ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2025 թվականի N 643-Լ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-1053-21.04.2025-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
23.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-1053-21.04.2025-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել նոր «թ» կետով, որով վարորդին արգելվում է տրանսպորտային միջոցներում տեղադրել ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչներ կամ լրացուցիչ նվագարկիչներ, լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ: Նշվածը հիմնավորվում է նրանով, որ լրացուցիչ ուժեղացուցիչներից և բարձրախոսներից հնչող բարձր երաժշտությունը, վերասարքավորված կամ լրացուցիչ տեղադրված խլացուցիչների ձայները կարող են խախտել հասարակական անդորրը, ինչպես նաև՝ դժվարացնել շչակների ձայնը լսելը, արտակարգ տրանսպորտային միջոցների ազդանշաններին արձագանքելը և երթևեկելը:
Վերոնշյալ իրավակարգավորումների կապակցությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հաշվի առնելով Նախագծով հետապնդվող նպատակի հանրային կարևորությունը, դեմ չէ առաջարկվող գաղափարին։
Միաժամանակ, անհրաժեշտ է նկատի ունենալ որոշ հիմնախնդիրներ։ Այսպես, անդրադառնալով իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին իրավական ակտերի համապատասխանության հարցին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ–630 որոշմամբ, արձանագրել է. «(….) Տվյալ օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի՝ որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն՝ ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն՝ դրա հետ համատեղելու իր վարքագիծը»։
Ղեկավարվելով վերոնշյալով՝ առաջարկվում է հստակեցնել «լրացուցիչ նվագարկիչներ, լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ» ձևակերպումները:
Բացի այդ, նշված կարգավորման արդյունքում կարող են առաջանալ որոշ գործնական խնդիրներ, այդ թվում՝ վարչական պատասխանատվության կիրառման համատեքստում։ Մասնավորապես, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ գործնականում կարևոր է, թե ինչպես է պարզվելու նշված սարքավորումները վարորդի կողմից տեղադրված լինելու հանգամանքը, արդյոք նշված սարքավորումները չեն հանդիսանում գործարանային արտադրանք և կապված չեն մեքենայի լրացուցիչ հագեցվածության հետ։ Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ որոշ դեպքերում գործարանային նվագարկիչներն իրենց հզորությամբ կարող են գերազանցել «լրացուցիչ նվագարկիչներին»:
Ամփոփելով վերոգրյալը և հաշվի առնելով առաջարկվող կարգավորումների արդյունքում հնարավոր խնդիրները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է քննարկել նախագծերի փաթեթով հետապնդվող նպատակին հասնելու այլընտրանքային, առավել որոշակի լուծումներ գտնելու հնարավորությունը։
