ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի դեկտեմբերի 6-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 169.14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Առանց թույլտվության Հայաստանի Հանրապետության համայնքների անվանումները ֆիրմային անվանումներում օգտագործելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։»։
Հոդված 2. Օրենսգրքի 169.16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ և 11-րդ մասերով.
«Առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպումը և իրացումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:
Սույն հոդվածի տասներորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:»։
Հոդված 3. Օրենսգրքի 219.1-ին հոդվածի 2-րդ մասը «169.16-րդ» բառից առաջ լրացնել «169.14-րդ հոդվածի 4-րդ մասով,» բառերով։
Հոդված 4. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածի 1-ին մասը «169.14-րդ» բառից հետո լրացնել «հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով» բառերով։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-228-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|