ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 302-Ա
«ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԻ ԵՎ ԷԿՈ ԿԱՑԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 231,255,834 դրամ ընդհանուր արժողությամբ «Աշխատանքային ու ուսումնական արվեստանոցի և էկո կացարանի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
14.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 302-Ա որոշման |
«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԻ ԵՎ ԷԿՈ ԿԱՑԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության 270 ուսանողի, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության շուրջ 1600 սաների և Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների մասնագիտական կարողություններն ու հմտություններն ամրապնդելու, Գյումրի քաղաքի ու մոտակա գյուղական համայնքների դպրոցահասակ դեռահասների մասնագիտական կողմնորոշումը և նոր տեխնոլոգիաներին ու սարքավորումներին ծանոթացումը ապահովելու, աշխատաշուկան որակյալ կադրերով համալրելու նպատակով կառուցվելու է 378 քմ մակերեսով աշխատանքային և ուսումնական արվեստանոցի շենք: Մարզի հեռավոր գյուղերում ապրող, փախստական և սոցիալապես անապահով՝ մասնագիտական կրթություն ստացող երիտասարդների գիշերակացը անվճար կազմակերպելու նպատակով կառուցվելու է 103,7 քմ էկո կացարան։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Ֆրանսիական L’ŒUVRE D’ORIENT կազմակերպություն (տարբեր բարերարների մասնակցությամբ), հասցե՝ Ֆրանսիայի Հանրապետություն, քաղ. Փարիզ, փողոց Ռեգարդ, շենք 20։ Համահայկական կոնգրես բարեգործական հասարակական կազմակերպություն, հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Գյումրի, փողոց Պարույր Սևակ 22, ՀՎՀՀ՝ 05541775 |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպություն (հասցե՝ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Անի թաղամաս, 11 փողոց, 5/2, ՀՎՀՀ՝ 05512969) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Գյումրի քաղաք, բնագավառը՝ կրթական |
6. |
Ծրագրի բյուջեն |
231,255,834 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
1) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան ՊՈԱԿ-ի 270 ուսանող, ներառյալ Լեռնային Ղարաբաղից տեղահանված 20 ուսանող, ՀՎՀՀ՝ 05536355. 2) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ-ի շուրջ 1600 սան, ներառյալ Լեռնային Ղարաբաղից տեղահանված 260 սան, ՀՎՀՀ՝ 05504412. 3) գիշերակացով բնակվելու կարիք ունեցող մինչև 10 անձ՝ մարզի սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների սոցիալապես անապահով ուսանողներ, ներառյալ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի մայիսի 16-ից մինչև 2027 թվականի ապրիլի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) կառուցել աշխատանքային և ուսումնական արվեստանոց՝ մեկ հարկով և օգտագործելի ձեղնահարկով: Կառուցման ընթացքում ձեռք կբերվի կահավորանք և ուսումնական գույք, մասնավորապես՝ ոսկերչական, կավագործության, կաշեգործության աշխատասեղաններ, պատաշար, մետաղական պահարաններ, աթոռներ: Նորակառույց արվեստանոցը կհամալրվի անհրաժեշտ ուսումնական սարքերով, մասնավորապես՝ թրծման վառարանով, եռաչափ փորագրող սարքով, ջնարակապատման խցիկով, չորանոցով, էլեկտրական բրուտագործական բոլորակներով, կաշվե իրեր կարելու համար նախատեսված կարի մեքենայով: Միջոցառումներն իրականացվելու են 2025 թվականի մայիսի 16-ից մինչև 2026 թվականի մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 154,186,667 դրամի չափով: 2) մարզի սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների սոցիալապես անապահով ուսանողների գիշերակացն անվճար ապահովելու համար կառուցել մեկ հարկանի, 5 ննջասենյակից և ընդհանուր խոհանոցից կազմված Էկո կացարան, որի շինարարական աշխատանքներն իրականացվելու են էկոլոգիապես մաքուր բնական քարով և շինանյութերով: Կկատարվի ջերմամեկուսացման և ձայնամեկուսացման աշխատանքներ, իսկ ջեռուցումը և էլեկտրասնուցումը կկազմակերպվի արևային կայանի միջոցով: Այդ նպատակով կտեղադրվի արևային կայան՝ 50 կՎտ հզորությամբ: Կացարանի տաք ջուրը ապահովելու նպատակով կտեղադրվի երեք հատ արևային ջրատաքացուցիչ՝ յուրաքանչյուրը 250 լ: Նախատեսվում է 5 սենյակների համար ձեռք բերել կահույք, մասնավորապես՝ մահճակալներ, պահարաններ, գրասեղաններ, աթոռներ: Կացարանում բնակվող ուսանողների ընդհանուր օգտագործման խոհանոցի համար ձեռք է բերվելու խոհանոցային պարագաներ, մասնավորապես՝ սառնարան, սալօջախ, լվացքի և սպասք լվացնող մեքենաներ, ջեռոց, սպասք: Իրականացվելու է 2025 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2027 թվականի մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 77,069,167 դրամ արժողությամբ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) աշխատանքային ու ուսումնական արվեստանոցի կառուցում (շինարարական աշխատանքների իրականացում)՝ 143 290 833 դրամ. 2) էկո կացարանի կառուցում (շինարարական աշխատանքների իրականացում)՝ 63 510 833 դրամ. 3) արվեստանոցի կահավորանքի ձեռքբերում՝ 7,187,500 դրամ. 4) արվեստանոցի սարքերի ձեռքբերում՝ 3,708,334 դրամ. 5) արևային կայանի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 7,083,334 դրամ. 6) երեք հատ արևային ջրատաքացուցիչների ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 875,000 դրամ. 7) կացարանի հինգ սենյակների համար կահույքի (մահճակալներ, պահարաններ, գրասեղաններ, աթոռներ) ձեռքբերում և մատակարարում՝ 3,850,000 դրամ. 8) կացարանի համար խոհանոցային պարագաների (սառնարան, սալօջախ, լվացքի և սպասք լվացող մեքենաներ, ջեռոց, սպասք) ձեռքբերում և մատակարարում՝ 1,750,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Չի նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Շիրակի մարզպետի աշխատակազմ, Գյումրու քաղաքապետարան |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
14.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
