ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 1993 թ. N 520
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՔՎՈՏԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում տնտեսական բարեփոխումների հետագա խորացման, արտաքին տնտեսական գործունեության պետական կարգավորման կատարելագործման, Հայաստանի Հանրապետության միջազգային առևտրատնտեսական պայմանագրերի և միջկառավարական համաձայնագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում սահմանել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման քվոտավորման և լիցենզավորման միասնական կարգ:
Նշված կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետություն ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և հանրապետությունից դրանք ինչպես նախկին ԽՍՀՄ հանրապետություններ, այնպես էլ օտարերկրյա պետություններ արտահանման գործառնությունների վրա, եթե այլ բան չի նախատեսված Հայաստանի Հանրապետության միջպետական համաձայնագրերով:
2. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման քվոտավորման ու լիցենզավորման կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության բոլոր սուբյեկտների վրա, անկախ սեփականության ձևից և պետական գրանցման վայրից (բացի սույն որոշման 8-րդ կետում նախատեսված դեպքերից):
3. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանման և ներմուծման լիցենզիաների տրման կարգը (կցվում է).
բ) այն ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ցանկը, որոնց արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրվող լիցենզիաներով (N 1 ցանկը կցվում է).*)
գ) առանձնահատուկ այն ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ցանկը, որոնց արտահանումը և ներմուծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրվող լիցենզիաներով այլ նախարարությունների, գերատեսչությունների եզրակացությունների հիման վրա (N 2 ցանկը կցվում է):
Նշված անվանացանկերից դուրս ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանումը և ներմուծումը կատարվում է ազատ, առանց լիցենզիաների:
4. Սահմանել, որ «դեղամիջոցներ - 13.02, 29.38, 29.41, 30.03, 30.04» ապրանքատեսակների ներմուծումը կատարվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիայի հիման վրա:
5. Սահմանել, որ «բույսերի պահպանության համար քիմիական միջոցներ - 38.08» ապրանքատեսակների ներմուծումը կատարվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից տրված լիցենզիայի հիման վրա:
6. Զինամթերքի, ռազմական տեխնիկայի և դրանց արտադրության համար կոմպլեկտավորվող իրերի, պայթուցիկ նյութերի, միջուկային նյութերի (ներառյալ ջերմաարտադրիչների տեսքով նյութերը), տեխնոլոգիաների, սարքավորումների, տեղակայանքների, հատուկ ոչ միջուկային նյութերի և դրանց հետ կապված ծառայությունների, իոնացնող ճառագայթման աղբյուրների, թմրադեղերի և հոգենյարդային նյութերի արտահանման թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
7. «Պղնձի և մոլիբդենի նյութեր ու հանքաքարեր - 26.03, 26.13» ապրանքատեսակների արտահանման իրավունքը վերապահել միայն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության «Մետալուրգիմպեքս» պետական ձեռնարկությանը:
8. Լիցենզավորման սույն կարգը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գրանցում ունեցող, կանոնադրական ֆոնդին 30 տոկոսից ոչ պակաս օտարերկրյա ներդրումներ ունեցող ձեռնարկությունների սեփական արտադրանքի արտահանման, ինչպես նաև կանոնադրական ֆոնդի լրացման և սեփական արտադրանքի համար անհրաժեշտ հումքի ներմուծման վրա, բացառությամբ Եվրոպական տնտեսական համագործակցության երկրներ արտահանվող տեքստիլ արտադրանքի և այն համատեղ ձեռնարկությունների, որոնց օտարերկրյա մասնակիցը հանդիսանում է նախկին ԽՍՀՄ-ի հանրապետության իրավաբանական անձ:
9. Նախկին ԽՍՀՄ-ի և Եվրոպական տնտեսական համագործակցության երկրների միջև տեքստիլ ապրանքների առևտրի մասին կնքված համաձայնագրի կատարումն ապահովելու նպատակով պահպանել տեքստիլ ապրանքների առանձին տեսակների լիցենզավորումը Եվրոպական տնտեսական համագործակցության երկրներ, սույն որոշման N 1 ցանկի համաձայն:
Տեքստիլ ապրանքների արտահանման լիցենզիաների ձևակերպումը Եվրոպական տնտեսական համագործակցության երկրներ հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
10. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունից միջպետական համաձայնագրերով նախատեսված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանումն իրականացվում է պետական պատվեր կամ առաջադրանք տեղադրող լիազորված մարմնի կողմից հաստատված քվոտաների սահմաններում, համաձայն միջպետական համաձայնագրերում նախատեսված անվանացանկի:
11. ՀՀ նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` ՀՀ կառավարության, ինչպես նաև անմիջապես ՀՀ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների անունից այլ պետությունների նախարարությունների, գերատեսչությունների. ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների հետ ստորագրվող առևտրատնտեսական բնույթի համաձայնագրերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների ու գերատեսչությունների կողմից բանակցությունների վարման և Հայաստանի Հանրապետության միջազգային միջգերատեսչական պայմանագրերի կնքման, հաստատման, գրանցման, կատարման ու չեղյալ հայտարարման կարգը, Հայաստանի Հանրապետության միջազգային միջկառավարական պայմանագրերի շուրջ բանակցությունների վարման, կնքման, վավերացման և չեղյալ հայտարարման կարգը հաստատելու մասին» N 516 որոշման դրույթները, նախօրոք համաձայնեցնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, իսկ այն պայմանագրերը, որոնք նախատեսում են պետական միջոցների օգտագործում կամ պետության կողմից որոշակի ֆինանսական կամ գույքային պարտավորությունների ստանձնում, համաձայնեցնել նաև ՀՀ ֆինանսների նախարարության հետ` Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 29-ի «ՀՀ պետական կառավարման հանրապետական մարմինների միջազգային գործունեության ֆինանսական հարցերի մասին» N 423 որոշմամբ հաստատված կարգի համաձայն:
12. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը`
ա) N 3 ցանկում (կցվում է) նշված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանման դեպքում կատարել արտահանման պայմանագրի ստուգում` հաշվի առնելով արտահանվող ապրանքների նվազագույն հսկիչ գները, որոնք յուրաքանչյուր ամիս պետք է հրապարակվեն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ.
բ) սահմանված նվազագույն հսկիչ գներից (FOB - ՀՀ-ն սահման-գները) ցածր գնով արտահանելու դեպքում արտահանող ձեռնարկություններից պահանջել համապատասխան տեղեկանք` հանրապետական բյուջե գնային տարբերության վճարման մասին: Մինչև նոր գների հաստատումը ղեկավարվել վերջին հաստատված գներով, համաձայն հավելվածի.
գ) թույլատրել նվազագույն գներից ցածր գներով, առանց գնային տարբերության վճարման գործարքի իրականացում միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրերով նախատեսված դեպքերում:
13. Սույն որոշման N 4 ցանկում (կցվում է) նշված պետական ձեռնարկությունները պետական պատվերի և առաջադրանքի ծավալներից, ինչպես նաև անմիջապես իրենց կողմից արտահանվող ապրանքային քանակից դուրս արտադրած (սույն որոշման N 3 ցանկում նշված) արտադրանքների քանակությունն իրացնում են մրցութային (տենդեր) կարգով: Մրցույթը կազմակերպում են վերոհիշյալ ձեռնարկությունների համապատասխան վերադաս կառավարման մարմինները:
14. Հաստատել պետական ձեռնարկությունների, պետական պատվերից և առաջադրանքից դուրս արտադրված արտադրանքի գնման մրցույթի (տենդերի) անցկացման մասին կարգը (կցվում է):
15. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` սույն որոշման N 4 ցանկում նշված ձեռնարկությունների կողմից արտադրվող (սույն որոշման N 3 ցանկում նշված ապրանքների) արտահանման համար, եթե արտահանումը իրականացվում է այլ ձեռնարկությունների կողմից, որպես անհրաժեշտ փաստաթուղթ պահանջել սերտիֆիկատ` արտադրանքը մրցույթով ձեռք բերելու մասին:
16. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող տարիֆային և ոչ տարիֆային կարգավորման ենթակա արտադրանքի վերաարտահանման թույլտվությունը տրվում է միայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
17. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունից արվեստի ստեղծագործությունների, գեղարվեստական, պատմամշակութային նշանակության առարկաների արտահանման կարգի մասին որոշման նախագիծը:
18. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`
ա) մեկշաբաթյա ժամկետում հաստատել լիցենզիաների տրման կարգի մասին հրահանգը.
բ) ապահովել տրված լիցենզիաների տվյալների միասնական հանրապետական բանկի ստեղծումը:
19. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և գյուղատնտեսության նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով հաստատել լիցենզիաների տրման կարգի մասին հրահանգը:
20. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` լիցենզավորման ենթակա ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գծով և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` արտահանվող բոլոր ապրանքների գծով, իրավունք վերապահել դադարեցնել տնտեսավարող սուբյեկտների կողմից (անկախ սեփականության ձևից) արտահանման-ներմուծման գործառնությունները, եթե արտահանման պահից սկսած 3 ամսվա ընթացքում չեն կատարվել արտահանման պայմանագրերից բխող ֆինանսական պարտավորությունները (մասնավորապես տեղի չի ունեցել դրամական միջոցների փոխանցումը մաքսային հայտարարագրով նշված բանկային հաշվին), մինչև համապատասխան փաստաթղթեր ներկայացնելը:
21. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը և հարկային պետական տեսչությանը` մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ծառայությունների արտահանման և ներմուծման հաշվառման կարգի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
22. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման քվոտավորման միասնական կարգի մասին» N 410, 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 22-ի N 410 որոշմամբ նախատեսված N 2 ցանկը լրացնելու մասին» N 582, 1993 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում արտաքին տնտեսական գործունեության պետական կարգավորման լրացուցիչ միջոցառումների մասին» N 40 որոշումները:
___________
*) Ցանկերը չեն բերվում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտահանվող և ներմուծվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) լիցենզիաների տրման կարգը (այսուհետև` ապրանք):
2. Լիցենզիաները տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված լիցենզավորվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ցանկերին համապատասխան:
3. Լիցենզիաները տրվում են տնտեսական գործունեության սուբյեկտների (անկախ սեփականության ձևից) և ենթակա չեն փոխանցման այլ իրավաբանական անձանց: Լիցենզիաների տրման համար գանձվում է վճար պետական բյուջե, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձի չափով:
4. Լիցենզիաների տրման հիմք են հանդիսանում`
ա) պետական պատվերը և առաջադրանքը, Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարականը կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող արտադրանքի արտահանման քվոտան կամ արտադրող ձեռնարկության և արտահանող կազմակերպության միջև արտահանվող ապրանքների մատակարարման պայմանագիրը, նաև նախօրոք համաձայնեցված արտահանման պայմանագիրը.
բ) առանձնահատուկ ապրանքների արտահանման դեպքում` Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, պետական վարչության կամ գերատեսչության եզրակացությունը:
5. Տնտեսավարող սուբյեկտներին կարող են տրվել գլխավոր (հիմնական) և միանգամյա լիցենզիաներ: Գլխավոր լիցենզիա ստանալու համար հիմք է հանդիսանում պետական պատվերն ու առաջադրանքը, սահմանված քվոտան, ապրանքների արտահանման կամ ներմուծման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությունը: Մնացած դեպքերում տրվում է միանգամյա լիցենզիա: Գլխավոր լիցենզիայով արտահանման և ներմուծման գործառնությունները կարող են կատարվել մեկ կամ մի քանի պայմանագրերով, տարբեր արտասահմանյան գործընկերների հետ, իսկ միանգամյա լիցենզիայի դեպքում` միայն մեկ պայմանագրով:
6. Պայմանագրում նշված յուրաքանչյուր ապրանքատեսակի համար տրվում է առանձին լիցենզիա:
7. Լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերն են`
ա) տնտեսավարող սուբյեկտի դիմումը.
բ) ապրանքի ծագումը հաստատող փաստաթղթերը.
պայմանագիր կամ նրան փոխարինող այլ փաստաթուղթ ապրանքի ձեռքբերման մասին (հայրենական արտադրության ապրանքների համար արտահանող ձեռնարկությունը պետք է ներկայացնի արտադրողի հետ կնքված պայմանագիրը (միջնորդների առկայության դեպքում` նրանց հետ կնքված պայմանագրերը և ֆինանսական փաստաթղթերը), եթե ապրանքը չի արտադրված Հայաստանի Հանրապետությունում ապա պետք է ներկայացնել ներմուծման բոլոր փաստաթղթերը).
ապրանքի ձեռքբերումը հաստատող ֆինանսական փաստաթուղթը (կամ հաշիվ-ֆակտուրան կամ ելքի ապրանքագիրը կամ ապրանքի բեռնագիրը).
ծագման սերտիֆիկատ (եթե տվյալ ձեռնարկությունը չի ընդգրկված N 4 ցանկում).
ապրանքի որակի մասին սերտիֆիկատ` տրված արտադրողի կամ համապատասխան իրավասու կամ լիազորված կազմակերպության կողմից.
գ) արտահանման կամ ներմուծման պայմանագիրը և պայմանագրի մեջ ընդգրկված երկու կողմերի պետական գրանցման մասին փաստաթղթերը, բացառությամբ պետական ձեռնարկությունների:
Դիմողները պատասխանատվություն են կրում ներկայացված տեղեկությունների հավաստիության համար:
8. Լիցենզիաները տրվում են պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարով: Դիմողի հիմնավորված խնդրանքով լիցենզիայի ժամկետը կարող է երկարաձգվել: Լիցենզիա տվող մարմինը սահմանված կարգով կարող է կասեցնել տրված լիցենզիայի գործողությունը կամ անվավեր համարել այն:
9. Ձեռնարկությունները և կազմակերպությունները լիցենզավորվող ապրանքների արտահանումն իրականացնում են միայն սահմանված կարգով ձևակերպված լիցենզիաները ստանալուց հետո:
10. Լիցենզիա տալու մերժման և տրված լիցենզիայի գործողության կասեցման հիմք կարող են հանդիսանալ`
ա) Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը` կապված միջկառավարական համաձայնագրերի ապահովման և հանրապետությունից կարևորագույն ռեսուրսների անվերահսկելի արտահանման կանխումը.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անբարեխիղճ մրցակցությունը.
գ) ներկայացվող փաստաթղթերում սխալ տեղեկությունների առկայությունը.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
11. Լիցենզիան տրվում է դիմելու օրվանից 10-օրյա ժամկետում (բացառությամբ ադամանդի արտահանման լիցենզիայի տրման դեպքից, որը տրվում է 3-օրյա ժամկետում):
12. Լիցենզիայի տրման անհիմն մերժումը, ինչպես նաև դրա գործողության կասեցումը կամ անվավեր ճանաչումը դիմողի կողմից կարող է գանգատարկվել դատական կարգով, իսկ դրանց համար մեղավոր անձինք կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՍՏԱՏՎԱԾ է |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ (ՏԵՆԴԵՐԻ) ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Նշված կարգը սահմանում է սույն որոշման N 4 ցանկում բերված պետական ձեռնարկությունների կամ դրանց դուստր ձեռնարկությունների համապատասխան վերադաս կառավարման մարմինների կողմից պետական պատվերից և առաջադրանքից, ինչպես նաև անմիջապես իր կողմից արտահանվող ապրանքային քանակից դուրս արտադրված արտադրանքի գնման մրցույթի կազմակերպման և իրականացման կարգը: Արտադրանքի գնման մրցույթը սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանող տնտեսավարող սուբյեկտների ընտրության ձև է: Արտադրանքի մրցութային գնման նպատակն է առավել արդյունավետ և շահավետ գնման իրականացումը:
2. Մրցույթի օբյեկտ է հանդիսանում սույն կարգի 1-ին կետում նշված ձեռնարկությունների արտադրած արտադրանքի գնման իրավունքը:
3. Մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտ, անկախ սեփականության ձևից:
II. Մրցույթի նախապատրաստումը և անցկացումը
4. Մրցույթի նախապատրաստման և անցկացման նպատակով պետական ձեռնարկությունը ստեղծում է մշտական գործող մրցութային հանձնաժողով, որի կազմը հաստատում է տվյալ պետական ձեռնարկության վերադաս կառավարման մարմինը:
Հանձնաժողովը գլխավորում է վերադաս կառավարման մարմնի ներկայացուցիչը:
5. Մրցութային հանձնաժողովը հրապարակավ (այդ թվում զանգվածային լրատվության միջոցներով) հայտնում է մրցույթի անցկացման պայմանները`
մրցույթի նպատակն ու առարկան.
մրցույթին մասնակցող տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացվող հայտի ձևը և բովանդակությունը.
ներկայացվող հայտերին համապատասխանող չափանիշները.
արտադրանքի նախնական գինը.
մրցույթի անցկացման ժամկետը և արդյունքների հրապարակման կարգը:
6. Մրցույթի ապագա մասնակիցները ներկայացնում են մրցութային հանձնաժողովին մրցութային (տենդերային) առաջարկության փակ ծրարով` երեք օրինակից, որը պարունակում է`
տնտեսավարող սուբյեկտի պետական գրանցման վկայականը.
մրցույթին մասնակցելու հայտը.
տեղեկանք բանկից տնտեսավարող սուբյեկտի վճարունակության մասին:
7. Մրցութային հանձնաժողովի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների ոչ պակաս 2/3-ը: Մրցութային հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա փակ նիստերում, բաց քվեարկությամբ, հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
8. Մրցութային հանձնաժողովը որոշումները ընդունում է ելնելով արտադրանքի առաջարկվող գնից:
9. Մրցույթի արդյունքների ամփոփումը և հայտարարումը կատարվում է բաց: Մրցութային արդյունքներով հաղթող տնտեսավարող սուբյեկտին տրվում է սերտիֆիկատ, որտեղ նշվում է`
մրցույթը հաղթող ձեռնարկության անվանումը.
գնվող արտադրանքների խմբաքանակի անվանացանկը, քանակը, որակը, գինը կամ գնի ձևավորման մեխանիզմը, մատակարարման ժամկետը.
նշում այն մասին, որ սերտիֆիկատը կարող է վաճառվել երրորդ անձին.
սերտիֆիկատը տալիս է արտահանման, գնման գործարքը իրականացնելու իրավունք:
Սերտիֆիկատը համարակալված խիստ հաշվառման փաստաթուղթ է (ձևը կցվում է):
10. Սերտիֆիկատի հիման վրա կնքվում է պայմանագիր վաճառող և գնող ձեռնարկությունների միջև: Կնքված պայմանագրի պայմանները խախտելու դեպքում կողմերը կրում են պատասխանատվություն.
վաճառողի կողմից սահմանված ժամկետում արտադրանքի չմատակարարման համար վաճառողը վճարում է տուգանք գնորդին չմատակարարված արտադրանքի արժեքի 50 տոկոսի չափով, ինչպես նաև փոխհատուցում է նրա կողմից կրած բոլոր վնասները.
գնորդի կողմից պայմանագրային պարտավորություններից հրաժարվելու դեպքում գնորդը վճարում է տուգանք` արտադրանքի արժեքի 5 տոկոսի չափով, ինչպես նաև փոխհատուցում է նրա կողմից կրած բոլոր վնասները:
11. Սերտիֆիկատը պետք է հաստատվի վաճառող ձեռնարկության վերադաս կառավարման մարմնի կողմից:
III. Մրցույթի անցկացման ծախսերը և կազմակերպումը
12. Մրցույթն անցկացվում է կազմակերպիչ պետական ձեռնարկությունում և անցկացման ծախսերը կրում է կազմակերպիչը:
13. Մրցույթն անցկացվում է ելնելով արտադրանքի քանակից` առնվազն եռամսյակը մեկ անգամ.
14. Մրցույթի արդյունքների և ընթացքի հետ կապված վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
15. Մրցույթի անցկացման համար սահմանվում է մուտքի վճար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկ չափով, որը վճարվում է ձեռնարկության հաշվարկային հաշվին:
Ձև
Ս Ե Ր Տ Ի Ֆ Ի Կ Ա Տ N
(արտադրանքը մրցույթով ձեռք բերելու մասին)
ՎԱՃԱՌՈՂ ______________________________________________________________________________
(ձեռնարկության անվանումը, հասցեն)
_________________________________________________________________________________________
ԳՆՈՐԴ _________________________________________________________________________________
(ձեռնարկության անվանումը, հասցեն)
_________________________________________________________________________________________
Արտադրանքի անվանումը _________________________________________________________________
_________________________________________________________________________________________
Խմբաքանակը ___________________________________________________________________________
Արժեքը _________________________________________________________________________________
Վճարված է ______________________________________________________________________________
Պայմանագրի կնքման ժամկետները _________________________________________________________
Կողմերը պայմանավորվել են`
ՎԱՃԱՌՈՂԸ պարտավորվում է վաճառել, սույն սերտիֆիկատով նշված արտադրանքի խմբաքանակն արտահանելու իրավունքով:
ԳՆՈՐԴԸ պարտավորվում է կատարել վճարումը (գինը կամ գնի ձևավորման մեխանիզմը, վճարման ձևը) նշված ժամկետներում:
ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳՆՈՐԴԸ իրավունք ունի սերտիֆիկատը վաճառելու մեկ ուրիշ կողմին` փոխանցելով նաև բոլոր պարտավորությունները:
Սերտիֆիկատի վերաբերյալ բոլոր լրացուցիչ իրավունքները և պարտավորությունները կարող են նշվել երկու կողմերի միջև կնքվող պայմանագրում:
Եթե արտահանումն իրականացվում է երրորդ ձեռնարկության կողմից, ապա պայմանագիրը հանդիսանում է սերտիֆիկատի անբաժանելի մասը:
Սերտիֆիկատի գործունեության ժամկետը կնքման օրից 1 տարի է:
