ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի փետրվարի 8-ին
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային համակարգի գործունեության կանոնները և կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի, Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային մարմնի և հավատարմագրված կամ հավատարմագրմանը հավակնող համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող ֆիզիկական ու իրավաբանական անձանց (այսուհետ` համապատասխանության գնահատման մարմիններ) հարաբերությունները:
2. Սույն օրենքը կարգավորում է փորձարկում, տրամաչափարկում, տեխնիկական հսկողություն, սերտիֆիկացում և համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման այլ մարմինների հավատարմագրման գործընթացը` անկախ հավատարմագրման և համապատասխանության գնահատման պարտադիր կամ կամավոր հիմքերից:
Հոդված 2. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) հավատարմագրում՝ համապատասխանության հավաստում սույն օրենքով սահմանված կարգով համապատասխանության գնահատման հատուկ գործունեություն իրականացնելու նպատակով` հիմնավորելով, որ համապատասխանության գնահատման մարմինը կատարում է ներդաշնակեցված ստանդարտներով սահմանված պահանջները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ պահանջները` ներառելով դրանք համապատասխան ոլորտների հավատարմագրման համակարգերում.
2) Հավատարմագրման ազգային մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպություն, որն ունի բացառիկ լիազորություններ սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով հավատարմագրման ապահովման ոլորտում.
3) հավատարմագրման վկայագիր` պաշտոնական փաստաթուղթ կամ փաստաթղթերի փաթեթ, որը հավաստում է հավատարմագրումը որոշակի ոլորտում.
4) հավատարմագրման ոլորտ` համապատասխանության գնահատման որոշակի ծառայություններ, որոնց համար հավատարմագրման հարցում է արվել, կամ արդեն իրականացվել է հավատարմագրումը.
5) հավատարմագրման նշան` Հավատարմագրման ազգային մարմնի կողմից համապատասխանության գնահատման մարմնին տրված նշան` հավատարմագրված լինելը ցուցադրելու նպատակով օգտագործելու համար.
6) բողոքարկում` համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման վերաբերյալ ազգային մարմնի կայացրած որևէ անբարենպաստ որոշման վերանայման պահանջ: Որոշումները վերաբերում են դիմումի ընդունման մերժմանը, գնահատում իրականացնելու մերժմանը, ուղղիչ գործողություններ իրականացնելու պահանջին, հավատարմագրման ոլորտի փոփոխությունների կատարմանը, հավատարմագրումը մերժելուն, կասեցնելուն կամ դադարեցնելուն, ինչպես նաև այլ գործողությանը, որը խոչընդոտում է հավատարմագրմանը.
7) համապատասխանության գնահատում` գործընթաց, որով հավաստվում է արտադրանքին, գործընթացին, համակարգին, անձին կամ մարմնին ներկայացվող պահանջների իրականացումը.
8) համապատասխանության գնահատման մարմին` մարմին, որն իրականացնում է համապատասխանության գնահատման գործունեություն` ներառելով տրամաչափագրումը, փորձարկումը, սերտիֆիկացումը և տեխնիկական հսկողությունը.
9) հավատարմագրմանը հավակնող ֆիզիկական կամ իրավաբանական անձ` համապատասխանության գնահատման մարմին, որը հավատարմագրման նպատակով դիմել է Հավատարմագրման ազգային մարմին.
10) հավատարմագրման ընդլայնում` հավատարմագրման ոլորտի ընդլայնման գործընթաց.
11) շահագրգիռ կողմեր` հավատարմագրմամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգիռ կողմեր: Ուղղակիորեն շահագրգիռ են համարվում նրանք, ովքեր հավատարմագրվում են, անուղղակիորեն շահագրգիռ` նրանք, ովքեր օգտվում են հավատարմագրված համապատասխանության գնահատման ծառայություններից կամ հիմնվում են դրանց վրա.
12) հավասարի սկզբունքներով փորձագիտական գնահատում` հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների անդամ հավատարմագրման ազգային մարմինների սահմանած պահանջներին համապատասխան Հավատարմագրման ազգային մարմնի գնահատման գործընթաց.
13) հավատարմագրման կրճատում` հավատարմագրման ոլորտի որոշակի մասի դադարեցման գործընթաց.
14) հավատարմագրման կասեցում` հավատարմագրման ոլորտի ժամանակավորապես լրիվ կամ մասնակի անվավեր ճանաչելու գործընթաց.
15) հավատարմագրման դադարեցում` հավատարմագրումն ամբողջությամբ դադարեցնելու գործընթաց.
16) փորձարկում` ընթացակարգի համաձայն համապատասխանության գնահատման օբյեկտի մեկ կամ մի քանի բնութագրերի որոշում.
17) տրամաչափարկում (կալիբրավորում)` գործողություն, որը հատուկ պայմաններում նախ կապ է ստեղծում չափանմուշների (էտալոնների) միջոցով ստացված չափման անորոշություններով մեծության արժեքների և չափման անորոշություններով համապատասխան ցուցմունքների միջև, ապա օգտագործում է այդ տեղեկությունը ցուցմունքից չափման արդյունք ստանալու նպատակով կապ ստեղծելու համար.
18) տեխնիկական հսկողություն` հատուկ պահանջների կամ մասնագիտական դատողության հիման վրա արտադրանքի նախագծման, արտադրանքի պատրաստման գործընթացի կամ տեղադրման փորձաքննություն, որով որոշվում է դրա համապատասխանությունը ընդհանուր պահանջներին.
19) սերտիֆիկացում` արտադրանքի, գործընթացի, համակարգի կամ անձի համապատասխանության հավաստում երրորդ կողմի միջոցով.
20) գնահատող` ֆիզիկական անձ` նշանակված Հավատարմագրման ազգային մարմնի կողմից, միայնակ կամ գնահատողների խմբի կազմում համապատասխանության գնահատման մարմնի գնահատում իրականացնելու համար.
21) փորձագետ` որոշակի գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձ` նշանակված Հավատարմագրման ազգային մարմնի կողմից, գնահատման ենթակա հավատարմագրման ոլորտում փորձաքննություն իրականացնելու համար.
22) պարբերական գնահատում` գործունեության տեսակների լրակազմ, բացառությամբ կրկնական գնահատման, հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի կողմից հավատարմագրման պահանջների շարունակական կատարումը հսկելու համար.
23) համապատասխանության սերտիֆիկատ` համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է արտադրանքի, կառավարման համակարգերի, ֆիզիկական անձանց համապատասխանությունը սահմանված պահանջներին:
Հոդված 3. |
Հավատարմագրման բնագավառում հարաբերությունների իրավական կարգավորումը |
1. Հայաստանի Հանրապետության հավատարմագրման բնագավառում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, այլ իրավական ակտերով և միջազգային պայմանագրերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 4. |
Հավատարմագրման նպատակները |
1. Հավատարմագրման նպատակներն են`
1) պաշտոնապես հավաստել համապատասխանության գնահատման մարմնի` համապատասխանության գնահատման որոշակի տեսակի ծառայություններ մատուցելու իրավասությունը.
2) նպաստել Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության գնահատման մարմինների կարողությունների և ծառայությունների կատարելագործմանը, բարձրացնել սպառողների վստահությունը համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների նկատմամբ.
3) ապահովել համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրումը միջազգային հավատարմագրման համակարգերի ընթացակարգերին ներդաշնակ ընթացակարգերով` բացառելով առևտրում տեխնիկական խոչընդոտները.
4) ստեղծել պայմաններ Հավատարմագրման ազգային մարմնի և նրա կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների գործունեության արդյունքների միջազգային ճանաչման համար:
Հոդված 5. |
Հավատարմագրման հիմնական սկզբունքները |
1. Հավատարմագրումը ծառայություն է, որը ներկայացնում է հանրային շահերը:
2. Հավատարմագրումը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա`
1) օրինականություն.
2) կամավորություն (եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ պահանջ չի սահմանվում).
3) շահագրգիռ բոլոր կողմերի համար հավասար իրավունքներ.
4) անկախություն.
5) անկողմնակալություն.
6) թափանցիկություն.
7) արհեստավարժություն.
8) հավատարմագրման գործընթացում ձեռք բերված տեղեկատվության գաղտնիություն.
9) միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակեցված հավատարմագրման պահանջների կիրառում:
Գ Լ ՈՒ Խ 3
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 6. |
Հավատարմագրման ազգային համակարգի կառուցվածքը |
1. Հավատարմագրման ազգային համակարգը կազմված է միմյանց հետ համագործակցող հետևյալ մասնակիցներից`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին.
2) Հավատարմագրման ազգային մարմին, ներառյալ` հավատարմագրման խորհուրդը և հավատարմագրման տեխնիկական կոմիտեները.
3) համապատասխանության գնահատման մարմիններ:
Հոդված 7. |
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը |
1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը`
1) մշակում է հավատարմագրման և համապատասխանության գնահատման բնագավառի պետական քաղաքականությունը.
2) խրախուսում է հավատարմագրումը համապատասխանության գնահատման ոլորտներում` ընդունելով հավատարմագրումը որպես հիմնական գործիք համապատասխանության գնահատման մարմինների գնահատման գործընթացում.
3) իրականացնում է Հավատարմագրման ազգային մարմնի գործունեության մշտադիտարկում` երաշխավորելով, որ սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները պահպանվում են և ձեռնարկվում ուղղիչ գործողություններ` հավասարության սկզբունքով իրականացված փորձագիտական գնահատման արդյունքների հիման վրա.
4) օրենքով սահմանված կարգով իրականացնում է վարչական վարույթ հավատարմագրման բնագավառում.
5) սահմանում է օտարերկրյա համապատասխանության գնահատման մարմինների գործունեության արդյունքների ճանաչման կարգը.
6) իրականացնում է այլ գործառույթներ` սույն օրենքին և այլ իրավական ակտերին, Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանային և միջազգային փաստաթղթերին համապատասխան:
Հոդված 8. |
Հավատարմագրման ազգային մարմինը |
1. Հավատարմագրման ազգային մարմինը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
2. Հավատարմագրման ազգային մարմնի անվանումն է «Հավատարմագրման ազգային մարմին»: Այն պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում և ունի իրավաբանական անձի կարգավիճակ:
3. Հավատարմագրման ազգային մարմինը Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության գնահատման մարմիններին հավատարմագրման ծառայություններ մատուցող միակ մարմինն է:
4. Հավատարմագրման ազգային մարմինը`
1) կառուցվածքով անկախ է իր կողմից գնահատվող համապատասխանության գնահատման մարմիններից ու առևտրային ճնշումներից և ապահովում է շահերի բախման բացառումը համապատասխանության գնահատման մարմինների հետ.
2) ապահովում է իր գործողությունների օբյեկտիվությունը և անաչառությունը.
3) ապահովում է, որ հավատարմագրման վերաբերյալ յուրաքանչյուր որոշում կայացվի իրավասու անձանց կողմից, որոնք չեն մասնակցել համապատասխանության գնահատման գործընթացին.
4) ունի համապատասխան ընթացակարգեր` ստացված տեղեկատվության գաղտնիությունն ապահովելու համար.
5) սահմանում է համապատասխանության գնահատման գործունեության այն տեսակը, որն իրավասու է գնահատելու (անհրաժեշտության դեպքում հղում կատարելով համապատասխան օրենքներին) այլ իրավական ակտերը և ստանդարտները.
6) մշակում է արդյունավետ կառավարման և ներքին ստուգման իրականացման համապատասխան ընթացակարգեր.
7) իր պարտականությունների պատշաճ կատարման համար ունի բավարար թվով իրավասու աշխատակիցներ.
8) փաստաթղթերով հիմնավորում է գնահատման և համապատասխանության հավաստման որակի վրա ազդեցություն ունեցող աշխատակիցների պարտականությունները և իրավունքները.
9) մշակում, կիրառում և պահպանում է աշխատակիցների կողմից իրականացվող աշխատանքների և իրավասության գնահատման ընթացակարգերը.
10) հավաստում է, որ համապատասխանության գնահատումներն իրականացվում են պատշաճ ձևով` խուսափելով ավելորդ ծանրաբեռնվածությունից` հաշվի առնելով կազմակերպության չափը, գործունեության ոլորտը, կառուցվածքը, արտադրանքի տեխնոլոգիական գործընթացի բարդության աստիճանը, արտադրության ծավալը և սերիական բնույթը.
11) հրատարակում է աուդիտի տարեկան հաշվետվությունը` կազմված Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան:
Հոդված 9. |
Հավատարմագրման խորհուրդը |
1. Հավատարմագրման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) Հավատարմագրման ազգային մարմնի կառավարման բարձրագույն մարմինն է, որը կազմված է 7 անդամներից` շահագրգիռ 4 պետական կառավարման մարմինների և 3 ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներից, որոնք նշանակվում են 3 տարի ժամկետով:
2. Խորհրդի անհատական կազմը սահմանում է լիազորված պետական կառավարման մարմինը:
3. Հավատարմագրման ազգային մարմնի տնօրենը Խորհրդի քարտուղարն է և չի կարող հանդես գալ որպես Խորհրդի նախագահ:
4. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա է քվեարկության ձայնի իրավունք ունեցող Խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:
5. Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի անդամների կողմից:
6. Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ:
7. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստին ներկա անդամների ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
8. Խորհուրդը`
1) տեխնիկական կոմիտեների արձանագրությունների հիման վրա Հավատարմագրման ազգային մարմնի ղեկավարի ներկայացմամբ կայացնում է հավատարմագրման վերաբերյալ որոշում.
2) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման ոլորտի զարգացման ռազմավարությունը` նպատակ ունենալով զարգացնել այն Եվրամիության և միջազգային լավագույն փորձին ներդաշնակ, սահմանում է հավատարմագրման բնագավառում պետական քաղաքականության իրականացման հեռանկարային ռազմավարությունը.
3) քննարկում, հաստատում և հրապարակում է Հավատարմագրման ազգային մարմնի գործունեության (այդ թվում` ֆինանսական) տարեկան հաշվետվությունը.
4) քննարկում և հաստատում է Հավատարմագրման ազգային մարմնի տարեկան ծրագիրը և բյուջեն.
5) ընտրում է Հավատարմագրման ազգային մարմնի աուդիտն իրականացնող մարմին.
6) Հավատարմագրման ազգային մարմնի գործադիր մարմնի ներկայացմամբ հաստատում է հավատարմագրման տեխնիկական կոմիտեների գործունեության կարգը.
7) հաստատում է հավատարմագրման վկայագրերի և համապատասխանության սերտիֆիկատների ձևերը.
8) սահմանում է հավատարմագրման նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը.
9) Հավատարմագրման ազգային մարմնին հավատարմագրման ոլորտում քաղաքականության իրականացման խնդիրների հետ կապված խորհրդատվություն է տրամադրում.
10) հաստատում է հավատարմագրման գործընթացում ընդգրկվող փորձագետների (ներառյալ` օտարերկրյա փորձագետների և գնահատողների) ցանկը.
11) Հավատարմագրման ազգային մարմնի գործունեության հետ կապված բողոքները քննարկելու համար ստեղծում է բողոքարկման հանձնաժողով.
12) քննարկում և համաձայնություն է տալիս ներկայացված օտարերկրյա համապատասխանության գնահատման մարմինների ճանաչման վերաբերյալ.
13) համակարգում է Հայաստանի Հանրապետությունում ազգային, միջազգային և տարածաշրջանային հավատարմագրման աշխատանքները.
14) օրենքով սահմանված կարգով հաստատում է Հավատարմագրման ազգային մարմնի գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը.
15) իրականացնում է Հավատարմագրման ազգային մարմնի կանոնադրությամբ Խորհրդին վերապահված այլ լիազորություններ:
Հոդված 10. |
Հավատարմագրման ազգային մարմնի գործադիր մարմինը |
1. Հավատարմագրման ազգային մարմնի գործադիր մարմինն իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) ապահովում է հավատարմագրման գործընթացի և հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների պարբերական գնահատման իրականացումը.
2) հաստատում է հավատարմագրման տեխնիկական կոմիտեների անհատական կազմը.
3) ապահովում է հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների և հավատարմագրման գործընթացում ընդգրկված գնահատողների ու փորձագետների գրանցամատյանների վարումը.
4) կազմակերպում է հավատարմագրման գործընթացում ներգրավված աշխատակիցների, գնահատողների և փորձագետների վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև հավատարմագրման վերաբերյալ գիտաժողովներ և սեմինարներ.
5) հրապարակում և տրամադրում է տեղեկատվություն հավատարմագրմանն առնչվող խնդիրների վերաբերյալ.
6) հավատարմագրման բնագավառում տարածաշրջանային և միջազգային համագործակցության շրջանակներում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը և մասնակցում է հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների աշխատանքներին.
7) կազմակերպում է համապատասխանության սերտիֆիկատների բլանկների տպագրությունը և դրանք համապատասխանության գնահատման մարմիններին տրամադրումն ու հաշվառումը.
8) իր իրավասության սահմաններում կնքում է համագործակցության և համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման երկկողմանի և բազմակողմ փոխադարձ ճանաչման համաձայնագրեր.
9) հավատարմագրման բնագավառում իրականացնում է նաև այլ գործառույթներ` սույն օրենքին և այլ իրավական ակտերին, Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանային և միջազգային փաստաթղթերին համապատասխան:
Հոդված 11. |
Հավատարմագրման տեխնիկական կոմիտեները |
1. Հավատարմագրման տեխնիկական կոմիտեները ստեղծվում են Հավատարմագրման ազգային մարմնի գործադիր մարմնի կողմից:
2. Հավատարմագրման տեխնիկական կոմիտեների հիմնական գործառույթներն են`
1) համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման հետ կապված փաստաթղթերի ուսումնասիրությունը.
2) համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման փաստաթղթերի (գնահատումների) ուսումնասիրության արդյունքում Խորհրդին հավատարմագրման վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը:
Հոդված 12. |
Համապատասխանության գնահատման մարմինները |
1. Հավատարմագրման համար կարող են դիմել հետևյալ համապատասխանության գնահատման մարմինները`
1) փորձարկման և տրամաչափարկման (կալիբրավորման) լաբորատորիաները.
2) արտադրանքի սերտիֆիկացման մարմինները.
3) կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինները.
4) ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմինները.
5) տեխնիկական հսկողություն իրականացնող մարմինները.
6) համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման այլ մարմիններ:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված համապատասխանության գնահատման յուրաքանչյուր մարմին Հավատարմագրման ազգային մարմնից կարող է ստանալ տեղեկատվություն հավատարմագրման գործընթացի վերաբերյալ:
3. Համապատասխանության գնահատման մարմինները համապատասխանության գնահատման աշխատանքների իրականացման հայտերն ընդունում են էլեկտրոնային համակարգի միջոցով:
Գ Լ ՈՒ Խ 4
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Հոդված 13. |
Հավատարմագրման գործընթացը |
1. Հավատարմագրման ազգային մարմնի կողմից համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Հավատարմագրման գործընթացն իրականացվում է միջազգային ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտի պահանջների համաձայն:
3. Միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա հավատարմագրման մարմինների կողմից տրված հավատարմագրման վկայագրերի միակողմանի ճանաչման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 14. |
Համապատասխանության գնահատման մարմինների իրավունքները |
1. Համապատասխանության գնահատման մարմինները`
1) օգտագործում են Հավատարմագրման ազգային մարմնի հավատարմագրման նշանը սույն օրենքով սահմանված կարգով հավատարմագրված լինելու դեպքում.
2) դիմում են Հավատարմագրման ազգային մարմին` ընդլայնելու կամ կրճատելու, ինչպես նաև կասեցնելու կամ դադարեցնելու հավատարմագրումը.
3) բողոքարկում են հավատարմագրման գործընթացը և հավատարմագրման մասին որոշումները:
Հոդված 15. |
Համապատասխանության գնահատման մարմինների պարտականությունները |
1. Համապատասխանության գնահատման մարմինները պարտավոր են`
1) պատշաճ կերպով պահպանել հավատարմագրման կանոնները, ընթացակարգերը և Հավատարմագրման ազգային մարմնի հետ կնքված պայմանագրով ամրագրված պարտավորությունները.
2) Հավատարմագրման ազգային մարմնի և համապատասխանության գնահատման մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա կատարել վճարումներ հավատարմագրման ծառայությունների, գնահատումների համար.
3) մշտապես համապատասխանել այն ստանդարտների, նորմատիվ փաստաթղթերի և իրավական ակտերի պահանջներին, որոնց համաձայն նրանք հավատարմագրվել են.
4) վկայակոչել հավատարմագրումը և կիրառել հավատարմագրման նշանը միայն հավատարմագրված ոլորտում.
5) հավատարմագրման դադարեցման դեպքում Հավատարմագրման ազգային մարմին վերադարձնել հավատարմագրման վկայագրի բնօրինակը.
6) համագործակցել Հավատարմագրման ազգային մարմնի հետ` հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեության վերաբերյալ բողոքներն ուսումնասիրելու նպատակով:
Հոդված 16. |
Հավատարմագրման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը |
1. Հավատարմագրման ազգային մարմինը հավատարմագրման գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրում շահագրգիռ կողմերին:
2. Հավատարմագրման կանոններն ու ընթացակարգերը, ինչպես նաև հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների համար նախատեսված գրանցամատյանները ենթակա են հրապարակման Հավատարմագրման ազգային մարմնի կողմից:
Հոդված 17. |
Հավատարմագրման նշանը |
1. Հավատարմագրման նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը սահմանում է Խորհուրդը:
2. Արգելվում է չհավատարմագրված լինելու դեպքում համապատասխանության գնահատման մարմինների կողմից հավատարմագրման նշանի կիրառումը:
Գ Լ ՈՒ Խ 5
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 18. |
Հավատարմագրման ազգային մարմնի անդամակցությունը հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններին |
1. Հավատարմագրման ազգային մարմինը կարող է անդամակցել, համագործակցել հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններին, մասնակցել նրանց գործունեությանը և համաձայնագրերի շնորհիվ ձեռք բերել հավատարմագրման վկայագրերի ճանաչում:
2. Հավատարմագրման ազգային մարմնի կողմից չճանաչված համապատասխանության գնահատման մարմինների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում արգելվում է:
3. Հավատարմագրման ազգային մարմինը կարող է դիմում ներկայացնել հավատարմագրման միջազգային կազմակերպություններին անդամակցության կամ անդամակցության կարգավիճակի փոփոխության վերաբերյալ:
4. Հավատարմագրման ազգային մարմինը հավատարմագրման վկայագրերի ու համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչման համար դիմում է հավատարմագրման կազմակերպությունների բազմակողմ համաձայնագրեր ստորագրող կողմ դառնալու համար, ինչն իր հերթին ենթադրում է հավասարության սկզբունքներով փորձագիտական գնահատում: Նման փորձագիտական գնահատումն իրականացվում է հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված ընթացակարգով:
Հոդված 19. |
Հավատարմագրման ազգային մարմնի և օտարերկրյա հավատարմագրման մարմինների միջև համագործակցությունը |
1. Հավատարմագրման ազգային մարմինը կարող է կնքել երկկողմ համագործակցության համաձայնագրեր հավատարմագրման օտարերկրյա մարմինների հետ:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված համաձայնագրերը կարող են ներառել Հավատարմագրման ազգային մարմնի և որևէ օտարերկրյա հավատարմագրման մարմնի հետ համատեղ համապատասխանության գնահատման մարմինների գնահատման և հավատարմագրման իրականացման մասին դրույթ:
Հոդված 20. |
Հավատարմագրման ազգային մարմնի կողմից հավատարմագրման ծառայությունների մատուցումը օտարերկրյա մարմիններին |
1. Հավատարմագրման ազգային մարմինը կարող է հավատարմագրման ծառայություններ մատուցել օտարերկրյա համապատասխանության գնահատման մարմիններին` հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային պահանջներին համապատասխան:
Հոդված 21. |
Հավատարմագրման բնագավառում միջազգային համագործակցության մասին տեղեկատվության տրամադրումը |
1. Հավատարմագրման ազգային մարմինը տրամադրում է տեղեկատվություն երկկողմ, բազմակողմ տարածաշրջանային և միջազգային համագործակցության, օտարերկրյա համապատասխանության գնահատման մարմինների գործունեության արդյունքների ճանաչման, ինչպես նաև Հավատարմագրման ազգային մարմնի կողմից հավատարմագրված օտարերկրյա համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման վկայագրերի վերաբերյալ:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը ենթակա է հրապարակման Հավատարմագրման ազգային մարմնի կողմից:
Գ Լ ՈՒ Խ 6
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 22. |
Հավատարմագրման ազգային մարմնի ֆինանսավորումը |
1. Հավատարմագրման ազգային մարմնի ֆինանսավորման աղբյուրներն են`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարված հատկացումները.
2) հավատարմագրման ծառայություններից, գնահատումներից և տարեկան անդամավճարներից ստացված միջոցները.
3) հավատարմագրման վերաբերյալ հրատարակություններից ու դասընթացներից ստացված միջոցները.
4) միջազգային ծրագրերին, նախագծերին և համաձայնագրերին մասնակցությունից ստացված միջոցները.
5) օրենքով չարգելված այլ միջոցներ:
2. Մինչև երեք հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների անդամակցության ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:
Գ Լ ՈՒ Խ 7
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 23. |
Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար |
1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 8
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 24. |
Անցումային դրույթներ |
1. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի ՀՕ-82-Ն օրենքի համաձայն տրված հավատարմագրման վկայագրերը գործում են մինչ դրանց գործողության ժամկետի ավարտը:
Հոդված 25. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|