ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2025 թվականի ք. Երևան |
թիվ 68-Ա |
ԼՍՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՍՓՌՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2025 թվականի փետրվարի 10-ին հայտարարել է լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ)՝ հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 44-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը։
Մրցութային հայտերի և կից փաստաթղթերի ներկայացման համար սահմանված ժամանակահատվածում (13.03.2025թ.-ից մինչև 01.04.2025թ.-ը ներառյալ) ներկայացվել է չորս հայտ՝ 2025 թվականի մարտի 13-ին հայտ է ներկայացրել «ԷԳԱԼԻՏԵ» ՍՊ ընկերությունը, մարտի 31-ին՝ «ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ և «ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունները, ապրիլի 1-ին՝ «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊ ընկերությունը (այսուհետ միասին՝ Ընկերություններ, առանձին նաև՝ Ընկերություն)։
Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի և Հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 16-րդ կետի համաձայն Ընկերությունները հայտերին կից ներկայացրել են.
1. փաստաթուղթ՝ լսողական մեդիածառայություն մատուցողի նախանշված նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ,
2. ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր,
3. տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ,
4. տեղեկություններ աշխատակազմի քանակի, նրանց կրթության և մասնագիտության վերաբերյալ,
5. էթիկայի կանոնագիր,
6. էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները,
7. լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը:
2025 թվականի ապրիլի 9-ին Հանձնաժողովի դռնբաց նիստի ընթացքում հրապարակվել են ներկայացված հայտերը և կից փաստաթղթերը՝ Ընկերությունները հնարավորություն են ունեցել մինչև 30 րոպե տևողությամբ ներկայացնել դրանց բովանդակությունը։
Հայտերը և կից փաստաթղթերը ներկայացվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
Ընկերությունների կողմից նախանշված նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ փաստաթղթերում ներկայացվել են իրենց ծրագրերի հիմնական տեսլականներն՝ անդրադառնալով Օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասով և Կարգի 37-րդ կետով սահմանված գնահատման չափանիշներին։
«ԷԳԱԼԻՏԵ» ՍՊ ընկերության («ՋԱԶ ԷՖԷՄ» ծրագիր) հայտի համաձայն՝ ռադիոկայանը գործելու է ջազային ֆորմատով, որն ուղղվելու է 30-55 և ավելի տարիքային խմբի ունկնդիրներին։
Ընկերությունը ծրագրում նախատեսում է սեփական արտադրության հաղորդումների 93,4% ծավալ (նշվել է նաև 91,6%) և հայրենական արտադրության հաղորդումների 100% (նշվել է նաև 8,4%) ծավալ: Ներկայացվել են հաղորդումների հիմնական ուղղվածությունները՝ ճանաչողական-կրթական՝ 18,8%, երաժշտական-ժամանցային՝ 9,5%, լրատվական՝ 6,6% և գովազդ՝ 13,3%:
Ներկայացվել է հաղորդումների ցանկը, դրանց նկարագրությունը, հեռարձակման պարբերականությունը, եթերաժամը և տևողությունը։ Նշվել է, որ լրատվական բլոկը կազմված է 12 թողարկումներից, որոնք կտրամադրվեն «Ավրորանյուզ»-ի լրատվական ծառայության կողմից։
Ներկայացվել է նաև օրվա ընթացքում գովազդի հեռարձակման տևողությունը, պարբերականությունը, ժամը և նշվել, որ գովազդային ուղղվածությունն իր մեջ ներառելու է ոչ միայն կոմերցիոն գովազդ, այլ նաև սոցիալական գովազդ և ծրագրի վերաբերյալ ծանուցում։
Հաղորդումների թվում նշվել են մի քանի մշակութային ուղղվածության հաղորդումներ՝ հայերենի և այլ լեզուների, ջազային մշակույթի, երաժշտական գործիքների պատմության և մշակույթի վրա դրանց ազդեցության մասին («Բառերեն», «Ջազի երանգները», «Ջազ լեգենդ», «Կյանքի նոտաները» և այլն)։
Ներկայացվել է ութ գրություն՝ լիցենզիա ստանալու դեպքում Ընկերության հետ հնարավոր համագործակցության հարցը քննարկելու պատրաստակամության վերաբերյալ։ Սակայն նշված գրություններում չեն հստակեցվել համագործակցության հնարավոր ուղղությունները։
Նշվել է, որ Ընկերությանն են պատկանում ինտերնետ ռադիոկայաններ, որոնք ունեն շուրջօրյա հեռարձակում համացանցում և բարձր ունկնդրելիություն։
Աշխատակազմի մասին ներկայացված տեղեկատվության համաձայն գործունեության սկզբնական շրջանում աշխատակազմը բաղկացած կլինի ինն անձից։ Աշխատողների ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով, ընդ որում հատուկ ուշադրության կենտրոնում է գտնվելու անձնակազմի որակավորման բարձրացման հարցը։ Ներկայացվել է տեղեկանք աշխատակազմի կրթության և պաշտոնի մասին, ինչպես նաև ներկայացվել են աշխատողների ինքնակենսագրականները։
Տեխնիկական հնարավորությունների մասին նշվել է, որ առկա 26 566 000 դրամ արժողությամբ սարքավորումները լիովին բավարար են հեռարձակում սկսելու համար։ Հատուկ ուշադրության կենտրոնում է գտնվելու տեխնիկական միջոցների մոդեռնիզացիան։ Հեռարձակումն իրականացվելու է հաճախականության ֆիլտրի կիրառմամբ։ Ընկերությունն ունի ռադիոյի տեսասփռման պատրաստի համակարգ, ինչպես նաև «Chroma key» ստուդիա, որը թույլ է տալիս կազմակերպել ուղիղ եթերներ և հարմարեցնել ստուդիան կոնկրետ նպատակի։ Ներկայացվել է առկա սարքավորումների ցանկը, դրանց տեխնիկական բնութագրերը, քանակը և արժեքը, ինչպես նաև տեղեկանք առ այն, որ Ընկերությունը հանդիսանում է մի շարք դոմենների սեփականատեր։
Ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ ներկայացվել է ծրագրի համար ներդրվելիք գումարի առկայությունը հիմնավորող բանկային տեղեկանք։ Հետագա յոթ տարվա ընթացքում Ընկերության միջոցներից նախատեսվում է ներդնել տարեկան միջին հաշվով 1,5 մլն դրամ, ընդհանուր գումարը կկազմի 10,5 մլն դրամ։ Միջին աշխատավարձը նախատեսվել է 240 000 դրամ։ Ներկայացվել է Ընկերության տնօրենի կողմից հավաստող գրություն՝ 01.01.2022թ.-31.12.2024թ. ժամանակահատվածում Ընկերության գործունեությունից համախառն հասույթի վերաբերյալ տեղեկատվություն։
«ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության (ՌԱԴԻՈ «ԱՐԱՐ» ծրագիր) հայտի համաձայն՝ «ԱՐԱՐ» ռադիոն գործելու է 2001թ․-ին հիմնադրված «ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ» հեռուստաընկերության գույքային և տեխնիկական միջոցների, որդեգրած գաղափարախոսության և ռեսուրսների հիմքի վրա։ Հեռուստաընկերությունը հիմնականում զբաղվել է եղանակի տեսության թողարկումների պատրաստմամբ, պատրաստել է նաև մշակութային, սոցիալական, ճանաչողական ու տեղեկատվական, հոգևոր-դաստիարակչական, կրթական, մանկապատանեկան և այլ հաղորդումներ ու ֆիլմաշարեր՝ համագործակցելով մի շարք հեռուստառադիոընկերությունների հետ։
Նշվել է, որ ռադիո «ԱՐԱՐ»-ի եթերում հիմնականում շեշտը դրվելու է սեփական նոր նախագծերի, որակյալ երգերի ձայնագրությունների ստեղծման վրա և առաջնայնությունը տրվելու է մշակութային, հասարակական, սոցիալական, տեղեկատվական-ճանաչողական, ազգային և երաժշտական որակյալ բովանդակությանը։ Ռադիոեթերում հնչող երաժշտության հիմնական մասը կազմելու են սեփական արտադրության ձայնագրությունները՝ հեղինակային երգերը, որոնցում կարևորվում է բանաստեղծական խոսքը, որակյալ երաժշտությունը։ Եթերում կհնչեն նաև ազգային, ժողովրդական, ջազային, ռոք կատարումներ և դասական երաժշտություն՝ բացառելով ցածրորակ ժանրերի ներթափանցումը ռադիոեթեր։ Նշված երաժշտական ուղղությունները կկազմեն ընդհանուր եթերի 80-90%-ը, իսկ 10-20%-ը կկազմեն ճանաչողական, մշակութային, սոցիալական ուղղվածության հաղորդումները։
Ընկերության սկզբունքներից են՝ լուսաբանել ազգային մշակույթը, ապահովել հաղորդումների բազմազանություն, հաղորդումներում՝ բազմակարծություն՝ ձայնի իրավունք տալով տարբեր հայացքներ ու կարծիքներ ունեցող մարդկանց։ Որպես Ընկերության ռազմավարական ուղղություն մասնավորապես նշվել է՝ ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային և մարդասիրական մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների հեռարձակում, ճանաչողական հաղորդաշարերով պետության և հայրենասիրական արժեքների մասին իրազեկում։
Սեփական արտադրության հաղորդումները եթերում կազմելու են 80-90%, իսկ արտաքին շուկայից ձեռք բերվող բովանդակությունը կկազմի 10-20%։
Ծրագրվում է, որ եթերի 80-90%-ը կլինի հայերեն և Ընկերության առաջնային ու հիմնական խնդիրն է եթերում պահպանել անաղարտ մայրենին։
Մշակութային հաղորդումներում նախատեսվում է դասական և ժամանակակից պոեզիայի ընթերցումներ, հարցազրույցներ արվեստի գործիչների հետ, կենդանի համերգներ։ Նշվել են հեռուստաընկերության պատրաստած «Կուլիսներ» մշակութային հաղորդաշարը, որը լուսաբանում է Հայաստանում արվեստի տարբեր ճյուղեր ներկայացնող մարդկանց կյանքի անհայտ կողմերը և «Հայոց տաճարներ» վավերագրական ֆիլմաշարը, որը ներկայացնում է պատմական Հայաստանի հոգևոր հուշարձանները, դրանց պատմամշակութային արժեքը, որպես հայկական մշակույթի հարուստ ժառանգություն։
Հեռուստաընկերության աշխատակազմը բաղկացած է ինն անձից, որոնք հետագայում աշխատելու են «ԱՐԱՐ» ռադիոյում։ Նրանց գերակշիռ մասն ունի տասից ավելի տարվա աշխատանքային փորձ մեդիայի բնագավառում։ Աշխատողների 66,7%-ն ունի բարձրագույն, 33,3%-ը՝ միջին մասնագիտական կրթություն։ Ստեղծագործական անձնակազմը կազմում է աշխատողների 60%-ը՝ բարձրագույն կրթությամբ և բազմամյա աշխատանքային փորձով։ Հետագայում նոր նախագծեր իրականացնելու համար պայմանագրային հիմունքներով նախատեսվում է հրավիրել մասնագետներ՝ իրենց փորձն ու հմտությունները ներդնելու համար։ Ներկայացվել է աշխատողների ցանկը՝ հաստիքները, կրթությունը և աշխատանքային փորձը ներառող տվյալներով, աշխատակազմի կառուցվածքը, ինչպես նաև տեղեկատվություն՝ աշխատողների կրթության և աշխատանքային գործունեության մասին։
Տեխնիկական հնարավորությունների մասին նշվել է, որ հեռուստաընկերության հզոր տեխնիկական ապահովման, ինչպես նաև վիրտուալ տաղավարների շնորհիվ լայն հնարավորություններ են ստեղծվել տարբեր բնույթի հաղորդումների և ֆիլմերի նկարահանման համար։ Եղանակի տեսության թողարկումներն իրականացվել են նորագույն թվային, ինչպես նաև նեղ մասնագիտական տեխնիկայի միջոցով։ Հսկայական 3D վիրտուալ տաղավարները հնարավորություն են տվել միաժամանակ իրագործելու նկարահանման հետ կապված ցանկացած խնդիր։ 2015 թվականից սկսած հեռուստաընկերության անձնակազմն իր տեխնիկական միջոցներով նկարահանել, մոնտաժել և սոցիալական կայքերում, յութուբում տեղադրել է հեղինակային երգի համահայկական և միջազգային փառատոնների տեսագրությունները։ Հետագա գործունեություն ծավալելու դեպքում Ընկերությունը պլանավորում է մշտապես արդիականացնել տեխնիկան, ինչը կապահովի որակապես նոր եթեր։
Ներկայացվել է տեխնիկական միջոցների ցանկը՝ քանակական տվյալներով և տեխնիկական բնութագրերով, ինչպես նաև ձայնագրման տաղավարների, սարքասրահների և սարքավորումների նկարագրությունը։
Ֆինանսական հնարավորությունների մասին ներկայացվել է Ընկերության տնօրենի (հիմնադրի) անվամբ սեփականության իրավունքով գրանցված անշարժ գույքի պետական գրանցման վկայական։ Ներկայացվել է նաև տեղեկանք տնօրենի կողմից՝ ՌԱԴԻՈ «ԱՐԱՐ» ծրագրի զարգացման համար ներդրումներ կատարելու պատրաստակամության մասին։ Ռադիոյի անխափան և որակյալ եթերն ապահովելու համար Ընկերությունը ենթադրում է կատարել տարեկան մոտ 10 մլն – 20 մլն դրամի ներդրում, որը յոթ տարվա կտրվածքով կկազմի 70 մլն – 140 մլն դրամ։ Նշվել է, որ ըստ անկախ գնահատողի գնահատման ակտերի՝ շենք-շինությունների արժեքը կազմում է 400 մլն դրամ։
Ներկայացվել է ինը տեղեկանք-համաձայնագիր՝ գովազդի տեղադրման վերաբերյալ, ինչպես նաև մի շարք երաժշտական ծրագրերին ֆինանսական աջակցություն (ամսական միջինում 300000 - 500000 ՀՀ դրամ գումարի չափով) ցուցաբերելու մասին։
«ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության («ՆԵՔՍԹ» ԷՖԷՄ ծրագիր) հայտի համաձայն՝ ներկայացված նախագծի հիմնական գաղափարն է՝ Հայաստանում առաջին երիտասարդական ռադիոկայանի ստեղծումը, որն ուղղված կլինի էլեկտրոնային երաժշտության և թվային ինտերակտիվության վրա։ Ռադիոկայանի թիրախային լսարանը 18-35 տարեկան երիտասարդներն են։
Որպես գլխավոր նպատակ նշվել է մրցակցային առավելությունների ավելացումը, իսկ որպես ռազմավարական նպատակ՝ շահութաբերության բարձրացում, հիմնական մրցակիցների արտամղում, կառավարման համակարգերի կատարելագործում և այլն։
Ընկերությունը նախատեսում է երաժշտական-տեղեկատվական հեռարձակման ռադիոկայան՝ 40% տեղեկատվության (20% ինֆորմացիոն ծրագրեր և 20% երիտասարդական ծրագրեր) և 60% երաժշտության հարաբերակցությամբ (երաժշտական և երաժշտական-ժամանցային ծրագրեր), կհեռարձակվի նաև երաժշտական, մշակութային տեղեկատվություն։ Նշվել է նաև, որ քաղաքական նորություններ չեն հեռարձակվելու։
Ռադիոկայանն իրականացնելու է սեփական երաժշտական հաղորդումների պատրաստում և հեռարձակում, սեփական և հայրենական արտադրության հաղորդումները կազմելու են համապատասխանաբար 80% և 20% ծավալներ։ Հաղորդումների հեռարձակման լեզուն հայերենն է։
Ներկայացվել է ռադիոկայանի եթերային հաղորդացանկը, որտեղ նկարագրված են շաբաթվա յուրաքանչյուր օրվա հաղորդումներն ըստ ժամային բաշխվածության։
Ներկայացվել է մի շարք հաղորդումների նկարագրությունը, որոնց թվում են՝ «Ապագայի նորություններ», «Պարզ՝ բարդի մասին» (գիտական երևույթների մասին), «Հայաստանը խաղի մեջ» և այլն։ Կիրականացվեն հայկական և համաշխարհային կոմպոզիցիաների վերամշակում ժամանակակից էլեկտրոնային ոճերի կիրառմամբ (հաուս, տեխնո, դիփ հաուս), հայկական ժողովրդական, դասական, էստրադային երաժշտության մշակումներ։ Ներկայացվել է նաև «Գրական բիթ» հաղորդումը, որը հայ դասական գրականության և ժամանակակից էլեկտրոնային հավաքածուների յուրօրինակ համադրություն է՝ եթերում հնչում են հայ մեծ գրողների՝ Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի ստեղծագործությունները նոր ձևաչափով՝ հաուսի, դիփ-հաուսի և էմբիենտի հիպնոսային ռիթմերով:
Տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ նշվել է, որ ռադիոկայանի գործունեությունն ապահովվելու է ռադիոհեռարձակման ոլորտում լավագույն տեխնոլոգիաների և կազմակերպչական ձեռքբերումներով։ «ՆԵՔՍԹ» ԷՖԷՄ ռադիոկայանը նոր բարձր տեխնոլոգիական երաժշտական նախագիծ է՝ ռադիոեթերի ծրագրավորման համար նորարարական մոտեցումների օգտագործմամբ։ Ռադիոլսողների համար բացառիկ հնարավորություն կստեղծվի հաղորդակցական ինտերակտիվ միջոցների շնորհիվ հեռավար ազդել երգացանկի վրա։ Հեռարձակումը լիարժեք ավտոմատացված է։
Ներկայացվել է սերվերային համակարգի, ռադիոհաղորդիչ սարքավորումների նկարագրությունը և բնութագրերը, ինչպես նաև եթերային, ձայնագրման, լրատվական-մոնտաժային ստուդիաների նկարագրությունը և դրանցում գործածվող ապարատա-ստուդիական կոմպլեքսը ներառող սարքավորումների տեխնիկական բնութագրերը։
Ֆինանսական հնարավորությունների մասին նշվել է, որ նախագծի ֆինանսավորումն իրականացվելու է հիմնադրի անձնական ներդրումների միջոցով։ Ըստ հայտի, Ընկերությունը կայուն ֆինանսական վիճակում է և ունի բավարար միջոցներ նոր ռադիոկայանում ներդրումներ կատարելու համար (ներկայացվել է Ընկերության վերջին երեք տարվա ֆինանսական հաշվեկշիռը)։ Ներկայացվել է նաև եկամուտների կանխատեսումը առաջիկա երեք տարիների համար։
Աշխատակազմի վերաբերյալ ներկայացվել է Ընկերության կառուցվածքային սխեման, աշխատակազմի կազմակերպչական կառուցվածքը, գործառույթները, մասնագիտական փորձը, չորս աշխատողների (ղեկավար կազմի) ինքնակենսագրականները, իսկ հայտի ֆինանսական հատվածում աշխատավարձի ամսական կանխատեսումները ներկայացվել են տասը աշխատողի հաշվարկով։
«ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊ ընկերության («ԼԱՎ ԷՖ ԷՄ» ծրագիր) հայտի համաձայն՝ Ընկերությունը նախատեսում է ստեղծել ընդհանուր ուղղվածության ծրագիր, որը կներառի երաժշտական, ժամանցային, մշակութային, կրթական, լրատվական, հասարակական-քաղաքական, մարզական, մանկապատանեկան և այլ հաղորդումներ և իր խմբագրական քաղաքականությամբ առաջնորդվելու է՝ «Տեղեկացնել, լուսավորել, զվարճացնել» կարգախոսով։
Նշվել է, որ ծրագրում զգալի տեղ են զբաղեցնելու հետաքրքիր և հանրաճանաչ մարդկանց, արվեստագետների և մտավորականների հետ հարցազրույցները, ինչպես նաև ռադիոներկայացումները, որոնց հեռարձակման համար ունի նախնական պայմանավորվածություններ։ Աուդիոընթերցանության միջոցով ներկայացվելու է հայ գրականության երախտավորների կյանքը և գործունեությունն արդի իրողությունների լույսի ներքո։
Առանձնակի ուշադրություն է դարձվելու երիտասարդների կրթմանն ուղղված դասախոսությունների հեռարձակմանը նոր տեխնոլոգիաների և ճարտարագիտական հայտնագործությունների հանրայնացման համար։ Առանձնահատուկ տեղ է հատկացվելու գիտատեխնիկական նվաճումներին և դրանց ուսումնասիրություններին։ Մանկապատանեկան կրթական հաղորդումներում կիրառվելու է «edutainment» գործիքակազմը՝ կրթել, տեղեկացնել զվարճանքի, խաղի միջոցով։ Ընկերությունը նախատեսում է նաև լուսավորչական ուղղվածության հաղորդումներ, որոնք կկազմեն եթերային ժամանակի 20%-ը։ Այս տեսակի հաղորդաշարերից կլինի «Գիրք քնելուց առաջ» հաղորդաշարը։
Երկրի ապագայի մասին «Futura. Հայաստան» հաղորդաշարը ներկայացնելու է քաղաքացիների պատկերացումները Հայաստանի, ապագայի տեխնոլոգիաների մասին։
Նախատեսվում է ազգային փոքրամասնությունների առօրյան ու կենցաղը ներկայացնող հաղորդաշար՝ ազգային լեզվով, իսկ հայերեն թարգմանությունների միջոցով հաղորդակից կդառնա նաև հայախոս լսարանը։
Երաժշտական հաղորդումները լինելու են բազմաժանր՝ ժողովրդական, ազգագրական, հոգևոր և դասական բաղադրիչներով, առաջնահերթությունը տրվելու է հայ հեղինակներին։ Պատրաստվելու են ջազին նվիրված հաղորդումներ, ներկայացվելու են վերլուծություններ հայկական ջազի, դրա զարգացման փուլերի վերաբերյալ:
Ներկայացվել է հաղորդումների մանրամասը նկարագրությունը, ինչպես նաև սկզբնական շրջանում թողարկվելիք հաղորդումների նկարագիրը։
Նախատեսվում է ապահովել ծրագրի զուգահեռ տեսասփռումը, որը հնարավորություն կտա բազմակողմանի և անմիջական շփում ռադիոլսողների հետ։
Ընկերությունը նախատեսում է ռադիոկայանը ապահովել նորագույն տեխնիկական միջոցներով, միաժամանակ մի քանի հաղորդում ձայնագրելու, մոնտաժելու և խմբագրելու հնարավորությամբ։ Ռադիոկայանը տեխնիկապես բաժանված կլինի գրասենյակային և հեռարձակման-պատրաստման բլոկներից։ Հեռարձակման, տվյալների պահպանման, ցանցային անվտանգության, կապի միջոցների, մոնիտորինգի և արխիվացման համար հիմնական սարքավորումներից բացի կգործեն պահուստային տարբերակներ։
Նշվել է, որ ռադիոկայանը պատրաստ է լրատվական օպերատիվ թողարկումների և ուղիղ եթերների ստուդիայից, արտերկրից և ՀՀ ցանկացած վայրից, որի համար հարկավոր է լոկալ ցանցի ստեղծում և տեխնիկայի փուլային ավելացում։
Ներկայացվել են տեխնիկական միջոցների բնութագրերը և սարքավորումների նկարագրությունը։
Ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ նշվել է, որ ռադիոկայանի աշխատանքը կազմակերպելու համար համաձայնություն է ձեռք բերվել տարածք վարձակալելու վերաբերյալ։
Ներկայացվել է ռադիոկայանի կայացման համար նախատեսվող գումարի առկայությունը հիմնավորող բանկային տեղեկանք։ Գումարի մի մասը ծախսվելու է տեխնիկական հագեցվածության և ծրագրային ապահովման վրա, մնացած մասը՝ հաղորդումների պատրաստման, տաղավարների հագեցվածության, գովազդի և ճանաչելիության բարձրացման վրա։ Նշվել է, որ գործունեության մեկնարկին զուգահեռ անհրաժեշտության դեպքում ներդրումների ծավալը կմեծացվի։
Ներկայացվել է ֆինանսական ներդրումային ծրագրերի և աշխատավարձերի եռամյա կանխատեսվող նախահաշիվը՝ 2025թ․-2027թ․ ժամանակահատվածի համար, ինչպես նաև գովազդատուների հետ համագործակցության մտադրությունների մասին երկու համաձայնագիր։
Նշվել է, որ գործունեության սկզբնական շրջանում աշխատակազմը բաղկացած կլինի վեց աշխատողից և ներկայացվել է նախնական հաստիքացուցակը։ Ներգրավվող աշխատողներն ունեն երկարամյա փորձ՝ մշակութային, մարզական, ժամանցային և կրթական ծրագրերի պատրաստման ոլորտում։ Հետագայում նախատեսվում է ստեղծել նոր աշխատատեղեր և աշխատողների քանակը հասցնել 25-ի, ներկայացվել է նաև 25 անձից բաղկացած աշխատակազմի հաստիքացուցակը և աշխատակազմին ներկայացվող պահանջները։
Կադրային քաղաքականությունը ուղղված է լինելու բարձր մասնագիտական կարողություններ ունեցող, արհեստավարժ, փորձառու մասնագետների ներգրավմանը։ Առանձնակի ուշադրություն է դարձվելու կադրերի վերապատրաստմանը, փորձի փոխանակման ծրագրերի մասնակցությանը և շարունակական ինքնակրթությանը։ Ներկայացվել է Ընկերության աշխատակազմի կառուցվածքը։
Հանձնաժողովի հիմնավորումները (պատճառաբանությունը) և եզրահանգումը.
Այսպիսով, Հանձնաժողովը, ղեկավարվելով օրինականության, ժողովրդավարության, հավասարության, անաչառության, ինքնուրույնության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքներով, Ընկերությունների հայտերի և կից փաստաթղթերի ուսումնասիրության, համադրման և գնահատման արդյունքում ամրագրում է հետևյալը․
Օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովը մրցույթում հաղթող մասնակցի ընտրության ժամանակ հաշվի է առնում` սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը, հայերեն հաղորդումների գերակայությունը, բազմակարծությունը խթանելու կարողությունը, հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը, գործող լիցենզավորված հեռարձակողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը:
Սեփական արտադրության և հայերեն հաղորդումներ
Սեփական արտադրության և հայերեն հաղորդումների ապահովման վերաբերյալ հայտերում առկա տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովը փաստում է, որ Ընկերություններն իրենց ծրագրերում ընդհանուր առմամբ նախատեսում են սեփական արտադրության և հայերեն հաղորդումներ։
«ԷԳԱԼԻՏԵ» ՍՊ ընկերության հայտում սեփական արտադրության և հայրենական արտադրության հաղորդումների վերաբերյալ տվյալները ներկայացվել են անփութորեն՝ նշվել են սեփական արտադրության հաղորդումների (93,4% և 91,6%) և հայրենական արտադրության հաղորդումների (100% և 8,4%) տարբեր ցուցանիշներ, ընդ որում նշենք, որ «հայրենական արտադրության հաղորդումներ» հասկացությունը Օրենքով սահմանված չէ։
Հայերեն հաղորդումների ծավալ չի նշվել, սակայն ծրագրում նախատեսվում են հայերեն հաղորդումներ՝ «Բառերեն», «Մենք և Մեր Սարերը», «Կյանքի նոտաները» և այլն։
«ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության սեփական արտադրանքը եթերում կազմելու է 80-90%, իսկ ոչ սեփական հաղորդումները կկազմեն 10-20%։ Ծրագրվում է, որ եթերի 80-90%-ը կլինի հայերեն։
«ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության եթերում սեփական և հայրենական արտադրության հաղորդումները կազմելու են համապատասխանաբար 80% և 20% ծավալներ։ Այստեղ ևս նշենք, որ «հայրենական արտադրության հաղորդումներ» հասկացություն Օրենքով սահմանված չէ։ Հայտում նշվել է, որ հեռարձակման լեզուն հայերենն է, սակայն հայերեն հաղորդումների ծավալ չի նշվել։ Ներկայացվել են «Գրական բիթ» (հայ մեծ բանաստեղծների և գրողների ստեղծագործությունների մասին), «Պարզ՝ բարդի մասին» (գիտական երևույթների մասին) և այլ հայերեն հաղորդումներ։
«ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊ ընկերության հայտում սեփական արտադրության հաղորդումների և հայերեն հաղորդումների ծավալներ չեն նշվել, սակայն հաղորդումների նկարագրությունից ելնելով կարելի է եզրակացնել, որ հաղորդումների մեծ մասը սեփական արտադրության է՝ «Մի նկարի պատմություն», «Futura. Հայաստան» և այլն, միաժամանակ, Ընկերության սկզբունքային մոտեցումն է՝ ռադիոլսողին տրամադրել որակյալ բովանդակություն հայերեն լեզվով։ Հայերեն հաղորդումներից են ռադիոներկայացումները, աուդիոընթերցանությամբ հայ գրականության վերաբերյալ հաղորդումները և այլն։
Բազմակարծությունը խթանելու կարողություն
Կարևորվելով հանրային իրազեկման գործում հեռարձակողների կարևոր դերակատարումը և ժողովրդավարական պետության մեջ քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքի ապահովումը, Օրենքով երաշխավորված է տեղեկատվության ազատությունը, հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքը, կարծիքների արտահայտման իրավունքը, ինչը կնպաստի տեսալսողական հաղորդումների բովանդակության բազմազանությանը և բազմակարծության խթանմանը: Այս համատեքստում հարկ է նշել, որ հեռարձակողներն իրենց ծրագրերում պետք է ապահովեն նաև հաղորդումների բազմազանություն։
«ԷԳԱԼԻՏԵ» ՍՊ ընկերությունը նախատեսում է հիմնականում երաժշտական (ջազային)-ժամանցային ձևաչափով ծրագիր, ներկայացված հաղորդումները առավելապես ջազի մասին են և հանրօգուտ հաղորդումները սակավաթիվ են, հետևաբար հաղորդումների բազմազանություն չի նախատեսվում։ Ընկերության հայտում բազմակարծության ապահովմանն անդրադարձ չի կատարվել, այնուամենայնիվ նշենք, որ «ԷԳԱԼԻՏԵ» ՍՊ ընկերության հաղորդումներում նախատեսվում են քննարկումներ, սոցիալական թեմաներով թոք-շոու։ Հավելենք նաև, որ ներկայացվել է թեմատիկ ուղղվածության հաղորդումների տոկոսային բաշխվածությունը, որի ընդհանուր ծավալը կազմում է 48,2% և չկա որևէ տեղեկատվություն մնացած բաշխվածության հաղորդումների մասին։
«ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության հայտում հիմնականում ներկայացվել է նախորդ տարիներին Ընկերության կողմից իրականացված գործունեության և պատրաստված հաղորդումների մասին, իսկ նախատեսվող նոր հաղորդումների մասին տեղեկատվություն չի ներկայացվել։ Ընկերությունը նախատեսում է երաժշտական ուղղվածության ծրագիր, որի հիմնական մասը կկազմեն հեղինակային երգերը։ Սակայն ի տարբերություն «ԷԳԱԼԻՏԵ» ՍՊ և «ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունների կողմից ներկայացված ծրագրերի, որոնք նեղ ուղղվածության երաժշտական նախագծեր են նախատեսում, «ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության ծրագիրը, բացի հեղինակային երգերից, ներառելու է նաև ազգային, ժողովրդական, ջազային, ռոք կատարումներ և դասական երաժշտություն։ Ընկերությունը նշել է, որ ապահովելու է հաղորդումների բազմազանությունը, ինչպես նաև բազմակարծությունը՝ ձայնի իրավունք տալով տարբեր հայացքների ու կարծիքների մարդկանց։
«ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության ծրագիրը էլեկտրոնային երաժշտության ձևաչափում է, նախատեսվում է իրականացնել հայկական և համաշխարհային ստեղծագործությունների վերամշակում ժամանակակից էլեկտրոնային ժանրերի կիրառմամբ (հաուս, տեխնո, դիփ հաուս, տրանս, էմբիենտի հիպնոսային ռիթմեր և այլն)։ Ներկայացված ծրագիրը նեղ երաժշտական ուղղվածության է և հանրօգուտ հաղորդումները սակավաթիվ են, հետևաբար հաղորդումների բազմազանություն չի նախատեսվում։ Ընկերության հայտում բազմակարծության ապահովմանն անդրադարձ չի կատարվել, սակայն նշենք, որ հաղորդումներում նախատեսվում են հարցազրույցներ, քննարկումներ։
«ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊ ընկերությունը նախատեսում է ստեղծել ընդհանուր ուղղվածության ծրագիր, որտեղ ապահովելու է հաղորդումների բազմազանություն՝ երաժշտական, ժամանցային, մշակութային, կրթական, լրատվական, հասարակական-քաղաքական, մարզական, մանկապատանեկան և այլ ուղղվածության հաղորդումների հեռարձակմամբ։ Հաղորդումների տոկոսային բաշխվածություն չի նշվել, սակայն հաղորդումների նկարագրությունից պարզ է, որ Ընկերությունը նախատեսում է տարբերվող բնույթի հաղորդումներ՝ զգալի տեղ են զբաղեցնելու ռադիոներկայացումները, հայ գրականության վերաբերյալ աուդիոընթերցանությունը, առանձնահատուկ տեղ է հատկացվելու երիտասարդների կրթմանն ուղղված դասախոսությունների հեռարձակմանը, գիտատեխնիկական նվաճումներին և դրանց ուսումնասիրություններին։ Մանկապատանեկան կրթական հաղորդումներում կիրառվելու է «edutainment» գործիքակազմը՝ կրթել, տեղեկացնել զվարճանքի, խաղի միջոցով, միավորելով մեդիաների թվային հնարավորությունները և կրթական ժամանցային տեխնոլոգիաները՝ նախատեսվում են լուսավորչական ուղղվածության հաղորդումներ։
«ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊ ընկերության հայտում բազմակարծության ապահովմանն անդրադարձ չի կատարվել, սակայն նշել է, որ լինելու են հասարակական-քաղաքական ուղղվածության հաղորդումներ, միաժամանակ, հաղորդումներում զգալի տեղ են զբաղեցնելու հարցազրույցները, հանրային քննարկումները։
Բազմակարծության ապահովման չափանիշի համադրումը որոշակի դժվարություն է ներկայացնում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ «ԷԳԱԼԻՏԵ» ՍՊ, «ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ և «ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունները ծրագրերում նախատեսում են հիմնականում երաժշտական ուղղվածության հաղորդումներ, իսկ «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊ ընկերությունը նախատեսում է ընդհանուր թեմատիկ ուղղվածության հաղորդումներ, որոնցում բազմակարծության ապահովման շատ ավելի լայն հնարավորություն կա։
Ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումներ
Ընկերությունների հայտերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ծրագրերում առկա են մշակութային հաղորդումներ, որոնք միտված են ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների ապահովմանը։ Ընկերությունները նշված հաղորդումների հստակ բաշխվածություն չեն ներկայացրել, սակայն ի տարբերություն երաժշտական ուղղվածության ծրագրեր նախատեսող մրցույթի մյուս մասնակիցների, «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊ ընկերության ծրագրում զգալի տեղ են գտնելու հանրօգուտ բովանդակության մշակութային, կրթական, մարզական, մանկապատանեկան և լուսավորչական հաղորդումներ, ինչպես նաև բազմաժանր՝ ժողովրդական, ազգագրական, հոգևոր և դասական երաժշտական հաղորդումներ։
Տեխնիկական և ֆինանսական հնարավորություններ
«ԷԳԱԼԻՏԵ» ՍՊ ընկերության ներկայացրած տեխնիկական, հնչյունային և համակարգչային հիմնական միջոցների ցանկը համապատասխանում է ժամանակակից ՖՄ ռադիոընկերությանը բնորոշ պահանջներին և չափորոշիչներին՝ բովանդակության ստեղծման, հնչյունային ազդանշանի հեռարձակման, ինչպես նաև ռադիոընկերության անխափան աշխատանքի համար:
Ըստ Ընկերության ներկայացրած ցանկի՝ վերջինս եթերային հեռարձակում սկսելու համար արդեն իսկ ունի տեխնիկական, համակարգչային և հնչյունային սարքավորումներ:
Հիմնական և պահեստային աշխատանքների համար Ընկերությունը նախատեսում է շահագործել VIGINTOS RT-FMS-2001 մակնիշի 2000 Վտ հզորության, հայելային նույնանման տեխնիկական չափանիշներով 2 հաղորդակ։ Վթարային ռեժիմների ժամանակ կօգտագործվի ավելի թույլ հզորության՝ RVR 500 մակնիշի 500 Վտ հզորության հաղորդակ:
Կօգտագործվի նաև 2-POLE FM BPF TS2P220F մակնիշի 3,3 Կվտ հզորության ռադիոհաճախականային ֆիլտր, որը հնարավորություն կտա հնարավորինս անթափանց սպասարկել համապատասխան հաճախականության տիրույթը:
Ընկերությունը նախատեսում է շահագործել VIGNITOS BLR-2DBAX6 մակնիշի ալեհավաք, որն ունի հորիզոնական և ուղղահայաց սփռման 6 տիրույթ՝ համապատասխան 11Db ուժեղացումով: Հայտի մեջ, սակայն, տեղեկատվություն չկա, թե որտե՞ղ է պլանավորվում տեղակայել ալեհավաքը, տվյալ տեղամասում սփռման տիրույթ ապահովելու համար իրականացվե՞լ են արդյոք տեխնիկական համապատասխան հաճախականության չափումներ:
Ընկերությունը եթերային հեռարձակման համակարգում պլանավորում է օգտագործել հիմնական՝ OMNA 11 մակնիշի և պահուստային՝ AXEL FALCON 35 մակնիշի ՖՄ պրոցեսորներ, որոնք կապահովեն հաղորդակ-եթերային համակարգ-ռադիոընդունիչ օղակի անխափան աշխատանքը: Կիրառվելու է Telos Alliance մակնիշի եթերային հեռարձակման համակարգ, որը ոլորտում հաճախ կիրառվողներից մեկն է համարվում:
Ընկերությունն իր հաշվեկշռում ունի նաև OMNIA 9XE մակնիշի ինտերնետային հեռարձակման հնարավորության պրոցեսոր: Առկա են նաև PTZ OPTIX 12X, BLACKMAGIC DESEIN ULTRA HD և LOGITECH BRIO մակնիշի տեսախցիկներ, որոնք համապատասխան հարթակներում հնարավորություն են տալիս ապահովել նաև videostream:
Ըստ «ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՊ ընկերության ներկայացրած հայտի՝ տվյալ հաճախականության տիրույթում ռադիոկայանի հեռարձակման աշխատանքները կազմակերպելու համար օգտագործվելու են հեռուստաընկերության հաշվեկշռում առկա և շահագործվող տեխնիկական, համակարգչային և հնչյունային սարքավորումները:
Ռադիոընկերության ալեհավաքը տեղադրվելու է Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հեռուստաընկերության շենքի տանիքում։ Ընկերությունը հավաստիացնում է, որ տվյալ տարածքից հեռարձակում ապահովելու համար իրականացվել են տեխնիկական, հաճախականության համապատասխան չափումներ, և արձանագրվել է մինչև 80 կմ ազդանշանի սփռում՝ ներառյալ Արարատյան դաշտավայրը:
Ընկերության շենքը, հեռուստատեսային տաղավարները, սերվերային և հեռարձակման սենյակներն ապահովված են էներգասնուցման եռաֆազ հզորության 2 անկախ ուղղությամբ: Վթարային անջատումների ժամանակ իրականացվում է ավտոմատ անցում դեպի պահեստային ուղղության, իսկ էլեկտրաէներգիայի ամբողջական բացակայության դեպքում ինքնաշխատ գործարկվում է էլեկտրականություն արտադրող բենզինային գեներատորը:
Ընկերությունն այս պահին շահագործում է․
1. ստուդիական 5 տաղավար,
2. ձայնային մեկուսացմամբ ակուստիկ ձայնագրման 1 տաղավար,
3. հավաքակցման 3 սենյակ,
4. գրաֆիկական ձևավորման և եթերային սարքասրահ։
Տվյալ հաճախականության տիրույթում ՖՄ հեռարձակում իրականացնելու համար Ընկերությունը հագեցած է հնչյունային, տեխնիկական, սերվերային համապատասխան համակարգերով:
Հայտում Ընկերությունը նշել է նաև, որ մայրաքաղաքային սփռման լսողական ծրագրի հաճախականության օգտագործման մրցույթը հաղթահարելուց հետո՝ ձեռք կբերի պահանջվող հզորությամբ հիմնական և պահուստային հաղորդակներ:
«ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունը, ըստ հայտով ներկայացրած տեխնիկական, համակարգչային և հնչյունային սարքավորումների ցանկի, համապատասխան հաճախականության տիրույթում լիարժեք կարող է ՖՄ ռադիոկայանի եթերային հեռարձակում իրականացնել։
Մայրաքաղաքային սփռման լսողական ծրագրի հաճախականության օգտագործման մրցույթը հաղթահարելուց հետո՝ Ընկերության ռադիոհաղորդիչ սարքավորումները կտեղակայվեն Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի Երևան քաղաքի հեռուստաաշտարակում, որը կապահովի ազդանշանի անխափան և որակապես բարձր սփռումը: Կօգտագործվի ժամանակակից տեխնոլոգիական պահանջները բավարարող ELENOS-ETG1000 մակնիշի ՖՄ հաղորդակը: Զուգահեռ, կշահագործվի ֆրանսիական արտադրության IMPACT STUDIO մակնիշի պրոցեսորը, որն ապահովում է ազդանշանի ամենաօպտիմալ տարբերակն օպտիկամանրաթելային կապով անկորուստ փոխանցելու համար:
Եթերային սարքասրահում կտեղադրվեն YAMAHA AES/EBU 48KHZ/24.BIT ծրագրային ապահովման և LIVE կիրառման մոդուլային համակարգեր: RME սալիկներով և SOUND EMPAYER ընկերության ծրագրային ապահովման ձայնային կայանները կսպասարկեն ձայնագրման, մշակման և հեռարձակման տեխնոլոգիական գործառույթները:
Եթերային տաղավարում տեղադրված տեսախցիկներից ստացված ազդանշանային տեսահոսքն ունկնդիրը կարող է տեսնել նաև տարբեր հարթակներում հեռարձակվող videostream-ի ժամանակ: Եթերային տաղավարում կկիրառվի DIGISPORT2 ծրագիրը, որի օգնությամբ կկազմակերպվի ռադիոհեռարձակման համակարգային աշխատանքները:
Եթերային համակարգը կսպասարկվի 30 Կվտ հզորության SYNRHESIS TWIN շարքի անխափան սնուցման 2 աղբյուրից, որը եթերային համակարգի ծանրաբեռնվածության ժամանակ կունենա էլեկտրամատակարարման առավելագույն հուսալիություն:
Ձայնագրման տաղավարը, սարքասրահը և սերվերային համակարգերը հագեցած են տեխնիկական համապատասխան միջոցներով: Լրատվական հավաքակցման սարքասրահը ներառելու է YAMAHA MW12CX մակնիշի միքշերային վահանակ, AKG C300 մակնիշի խոսափողներ, RADIO SYSTEM T1-101 մակնիշի հեռախոսային հիբրիդ, որոնք օգտագործվելու են ռադիոկայանի ներսում՝ դրսում լրագրողների, ինչպես նաև ձայնային ինտերֆեյսային աշխատանքներ իրականացնելու համար:
«ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊ ընկերության հայտի համաձայն՝ լսողական ծրագրի հաճախականության օգտագործման մայրաքաղաքային սփռման մրցույթը հաղթահարելուց հետո Ընկերությունը պատրաստվում է ձեռք բերել նոր սերնդի տեխնիկական, համակարգչային և հնչյունային սարքավորումներ, ինչպես նաև համապատասխան հզորության հիմնական և պահուստային հաղորդակներ՝ քառավեկտոր սփռման ալեհավաքներով:
Ռադիոկայանի եթերային հեռարձակման համակարգերը, լրատվական ծառայության աշխատանքները, ձայնագրման տաղավարները, սերվերային համակարգերը տեղադրված կլինեն Հովհաննես Հովհաննիսյան 2 հասցեում գտնվող 200 քառակուսի մետր ընդգրկող տարածքում։ Վերջինս ապահովված կլինի անխափան եռաֆազ էլեկտրամատակարարման և հողանցման համակարգերով։ Վթարային իրավիճակներում բնականոն եթեր ապահովելու համար տեղադրված կլինի դիզելային ինքնավար համակարգ:
Ընկերությունը ձեռք կբերի հիմնական և պահուստային 2 հաղորդակ․
1. RT-FMS-1001 մակնիշի 1000 Վտ հզորության (հիմնական հաղորդակ),
2. RT-FMS-501 մակնիշի 500 Վտ հզորության (պահուստային հաղորդակ)։
Հաղորդակները հագեցած կլինեն RDS-FORA600 մակնիշի սալիկային մոդուլներով, որոնք մի քանի կարգ կբարձրացնեն ազդանշանի հեռարձակման արդյունավետությունը: Հեռարձակման համար նախատեսվող ալեհավաքը կլինի նոր սերնդի՝ քառավեկտոր 14 DB ուժեղացմամբ: Կտեղակայվի Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի Երևան քաղաքի հեռուստաաշտարակում՝ 145 մետր բարձրության վրա, որը կնպաստի հնչյունային ազդանշանի որակյալ, ֆիլտրված հեռարձակմանը:
Լրատվական սարքասրահները, ձայնագրման ստուդիան և տաղավարները հագեցած կլինեն համապատասխան սարքավորումներով՝ լրատվական ուղիղ միացումներ, եթերներ ապահովելով ո՛չ միայն ստուդիայից, այլ նաև Հայաստանի Հանրապետության ցանկացած տարածքից և արտերկրից: Հնչյունային ազդանշանի հեռարձակումը՝ տաղավար-եթերային համակարգեր-հաղորդակ-ալեհավաք օղակով, կիրականացվեն նոր ձեռք բերվող բարձրակարգ սարքավորումներով.
1․ Երկշերտանի AES/EBU AGC հնչյունային ՖՄ պրոցեսոր-sound 4,
2․ DANTE AOIP մակնիշի ինտերֆեյսային համակարգ,
3․ TP-122 – 4 stereo out և 4 AES/EBU out տպասալիկներ,
4․ TP-122 – 1 - 4 analog in for TP-122 տպասալիկներ,
5․ TP-122 – 2 - 4 stereo in for TP-122 տպասալիկներ։
Տեխնիկական և համակարգչային սարքերը, մատրիցային կոմուտատորները հագեցած կլինեն հիմնական և պահուստային անցումներով (bypass emergency systems):
Ըստ Ընկերության ներկայացրած հայտի՝ LEGA EL 2000 մակնիշի ՖՄ հաղորդակն ունի մինչև 2000 Վտ կարգաբերելու հնարավորություն: Սերվերային համակարգերը կլինեն 10-րդ սերնդի HPE PROLIANT DL 160 SEVERS մակնիշի, որոնք առանձնանում են հուսալիությամբ և արագագործությամբ:
Ընկերությունը կշահագործի ոլորտում լավագույններից մեկը համարվող LEGA ապրանքանիշի ալեհավաքային-ֆիդերային համակարգը.
1. FM հաղորդակ EL 2000,
2. Քառաբևեռային ալեհավաքային համակարգ SIRA – 3 Կվտ,
3. Ֆիդերային մալուխային տնտեսություն SIRA - 70 – 1 հավաքածու։
Ընկերությունը պլանավորում է շահագործել հետևյալ կառուցվածքով արխիվային համակարգը.
1․ Sinology Diskstation DS415,
2․ HDD Network Storage – HDD WD 4001 FFSX 4 TB,
3․ UPS APC Smart rt 3000VA-230 Վտ (անխափան շահագործման նպատակով)։
Ընկերությունը համակարգային լուծումների համար անհրաժեշտ ցանցային և համակարգչային հիմնական միջոցները՝ համապատասխան ծրագրային ապահովմամբ, ձեռք կբերի եվրոպական շուկայում առաջատար տեղ գրավող Audunate Media Technology ընկերությունից:
Տաղավարային աշխատանքների, ձայնագրման ստուդիայի համար ձեռք կբերվեն էլեկտրոնային AKG HARMAN P120 և կոնդենսատորային AKG HARMAN P220 մակնիշի խոսափողներ, որոնք տեխնիկական որակներով, ընկալման և սփռման տիրույթներով լավագույններից են համարվում:
Ընկերությունների կողմից ներկայացվել են նաև ֆինանսական հնարավորությունները հիմնավորող փաստաթղթեր, սակայն նշենք, որ ֆինանսական հնարավորությունները գնահատելիս Հանձնաժողովը հաշվի է առել ստանձնած ֆինանսական պարտավորությունների ծավալը և այդ պարտավորությունները հիմնավորող ֆինանսական փաստաթղթերի առկայությունը։
«ԷԳԱԼԻՏԵ» ՍՊ և «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊ ընկերությունները ներկայացրել են ֆինանսական հնարավորությունները հիմնավորող փաստաթղթեր՝ բանկային տեղեկանքներ նախատեսված ներդրումային գումարների առկայության մասին։ «ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերությունը ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ ներկայացրել է տնօրենի (հիմնադրի) տեղեկանք-հայտարարությունը՝ ծրագրի զարգացման համար յոթ տարվա ընթացքում նախատեսված գումարը ներդնելու պատրաստակամության մասին, սակայն որևէ հավաստում ներկայացված չէ (օրինակ՝ բանկային հաշվի վերաբերյալ տեղեկանք): «ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունը ծրագրի ֆինանսավորումն իրականացնելու է հիմնադրի անձնական ներդրումների միջոցով և նշել է, որ կցվում է հիմնադրի անձնական եկամուտների մասին տեղեկատվություն, որը սակայն չի կցվել։ Միաժամանակ հավելենք, որ «ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հայտի ֆինանսական հատվածը կազմվել է անփութորեն և պարունակում է թվաբանական և փաստական սխալներ։
Աշխատակազմի մասնագիտական պատրաստվածություն
Մրցույթին մասնակցող Ընկերությունները ներկայացրել են բավարար չափով տեղեկություններ իրենց աշխատակազմերի, նրանց մասնագիտական կարողությունների վերաբերյալ, որոնք փաստում են մասնագետների փորձառության և մասնագիտական պատրաստվածության մասին։ Ընկերությունների աշխատակազմերում ներառված աշխատողների մեծ մասն ունի բարձրագույն կրթություն։ Հավելենք, որ «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊ ընկերությունը լսողական ծրագրերի հեռարձակման ոլորտում նոր Ընկերություն է, սակայն աշխատակազմում ներգրավվող աշխատակիցները, հայտի համաձայն, ունեն զգալի փորձ մշակութային, մարզական, ժամանցային և կրթական ծրագրերի պատրաստման ոլորտում։
Մրցույթի մասնակիցների կողմից աշխատակազմերի վերաբերյալ ներկայացված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովն արձանագրում է, որ Ընկերությունները կարող են ապահովել իրենց ծրագրերի անխափան եթերը։
Հավելենք, որ Օրենքի համաձայն hեռարձակողները կազմում և սպառողին են ներկայացնում տեսալսողական տեղեկատվություն և խմբագրական պատասխանատվություն են կրում տեսալսողական արտադրանքի բովանդակության համար։ Այս համատեքստում նշենք, որ Էթիկայի կանոնների պահպանումն ապահովելու վերաբերյալ «ԷԳԱԼԻՏԵ» ՍՊ, «ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ և «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊ ընկերությունները միացել են ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի՝ Հայաստանում լրատվամիջոցների ինքնակարգավորման նախաձեռնությանը և ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ «ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունը նշել է, որ ռադիոկայանի մասնագիտական էթիկան հիմնված է Հայաստանի ԶԼՄ-ների և լրագրողների էթիկական նորմերի վրա և ներկայացրել է իր էթիկայի սկզբունքների կանոնագիրը, որի իրագործման համար սահմանվելու է էթիկայի պաշտպանի պաշտոն, որը կստանձնի Ընկերության տնօրենը (հիմնադիրը)։ Հարկ ենք համարում նշել, որ շահերի բախումից խուսափելու նպատակով տվյալ Ընկերությունը ներկայացնող անձը չպետք է գտնվի այդ Ընկերության հետ այլ աշխատանքային հարաբերությունների մեջ։
Անհրաժեշտ է ընդգծել, որ Հանձնաժողովի դիտարկմամբ սահմանափակ ռեսուրսի՝ հաճախականության օգտագործման միջոցով հեռարձակվող լսողական ծրագրերի բովանդակությունը պետք է արտացոլի հանրային պահանջմունքների և հետաքրքրությունների բազմազանությունը։
Տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, միջազգայնորեն ընդունված հայեցակարգերն ու չափորոշիչները նախատեսում են, որ լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները պետք է ունենան կառավարման և ֆինանսավորման թափանցիկ համակարգ, լինեն անկախ ու վստահելի, ապահովեն հաղորդումների բարձր որակ, ինչպես նաև առանցքային դերակատարում ունենան ազգային մշակույթի պահպանման և պաշտպանության, ազգային ինքնության ձևավորման գործում։
Օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի և Կարգի 29-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի անդամները վարկանիշային փակ քվեարկության միջոցով կատարում են լիցենզավորման մրցույթում հաղթող մասնակցի ընտրությունը:
Վարկանիշային փակ քվեարկություն ապահովելու նպատակով անցկացվել է վիճակահանություն, որի ժամանակ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ պատահականության սկզբունքով վերցրել է Հանձնաժողովի անդամների թվին համապատասխան վիճակահանության՝ թվագրում պարունակող թերթիկներից մեկը և փոխանցել Հանձնաժողովի քարտուղարին, որը վիճակահանության թերթիկում նշված թվագրումով գնահատման թերթիկը տրամադրել է Հանձնաժողովի անդամին:
Վարկանիշային քվեարկությունից առաջ Հանձնաժողովի անդամները հանդես չեն եկել հայտարարությամբ և միջնորդությամբ:
Օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի և Կարգի 37-րդ կետի համաձայն Հանձնաժողովը մրցույթում հաղթող մասնակցի ընտրության ժամանակ հաշվի է առնում՝
1. սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը,
2. հայերեն հաղորդումների գերակայությունը,
3. բազմակարծությունը խթանելու կարողությունը,
4. հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները,
5. աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը,
6. ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը,
7. գործող լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություն մատուցողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը:
Օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վարկանիշային քվեարկության իրականացման ընթացակարգը սահմանվում է սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգով, որը Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն սահմանվել է Հանձնաժողովի կողմից:
Օրենքի 60-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ լսողական ծրագիր հեռարձակողների համար անալոգային հաճախականությունների վրա տարածվում են Օրենքով սլոթի վերաբերյալ նախատեսված կարգավորումները։
Կարգի 32-րդ կետի համաձայն սահմանվել է, որ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, Կարգի 37-րդ կետի չափանիշները հաշվի առնելով, մրցույթի յուրաքանչյուր մասնակցի գնահատում է գնահատման թերթիկում՝ ամբողջ թվով՝ 20 միավորային սանդղակով: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատման թերթիկին կից ներկայացնում է իր գնահատման հիմնավորումը։
Գնահատման թերթիկի ձևը հաստատվել է Կարգի Ձև N 2-ով:
Հաշվի առնելով վերոգրյալը, ուսումնասիրելով ներկայացված հայտերը և կից փաստաթղթերը, Հանձնաժողովի անդամներն իրենց հիմնավորումներով, փակ վարկանիշային քվեարկությամբ Ընկերությունների հայտերը գնահատել են հետևյալ միավորներով.
հ/հ Մասնակցի անվանումը Գնահատման միավորը՝ ըստ գնահատման թերթիկի համարի Վարկանի շային միավորը 1 2 3 4 5 6 7 1 «ԷԳԱԼԻՏԵ» ՍՊԸ 13 12 14 15 15 12 16 97 2 «ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ 15 10 15 16 15 14 15 100 3 «ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ 14 12 13 14 16 10 15 94 4 «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ 17 15 17 18 15 16 15 113 Անցողիկ շեմը 46,6
ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ
Հանձնաժողովի անդամները գնահատման թերթիկին կից ներկայացրել են իրենց գնահատման հիմնավորումները, որոնք կցվում են սույն որոշմանը։
Կարգի 32-րդ կետի համաձայն՝ մրցույթում անցողիկ շեմ է համարվում հնարավոր առավելագույն վարկանիշային միավորի մեկ երրորդը, իսկ վարկանիշային միավորը Կարգի 33-րդ կետի համաձայն որոշվում է գնահատման միավորների հանրագումարով։
Տվյալ մրցույթում անցողիկ շեմը 46,6 միավորն է։
Հանձնաժողովի անդամների վարկանիշային քվեարկության արդյունքում «ԷԳԱԼԻՏԵ», ՍՊ, «ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ, «ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊ և «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊ ընկերությունները հաղթահարել են անցողիկ շեմը։
Կարգի 34-րդ կետի համաձայն՝ վարկանիշային քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվում անցողիկ շեմը հաղթահարած և առավելագույն վարկանիշային միավոր ստացած մասնակիցը։
Մրցույթում առավելագույն վարկանիշային միավոր ստացել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊ ընկերությունը։
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 46-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ, 9․1-րդ, 10-րդ մասերի, 60-րդ հոդվածի 14-րդ մասի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով վարկանիշային քվեարկության արդյունքները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊ ընկերությանը ճանաչել լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող և տրամադրել Երևան քաղաքի տարածքում լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզիա:
2. «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊ ընկերությանը Երևան քաղաքի տարածքում տրամադրել 106.9 ՄՀց հաճախականությունը։
3. Սույն որոշման անբաժանելի մաս համարել Հանձնաժողովի անդամների գնահատման հիմնավորումները՝ համաձայն Հավելվածի։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ընկերություններին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
2025 թ. մայիսի 27 ք. Երևան |
|
Հավելված |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
2025 թվականի փետրվարի 10-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի թվանշման
1․ «ԷԳԱԼԻՏԵ» ՍՊ ընկերություն
Ընկերությունը փոխկապակցված է «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» և «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ռադիոընկերությունների հետ, որոնք ՀՀ ռադիոհեռարձակման շուկայի նշանակալից խաղացողներ են, պատրաստում և տարածում են մեծ մասամբ որակյալ, լսարանի կողմից պահանջված բովանդակություն։ Հայտում ընկերության ղեկավարները նաև երեք փոխկապակցված ընկերությունների համագործակցությամբ են պայմանավորում նոր ռադիոծրագրի ապագա հաջողությունները։
Այսպես, ընկերության կողմից ներկայացված որոշ սարքավորումներ իրենց տեխնիկական բնութագրերով ներկայացված են եղել տարիներ առաջ «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊԸ-ի տեխնիկական սարքավորումների ցանկում (իսկ դա նշանակում է, որ սարքավորումները ոչ վերջին սերնդի են)։ Ինչպես նաև դա Է պատճառը, որ «ԷԳԱԼԻՏԵ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտի մի շարք դրույթներ ընդհանրություններ ունեն 2017թ․-ին «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ և «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերությունների կողմից ներկայացված մրցութային հայտերի դրույթներին։
Համաձայն հայտի ծրագիրը հիմնականում լինելու է երաժշտական ձևաչափով, մեծամասամբ ջազային ուղղվածության։ Որևէ եղանակով կասկածի տակ չդնելով ջազի կարևորությունը, այնուամենայնիվ օրենսդրությունը լիցենզավորված կազմակերպությունից պահանջում է հաղորդումների բազմազանություն, իսկ հայտը հաղորդումների բազմազանություն չի նախատեսում։
Հայտում նշվում է, որ «հայրենական արտադրության հաղորդումներ» են լինելու ռադիոծրագրի եթերային ցանկում, սակայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում այդպիսի սահմանում չկա։
Հաղորդումների թեմատիկ ուղղվածությունները երեք փոխկապակցված ընկերությունների ծրագրերում էլ նույնն են, ինչը չի կարող դիտարկվել որպես մրցութային առավելություն։
Իմ կարծիքով, մրցույթին ներկայացված ընկերության ծրագիրը բավականին լավն է, մրցունակ, հետաքրքիր, սակայն թերություններ ունի, ամբողջական չէ։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը հստակ սահմանում է այն պահանջներն ու չափորոշիչները, որով Հանձնաժողովը գնահատում է մրցույթին ներկայացված ծրագրերը, սակայն Ընկերության մրցութային հայտն անտեսում է այդ պահանջների եւ չափորոշիչների մի մասը:
«ԷԳԱԼԻՏԵ» ՍՊ ընկերություն հայտի վերլուծությունը, ՀՌՀ աշխատակազմի կողմից պատրաստված ամփոփ տեղեկանքն ու եզրակացությունը հիմք է տալիս ինձ գնահատել ծրագիրը միջինից բարձր գնահատականով։
2․ «ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերություն
Մրցույթին ներկայացված ընկերության ծրագիրն իրագործման դեպքում միգուցե և կարող է որակյալ երաժշտության հարթակ դառնալ։ Սակայն ծրագրում հիմնականում ներկայացվել է «ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ»-ի նախկին գործունեության մասին տեղեկատվությունը և շատ քիչ է ներկայացված նոր բովանդակության պատրաստման վերաբերյալ տեղեկությունը։
Ընկերության կողմից ներկայացված հայտի համաձայն ընդհանուր եթերի 80-90%-ը կազմելու են երաժշտական ուղղությունները, որոնց հիմնական մասը կկազմեն հեղինակային երգերը, ինչը բավականին նեղացնում է ռադիոծրագրի ժանրային ուղղվածությունների դիապազոնը։ Մասնագետների կարծիքով հեղինակային երգը Հայաստանում այդպիսի տարածում և քանակային ծավալներ չունի, որպեսզի զբաղեցնի ռադիոեթերի զգալի մասը։
Բավարար հիմնավոր չեն ընկերության ֆինանսական հնարավորությունները։
Հայտում նշված է, որ 2004թ․-ին «ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ» հեռուստաընկերությունը հիմնադրել է ձայնագրման ստուդիա՝ հագեցած ժամանակակից տեխնիկայով, որի հնարավորությունները համապատասխանում են ժամանակակից հեռուստաընկերության պահանջներին։ Այս կապակցությամբ պետք է նշեմ, որ 2004թ. գնված տեխնիկան արդեն ֆիզիկապես և բարոյապես մաշված է, ինչպես նաև այն, որ հայտում ավելի շատ է խոսվում հեռուստաարտադրանքի մասին, չնայած հայտը ներկայացված է ռադիոծրագիր հեռարձակելու լիցենզիա ստանալու համար։
Եզրակացնեմ․ հայտում ներկայացված ծրագիրը հիմնականում համապատասխանում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում սահմանված այն պահանջներին ու չափորոշիչներին, որոնցով Հանձնաժողովը գնահատում է մրցույթին ներկայացված ծրագրերը: Սակայն այդ համապատասխանությունը, համաձայն ՀՌՀ աշխատակազմի կողմից պատրաստած ամփոփ տեղեկանքի ու եզրակացությանը, չի երաշխավորում որակյալ ռադիոծրագրի պատրաստումն ու սփռումը։ Հետևաբար, գնահատում եմ ծրագիրը միջինից շատ քիչ բարձր գնահատականով։
3․ «ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերություն
Ընկերությունը փոխկապակցված է «ՌԱԴԻՈ ՎԱՆ» ՍՊ և «ՌԱԴԻՈ ԱԼՖԱ» ՍՊ («Ռուսկոյե ռադիո» ռադիոծրագիր) ընկերությունների հետ, որոնցից «ՌԱԴԻՈ ՎԱՆ»-ը ՀՀ առաջին մասնավոր ռադիոկայաններից է, պատրաստում և տարածում է մեծ մասամբ որակյալ, լսարանի կողմից պահանջված բազմազան բովանդակություն։ Ընկերության ղեկավարը նաև այդ հանգամանքով է պայմանավորում նոր ռադիոծրագրի ապագա հաջողությունը։
Համաձայն հայտի ռադիոծրագրի հիմնական գաղափարը էլեկտրոնային (հաուս, տեխնո, տրանս, դիփ-հաուս, ակումբային) երաժշտության սփռումն է և թվային ինտերակտիվությունը։ Ինձ համար տարօրինակ էր, որ հայտում մանրամասն շարադրված են ռադիոկայանի «ռազմավարական նպատակները», որոնք վերաբերվում են «ընկերության շահութաբերության բարձրացմանը, մրցակիցների արտամղմանը», բայց ոչ լսարանի պահանջմունքների բավարարմանը:
Եվ Հանձնաժողովի մասնագետները, և ես ուշադրություն դարձրեցինք, որ «ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտի և 2017 թվականին «ՌԱԴԻՈ ՎԱՆ» ՍՊ և «ՌԱԴԻՈ ԱԼՖԱ» ՍՊ ընկերությունների կողմից ներկայացված հայտերի միջև կան որոշ ընդհանրություններ:
Բացահայտ սխալներ, անճշտություններ կան ֆինանսական կանխատեսումները ներկայացնող հաշվարկներում, ինչը թույլ չի տալիս օբյեկտիվ գնահատել ընկերության ֆինանսական կարողությունները:
Հայտով նախատեսվում է, որ էթիկայի պաշտպանի պաշտոնը պետք է զբաղեցնի ընկերության հիմնադիր և տնօրեն Շ. Արևշատյանը, ինչը նշանակում է շահերի բախում:
Ընկերության հայտում առկա, վերը նշված և այլ անճշտությունները, թերի հիմնավորումները, ՀՌՀ աշխատակազմի կողմից պատրաստված ամփոփ տեղեկանքը եւ ծրագրի իմ վերլուծությունը հիմք են տալիս ինձ գնահատել այն ոչ բարձր գնահատականով:
4. «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊ ընկերություն
«ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊ ընկերությունը մրցույթին մասնակցող միակ ընկերությունն է, որը մինչ մրցույթը չի եղել տեսալսողական մեդիածառայություն մատուցող։ Ընկերությունը նախատեսում է ստեղծել ընդհանուր ուղղվածության ռադիոծրագիր՝ երաժշտական, ժամանցային, մշակութային, կրթական, լրատվական, մանկապատանեկան և այլ հաղորդումներով։ Նախատեսված այդ ժանրային բազմազանությամբ «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊ ընկերության հայտը նույնպես տարբերվում է մասնակից մյուս ընկերություններից։
Մասնավորապես, որպես հանրօգուտ հաղորդում ներկայացվել է «Շունն ու կատուն» հաղորդաշարը, որը ընտանի կենդանիների խնամքի, առողջության, նրանց հետ շփման կանոնների մասին է լինելու, ինչպես նաև «Գիրք քնելուց առաջ» գրական ու «Futura. Հայաստան» երկրի ապագայի մասին հաղորդաշարերը։
Առանձնացրեցի նաև այն հանգամանքը, որ այս ռադիոկայանի մշակութային քաղաքականությունը սահմանվելու է գեղարվեստական խորհրդի կողմից, որտեղ ընդգրկվելու են հասարակական և մշակութային գործիչներ, մտավորականներ, լրագրողներ։
Ներկայացվել է 28 մլն ՀՀ դրամ գումարի առկայությունը հիմնավորող բանկային տեղեկանք։
Օգտագործվելիք տեխնիկական միջոցների և հնարավորությունների մասնագիտական եզրակացության համաձայն ընկերության կողմից գնվող տեխնիկան նորագույն սերնդի է լինելու և ապահովելու է բովանդակության պատրաստման և սփռման բարձր որակ։
Իմ կարծիքով, մրցույթին ներկայացված ընկերության ծրագիրը բավականին մրցունակ է և համապատասխանում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի այն պահանջներին ու չափորոշիչներին, որոնցով Հանձնաժողովը գնահատում է մրցույթին ներկայացված ծրագրերը։
«ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊ ընկերության հայտի վերլուծությունը, ՀՌՀ աշխատակազմի կողմից պատրաստված ամփոփ տեղեկանքն ու եզրակացությունը հիմք է տալիս ինձ գնահատել ծրագիրը բարձր գնահատականով։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ 26.05.2025 թ.
Տ. ՀակոբՅԱՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վերաբերյալ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 10-ին հայտարարել է լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթ, որին հայտեր են ներկայացրել 4 ընկերություն՝ «էգալիտե» ՍՊԸ, «Մետեո թի-վի հեռուստաընկերություն» ՍՊԸ, «Պիանո գրուպ» ՍՊԸ, «Ռադիո վայբ» ՍՊԸ։ Մրցույթի մասնակիցների հայտերի վերաբերյալ իմ կարծիքն ու հիմնավորումը ներկայացնում եմ՝ հիմք ընդունելով ընկերությունների կողմից ներկայացված գրավոր հայտերը, այլ ոչ թե հայտերի բացման ժամանակ բանավոր ելույթները։ Ընկերությունները հայտերին կից ներկայացրել են նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կարգով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
Մրցութային հայտերը գնահատել եմ ըստ օրենքով սահմանված գնահատման չափանիշների՝ վերլուծելով և համադրելով մրցութային հայտերում և փաստաթղթերում ներկայացված տվյալները։
«Էգալիտե» ՍՊԸ–ն ներկայացրել է «ՋԱԶ ԷՖԷՄ» ծրագիրը, հայտում նշվել են սեփական արտադրության հաղորդումների (93,4% և 91,6%) և հայրենական արտադրության հաղորդումների (100% և 8,4%) տարբեր ցուցանիշներ, իսկ «հայրենական արտադրության հաղորդումներ» հասկացությունը հավանաբար օգտագործվել է հայտում՝ հղում անելով տեսալսողական մեդիա ծառայությունների ոլորտը կարգավորող նախորդ օրենքին։ Ընկերությունը նախատեսում է ջազային-ժամանցային ձևաչափով ծրագիր, ներկայացված հաղորդումները առավելապես ջազի մասին են, հաղորդումների բազմազանություն չի նախատեսվում։ Ընկերության հաղորդումներում լինելու են քննարկումներ, սոցիալական թեմաներով թոք-շոուներ, ներկայացվել է թեմատիկ ուղղվածության հաղորդումների տոկոսային բաշխվածությունը, որը կազմում է 48,2%, չկա որևէ տեղեկություն մնացած բաշխվածության հաղորդումների մասին։ Նախատեսում են ունենալ լրատվական հաղորդում՝ «Ավրորանյուզ»-ի լրատվական ծառայության կողմից։ Ընկերության հայտը գնահատում եմ 12 միավոր։
«Մետեո թի-վի հեռուստաընկերություն» ՍՊԸ–ն ներկայացրել է ՌԱԴԻՈ «ԱՐԱՐ» ծրագիրը։ Հայտի համաձայն՝ ընկերության սեփական արտադրանքը եթերում կազմելու է 80-90%, իսկ ոչ սեփական հաղորդումները կկազմեն 10-20%։ Ծրագրվում է եթերի 80-90%-ը ապահովել հայերեն։ Հայտում հիմնականում ներկայացվել է նախորդ տարիներին իրականացված գործունեության և պատրաստված հաղորդումների մասին, իսկ նախատեսվող նոր հաղորդումների մասին տեղեկություն չի ներկայացվել։ Բացի հեղինակային երգերից, նախատեսել են հեռարձակել նաև ազգային, ժողովրդական, ջազային, ռոք կատարումներ և դասական երաժշտություն՝ ապահովելով հաղորդումների բազմազանությունը, ինչպես նաև բազմակարծությունը՝ ձայնի իրավունք տալով տարբեր հայացքների ու կարծիքների մարդկանց։ Ընկերության հայտը գնահատում եմ 14 միավոր։
«Պիանո գրուպ» ՍՊԸ–ն ներկայացրել է «ՆԵՔՍԹ» ԷՖԷՄ ծրագիրը։ Եթերում սեփական արտադրության և հայերեն հաղորդումների ապահովման կետով իրականացվել է նույն բացթողումը, ինչ «Էգալիտե» ՍՊԸ–ի հայտում, նշելով սեփական և հայրենական արտադրության հաղորդումներ։ Ինչևէ, դրանք կազմելու են եթերի համապատասխանաբար 80% և 20% ծավալներ։ Հայտում նշվել է, որ հեռարձակման լեզուն հայերենն է, սակայն հայերեն հաղորդումների ծավալ չի նշվել։ Ներկայացվել են «Գրական բիթ» (հայ մեծ բանաստեղծների և գրողների ստեղծագործությունների մասին), «Պարզ՝ բարդի մասին» (գիտական երևույթների մասին) և այլ հայերեն հաղորդումներ։ Ներկայացված ծրագիրը էլեկտրոնային երաժշտության ձևաչափում է, նախատեսվում է իրականացնել հայկական և համաշխարհային ստեղծագործությունների վերամշակում ժամանակակից էլեկտրոնային ժանրերի կիրառմամբ (հաուս, տեխնո, դիփ հաուս, տրանս, էմբիենտի հիպնոսային ռիթմեր և այլն)։ Ներկայացված ծրագիրը նեղ երաժշտական ուղղվածության է և հանրօգուտ հաղորդումները սակավաթիվ են, հետևաբար հաղորդումների բազմազանություն չի նախատեսվում։ Ընկերության հայտում բազմակարծության ապահովմանն անդրադարձ չի կատարվել, բացի այն, որ հաղորդումներում լինելու են հարցազրույցներ, քննարկումներ։ Ընկերությունը ներկայացրել է իր էթիկայի սկզբունքների կանոնագիրը, ըստ որի էթիկայի պաշտպանի պաշտոնը վերապահված է ընկերության տնօրենին։ Սա անթույլատրելի է, քանի որ առաջացնում է շահերի բախում։ Ընկերության հայտը գնահատում եմ 10 միավոր։
«Ռադիո վայբ» ՍՊԸ–ն ներկայացրել է «ԼԱՎ ԷՖ ԷՄ» ծրագիրը։ Հայտում սեփական արտադրության հաղորդումների ծավալ չի նշվել, սակայն հաղորդումների նկարագրությունից ելնելով՝ հաղորդումների մեծ մասը սեփական արտադրության է։ «Մի նկարի պատմություն», «Futura. Հայաստան» և այլն։ Հայտում նշվել է, որ ընկերության սկզբունքային մոտեցումն է՝ ռադիոլսողին տրամադրել որակյալ բովանդակություն հայերեն լեզվով։ Ընկերությունը նախատեսում է ստեղծել ընդհանուր ուղղվածության ծրագիր, որտեղ ապահովելու է հաղորդումների բազմազանություն՝ երաժշտական, ժամանցային, մշակութային, կրթական, լրատվական, հասարակական-քաղաքական, մարզական, մանկապատանեկան և այլ ուղղվածության հաղորդումների հեռարձակմամբ։ Զգալի տեղ են զբաղեցնելու ռադիոներկայացումները, հայ գրականության վերաբերյալ աուդիոընթերցանությունը։ Ներկայացված ծրագրում անհամեմատ շատ են հանրօգուտ բովանդակության մշակութային, կրթական, մարզական, մանկապատանեկան և լուսավորչական հաղորդումները, և բազմաժանր հաղորդումները՝ ժողովրդական, ազգագրական, հոգևոր և դասական երաժշտական և այլն։ Ընկերության հայտը գնահատում եմ 16 միավոր։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ 26.05.2025 թ.
Գ. Մամիկոնյան
«Էգալիտե» սպը, «Մետեո-թիվի հեռուստաընկերություն» սպը, «Պիանո Գրուպ» սպը և «Ռադիո վայբ» սպը լսողական ծրագրի հաճախականության օգտագործման արտոնագրման մայրաքաղաքային սփռման մրցույթի գնահատման
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Չորս մասնակիցների ծրագրերն էլ միտված են մի հիմնական նպատակի․ ապահովել ջազային երաժշտության ներկայության ընդլայնումը և նոր հնարավորություններ ստեղծել դրա համար։
Ընդունված է, որ ջազային երաժշտությունը ժամանակակից մշակույթի այն զանգվածային միջավայրն է, որը ոչ միայն երաժշտական-գեղագիտական, այլև հասարակական-կենցաղային կարևոր նշանակություն ունի ժամանակակից մարդու հոգեաշխարհի համար․ այն մղում է բեռնաթափումների և լիցքաթափումների՝ դրանով մարդուն դարձնելով ավելի ազատ և անկաշկանդ։
Ներկայացվող հայտերը իրենց այդ ծրագիրը իրականացնելու համար բովանդակային, տեխնիկական, ֆինանսական և կադրային առանձնապես մեծ տարբերություններ չունեն։ Դրանցով նրանք ունակ են ապահովելու իրենց ստանձնած պարտավորությունները և սպասարկել մեր հանրությանը։
Հիշյալ ընկերությունների ծրագրային քաղաքականությունը համապատասխանում է սփռման գործունեություն իրականացնելու նրանց պարտավորություններին։
Ընկերությունների ներկայացրած տեխնիկական միջոցները ևս, համեմատաբար չնչին առավելություններով ու պակասներով, համապատասխանում են սփռման հանրային տիրույթ ապահովելու խնդրին․ «Էգալիտե» սպը-ն, «Մետեո-թիվի հեռուստաընկերություն» սպը-ն, «Պիանո Գրուպ» սպը-ն և «Ռադիո վայբ» սպը-ն չորսն էլ խոստանում են առկա տեխնիկական միջոցների ընդլայնում և համալրում։
Հայ ունկնդրի համար ջազային երաժշտության սփռումն այսօր ծրագրերի բազմազանության և տարածվածության տեսակետից առանձնապես դժվարություն չի ներկայացնում։ Միջազգային հարթակներում այն բերված է մի ստանդարտի, որը գործում է ամենուրեք։ Սակայն վերջին տասնամյակներում նկատելի են երաժշտարվեստի այս տեսակի տեղայնացման միտումները, որոնք տանում են այդ ստանդարտների ժողովրդայնացման և տեղական երաժշտական ավանդույթների ներառման։ Այս միտումից դուրս չէ նաև հայ իրականությունը․ «հայկական ջազ» արտահայտությունն այսօր միանգամայն արդարացված հասկացություն է, արդեն իր կայուն ավանդություններն ունի և հիմնված է մեր երաժշտության մելոսի և ռիթմերի վրա։
Հիշյալ ընկերությունների ծրագրերում ինձ համար տեխնիկական, ֆինանսական, կադրային և այլ բաղադրիչներից զատ շատ կարևոր է հենց ջազային երաժշտության սկզբունքների ներառումը հայրենական մեղեդու ոլորտ․ վերջինս բոլոր հնարավորություններն ունի արդիականացվելու, դրվելու այն ռիթմերի մեջ, որն էլ ունկնդրին մղում է այդ երաժշտության բերած պատկերացումներին։
Այս առումով ինձ ավելի համոզիչ և հիմնավորված թվացին «Էգալիտե» սպը-ի ծրագրերը․ դրանք ներառում են արդեն ձևավորված ու ծավալուն ավանդույթները և խոստանում են դրանց շարունակականությունը այսօրվա մեջ․ ուրախալի է, որ այսօր բազմաթիվ երաժշտական խմբեր փորձում են մեր էթնիկ-ժողովրդական մեղեդին ներկայացնել ջազի և էստրադայի ռիթմերով․ ջազային երաժշտությունը կարող է հայոց մեղեդին թարմացնել նորանոր ռիթմերով և, հետևաբար, հայ ունկնդրին, առանձնապես երիտասարդությանը, իր ավանդական մեղեդային ընկալումներից մղել դեպի ավելի ժամանակակից հնարավորություններ։ Ներկայացման ժամանակ վերոհիշյալ ընկերության՝ այս միտման սկզբունքները ավելի հիմնավորված և ծանրակշիռ երևացին։ Ես իմ գնահատման հարցում տեխնիկական, ֆինանսական և կադրային ռեսուրսների համալիրի մեջ հիմնականում շեշտը դնում եմ դրա վրա․ այն ինձ ավելի տարողունակ և մրցունակ թվաց։
Ես 20 բալանոց սանդղակով «Էգալիտե» սպը-ի ծրագրերը գնահատում եմ 16 բալ, իսկ «Մետեո-թիվի հեռուստաընկերություն» սպը, «Պիանո Գրուպ» սպը և «Ռադիո վայբ» սպը ծրագրերը՝ 15 բալ։
հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյան (Հակոբ Մովսես) 27․05․2025 թ․
ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի գնահատման
2025 թվականի փետրվարի 10-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի թվանշման արդյունքներում հաշվի եմ առել ոչ միայն բովանդակային ուղղվածությունը, տեխնիկական և ֆինանսական հիմնավորումները, այլև հասարակական կարևորության գործոնն ու ճկուն զարգացման հեռանկարը։
Մրցույթին մասնակցում էին չորս ընկերություններ։
1․ «ԷԳԱԼԻՏԵ» ՍՊԸ-ն առաջարկում է «ՋԱԶ ԷՖԷՄ» ծրագիրը, որը մեծամասամբ հեռարձակելու է ջազային երաժշտություն և ունենալու է նաև ճանաչողական-կրթական հաղորդումներ (18,8%) և լրատվական թողարկումներ (6,6%): Բարձր գնահատելով ջազի տարածվածությունն ու ձեռքբերումները հայաստանյան միջավայրում, կարելի է սպասել որակյալ բովանդակության հեռարձակում և հաճելի արձագանքներ, սակայն լրատվական բլոկի պատրաստման պատվիրակումը «Ավրորանյուզ»-ի լրատվական ծառայությանը թույլ է տալիս երկմտել նպատակահարմարության մասին։ Արդեն իսկ կան երկու ռադիոընկերություններ, որոնք նույն աղբյուրից են ստանում լրատվական օրակարգերը, ինչը կարող է հանգեցնել մենաշնորհային դիրքի, եթե ռադիոհաճախականությունում ավելանա հեռարձակող ևս մեկ ռադիոընկերություն։ «ԷԳԱԼԻՏԵ» ՍՊԸ-ն երաշխավորում է բարձր տեխնիկական ստանդարտներ և բովանդակություն՝ հստակ խորշավորումով, դրա շնորհիվ ստանում է 12 միավոր։ Բնականաբար, ջազը նաև ոճ է, որն ունի պահանջարկ, լսարան ու ահռելի ձայնադարան կուտակելու ներուժ, որի հետ լրատվական վայրիվերումների միախառնումը կարող է դիտվել ռիսկային։
2․ «ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ն ներկայացրել է ՌԱԴԻՈ «ԱՐԱՐ» լսողական ծրագիրը, որի հիմքում երաժշտությունն է և հատկապես հեղինակային երգը (80-90%), լուրեր չեն լինի, իսկ մնացած տոկոսը կկազմեն մշակութային ուղղվածության հաղորդումները։ Այս առաջարկը ամենից մշուշոտն է մնացածների հետ համեմատած, քանի որ ենթադրելի է, որ հեղինակային երգի ձայնադարանի ոչ շատ մեծ պահոցի պարագայում եթերում հաճախ կհայտնվեն կրկնությունները և առանց այդ էլ նեղ լսարանը ավելի կսեղմվի։ ՌԱԴԻՈ «ԱՐԱՐ»-ը խոստանում է աշխատեցնել սեփական ձայնագրման ստուդիան, որն արդեն վաղուց ծառայում է «ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ» հեռուստաընկերության հաղորդումների պատրաստման համար, սակայն թե՛ այդ ստուդիայի հագեցվածությունը, թե՛ նոր ֆինանսական աղբյուրների ձեռքբերումը կասկածներ են հարուցում, որ հնարավոր կլինի ապահովել բավարար տեխնիկական որակ։ ՀՌՀ եզրակացության համաձայն՝ ընկերության ֆինանսական հնարավորությունները բավարար հիմնավոր չեն։ Չհաշված նաև այն փաստը, որ սեփական արտադրության խոսակցական ծրագրերը լինելու են սակավաթիվ։ Երաժշտական հեռարձակումները, առանց թեմատիկ փոդքաստների ու զրույցի ձևաչափերի, ժամանակակից ռադիոյի սպասելիքները որպես կանոն չեն արդարացնում։ Այս հայտի գնահատականն է 10 միավոր։
3․ «ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն առաջարկում է լավ իմաստով հավակնոտ ռադիոընկերության նախագիծ, որը կրելու է «ՆԵՔՍԹ ԷՖԷՄ» անվանումն ու նվիրված է լինելու էլեկտրոնային երաժշտության ինդուստրիային։ Որպես բիզնես մոդել դա հեռանկարային նախագիծ է, որը կարող է կյանք մտնել նաև առանց ռադիոհաճախականության լիցենզիա ստանալու։ 60% երաժշտության և 40% տեղեկատվության հարաբերակցությունը թույլ է տալիս ձևավորել էլեկտրո սերնդի մոլորակ՝ թիրախային լսարան դարձնելով երիտասարդներին։ Նաև հավաքել գումար հովանավորներից ու բաժանորդներից, զբաղվել համերգների ու արտադրանքի կոմերցիոն առաջխաղացմամբ։ Այս առաջարկի դեպքում կարևոր է կոմերցիոն բաղադրիչը, որի հակակշիռն է (որոշ վերապահումներով) հանրօգուտ բովանդակությունը, որը լսարանի տարբեր խմբերի ու տարաբնույթ լեզուների (այդ թվում երաժշտական) ներկայացվածությունն է ու համերաշխ գոյակցության դաշտի ձևավորումը։ Այս առաջարկի գնահատականն է 12 միավոր։
4․ «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ-ն նոր խաղացող է ռադիոհեռարձակման դաշտում։ Այն ներկայացնում է «ԼԱՎ ԷՖ ԷՄ» («LOVE FM») ծրագիրը, որը լինելու է ընդհանուր ուղղվածության ռադիո՝ ներառելով նաև հանրօգուտ բովանդակության ծավալ։ Ներկայացված հաղորդաշարերի ցանկն ու նախնական պայմանավորվածությունները ստեղծագործական միավորումների հետ հույս են տալիս, որ նոր ռադիոընկերությունը լայնախոհ կլինի ու կփորձի թարմ փորձարկումներ անել ոչ միայն երաժշտական, այլև խոսակցական ժանրի հաղորդումներում, արխիվային նյութերի հետ աշխատանքում։ Սովորաբար ընդարձակ դաշտի մեջ մտնելը ռիսկային է, հեշտ է լինել խորշում մասնագիտացած, սակայն «ԼԱՎ ԷՖ ԷՄ»-ի դեպքում ավելի մեծ են հնարավորությունները եզակի լսողական արտադրանք սփռելու, քան մնացած հայտատուների պարագայում։ Հաշվի առնելով նաև խոստացած ներդրումների ծավալն ու տեխնիկական ապահովումը, այս հայտը գնահատում եմ 15 միավոր։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ |
Ն. Հախվերդյան |
27.05.2025 թ. |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
2025 թվականի փետրվարի 10-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հայտերի գնահատման
Հայտերի ուսումնասիրության արդյունքում ինձ համար 4 մասնակիցների ներկայացրած ծրագրերը թողեցին գրեթե նույնական հիմնավորվածություն: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ մեր ռադիոեթերին պակասում է ժամանակակից էլեկտրոնային-ակումբային երաժշտությունը, և ես մի փոքր առավելություն եմ տվել այդ երաժշտությունը պրոպագանդող հայտին:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ |
Ա. Պողոսյան |
27.05.2025 թ. |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների՝ «ԷԳԱԼԻՏԵ» ՍՊ, «ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ, «ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊ և «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊ ընկերությունների հայտերի գնահատման
Նախաբան
Ռադիոհեռարձակումը մնում է տեղեկատվության, մշակույթի և զրույցի կարևոր մեդիա հարթակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար: Այդ է պատճառը, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի համաձայն, լսողական ծառայություններ մատուցող այն ընկերությունները, որոնք ցանկանում են հեռարձակվել 106.9 ՄՀց հաճախականությամբ, լիցենզավորվում են կարգավորող պետական մարմնի կողմից: Օրենքով հստակ սահմանված են այն չափանիշները (բովանդակային, տեխնիկական, ֆինանսական, այլ), որոնք հնարավորություն են տալիս Հանձնաժողովին համեմատել ներկայացված հայտերը և ընտրել մրցույթում հաղթողին:
Հիմնավորում
Համադրվել են չորս հայտերը՝ հիմք ընդունելով օրենքի առաջադրած չափանիշները, որոնց թվում են սեփական արտադրանքի և հայերեն հաղորդումների գերակայությունը, բազմակարծությունը խթանելու կարողությունը, հայտատուների տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունն ու ազգային, համամարդկային, հոգևոր և մշակութային մնայուն արժեքների ճանաչողությունն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը։
«ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊ ընկերությունը նախատեսում է նորագույն տեխնիկական միջոցներ, պահուստային տարբերակներ, մոնտաժի, ձայնագրման, ցանցային անվտանգության համակարգեր, նախատեսվում է վիզուալիզացիա, ինտերակտիվ տեխնոլոգիաներ, համացանցային և IPTV հեռարձակում։
Ունի ամենաբազմազան ծրագրային քաղաքականություն՝ երաժշտական, ժամանցային, մշակութային, կրթական, լրատվական, հասարակական-քաղաքական, մարզական, մանկապատանեկան և այլ հաղորդումներ։ Կան նաև ռադիոներկայացումներ, հարցազրույցներ, թատերական և կինոարտադրության հետ համագործակցություն, ազգային փոքրամասնությունների հաղորդաշարեր։
Ներդրումային ծրագիրը լավն է, ներկայացված է 30 մլն դրամ արժողությամբ ծրագիր, առկա է 28 մլն դրամի բանկային տեղեկանք, եռամյա ֆինանսական պլանավորում, գովազդատուների հետ համաձայնագրեր։
Միակ թերությունը՝ նշված չէ տեղական և ձեռքբերվող հաղորդումների համամասնությունը, բայց քանի որ ընկերությունը թվարկել է նաև իր նախատեսվող հաղորդումները, եզրակացրել եմ, որ մեծ մասը տեղական արտադրության է լինելու, բազմաբովանդակ է և միտված է հանրության տարբեր սոցիալական շերտերի պահանջմունքների բավարարմանը։
«ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերությունը տիրապետում է պրոֆեսիոնալ VIGINTOS RT-FMS-2001 հեռարձակիչ (2000 Վտ հզորություն), YAMAHA և AKG մակնիշի բարձրակարգ ձայնային սարքավորումների, ինչպես նաև հսկայական 3D վիրտուալ տաղավարների: 2015 թվականից սկսած ընկերությունը փորձ ունի նկարահանման, մոնտաժի և եթերային հեռարձակման բնագավառում: Հատկապես մեծ է փորձը հեռուստատեսային հաղորդումներ պատրաստելու ասպարեզում։
Բովանդակությունը հիմնականում երաժշտական է (հեղինակային երգ, ազգային, ժողովրդական, ջազ, ռոք, դասական), բայց նաև ընդգրկում է մշակութային, սոցիալական, կրթական, մանկապատանեկան, ճանաչողական հաղորդումներ։ Բազմազանությունը բարձր է, բայց հիմնական շեշտը երաժշտության վրա է։
Հեռուստաընկերությունը ունի 651.5 քմ անշարժ գույք, 70 մլն դրամ ներդրումային պատրաստակամություն, բայց բանկային հաշվի քաղվածք կամ ֆինանսական կանխատեսումներ չկան, ինչը
անկանխատեսելի ընթացք կարող է հաղորդել ռադիոյի աշխատանքին։
«ԷԳԱԼԻՏԵ» ՍՊ ընկերությունը ներկայացրել է 26.5 մլն դրամ արժողությամբ տեխնիկական միջոցներ, ունի ռադիոյի տեսասփռման պատրաստի համակարգ և «Chroma key» ստուդիա: Տեխնիկան բավարար է նման սփռում իրականացնելու, բայց ոչ ամենաբարձր մակարդակի։
Նախագիծը հիմնականում ջազային երաժշտական է, կան կրթական, ճանաչողական հաղորդումներ, բայց ընդհանուր բազմազանությունը ցածր է, հիմնականում երաժշտական-ժամանցային ձևաչափ։ Նաև կան թվային անճշտություններ հայրենական արտադրության հաղորդումների ծավալի վերաբերյալ, նշված է 8,4% և 100%։
«ԷԳԱԼԻՏԵ» ՍՊ ընկերությունը նախատեսում է 15 մլն դրամ ներդրում բանկային հավաստումով: Ֆինանսական ներդրումները միջին են։
«ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունն ունի արդիականացված ապարատա-ստուդիական կոմպլեքս, թվային տեխնոլոգիաներ, սերվերային համակարգ, ռադիոհաղորդիչ սարքավորումներ, ինտեգրում սոցիալական մեդիայի և հավելվածների հետ։
Բովանդակության առումով հաղորդումները նեղ ուղղվածության են՝ էլեկտրոնային երաժշտական, հիմնականում երիտասարդական լսարանի համար։ Հաղորդումների մեծ մասը երաժշտական է, քիչ են հանրօգուտ կամ կրթական հաղորդումները։
«ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության ֆինանսական հատվածը անփութորեն է կազմված, պարունակում է թվաբանական սխալներ և բացակայում են անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերը:
Եզրակացություն. «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊ ընկերությունն ամենաբալանսավորվածն է, բոլոր հիմնական չափանիշներով ապահովում է բարձր մակարդակ՝ սեփական արտադրանք, հայերեն հաղորդումներ, բազմակարծություն, նորարարություն, տեխնիկական և ֆինանսական հուսալիություն, մշակութային և կրթական բազմազանություն, ինտերակտիվություն, երիտասարդների ներգրավում, հանրային վստահություն։ Միակ փոքր թերությունը՝ որոշ ցուցանիշների կոնկրետ տոկոսային բացակայությունն է։ Ըստ այդմ «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊ ընկերությունը ստանում է 18 միավոր։
«ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերությունը չնայած իր բովանդակային տպավորիչ առաջարկին ֆինանսական հստակ իրացում չի առաջարկում, ուստի գնահատում եմ 16 միավոր։
«ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊ և «ԷԳԱԼԻՏԵ» ՍՊ ընկերությունները նեղ երաժշտական ուղղվածության են, հաղորդումների բազմազանությունը և հանրօգուտ բովանդակությունը քիչ է, ինչն ազդել է ընդհանուր գնահատականի վրա։ «ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունը ստանում է 14 միավոր, «ԷԳԱԼԻՏԵ» ՍՊ ընկերությունը 15 միավոր։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ |
Հ. Հակոբյան |
27.05.2025 թ. |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վերաբերյալ
Ծանոթանալով լիցենզավորման համար ներկայացված չորս ընկերությունների հայտերին եկել եմ հետևյալ եզրակացության՝
«Պիանո գրուպ» ՍՊԸ–ն ներկայացրել է «ՆԵՔՍԹ» ԷՖԷՄ ծրագիրը, որի հիմնական բովանդակությունը պետք լինի էլեկտրոնային երաժշտությունը։ Անձամբ ինձ համար երաժշտության այս տեսակը, ոճը հրապուրիչ կամ հետաքրքիր չի թվում, բայց ենթադրելի է, որ այն ուղղված է ավելի երիտասարդներին։ Իմ անձնական սուբյեկտիվ նախասիրությունները մի կողմ դնելով, պետք է ողջունեմ երիտասարդությանը և ապագային միտված ռադիոընկերության ցանկությունները։ Սակայն ընկերության հայտի մեջ տեսանելի չեն բազմազանությունը ապահովելու քայլեր։ Նաև թերի կամ անհասկանալի են սեփական արտադրության հաղորդումների մասին կետը, որից պարզ չէ թե հայրենական են թե հայերեն։ Չկա հանրօգուտ ծրագրերի բավարար պատկեր։ Ընկերությունը չի նախատեսում գնել և արդիականացնել սարքավորումներ, իսկ ներկայացված ֆինանսական փաստաթղթերը պարզ և ամբողջական չեն։ Ընկերության իմ գնահատականը 14 միավորն է։
«Մետեո թի-վի հեռուստաընկերություն» ՍՊԸ–ն հանդես է եկել ՌԱԴԻՈ «ԱՐԱՐ» ծրագրով։ Այս ընկերության գրավչությունն են սեփական արտադրության ծրագրերը, հայերեն լեզվով ծրագրերի առատությունը (80-90%)։ Հեղինակային երգի, ռոք, ջազ և ժողովրդական երաժշտության տարածումը ընկերությանը կապահովի երաժշտական բազմազանություն։ Ընկերության իմ գնահատականը 15 միավորն է։
«Էգալիտե» ՍՊԸ–ն ներկայացրել է «ՋԱԶ ԷՖԷՄ» ծրագիրը, որով նախատեսում է ունենալ ամբողջությամբ ջազ երաժշտության ռադիո, որը այնքան էլ չի ապահովում բազմազանություն։ Փաստաթղթերում չի նշված հայերեն լեզվով հաղորդումների մասին։ Լրատվությունը տրամադրելու է ընկերությանը փոխկապակցված Ավրորանյուզ լրատվական ծառայությունը։ Ծրագրի մեջ անհամապատասխանությունները շատ են, որը թույլ չի տալիս ծրագիրը պարզ հասկանալ և բարձր գնահատել։ Իմ գնահատականն է 13 միավոր։
«Ռադիո վայբ» ՍՊԸ–ն ներկայացրել է «ԼԱՎ ԷՖ ԷՄ» ծրագիրը։ Ի տարբերություն մրցույթին մասնակցող մյուս ընկերությունների այս ընկերությունը նախատեսում է լրիվ նոր, արդիական սարքավորումներ գնել, զգալի ներդրումներ անել։ Ներկայացված ֆինանսական փաստաթղթերը ամբողջական են։ Ընկերությունը պատրաստվում է բազմազան ծրագրեր իրականացնել հայերեն լեզվով։ Մեծ տեղ է հատկացրել մշակութային ծրագրերին, գրքի և գրականության տարածման, Հայաստանի մշակութային ժառանգությունը պատշաճ ներկայացման։ Մեծ տեղ է գրավում նաև հանրօգուտ հաղորդումները։ Երաժշտական բովանդակությունն էլ բազմազան է՝ ժողովրդական, ջազային, հոգևոր և դասական։ Այս ընկերությանը ես գնահատում եմ 17 միավոր։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ 27.05.2025 թ.
Ա. Մանուկյան
