ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2025 թվականի N 456-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 4-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 8-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, մարզ Շիրակ, համայնք Գյումրի ք. Ղուկասյան փողոց 30/6 վարչական շենք հասցեում գտնվող՝ շուկայական արժեքին մոտարկված 97 861 365.20 դրամ կադաստրային արժեքով (որում ներառված հատկացված հողամասի կադաստրային արժեքը՝ 11 449 528 դրամ), 930.19 քառ. մետր մակերեսով վարչական շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.1089 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ N 11072023-08-0040 վկայական) օտարել դասական աճուրդով:
2. Սահմանել՝
1) աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը՝ 2023 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ 121 900 000 դրամ (որում ներառված հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 53 300 000 դրամ).
2) որ աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցն (այսուհետ՝ գնորդ) իր կողմից առաջարկված գինը վճարում է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արժույթով.
3) որ գնորդը պարտավոր է վճարել նաև՝
ա․ գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 382 868.4 դրամը (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում՝ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան հաշվին և չի համարվում գույքի վաճառքի գնի մաս,
բ․ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահին՝
1) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով մինչև 2025 թվականի հոկտեմբերի 18-ը կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման.
4) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով և 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր։
4․ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը՝ սույն որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված պայմանագրի կնքումից հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները։
5. Գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով և 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված ժամկետում վճարումները չկատարվելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, ու գույքը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով, առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազման։
6. Գույքի վաճառքի առաջարկված գնի 70 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
23.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
