ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20 ապրիլի 2001 թ. ք. Երևան |
N 129-Մ |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՌԱՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի հետագա ընթացքի մասին» թիվ 634 որոշման
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Ռացիոնալացման նպատակով վերակազմակերպման, լուծարման ենթակա պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ընտրության» չափանիշները:
2. Նախարարության իրավաբանական վարչության պետ Վ. Սարգսյանին` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:
3. Հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Թոփուզյանին:
Նախարար |
Է. Ղազարյան |
Հաստատում եմ` |
Չ Ա Փ Ա Ն Ի Շ Ն Ե Ր
ՌԱՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
1. Սույն չափանիշները ընդունվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թ. հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի հետագա ընթացքի մասին» թիվ 634 որոշման համաձայն:
2. Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունը (այսուհետև ուսումնական հաստատություն) կարող է վերակազմակերպվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքին և այլ օրենքներին համապատասխան:
3. Ուսումնական հաստատությունը լուծարվում է հիմնադրի որոշմամբ` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:
4. Ռացիոնալացման հետևանքով ուսումնական հաստատությունը կարող է միաձուլվել, միացվել կամ լուծարվել, եթե ուսումնական հաստատության մինչև 5 կմ շառավղով շրջակայքում կա այլ ուսումնական հաստատություն (հաստատություններ), որտեղ հնարավոր է կազմակերպել լուծարվող կամ վերակազմակերպվող հաստատությունում սովորող բոլոր աշակերտների ուսումը, առկա է մշտական գործող տրանսպորտային կապ և հաստատությունը բավարարում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին
ա) ուսումնական հաստատությունում սովորող աշակերտների թիվը պակաս է դպրոցի նախագծային հզորության (աշակերտ-տեղերի թիվ) 60 %-ից:
բ) ուսումնական հաստատության շենքերը և շինությունները գտնվում են տեխնիկական վատ (նախավթարային) վիճակում, դրանց վերականգնման համար անհրաժեշտ են մեծ ֆինանսական միջոցներ
գ) ուսումնական հաստատության դասարանի միջին խտությունը ցածր է 15-ից
դ) չկա ուսումնական, դաստիարակչական աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ (ֆիզիկայի, քիմիայի լաբորատորիաներ, սպորտ դահլիճ և այլն)
ե) հաստատությունում աշխատում են մեծ թվով ոչ մասնագետ ուսուցիչներ, առկա է ուսուցիչների և աշակերտների սիստեմատիկ արտահոսք:
ԳՐԱՆՑՎԱԾ է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
30 ապրիլի 2001 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 11001088
