ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2025 թվականի N 669-Ն
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6.2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 29-ի N 669-Ն որոշման |
Կ Ա Ր Գ ՈՒ Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) հավատարմագրման ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:
2. Կազմակերպության հավատարմագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` լիազորված պետական մարմին)` սույն կարգի պահանջներին համապատասխան:
3. Անկախ կազմակերպաիրավական ձևից՝ կազմակերպության հավատարմագրումը պարտադիր է:
4. Կազմակերպության հավատարմագրումը հավաստվում է վկայականով (այսուհետ` վկայական) և հավատարմագրման գրանցամատյանում գրանցումով:
5. Կազմակերպության հավատարմագրման գործընթացն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով ստեղծվում է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման մասնագիտական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և հաստատվում դրա աշխատակարգն ու անհատական կազմը:
6. Հանձնաժողովը կազմված է տասներեք անդամից, որում ընդգրկված են արվեստաբաններ (առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձով), ներկայացուցիչներ՝ գիտական կազմակերպություններից, թանգարաններից և լիազորված պետական մարմնից:
7. Հանձնաժողովն իրավասու է քննարկել սույն կարգի համաձայն իրեն ներկայացված փաստաթղթերը և տրամադրել եզրակացություն կազմակերպությանը վկայական տալու, մերժելու կամ վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:
2. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
8. Կազմակերպությունը պարտավոր է՝
1) ապահովել մշակութային արժեքների փորձաքննության իրականցումը միայն լիազորված պետական մարմնի կողմից հավատարմագրված մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների կողմից.
2) իրականացնել և հաստատել մշակութային արժեքների փորձաքննությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության անցկացման կարգը և չափորոշիչները հաստատելու մասին» N 630-Ն որոշման պահանջներին համապատասխան:
9. Կազմակերպությունը պետք է ապահովված լինի մշակութային առարկաների պահպանության համար անհրաժեշտ ջերմախոնավային ռեժիմով (օդի ջերմաստիճանը՝ 18+/-1 աստիճան C, օդի հարաբերական խոնավությունը՝ 55 +/-5) և անվտանգության համակարգով պահպանվող հետևյալ առանձնացված տարածքներով՝
1) փորձաքննության ներկայացված մշակութային առարկաների ժամանակավոր պահպանության տարածքով.
2) անձնակազմի աշխատանքների կազմակերպման և փաստաթղթերի պահպանման համար տարածքով.
3) մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնելու համար համապատասխան նյութատեխնիկական միջոցներով (նյութակազմը վերլուծող սարքավորում, շարժական ֆլուորեսցենտ-ռենտգենային սարք, ինֆրակարմիր ռենտգենային օպտիկական սարք, բինոկուլյար միկրոսկոպ, բևեռացնող միկրոսկոպ) հագեցված տարածքով:
3. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ԴՐԱ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
10. Կազմակերպության հավատարմագրման համար հայտ կարող են ներկայացնել իրավաբանական անձինք (այսուհետ՝ հավակնորդ)՝ անկախ կազմակերպաիրավական ձևից։
11. Հավատարմագրման համար հավակնորդը էլեկտրոնային (Լիազորված պետական մարմնի էլեկտրոնային հասցեի կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով) կամ թղթային եղանակով դիմում է նախարարին` կցելով հետևյալ փաստաթղթերը`
1) կազմակերպության պետական գրանցման վկայականի և հաստատված կանոնադրության պատճենները.
2) տեղեկատվություն կազմակերպության գործունեության իրականացման համար սույն կարգի 9-րդ կետով պահանջվող տարածքների տնօրինման, տիրապետման կամ օգտագործման մասին (վարձակալության պայմանագրի, սեփականության վկայականի պատճենները).
3) լուսանկարներ առանձնացված տարածքների և նյութատեխնիկական միջոցների վերաբերյալ.
4) տեղեկատվություն լիազորված պետական մարմնի կողմից հավատարմագրված մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող և համապատասխան օժանդակող մասնագետներից (առնվազն նյութատեխնիկական միջոցներից օգտվելու հմտություններ ունեցող մեկ մասնագետ) կազմված աշխատակազմի առկայության մասին:
12. Հայտն ու կից փաստաթղթերն ընդունում է լիազորված պետական մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը (այսուհետ` ստորաբաժանում) և հայտն ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանք: Եթե հայտին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա ստորաբաժանումը հավակնորդին գրավոր առաջարկում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում համալրել այն:
13. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված ժամկետում հավակնորդի կողմից փաստաթղթերն ամբողջական չներկայացվելու դեպքում հայտը վերադարձվում է:
14. Հայտն ու կից փաստաթղթերի փաթեթն ամբողջական լինելու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում ստորաբաժանումը զեկուցում է նախարարին հանձնաժողովի նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին: Ստորաբաժանման զեկուցմանը հաջորդող աշխատանքային օրվանից հետո նախարարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հրավիրում է հանձնաժողովի նիստ:
15. Հանձնաժողովը նիստում քննարկում է հայտը և տալիս այն բավարարելու կամ մերժելու մասին եզրակացություն:
16. Հանձնաժողովը հայտը մերժելու մասին տալիս է եզրակացություն, եթե հայտը չի բավարարում սույն կարգի 9-րդ և 11-րդ կետերով սահմանված պահանջները:
17. Սույն կարգի 15-րդ կետով նախատեսված եզրակացությունն ստանալուց հետո ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է նախարարի հրամանի նախագիծ՝ հավակնորդի հայտը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ՝ դրան կցելով հայտը, կից ներկայացված փաստաթղթերը և հանձնաժողովի եզրակացությունը:
18. Հրամանի նախագիծը նախարարին ներկայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում նախարարը հանձնաժողովի եզրակացության հիման վրա հրաման է ընդունում կազմակերպությանը վկայական տրամադրելու կամ վկայականի տրամադրումը մերժելու մասին:
4. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
19. Նախարարի հրամանի ստորագրումից հետո ստորաբաժանումը հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատրաստում է վկայականը և ներկայացնում նախարարի հաստատմանը:
20. Վկայականը նախարարի կողմից հաստատվելուց հետո ստորաբաժանումը մեկ աշխատանքային օրվա ընթացքում վկայականը գրանցում է հավատարմագրման գրանցամատյանում և այն հանձնում հավակնորդին: Վկայականը տրվում է 5 (հինգ) տարի ժամկետով՝ վերահավատարմագրման հնարավորությամբ։
21. Վկայականի, հավատարմագրման գրանցամատյանի ձևերն ու հավատարմագրման գրանցամատյանի վարման կարգը սահմանում է նախարարը:
22. Վկայականի կորստի կամ վնասվելու դեպքում հավատարմագրման գրանցամատյանի տվյալների հիման վրա երեք աշխատանքային օրվա ընթացքում տրվում է նույն համարով և գործողության ժամկետով նոր վկայական` վերին աջ անկյունում «Կրկնօրինակ» նշումով:
23. Նախարարի կողմից հրամանն ընդունվելուց հետո եռօրյա ժամկետում լիազորված պետական մարմինն իր պաշտոնական կայքում տեղադրում է հավատարմագրված կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվություն, որը պետք է ներառի`
1) կազմակերպության անվանումը.
2) կազմակերպության գտնվելու վայրը.
3) վկայականի համարը, տրամադրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
4) կազմակերպության հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստը.
5) կազմակերպության կողմից իրականացվող մշակութային արժեքների փորձաքննության ոլորտները:
5. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
24. Լիազորված պետական մարմինն իրականացնում է մշտադիտարկման աշխատանքներ:
25. Եթե հավատարմագրված կազմակերպությունն իր գործունեության ընթացքում խախտել է սույն կարգի 9-րդ կետի կամ մեկ տարվա ընթացում երկու և ավելի անգամ խախտել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության անցկացման կարգը և չափորոշիչները հաստատելու մասին» N 630-Ն որոշման պահանջները, ապա մշտադիտարկման արդյունքների հիման վրա լիազորված պետական մարմնի կողմից տրվում է գրավոր նախազգուշացում՝ առաջարկելով քսան աշխատանքային օրվա ընթացքում վերացնել խախտումները:
26. Գրավոր նախազգուշացում ստանալուց հետո հայտնաբերված խախտումը կազմակերպության կողմից քսան աշխատանքային օրվա ընթացքում չվերացվելու դեպքում ստորաբաժանումը դրա մասին գրավոր տեղեկացնում է նախարարին՝ առաջարկելով հրավիրել հանձնաժողովի նիստ՝ վկայականի գործողությունը դադարեցնելու համար:
27. Նախարարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հրավիրում է հանձնաժողովի նիստ:
28. Հանձնաժողովը նիստում տալիս է վկայականի գործողության դադարեցման կամ չդադարեցման մասին եզրակացություն:
29. Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է նախարարի հրամանի նախագիծ:
30. Նախարարը երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի եզրակացության հիման վրա հրաման է ընդունում կազմակերպությանը տրված վկայականի գործողությունը դադարեցնելու կամ չդադարեցնելու վերաբերյալ:
31. Վկայականի գործողության չդադարեցնելու կամ դադարեցնելու մասին նախարարի հրամանն ստանալուց հետո լիազորված պետական մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ դրա մասին տեղեկացնում է կազմակերպությանը՝ կցելով նախարարի հրամանի պատճենը:
32. Վկայականի գործողությունը դադարեցնելու մասին կազմակերպությանը տեղեկացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ստորաբաժանումը հավատարմագրման գրանցամատյանում կատարում է համապատասխան գրառում և հետ վերցնում վկայականը:
6. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
33. Վկայականի տրամադրումը մերժելու կամ վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ նախարարի որոշումները կարող են բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով կամ դատական կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
29.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2025 թվական:
