ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«20» մայիսի 2025 թ. |
|
թիվ 59-Ն |
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ՝ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ (ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ (ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԱՊՐԻԼԻ 30-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ՍԵԶՈՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին՝
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սահմանել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Դ. ԳԱՍՊԱՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Հաստատված է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ավագանու 20.05.2025թ. թիվ 59-Ն որոշմամբ |
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ` ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ (ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ (ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 30-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ՍԵԶՈՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց` տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում (այսուհետ՝ Տարածք) ամառային (մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգի, պայմանների ու սահմանափակումների հետ կապված հարաբերությունները:
2. Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվությունները տրամադրում է Վաղարշապատ համայնքի ղեկավարը, եթե ներկայացված դիմումը համապատասխանում է սույն հավելվածով սահմանված պահանջներին:
2. ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
3. Թույլտվություն ստանալու համար դիմումատուն Վաղարշապատ համայնքի ղեկավարին ներկայացնում է էլեկտրոնային կամ թղթային եղանակով դիմում, որին կից ներկայացվում են.
1) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման քաղվածքը,
2) Դիմումատուի շենքի կամ շինության սեփականության կամ օգտագործման վկայականի պատճենը,
3) տեղական տուրքի վճարման անդորրագրի պատճենը,
4) էսքիզ առաջարկ՝ սույն հավելվածի 3-րդ գլխում սահմանված պահանջներին համապատասխան:
4. Դիմումների մուտքագրումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին գրավոր եզրակացություն են ներկայացնում Աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժինը` էսքիզ առաջարկի վերաբերյալ, իսկ Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկը գրավոր եզրակացություն` Վաղարշապատ համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 14-ի թիվ 54-Ն որոշմամբ սահմանված պարտադիր բարեկարգման պահանջների կատարման։
5. Եթե թույլտվությունը ստանալուց հետո հաջորդ տարիներին սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի փոփոխություններ չեն կատարվել՝ դիմումին կից ներկայացվում են միայն տեղական տուրքի վճարման անդորրագրի պատճենը, բացառությամբ, եթե տեղի է ունեցել քաղաքաշինական իրավիճակի փոփոխություն, տվյալ դեպքում կրկին պետք է ներկայացվեն սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը:
6. Դիմումը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում թղթային կամ էլեկտրոնային եղանակով դիմումատուին տրվում է համապատասխան թույլտվություն կամ դիմումը մերժվում է: Դիմումը մերժվում է եթե՝
1) սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվել են թերի (այդ թվում՝ տեղական տուրքի գումարը վճարվել է Վաղարշապատ համայնքի ավագանու որոշմամբ սահմանված դրույքաչափից պակաս), եթե դիմումատուն չի կարող տեղում շտկել և/կամ լրացնել թերի ներկայացված փաստաթղթերը,
2) սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվել են ամբողջական, սակայն դրանք չեն համապատասխանում սույն հավելվածով սահմանված պահանջներին, բացառությամբ այն դեպքերի եթե ներկայացրած փաստաթղթերում հայտնաբերված սխալները, ջնջումները, քերվածքները, վրիպակները շտկվեն փաստաթղթերը ներկայացնողի կողմից կամ փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակները վերջիններիս ներկայությամբ ինքնուրույն ուղղվեն դրանք ընդունող անձի կողմից:
Վարչական մարմինն իրավունք չունի չընդունելու սույն մասում նշված փաստաթղթերը միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման սխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ:
3) սույն հավելվածի 4-րդ կետով նշված մարմինների կողմից տրվել է բացասական եզրակացություն։
7. Հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքը տրամադրվում է․
1) բացառապես տվյալ սեզոնի ընթացքում հանրային սննդի ծառայություն կազմակերպելու համար, որտեղ ապահովելով ոչ պակաս, քան մայթի 1,8 մետր լայնությամբ ազատ անցուղին կարող են տեղադրվել համապատասխան սպասարկումն ապահովելու համար անհրաժեշտ սեղաններ ու աթոռներ, շարժական պահարան, տարածքին էսթետիկական պատշաճ տեսք արտահայտող ծաղկային կոմպոզիցիաներ կամ համանման այլ էլեմենտներ, բազրիքներ, ինչպես նաև հովանոցներ կամ առանց կրող կամ լրացուցիչ հենասյուների տեղադրում պահանջող ծածկոցներ,
2) շինությանը կից հատվածից մինչև մայթի եզրը, բացառությամբ կանաչապատ գոտին և հետիոտնի երթևեկության համար նախատեսված ազատ անցուղին,
3) մայթի նույն ուղղությամբ գտնվող սրճարաններին ճակատից հավասար հեռավորության վրա։
8. Հանրային սննդի ծառայության կազմակերպման համար թույլատրվում է տեղադրել սեզոնային սրճարանի սարքավորումների տարրեր՝ դրանց ամրացման տարրերի խորացմամբ մինչև 0,3 մետր: Սեզոնային սրճարանի ապամոնտաժման ժամանակ սույն կետում նշված սարքավորումների ամրացման տարրերը նույնպես ենթակա են ապամոնտաժման:
9. Սեզոնային սրճարանի կահավորման մեջ օգտագործվող հովանոցները կարող են լինել կամ միագմբեթ կամ բազմագմբեթ՝ կենտրոնական հենարանով.
1) հովանոցների և բուսակամարների (պերգոլաների) գմբեթի բարձրությունը չպետք է գերազանցի շենքի, կառուցվածքի առաջին հարկի բարձրությունը (առաջին և երկրորդ հարկերի միջև), որը զբաղեցնում է հանրային սննդի օբյեկտը,
2) սեզոնային սրճարաններ կազմակերպելիս վրանների օգտագործում չի թույլատրվում։
10. Սեզոնային սրճարանի կահավորման մեջ օգտագործվող դեկորատիվ ցանկապատերը տեղադրվում են մեկ գծով՝ սեզոնային սրճարանի տեղակայման սահմաններում։ Ընդ որում․
1) սեզոնային սրճարանների կազմակերպման մեջ օգտագործվող դեկորատիվ ցանկապատերի բարձրությունը չի կարող լինել 0,6 մետրից պակաս (բացառությամբ ցանկապատի գործառույթ կատարող կանաչապատման կոնտեյներների տեղադրման դեպքերի) և գերազանցել 0,9 մետրը,
2) դեկորատիվ ցանկապատերի կոնստրուկցիաները, որոնք դասավորված են ասֆալտբետոնե (մայթի սալահատակային) ծածկույթի վրա, պետք է պատրաստված լինեն կոշտ հատվածներից, որոնք ամրացված են միմյանց կայունությունը ապահովող տարրերով,
3) դեկորատիվ ցանկապատերի կոնստրուկցիաները չպետք է պարունակեն տարրեր, որոնք վտանգ են ներկայացնում հետիոտնի երթևեկության անվտանգության համար:
11․ Ձմեռային սեզոնին տարածքի կահավորման համար թույլատրվում է տարածքը կահավորել ոչ ստացիոնար (ժամանակավոր և հավաքվող), ամուր դեկորատիվ պոլիէթիլենային պլաստիկե թաղանթով կամ օրգանական ապակեպատմամբ: Ամառային սեզոնի ընթացքում նշված սարքավորումներն ենթակա են ապամոնտաժման:
12. Թույլտվությունը ստանալուց հետո թույլտվություն ստացած անձը պարտավոր է․
1) Տարածքում կազմակերպվող ծառայությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ապահովել Տարածքին հարակից կամ անմիջականորեն ներառող հատվածներում հետիոտնի համար նախատեսված մայթերի կամ անցուղիների գոտիների լիարժեք ազատ միջավայրը՝ հաշվի առնելով նաև բնակչության տեղաշարժման դժվարություններ ունեցող խմբերի մատչելիությունն ապահովելու անհրաժեշտությունը,
2) թույլտվությամբ սահմանված ժամկետի ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տարածքն ազատել և բերել նախկին տեսքին:
13. Հանրային սննդի սեզոնային ծառայությունն արգելվում է կազմակերպել․
1) կանաչապատ տարածքներում,
2) օգտագործելով աղյուսներ, շինարարական բլոկներ և սալեր, մոնոլիտ բետոնի, երկաթբետոնի և պողպատե պրոֆիլավորված թիթեղներ,
3) իրականացնելով ստորգետնյա ինժեներական հաղորդակցուղիների անցկացում և կապիտալ բնույթի շինմոնտաժային աշխատանքներ,
4) կահավորման համար օգտագործելով ամառանոցային, պարտեզային և ինտերիերի կահույք։
3. ՏԱՐԱԾՔԻ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԷՍՔԻԶ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
14. Տարածքի կահավորման էսքիզ նախագիծը ներառում է տեքստային և գրաֆիկական նյութեր:
15. Տեքստային նյութերը կազմվում են բացատրական գրության տեսքով և ներառում են հիմնական ճարտարապետական և կոնստրուկտիվ լուծումների նկարագրությունը՝ նշելով օբյեկտի հարաչափերը, կոնստրուկցիաների նյութերը և գույները:
16. Գրաֆիկական նյութերը ներառում են․
1) առկա իրավիճակի լուսանկարներ՝ առանց սեզոնային սրճարանի տեղակայման: Լուսանկարները պետք է ապահովեն սեզոնային սրճարանի գտնվելու վայրի ամբողջական հստակ ցուցադրումը,
2) որակավորման վկայական ունեցող անձի կողմից տրամադրված տարածքի չափագրության տեղագրական հանույթը և իրադրության հատակագիծը՝ 1:500 կամ 1:200 մասշտաբով, որտեղ նշվում են տարածքի ուրվագծային չափերը և մակերեսը,
3) գծագրեր (ճակատներ, հատակագծեր՝ կահավորման տարրերով, կտրվածքներ, հիմնական կառուցվածքային տարրեր, ամրացման տարրեր և սարքավորումների այլ տարրեր)՝ 1:200 մասշտաբով։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Դ. ԳԱՍՊԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մայիսի 2025 թվական:
