Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-223-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.01.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2012.12.28/14(22) Հոդ.1356
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի դեկտեմբերի 6-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 162-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 162.

Ոչ սահմանված տեղերում առևտուր անելը

 

Ոչ սահմանված տեղերում առևտուր անելը, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:

Բուսական ծագում ունեցող գյուղատնտեսական արտադրանքի ոչ սահմանված տեղերում առևտուր անելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից քսանապատիկի չափով:

 Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից մինչև հարյուրտասնապատիկի չափով:

Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 169.16-րդ հոդվածում`

 

1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից քսանապատիկի չափով:».

 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

 «Սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից մինչև հարյուրտասնապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:»։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 20

Երևան

ՀՕ-223-Ն