ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1590-Ա |
«28» ապրիլի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի և «Ռոբերտ Ավետյան Ավետիքի» անհատ ձեռնարկատիրոջ միջև 2025 թվականի ապրիլի 1-ին կնքված «ԵՔ-ԲՄԾՁԲ-25/8-1» ծածկագրով ծառայությունների մատուցման գնման պայմանագրի (այսուհետ Պայմանագիր) 1.1 կետի համաձայն՝ Պատվիրատուն հանձնարարում է, իսկ Կատարողը ստանձնում է գծանշումների ծառայությունների մատուցման պարտավորությունը՝ համաձայն Պայմանագրի անբաժանելի մաս կազմող N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագիր - գնման ժամանակացույցի պահանջների:
Նույն Պայմանագրի 1.2-րդ կետի համաձայն՝ Ծառայությունը պետք է մատուցվի Պայմանագրի N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցին համապատասխան և սահմանված ժամկետում:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության կողմից Պայմանագրով պատվիրատուին վերապահված իրավունքների և պարտականությունների իրականացման արդյունքում պարզվել է, որ կատարողի կողմից չեն պահպանվել Պայմանագրի 1.1-ին և 1.2-րդ կետերով նախատեսված պահանջները, մասնավորապես՝ Պայմանագրով սահմանված Ծառայությունների մատուցումը չի իրականացվել Պայմանագրի N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցին համապատասխան և սահմանված ժամկետում, ինչը հաստատվել է նաև տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության կողմից:
2025 թվականի ապրիլի 11-ին Կատարողին է ներկայացվել 14/46590-25 գրությունը, որով նշվել է, որ 2025 թվականի ապրիլի 2-ի հ.14/41576-25 գրությամբ տրամադրված առաջադրանքի ժամկետից անցել է 9 օր, որից բարենպաստ եղանակային պայմաններ եղել են 6 օրը, ուստի առաջադրանքի Պայմանագրով սահմանված ժամկետը լրացել է և Կատարողի կողմից իրականացվել է գծանշում միայն Օրբելի փողոցում, այն էլ ոչ ամբողջությամբ: Տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունից ստացված տեղեկատվության համաձայն իրականացվել է հորիզոնական գծանշում 10 սմ ձեռքով՝ մոտ 880 գծմ և հորիզոնական գծանշում 10 սմ՝ մոտ 2000 գծմ, ինչպես նաև կատարված ուսումնասիրությունների համաձայն հայտնաբերվել են մի շարք թերություններ: Օրբելի փողոցից դեպի Բաղրամյան պողոտա հատվածում 1.8 գծանշումը կատարված է սխալ և չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի
N 113-Ն որոշման և ԳՕՍՏ 52289-2004 պահանջներին, և սխալմամբ կատարված 1.5 գծանշումը երևում է, ինչը անթույլատրելի է: Երթևեկելի գոտիների բաժանարար գծանշումները՝ 1.5, 1.6, 1.1, 1.3 և 1.18 կատարված են ոչ ուղիղ, թերություններով և զիգզագաձև, ինչպես նաև գծերի և միջտարածությունների լայնությունները և երկարությունները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 113-Ն որոշման և ԳՕՍՏ 52289-2004 պահանջներին:
Երևանի քաղաքապետարանը՝ ղեկավարվելով գնումների մասին օրենսդրությամբ, ինչպես նաև Պայմանագրի 2.1.3-րդ կետի պահանջներով՝ միակողմանի /ամբողջությամբ/ լուծել է կնքված Պայմանագիրը: Պայմանագրի լուծման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է տեղեկագրում սույն թվականի ապրիլի 16-ին և պայմանագիրը ապրիլի 17-ի դրությամբ համարվում է լուծված:
Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. «Ռոբերտ Ավետյան Ավետիքի» անհատ ձեռնարկատիրոջը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |
