031.0224.28.12.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության և կազմակերպական կառուցվածքի մասին» ՆՀ-97 հրամանագիրը` որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Հավելված | |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչությունը (այսուհետ` Ռազմական տեսչություն) ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով Հայաստանի Հանրապետության Նախագահին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը: 2. Ռազմական տեսչությունը մտնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) կազմակերպական կառուցվածքի մեջ: 3. Ռազմական տեսչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Աշխատակազմի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ: 4. Ռազմական տեսչության կանոնադրությունը, ներքին կառուցվածքը, տարեկան աշխատանքային ծրագիրը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` գլխավոր ռազմական տեսչի ներկայացմամբ: 5. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանատարությունն ու ղեկավարությունը, զորամասերի և զորամիավորումների հրամանատարները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախարարությունները, գերատեսչությունները պարտավոր են աջակցել Ռազմական տեսչությանը` ուսումնասիրություններ և ստուգումներ իրականացնելիս: 6. Ռազմական տեսչության աշխատողներն իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս իրավունք ունեն մուտք գործել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության մարմինների և զորքերի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության զորամասերի, պետական կառավարման սուրհանդակային ծառայության, Հայաստանի Հանրապետության պետական իշխանության զորահավաքային պատրաստությունն ապահովող այլ մարմինների (այսուհետ` Մարմիններ և Զորքեր) զբաղեցրած բոլոր շենքերն ու նրանց տարածքները, ինչպես նաև ռեժիմային զինվորական զորամասեր, հաստատություններ, դրանց հիմնարկություններն ու կազմակերպությունները: 7. Ռազմական տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ձևաթուղթ և իր անվանմամբ կնիք ու դրոշմակնիք: II. ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահին պաշտպանության և անվտանգության բնագավառներում վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով Ռազմական տեսչության գործառույթներն են` - Մարմինների և Զորքերի գործունեության ստուգումներ անցկացնելը. - սահմանված կարգով Մարմիններից և Զորքերից, պաշտոնատար անձանցից անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր, իսկ խախտումների բացահայտման դեպքում` գրավոր կամ բանավոր բացատրություններ պահանջելը. - պաշտպանության և անվտանգության բնագավառներում, իր իրավասության շրջանակներում, կատարողական կարգապահության և ֆինանսատնտեսական ոլորտում խախտումների փաստեր բացահայտելը, դրանց վերացման նպատակով համապատասխան պաշտոնատար անձանց միջնորդագրեր ներկայացնելը և դրանց ընթացքը վերահսկելը. - Հայաստանի Հանրապետության Նախագահին Մարմինների և Զորքերի պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կատարման խախտումների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարի հրամանները և հրահանգները ժամանակին և լրիվ չկատարելու մասին զեկուցումներ, ինչպես նաև այդ թերությունները վերացնելու կոնկրետ առաջարկություններ ներկայացնելը. - Հայաստանի Հանրապետության Նախագահին Մարմինների և Զորքերի, նրանց պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելը. - Հայաստանի Հանրապետության Նախագահին Մարմինների և Զորքերի պաշտոնատար անձանց կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը. - Հայաստանի Հանրապետության Նախագահին Մարմինների և Զորքերի կառուցվածքի, գործունեության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը. - Մարմիններին և Զորքերին իրենց բնագավառի օրենսդրության կատարելագործման, Հայաստանի Հանրապետության Նախագահի այն հրամանագրերի և կարգադրությունների նախագծերի վերաբերյալ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից պաշտպանության և անվտանգության բնագավառներում իր լիազորությունների իրագործման արդյունավետության բարձրացմանը, սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնելը. - Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության համակարգերի ծառայողներին Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու, բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու առաջարկությունների քննարկմանը մասնակցելը. - Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով իրեն վերապահված այլ գործառույթներ: 2. Ռազմական տեսչությունն իր գործառույթներն իրականացնելիս` ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ վերահսկում է` - Մարմինների և Զորքերի գործունեությունը. - Մարմինների և Զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կատարումը. - Մարմինների և Զորքերի շինարարության և զարգացման ծրագրերի ժամանակին, լրիվ կատարման, ռազմական քաղաքականության և Հայաստանի Հանրապետությունում ռազմական ուսուցման գործնական իրականացումը. - սպառազինության ստեղծման և ռազմական արտադրության ծրագրերի մշակման և իրականացման, երկրի պաշտպանության և անվտանգության համար տեխնիկայի և տեխնոլոգիայի երկակի կիրառումը. - Մարմիններում և Զորքերում դաստիարակչական աշխատանքների, կարգապահության և իրավակարգի ամրապնդումը. - Մարմիններին և Զորքերին ժամանակին ֆինանսական, նյութական միջոցներով, էներգետիկ և այլ պաշարներով ապահովումը. - Մարմինների և Զորքերի կողմից պետական բյուջեով հատկացված միջոցների օգտագործումը. - Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության ուսումնական հաստատություններում, այդ թվում` օտարերկրյա պետությունների, համապատասխան կադրերի պատրաստման վիճակը. - զինծառայողների և ծառայողների, ինչպես նաև զորացրված քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ապահովումը Մարմինների և Զորքերի կողմից. - պաշտպանության և անվտանգության բնագավառներում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարումը. - պետական կառավարման հանրապետական և տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության ռազմական շինարարությունը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի պատշաճ կատարումը. - Մարմինների և Զորքերի զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, քաղաքացիների, կազմակերպությունների, պետական կառավարման հանրապետական և տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահին և ռազմական տեսչությանն ուղղված` Մարմինների և Զորքերի գործունեության հարցերով դիմումների, գանգատների և առաջարկությունների տեղերում ստուգումը, ուսումնասիրումը և վերլուծումը, անհրաժեշտության դեպքում` դրանք համապատասխան մարմիններին, պաշտոնատար անձանց վերահասցեագրումը, ամփոփումը և Հայաստանի Հանրապետության Նախագահին համապատասխան հաշվետվություններ և առաջարկություններ ներկայացնելը. բ) համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան ծառայությունների հետ. գ) իր իրավասության շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, ուսումնասիրություններին և ստուգումներին հասարակական և պայմանագրային հիմունքներով ներգրավում է պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների և գիտական հիմնարկների. դ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով սահմանված այլ լիազորություններ: III. ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
1. Ռազմական տեսչության ֆինանսավորումը, նյութատեխնիկական, տրանսպորտային միջոցներով ապահովումը և սպասարկումը կատարում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը` պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին` համաձայն հաստիքացուցակի, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից հաստատված պաշտոնային դրույքաչափերով: 2. Ռազմական տեսչությանն աշխատասենյակներով և անհրաժեշտ պիտույքներով ապահովում է Աշխատակազմը: 3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ռազմական տեսչության անձնակազմին ապահովում է իրային, պարենային, ֆինանսական և այլ բավարարման տեսակներով: 4. Ռազմական տեսչության անձնակազմի վրա տարածվում են զինծառայողների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի աշխատողների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր արտոնությունները: 5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը սահմանված կարգով իրականացնում են իրենց կողմից ռազմական տեսչություն գործուղված անձանց կենսաթոշակային ապահովումը: 6. Ռազմական տեսչության աշխատողների սոցիալական ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինծառայողների համար գործող օրենսդրությանը համապատասխան: IV. ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
1. Գլխավոր ռազմական տեսուչն անմիջականորեն ենթարկվում է Հայաստանի Հանրապետության Նախագահին: 2. Գլխավոր ռազմական տեսուչը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ: 3. Գլխավոր ռազմական տեսուչը` - իրականացնում է ռազմական տեսչության անմիջական ղեկավարումը. - ապահովում է ռազմական տեսչության բնականոն գործունեությունը. - Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություններ է ներկայացնում ռազմական տեսչության կանոնադրության, դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ. - աշխատակազմի ղեկավարին տեղեկացնում է ռազմական տեսչության աշխատողներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու մասին. - իր տեղակալների միջև բաշխում է պարտականությունները. - սահմանում է ռազմական տեսչության աշխատողների պարտականությունները. - սահմանված կարգով որոշում է Հայաստանի Հանրապետության սահմաններում ռազմական տեսչության աշխատողների գործուղումների հարցերը. - Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություններ է ներկայացնում ռազմական տեսչության սպաներին հերթական զինվորական կոչումներ շնորհելու վերաբերյալ. - իր իրավասության շրջանակներում որոշում է Մարմինների և Զորքերի գործունեության ստուգումների անցկացման հետ կապված հարցերը. - անհրաժեշտության դեպքում հրավիրում է Մարմինների և Զորքերի պաշտոնատար անձանց` համապատասխան պարզաբանումներ ստանալու համար. - Հայաստանի Հանրապետության Նախագահի թույլտվությամբ իրականացնում է արտածրագրային ստուգումներ. - Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական այլ մարմինների նիստերին և խորհրդակցություններին. - իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ: 4. Գլխավոր ռազմական տեսուչն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կոլեգիայի անդամ է: 5. Գլխավոր ռազմական տեսուչն ունի առաջին տեղակալ և տեղակալ: Գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալը փոխարինում է գլխավոր ռազմական տեսչին` նրա բացակայության ժամանակ: 6. Ռազմական տեսչության կազմը կարող է համալրվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունից գործուղված սպաներով: 7. Ռազմական տեսչության աշխատողներն անձնական պատասխանատվություն են կրում ներկայացվող տեղեկատվության արժանահավատության և օպերատիվության, ինչպես նաև վերահսկողության ընթացքում պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունների անհրաժեշտ պաշտպանությունն ապահովելու համար: | |
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |