատեսչական) հանձնաժողով
Ընդհանուր դրույթներ
1. Հողային ռեֆորմի և սեփականաշնորհման ճյուղային (գերատեսչական) հանձնաժողովները կազմավորվում են հանրապետության ագրոարդյունաբերական համակարգի նախարարություններում, գերատեսչություններում և նրանց անմիջական ենթակա կազմակերպություններում` նախարարության (գերատեսչության) ղեկավարի հրամանով:
2. Ճյուղային հանձնաժողովը միջոցառումներ է մշակում հողային ռեֆորմի և սեփականաշնորհման իրականացման հետ կապված օրենսդրական ակտերի անշեղորեն կիրառման համար:
Ճյուղային (գերատեսչական) հանձնաժողովի խնդիրները
2. Ճյուղային (գերատեսչական) հանձնաժողովի խնդիրներն են`
ա) hողային ռեֆորմի և սեփականաշնորհման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի, կառավարության որոշումների և մյուս նյութերի հասցնելը ենթակա ձեռնարկություններին և կազմակերպություններին.
բ) կենտրոնական ապարատի, ենթակա ձեռնարկությունների հողային ռեֆորմի և սեփականաշնորհման հարցերով զբաղվող մասնագետների վերապատրաստման կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացների կազմակերպումը.
գ) ենթակա կազմակերպությունների համապատասխան հանձնաժողովներին աշխատանքային գործունեության առումով օգնություն ցույց տալը.
դ) նախարարության և գերատեսչությունների (կազմակերպությունների) մասնագետների միջոցով գործնական օգնության կազմակերպումը ենթակա ձեռնարկություններին` hողային ռեֆորմի և սեփականաշնորհման իրականացման հարցում.
ե) hողային ռեֆորմի և սեփականաշնորհման փաստացի վիճակի ուսումնասիրումը ենթակա ձեռնարկություններում ու կազմակերպություններում և արդյունքների քննարկումը հանձնաժողովի նիստերում.
զ) կատարված աշխատանքների մասին ամիսը մեկ անգամ վերադաս հանձնաժողովին տեղեկություն ներկայացնելը:
Ճյուղային (գերատեսչական) հանձնաժողովի իրավունքները
3. Ճյուղային (գերատեսչական) հանձնաժողովն իրավունք ունի`
ա) ստուգել ենթակա կազմակերպություններում ու ձեռնարկություններում հողային ռեֆորմի և սեփականաշնորհման գործընթացը և արդյունքները քննարկել հանձնաժողովի նիստերում.
բ) լսել ենթակա կազմակերպությունների հողային ռեֆորմի և սեփականաշնորհման հանձնաժողովների հաշվետվությունները և կայացնել համապատասխան որոշումներ.
գ) հրավիրել hողային ռեֆորմի և սեփականաշնորհման վերաբերյալ գիտաարտադրական կոնֆերանսներ (խորհրդակցություններ)` գիտնականների և մասնագետների մասնակցությամբ.
դ) ստուգել hողային ռեֆորմի և սեփականաշնորհման վերաբերյալ քաղաքացիներից ստացած դիմում-բողոքներն ու ահազանգերը և կայացնել համապատասխան որոշում:
III. Շրջանային հանձնաժողով
Ընդհանուր դրույթներ
1. Շրջանային հանձնաժողովը տվյալ շրջանի վարչական տարածքում գտնվող կոլտնտեսություններում, խորհտնտեսություններում, գյուղատնտեսական մյուս ձեռնարկություններում ու հողօգտագործող կազմակերպություններում (անկախ ենթակայությունից) hողային ռեֆորմի և սեփականաշնորհման ամբողջ գործընթացն իրականացնող և վերահսկող գործող մարմին է, որն իր իրավունքներն ու պարտականություններն իրականացնելիս ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով, հանրապետության կառավարության և կենտրոնական պետական հանձնաժողովի որոշումներով:
2. Շրջանային հանձնաժողովը կազմավորվում է ժողովրդական պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների միջոցով և հաստատվում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հողային ռեֆորմի և սեփականաշնորհման կենտրոնական պետական հանձնաժողովի կողմից:
3. Շրջանային հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել գիտնականներ, մասնագետներ, արտադրության աշխատողներ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և տեղական խորհուրդների պատգամավորներ:
4. Շրջանային հանձնաժողովի նախագահը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հողային ռեֆորմի և սեփականաշնորհման կենտրոնական պետական հանձնաժողովի կողմից:
Շրջանային հանձնաժողովի պարտականությունները
5. Շրջանային հանձնաժողովի պարտականություններն են`
ա) տվյալ վարչական շրջանի տարածքում հողային ռեֆորմի և սեփականաշնորհման իրականացման պայմանների հաստատումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերին համապատասխան և ընթացիկ ու հեռանկարային պլանների կազմումը.
բ) շրջանի հողօգտագործողների սահմանների, լքված բնակավայրերի տեղի ստուգումն ու ճշտումը, նրանց հողօգտագործման նախկին սահմանների վերականգնումը և դրանց հատակագծերի կազմման ապահովումը.
գ) լքված բնակավայրերի նախկին բնակիչներից և այլ քաղաքացիներից գյուղացիական կամ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ կազմավորելու մասին դիմումների ընդունման ու գրանցման կազմակերպումը.
դ) շրջանի վարչական տարածքում եղած լուծարվող գյուղատնտեսական ձեռնարկությունների (անկախ ենթակայությունից) ցանկի կազմումը և կենտրոնական հանձնաժողովին ներկայացնելը.
ե) լքված գյուղերը վերականգնելու հողային ռեֆորմի և սեփականաշնորհման հանձնաժողովի իրավունքների ու պարտականությունների ստանձնումը.
զ) ժողովրդական պատգամավորների խորհուրդներ չունեցող գյուղերում հողային ռեֆորմի և սեփականաշնորհման հանձնաժողովների կազմավորումը և դրանց կազմի հաստատումը, դրանցում ընդգրկելով տեղի համայնքի կողմից ընտրված ներկայացուցիչներին, շրջանային (տեղական) խորհուրդների ներկայացուցիչներին.
է) հողային ռեֆորմի և սեփականաշնորհման ընթացքի մասին ամեն ամիս կենտրոնական հանձնաժողովին տեղեկություն ներկայացնելը:
Շրջանային հանձնաժողովի իրավունքները
6. Շրջանային հանձնաժողովն իրավունք ունի`
ա) ելնելով շրջանի հողօգտագործման բնակլիմայական պայմաններից, առաջարկություններ ներկայացնել կենտրոնական հանձնաժողովին` նոր որոշումներ ընդունելու համար.
բ) ապահովել իր ներկայացուցչի և համապատասխան մասնագետների մասնակցությունը տեղական հանձնաժողովների աշխատանքներին` գործնական օգնություն ցույց տալու և մեթոդական ղեկավարություն իրականացնելու համար.
գ) գիտական և նախագծային հիմնարկներից հրավիրել համապատասխան մասնագետներ և ամրակցել տեղական հանձնաժողովներին` հողերի և այլ հիմնական միջոցների սեփականաշնորհումը տեղերում ճիշտ կազմակերպելու նպատակով.
դ) գումարներ հատկացնել հողային ռեֆորմի և սեփականաշնորհման հետ կապված պայմանագրային աշխատանքների, ծառայությունների վճարման, գույքի ձեռքբերման և այլ ծախսերի համար:
IV. Տեղական հանձնաժողով
Ընդհանուր դրույթներ
1. Տեղական հանձնաժողովը տվյալ բնակավայրում հողային ռեֆորմի և սեփականաշնորհման ամբողջ գործընթացն իրականացնող և վերահսկող գործող մարմին է, որն իր իրավունքներն ու պարտականություններն իրականացնելիս ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով, հանրապետության կառավարության կենտրոնական պետական հանձնաժողովի և շրջանային հանձնաժողովների որոշումներով:
2. Տեղական հանձնաժողովը կազմվում է ժողովրդական պատգամավորների գյուղական խորհրդի պատգամավորներից և համայնքի ծխերի անդամներից, որոնք ընտրվում են ծխերի ներկայացուցիչներից կամ, այնտեղ, որտեղ դա հնարավոր է` համայնքի անդամների ընդհանուր ժողովի կողմից:
3. Հանձնաժողովի կազմը հաստատվում է ժողովրդական պատգամավորների գյուղական (ավանային) խորհրդի գործադիր կոմիտեի կողմից: Տվյալ բնակավայրի ժողովրդական պատգամավորների գյուղական (ավանային) խորհրդի գործկոմի նախագահը հանդիսանում է հողային ռեֆորմի և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի նախագահ: Շրջկենտրոններում և քաղաքներում եղած տնտեսություններում հանձնաժողովների նախագահները նշանակվում են ժողովրդական պատգամավորների շրջանային, քաղաքային (ավանային) խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից:
Տեղական հանձնաժողովի պարտականությունները
4. Տեղական հանձնաժողովի պարտականություններն են`
ա) տվյալ բնակավայրում գյուղատնտեսական բոլոր հողատեսքերի առկա տարածությունների ճշտումը, պետական պահեստային հողերի առանձնացումը, սեփականաշնորհման ենթակա տարածությունների որոշումը.
բ) տվյալ բնակավայրի բնակիչների վերաբերյալ գյուղական (ավանային) խորհրդի գործադիր կոմիտեում եղած տվյալների ճշտումը, այն ընտանիքների և բնակիչների թվի պարզումը, որոնց պետք է հողատեսքեր հատկացվեն.
գ) հողային ռեֆորմի և սեփականաշնորհման կարգի ու ձևերի և դրանց իրականացման պայմանների սահմանումը.
գ) սեփականաշնորհման ենթակա հողատեսքերի համար առաջին երկու տարվա ընթացքում գանձվող մասնակի հատուցման չափերի սահմանումը, դրա համար հիմք ընդունելով կադաստրային գնահատման ցուցանիշները.
ե) սեփականաշնորհման ենթակա հիմնական միջոցների և գույքի առկայության պարզումը, դրանց համար նյութական պատասխանատու անձանց ցուցակի ճշտումը և մինչև լրիվ ապապետականացումը առկա միջոցների պահպանությունը հսկողության տակ վերցնելը.
զ) տնտեսության լրիվ լուծարման դեպքում լուծարքային հանձնաժողովի բոլոր պարտականությունների կատարումը: Այդ դեպքում նյութական պատասխանատու անձինք ենթարկվում են հանձնաժողովին և նրանց վարձատրությունը կատարվում է հիմնական միջոցների ապապետականացումից ստացված դրամական միջոցների հաշվին.
է) հողային ռեֆորմի և սեփականաշնորհման շրջանային պետական հանձնաժողովին հաշվետվության ներկայացումը:
Տեղական հանձնաժողովի իրավունքները
5. Տեղական հանձնաժողովն իրավունք ունի`
ա) վերահսկողություն սահմանել լուծարվող ձեռնարկության հիմնական միջոցների ու գույքի նպատակային օգտագործման և սեփականաշնորհման գործընթացի նկատմամբ.
բ) պարբերաբար ստուգել նյութական պատասխանատու անձանց մոտ եղած գույքի պահպանման վիճակը, անհրաժեշտության դեպքում հարցը քննարկել հանձնաժողովի նիստերում և ընդունել համապատասխան որոշումներ.
գ) ստուգել հողհատկացման, դրա համար մասնակի հատուցման, բնակիչների առկայության մասին նախնական փաստաթղթերի օրինականությունը և անհրաժեշտության դեպքում հանձնարարություններ տալ դրանց ճշտման վերաբերյալ.
դ) ստուգել հողատեսքերի հատակագծման և քարտեզագրման ճշտությունը` ըստ հողօգտագործողների, և անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել թույլ տրված սխալները շտկելու համար.
ե) ընդունել, գրանցել, ստուգել և ընթացք տալ քաղաքացիների դիմում-բողոքներին.
զ) հողային ռեֆորմի և սեփականաշնորհման մեխանիզմը պայմանագրային կարգով մշակելու և ներդնելու նպատակով հրավիրել մասնագետներ, ծառայությունների համար վճարելով (փոխանցելով) տնտեսության միջոցների հաշվին:
