ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2025 թվականի N 667-Ն
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՍԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.1-ին հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
29.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 29-ի N 667-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՍԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման և տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված տվյալների պահպանման հետ կապված հարաբերությունները:
2. Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման արդյունքով ստացված բժշկական գաղտնիք համարվող տվյալների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով (այսուհետ` օրենք) և դրանից բխող իրավական ակտերով, իսկ այլ անձնական տվյալների մշակման հետ կապված հարաբերությունները` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով և դրանից բխող իրավական ակտերով:
3. Տեսալուսանկարահանող սարքերը կարող են տեղադրվել բնակչության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն) սպասասրահում, միջանցքում, վերելակներում, վճարման կետերում և այլ ընդհանուր օգտագործման տարածքներում, վիրահատարաններում, բացառությամբ օրենքով սահմանված տարածքների:
4. Տեսալուսանկարահանող սարքեր օգտագործելու դեպքում բժշկական կազմակերպություններն իրենց կազմակերպության տարածքի տեսանելի հատվածներում տեղադրում են իրազեկման ցուցանակներ: Իրազեկման ցուցանակները տեղադրվում են այնպես, որ տեսանելի լինեն մինչև տեսահսկման տարածք մտնելը: Իրազեկման ցուցանակները պետք է պարունակեն առնվազն հետևյալ տեղեկատվությունը.
1) տեսախցիկի պատկերը.
2) տեսալուսանկարահանումն իրականացնող բժշկական կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը.
3) տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված տվյալների պահպանման ժամկետը.
4) անձի, որին վերաբերում են անձնական տվյալները՝ իր անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հետ կապված հարցերի դեպքում կապ հաստատելու մասին տեղեկատվություն` միաժամանակ նշելով տեսալուսանկարահանման իրականացման համար իրավասու (պատասխանատու) բաժնի կամ աշխատողի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, աշխատողի դեպքում` նաև պաշտոնը):
5. Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը կառավարվում է բժշկական կազմակերպությունում այդ սարքերի աշխատանքը ապահովող համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով։ Տեսալուսանկարահանող սարքերը պետք է տեղադրվեն այնպես, որ հնարավորինս քիչ տարածք վերահսկելով հնարավոր լինի հասնել օրենքով հետապնդվող նպատակին: Տեսալուսանկարահանող սարքերի քանակը, դրանց գտնվելու վայրը և կետայնությունը (resolution) պետք է համապատասխանեն տեսահսկման նպատակներին, բժշկական կազմակերպության գործունեության առանձնահատկություններին, տարածքի ընդհանուր մակերեսին և կառուցվածքին: Տեսանյութերից պետք է պարզ լինի տեսալուսանկարահանման ժամը, ամսաթիվը և վայրը:
6. Բժշկական կազմակերպությունների վիրահատարաններում`
1) կարող են տեղադրվել տեսալուսանկարահանող սարքեր` ապահովելով վիրահատարանում ներկա գտնվող անձանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի և արժանապատվության հարգումն ու պաշտպանությունը և հետևյալ պայմանները.
ա. տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված տվյալների անվտանգության ու գաղտնիության ապահովումը և դրանց մշակումը միայն պացիենտների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու, ուսումնական և գիտական նպատակներով, ինչը կնպաստի նաև բժշկական ծառայությունների որակի, ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի, մեթոդների, ծավալների համապատասխանության ապահովմանը,
բ. տեսալուսանկարահանող սարքերը պետք է ապահովեն վիրահատարանում իրականացվող բժշկական միջամտության ողջ գործընթացի պատշաճ կերպով տեսաձայնագրումը, որը հնարավորություն կտա նաև նույնականացնելու վիրահատարանում գտնվող բժշկական անձնակազմի և պացիենտի ինքնությունը, բացառությամբ սույն ենթակետի «գ» և «դ» պարբերություններով նախատեսված դեպքերի,
գ. վիրահատարանում տեղադրված տեսալուսանկարահանող սարքերով ուսումնական և գիտական նպատակներով իրականացված տեսաձայնագրությունն օգտագործվում է ապանձնավորված, բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկական միջամտությունը կատարվում է մարդու մարմնի այն մասում, ինչի արդյունքում ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացվելու է անձի ինքնությունը, և որի դեպքում պարտադիր է սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված պացիենտի գրավոր համաձայնությունը ստանալը: Ընդ որում՝ ուսումնական և գիտական նպատակներով վիրահատարանում կատարված տեսաձայնագրություններում առկա բժշկական անձնակազմի անձնական տվյալները (տեսապատկերները) վերջիններիս համաձայնությամբ կարող են չապանձնավորվել,
դ. այն դեպքում, երբ վիրահատարաններում բժշկական միջամտության տեսաձայնագրումն իրականացվում է վիրահատարանի լամպերի կամ այլ բժշկական սարքավորումների վրա ամրացված շարժական տեսախցիկների միջոցով և տեսանյութերը չեն ներբեռնվում համակարգ, այդ տեսանյութերը նույնպես մշակվում և պահպանվում են սույն կարգով սահմանված դրույթների համաձայն.
2) տեղադրված տեսալուսանկարահանող սարքերը կարող են օգտագործվել (գործարկվել) միայն նախքան վիրահատությունը պացիենտի գրավոր համաձայնությունը ստանալու դեպքում` իր բժշկական միջամտության տեսալուսանկարահանման արդյունքում ստացված տվյալները մշակելու համար` պահպանելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 9-րդ, 10-րդ և 12-րդ հոդվածների պահանջները:
7. Տվյալների սուբյեկտը (անձ, որին վերաբերում են անձնական տվյալները) իրավունք ունի տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված իր անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալու` օրենքով սահմանված կարգով:
8. Համակարգում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված տվյալների (տեսանյութերի) հասանելիության յուրաքանչյուր մակարդակ թույլատրում է համակարգում որոշակի գործողությունների հնարավորություն` դիտում, ներբեռնում, խմբագրում, արխիվացում և ոչնչացում:
9. Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի իրավական ակտով բժշկական կազմակերպություններում նշանակվում են համակարգի գործունեության համար պատասխանատու աշխատողներ (այսուհետ` համակարգի պատասխանատու), ինչպես նաև համակարգի գործունեության մշտադիտարկում իրականացնող աշխատողներ: Համակարգի պատասխանատուներ և համակարգի գործունեության մշտադիտարկում իրականացնողներ նշանակվում են համակարգի հետ աշխատելու հմտություններ ունեցող բժշկական կազմակերպության այն աշխատողները, որոնց աշխատանքային գործառույթներից բխում է համակարգին հասանելիություն ունենալը: Սույն կետում սահմանված իրավական ակտով սահմանվում են նաև նշանակված պատասխանատուների՝ համակարգին՝ ներառյալ տեսանյութերին հասանելիության մակարդակները:
10. Համակարգ մուտք գործելու համար իրավասու աշխատողներն անցնում են բազմագործոն նույնականացում (multi-factor authentication): Բժշկական կազմակերպության կողմից իրականացվում են համակարգ չարտոնված մուտքը կամ չարաշահումը կանխելու համապատասխան տեխնիկական և կազմակերպական միջոցառումներ։
11. Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված տվյալների պահպանման գործընթացն իրականացվում է` պահպանելով հետևյալ պահանջները.
1) տեսանյութերը պետք է պաշտպանված լինեն պատշաճ գաղտնագրման ալգորիթմների միջոցով.
2) տեսանյութերը պահվում են առնվազն մեկ ամիս, բայց ոչ ավելի քան երկու ամիս, իսկ օրենքի 7.1-ին հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի համար` օրենքով սահմանված ժամկետներում.
3) տվյալների կրկնօրինակումներն իրականացվում են ամիսը մեկ անգամ, պահպանվում են այլ կրիչի վրա և յուրաքանչյուր ամսվա կրկնօրինակված տվյալները հաջորդ ամսվա ընթացքում ենթակա են ոչնչացման։
12. Տեսանյութերը պահպանվում են սերվերային սարքավորումների վրա կամ անվտանգ ամպային միջավայրում: Սերվերային սարքավորումը պետք է տեղակայված լինի ապահով սենյակում՝ մուտքի հսկողությամբ: Տարածքը պետք է հագեցած լինի տեսահսկման համակարգով, անվտանգության ազդանշանային, հակահրդեհային միջոցներով, օպտիմալ ջերմաստիճանային ռեժիմի պահպանմանն ուղղված միջոցներով և ֆիզիկական անվտանգության այլ միջոցներով։
13. Համակարգն ինքնաշխատ ձևավորում է համակարգում ցանկացած օգտվողի կողմից իրականացվող գործողությունների, իրադարձությունների մատյան: Բժշկական կազմակերպությունում իրավասու անձի կողմից համակարգի գործունեությունը պարբերաբար, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ մշտադիտարկվում է՝ հայտնաբերելու չարտոնված մուտքի հնարավոր փորձերը, տեսանյութերի հասանելիության մակարդակների խախտումները, կանխարգելելու հնարավոր չարաշահումները և վերահսկելու համակարգի համապատասխանությունը սույն կարգի պահանջներին: Մշտադիտարկման (մոնիթորինգի) արդյունքում կազմվում է արձանագրություն, որում նշվում են այն կազմելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, վայրը, մշտադիտարկում իրականացնող աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը, մշտադիտարկման արդյունքները: Մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունները պահպանվում են մեկ տարի:
14. Սույն կարգով սահմանված պահանջների հետ մեկտեղ անձնական տվյալներ մշակողի կողմից կարող են կիրառվել նաև «Տեղեկատվության անվտանգության կառավարման» ՀՍՏ ԻՍՈ/ԻԷԿ 27000 շարքի, այդ թվում՝ ԻՍՈ 27799, միջազգային ստանդարտներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են հատուկ կատեգորիայի անձնական տվյալների նյութական կրիչների և այդ անձնական տվյալների պահպանման տեխնոլոգիաների նկատմամբ:
15. Բժշկական կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման ժամանակ հայտնաբերված խախտումներ կամ չարաշահումներ կատարած աշխատողները ենթարկվում են կարգապահական պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով, իսկ նրանց արարքներում վարչական իրավախախտման կամ հանցագործության հատկանիշների առկայության դեպքում նրանց նկատմամբ ձեռնարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան այլ միջոցներ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
29.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2025 թվական:
