ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կացության հատուկ կարգավիճակ տալու աշխատանքները կանոնակարգելու նպատակով, որոշում եմ.
1. Սահմանել, որ արտասահմանյան երկրներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների միջոցով Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար դիմած անձանց կողմից սահմանված կարգով լրացված դիմում-հարցաթերթիկները և մյուս փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության նախագահին` կից ներկայացնելով իր եզրակացությունը դրանց վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացվող նյութերի պատճենները ուղարկում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն և ազգային անվտանգության պետական վարչություն: Վերջիններս ստացված նյութերի վերաբերյալ իրենց եզրակացությունները երկշաբաթյա ժամկետում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության նախագահին:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար Հայաստանի Հանրապետության տարածքում դիմած անձանց կողմից սահմանված կարգով լրացված դիմում-հարցաթերթիկները և մյուս փաստաթղթերը ներքին գործերի նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության նախագահին` կից ներկայացնելով իր եզրակացությունը դրանց վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացվող նյութերի պատճենները ուղարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն և ազգային անվտանգության պետական վարչություն: Վերջիններս ստացված նյութերի վերաբերյալ իրենց եզրակացությունները երկշաբաթյա ժամկետում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության նախագահին:
3. Եթե Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար դիմում է ծագումով ոչ հայ օտարերկրյա քաղաքացի, ապա Հայաստանի Հանրապետության արտաքին կամ ներքին գործերի նախարարությունը ներկայացնում է նաև լրացուցիչ տեղեկանք Հայաստանի Հանրապետությունում նրա գործունեության մասին:
4. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ տալու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի կարգադրության արձակումից հետո Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը ձևակերպում է Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր: Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում սահմանվում է ձևակերպվող բոլոր հատուկ անձնագրերի հաշվառման կարգ:
Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստացած անձի ցանկությամբ նրա 16 տարին չլրացած երեխային անվճար տրվում է Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրին կից ներդիր:
(4-րդ կետը լրաց. 26.06.97 ՆԿ-432)
5. Արտասահմանյան երկրներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների միջոցով Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար դիմած անձանց հատուկ անձնագրերը ձևակերպելուց հետո Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը դրանք հանձնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` հանձնումը կազմակերպելու համար: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից սահմանվում է արտաքին գործերի նախարարության միջոցով հանձնված հատուկ անձնագրերի հաշվառման կարգ:
6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր ստանալու համար նախատեսված գումարը անձնագիրը ստացող անձը մուծում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կամ արտասահմանյան երկրներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների կողմից բացված հատուկ հաշիվներ:
61. Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր կարող է հանձնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը:
(61-ին կետը լրաց. 19.03.97 ՆԿ-381)
7. Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին գործերի նախարարությունների համապատասխան պաշտոնատար անձինք Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրերի հանձնումից հետո երկշաբաթյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահին` նշելով հատուկ անձնագրի հանձնման ժամկետը, վայրը, սերիան և համարը:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրերի իրացումից գոյացած գումարներից առաջնահերթ կարգով մարել անձնագրերի պատրաստման և անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամից փոխարինաբար վերցրած պարտքը:
9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`
Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրեր տալու համար առանձնացնել անձնագրերի որոշակի քանակ և դրանց հաշվառումը տանել ըստ անձնագրերի սերիաների և համարների:
10. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը`
ապահովել Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների անարգել մուտքը Հայաստանի Հանրապետություն և ելքը Հայաստանի Հանրապետությունից պետական սահմանի անցման կետերով` Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրերի ներկայացմամբ:
11. Հայաստանի Հանրապետության նախագահի քննարկմանը ներկայացվող Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ տալու վերաբերյալ նյութերի նախապատրաստման պարտականությունը դնել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևներ, կոչումների բաժնի վրա:
12. Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների, կոչումների բաժնի վրա դնել նաև սույն կարգադրության կատարման վերահսկողությունը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|