ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2025 թվականի N 534-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 220-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 27-ի «Բյուջետային երաշխիք տրամադրելու մասին» N 220-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) որոշման 1-ին կետը «հաջորդող գրավը» բառերից հետո լրացնել «առկայության դեպքում» բառերով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
02.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 30-ի N 534-Ա որոշման |
«Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 27-ի N 220-Ա որոշման |
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ N __/__
Սույն բյուջետային երաշխիքը (այսուհետ՝ Երաշխիք) հանդիսանում է ՀՀ կառավարության __ թվականի __-ի թիվ ___ որոշմամբ հաստատված ___ նպատակով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի (գրանցման համարը՝ 264.120.07314, իրավաբանական անձի ծածկագիր՝ 39167012, ՀՎՀՀ՝ 00091919, հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, 0010, Կենտրոն, Վազգեն Սարգսյան փողոց 26/1, այսուհետ՝ Պրինցիպալ) կողմից «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից և/կամ վերջինիս և/կամ Պրինցիպալի կողմից ներգրավված և/կամ սույն Երաշխիքի թողարկումից հետո ներգրավվող Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ առևտրային բանկ/եր/ից (այսուհետ առանձին և/կամ միասին՝ Բենեֆիցիար) ընդհանուր մինչև 150,000,000 (մեկ հարյուր հիսուն միլիոն) ԱՄՆ դոլար գումարի չափով ներգրավվող սինդիկացիոն կամ ոչ սինդիկացիոն վարկից (տրամադրված/տրամադրման ենթակա` —————թ․ կնքված թիվ ———— վարկային պայմանագրի շրջանակներում, այսուհետ՝ Վարկային պայմանագիր) մինչև 150,000,000 (մեկ հարյուր հիսուն միլիոն) ԱՄՆ դոլար գումարի չափով վարկի մայր գումարի և ոչ ավելի, քան 6 ամսվա գծով հաշվեգրված տոկոսագումարների վերադարձի ապահովման միջոց՝ մարումներն առաջնային կարգով Երաշխիքով ապահովված պարտավորությունների մարմանն ուղղելու պայմանով: Երաշխիքով ապահովված պարտավորությունները չեն ներառում վարկի գծով հաշվարկված (կիրառված) տուժանքի (տույժեր, տուգանքներ) մարումները:
Երաշխիքով Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Երաշխիք տվող անձ) պարտավորվում է Բենեֆիցիարի՝ սույն Երաշխիքով սահմանված կարգով և ժամկետում ներկայացված պահանջ/ներ/ով (այսուհետ ցանկացածը՝ պահանջ) Վարկային պայմանագրով սահմանված վարկի մարման ժամանակացույցին համապատասխան Բենեֆիցիարին վճարել մինչև 150,000,000 (մեկ հարյուր հիսուն միլիոն) ԱՄՆ դոլար գումար (այսուհետ` Երաշխիքի գումար), որը ներառում է Վարկային պայմանագրով սահմանված վարկի մայր գումարը և 6 ամսվա գծով հաշվեգրված տոկոսագումարների գումարը: Վճարումը կատարվում է Բենեֆիցիարի կողմից իր պահանջում նշված բանկային հաշվեհամարին փոխանցման միջոցով: Սույն Երաշխիքով վճարման պահանջ կարող է ներկայացվել վարկի գծով 30 օր և ավելի ժամկետանց վճարային (պարտքային) պարտավորությունների առկայության դեպքում և չափով՝ մինչև Երաշխիքի ժամկետի լրանալը: Սույն Երաշխիքի գործողության ժամկետում Երաշխիքի գումարի շրջանակներում Բենեֆիցիարը կամ Գործակալն իրավունք ունի ներկայացնել մեկից ավելի պահանջ: Սույն Երաշխիքի իմաստով ժամկետանց վճարային (պարտքային) պարտավորություն է համարվում Վարկային պայմանագրով սահմանված վարկի մարման՝ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված ժամանակացույցից 30 օր և ավելի կետանցը: Սույն Երաշխիքն անհետկանչելի է: Սույն Երաշխիքը գործում է մինչև Վարկային պայմանագրով սահմանված Պրինցիպալի պարտավորությունների ամբողջական կատարումը, սակայն ոչ ավելի, քան մինչև Վարկային պայմանագրով սահմանված վարկի մարման վերջնաժամկետից հետո 6 ամսվա լրանալու ամսաթիվը։ Ընդ որում, սույն պարբերությամբ նախատեսված ժամկետը հաշվարկելիս Վարկային պայմանագրով սահմանված վարկի մարման վերջնաժամկետի երկարաձգման՝ սույն Երաշխիքը թողարկելուց հետո կատարված փոփոխությունները հաշվի չեն առնվում: Սույն Երաշխիքից բխող Բենեֆիցիարի՝ Երաշխիքի գումարի վճարումը պահանջելու իրավունքը կարող է փոխանցվել այլ անձի՝ Երաշխիք տվող անձի գրավոր համաձայնության դեպքում:
Բենեֆիցիարը պահանջը ներկայացնում է Երաշխիք տվող անձին գրավոր ձևով: Պահանջը ներկայացվում է Վարկային պայմանագրով սահմանված Բենեֆիցիարի կամ Գործակալի կողմից, եթե Վարկային պայմանագրով կամ առանձին լիազորագրով Գործակալը լիազորված է հանդես գալ Բենեֆիցիար բանկերի անունից։ Պահանջին կից ներկայացվում են Բենեֆիցիարի կողմից Պրինցիպալին տրամադրված վարկի գծով 30 օր և ավելի ժամկետանց վճարային (պարտքային) պարտավորության հաշվարկը (բացվածքը) և պահանջը ներկայացնող Գործակալի լիազորությունները հավաստող փաստաթուղթը/երը /, եթե պահանջը ներկայացվել է Գործակալի կողմից/։ Երաշխիք տվող անձը Բենեֆիցիարի կամ Գործակալի կողմից ներկայացված պահանջը և կից փաստաթղթերն ստանալուց հետո առավելագույնը տասն աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է ներկայացված պահանջը և կից փաստաթղթերը սույն Երաշխիքի պայմաններին դրանց համապատասխանությունը պարզելու համար: Երաշխիք տվող անձը մերժում է Բենեֆիցիարի կամ Գործակալի պահանջը, եթե`
ա) պահանջը կամ կից փաստաթղթերը չեն համապատասխանում սույն Երաշխիքի պայմաններին.
բ) պահանջը ներկայացվել է Երաշխիքով սահմանված ժամկետի ավարտից հետո:
Երաշխիք տվող անձը պահանջը մերժելու մասին որոշում ընդունելու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում մերժման մասին տեղեկացնում է Բենեֆիցիարին կամ Գործակալին:
Սույն Երաշխիքի կապակցությամբ ծագող վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Սույն Երաշխիքը թողարկվել է __ թվականի __-ին՝ մեկ բնօրինակից:»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
02.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
