ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2025 թվականի N 593-Ա
«ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ԳՅՈՒՄՐԻԻ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, 685-րդ և 688-րդ հոդվածները, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը, 18-րդ, 20-րդ, 24-րդ հոդվածները, 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 68-րդ հոդվածի 6-րդ մասը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վերակազմակերպել «Երկրագործության գիտական կենտրոն» (պետական գրանցման համարը՝ 99․120․1087840) փակ բաժնետիրական ընկերությունը «Գյումրիի սելեկցիոն կայան» (պետական գրանցման համարը՝ 55.070.00189) փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու ձևով։
2. «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Երկրագործության գիտաարտադրական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Երկրագործության գիտաարտադրական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունները և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
4. Սահմանել, որ «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունը «Երկրագործության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդն է, և նրան են անցնում «Երկրագործության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում`
1) հաստատել միացման մասին պայմանագիրը, փոխանցման ակտը, միացման կարգը և պայմանները, բաժնետոմսերի փոխարկման կարգը, կանոնադրական կապիտալի չափը, ընկերության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը.
2) ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներում՝ սույն որոշումից բխող փոփոխությունների կատարման աշխատանքների կատարումը։
6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ «Երկրագործության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարման պետական գրանցումից հետո «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին։
7. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Երկրագործության գիտաարտադրական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունների, այդ թվում՝ անվանափոխության պետական գրանցման գործընթացն իրականացվելու է «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
15.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
