ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի փետրվարի 9-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«Սույն օրենսգրքի 40.3-րդ, 189.13-րդ, 189.14-րդ, 189.15-րդ և 189.16-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 189.13-րդ, 189.14-րդ, 189.15-րդ և 189.16-րդ հոդվածներով.
«Հոդված 189.13. |
Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին պետական լիազոր մարմին հաշվետվություն չներկայացնելը կամ դա չհրապարակելը |
1. Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին հաշվետվությունը օրենքով սահմանված կարգով և ժամկետում լիազոր մարմին չներկայացնելը կամ դա օրենքով սահմանված կարգով և ժամկետում չհրապարակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
2. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
Հոդված 189.14. |
Օրենքով սահմանված փաստաթղթերը պետական լիազոր մարմնին չտրամադրելը |
1. Կուսակցության հրապարակած և լիազոր մարմին ներկայացրած հաշվետվության հավաստիությունը ստուգելու համար լիազոր մարմնի պահանջի դեպքում օրենքով սահմանված փաստաթղթերը սահմանված ժամկետում չտրամադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
2. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում` կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Հոդված 189.15. |
Կուսակցությանը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի դրամական հատկացումները անկանխիկ չկատարելը |
1. Կուսակցությանը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի դրամական հատկացումները անկանխիկ չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում նվիրատու կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, նվիրատու քաղաքացիների նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով, իսկ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում նվիրատու կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրհիսնապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, նվիրատու քաղաքացիների նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ հինգհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:
Հոդված 189.16. |
Կուսակցությունների կողմից օրենքով սահմանված չափից ավելի կամ չթույլատրված նվիրատվությունները օրենքով սահմանված ժամկետներում պետական բյուջե կամ նվիրատուին չփոխանցելը |
1. Կուսակցությունների կողմից օրենքով սահմանված չափից ավելի կամ չթույլատրված նվիրատվությունները օրենքով սահմանված ժամկետներում պետական բյուջե կամ նվիրատուին չփոխանցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
2. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «արդարադատության նախարարության մարմինները,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը,» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 223.1-ին հոդվածի «և 189-րդ» բառերը փոխարինել «, 189-րդ և 189.16-րդ» բառերով, իսկ «նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետը» բառերը` «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետը» բառերով:
Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 223.2-րդ հոդվածով.
«Հոդված 223.2. |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննում է սույն օրենսգրքի 189.13-րդ, 189.14-րդ և 189.15-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:
Հոդված 6. Օրենսգրքի 302-րդ հոդվածի «188 և 182» բառերը փոխարինել «182, 188, 189.13, 189.14, 189.15 և 189.16» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|