ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/10606/05/21 Վարչական գործ թիվ ՎԴ/10606/05/21
Ա. Հարությունյան Դատավորներ՝ Ա. Բաբայան Է. Նահապետյան
Նախագահող դատավոր՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Հ. Բեդևյան | |
զեկուցող |
Ռ. Հակոբյան Ա. Թովմասյան | |
ք․ ՄԿՈՅԱՆ |
2025 թվականի մարտի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ hարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.02.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Դավիթ Թովմասյանի ընդդեմ Ծառայության, երրորդ անձ՝ Հրաչյա Զաքարյան՝ Ծառայության կողմից 28.06.2021 թվականին անցկացված հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր
Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը․
Դիմելով դատարան` Դավիթ Թովմասյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության կողմից 28.06.2021 թվականին անցկացված հարկադիր էլեկտրոնային աճուրդը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Այվազյան) (այսուհետ` Դատարան) 07․02․2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07․02․2024 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07․02․2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ՝ Փառանձեմ Պողոսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ և 83-րդ հոդվածները, 127-րդ հոդվածի 11-րդ մասը, 150-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել միջանկյալ (և ոչ միայն) դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու ընթացակարգերը, արդյունքում՝ աճուրդի կասեցման որոշման օրինական ուժի մեջ մտնելը պայմանավորելով հայցվոր Դավիթ Թովմասյանի կողմից այդ որոշումը ստանալու հանգամանքով։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի հիմքով կասեցման որոշման օրինական ուժի մեջ մտնելն օրենսդիրը պայմանավորել է հասցեատիրոջ կողմից այն ստանալու փաստով, ինչը Ծառայության իրավակիրառ պրակտիկայում առաջացնում է մի շարք խնդիրներ։
Մասնավորապես, դատարանի կողմից կայացված «Հարկադիր կատարողի որոշումների կատարման կասեցման մասին» որոշումները Ծառայության, կատարողական վարույթի կողմերի և երրորդ անձանց համար օրինական ուժի մեջ է մտնում տարբեր օրեր:
Տվյալ դեպքում թիվ ՎԴ/5460/05/21 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 24․05․2021 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» որոշումը, որով որոշվել է կասեցնել Ծառայության 15.03.2021 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» վարչական ակտի կատարումը վեցամսյա ժամկետով՝ մինչև 24.11.2021 թվականը, Ծառայություն մուտք է եղել 12.07.2021 թվականին։ Ուստի, նշված միջանկյալ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել ստանալուց հինգ օր հետո՝ 17.07.2021 թվականին, երբ անշարժ գույքն արդեն իսկ իրացվել էր: Ըստ այդմ՝ Ծառայությունը որևէ կերպ չէր կարող կասեցնել մի որոշման գործողություն, որն արդեն իսկ իրեն սպառել էր կատարման հիմքով, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Ստորադաս դատարանները գնահատման չեն արժանացրել և չեն քննարկել, թե արդյո՞ք վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման որոշման հասցեատերը կարող է հանդիսանալ հայցվոր Դավիթ Թովմասյանը, քանի որ թե՛ աճուրդի որոշում կայացնելը, թե՛ հետագա կատարողական գործողությունների ընթացքում որոշումների կայացումը վերապահված է բացառապես վարչական մարմնին՝ սույն դեպքում Ծառայությանը։ Ստորադաս դատարանները չեն քննարկել նաև Ծառայության կողմից վարչական ակտի կատարման կասեցման մասին որոշման ուշ ստանալու հանգամանքը, ինչպես նաև հաշվի չեն առել այն հանգամանքը, որ թիվ ՎԴ/5460/05/21 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 24․05․2021 թվականի որոշումը վարչական մարմինն ավելի ուշ է ստացել, հետևաբար, առանց տեղեկացված լինելու Ծառայությունն ինչպես կարող էր իմանալ վարչական ակտի կատարման կասեցման վերաբերյալ։
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07․02․2024 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ մերժել, կամ գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ վարչական դատարանի վարույթում քննվող թիվ ՎԴ/5460/05/21 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 24.05.2021 թվականի որոշմամբ բավարարվել է հայցվոր Դավիթ Թովմասյանի միջնորդությունը՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ, և կասեցվել է Ծառայության 15.03.2021 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» վարչական ակտի կատարումը վեցամսյա ժամկետով՝ մինչև 24.11.2021 թվականը (հիմք՝ www.Court.am պաշտոնական կայք, նաև հատոր 1-ին, գ․ թ․ 24-26)․
2) Թիվ ՎԴ/5460/05/21 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 24.05.2021 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» որոշումը Դավիթ Թովմասյանի կողմից ստացվել է 10.06.2021 թվականին (հատոր 3-րդ, գ. թ. 49), իսկ Ծառայության կողմից ստացվել է 12.07.2021 թվականին (հատոր 2-րդ, գ. թ. 19, հատոր 3-րդ, գ.թ. 48)․
3) Ծառայության կողմից 28.06.2021 թվականին իրականացված աճուրդով իրացվել է ք. Երևան, Արաբկիր թիվ 39 փող., 1-ին «ա» շենք, բն. 66-67 հասցեի անշարժը գույքը, և կազմվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին 28.06.2021 թվականի թիվ q06875083-21/01 արձանագրությունը (հատոր 1-ին, գ.թ. 21):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի, 127-րդ հոդվածի 11-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում կարևորում է հետևյալ իրավական հարցադրումը․ «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի որոշման՝ հայցվորի կողմից ստացված լինելու և այդ փաստի ուժով օրինական ուժի մեջ մտած լինելու պայմաններում իրավաչա՞փ է արդյոք հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացումն ու հայցվորի գույքի իրացումը։
Նշված հարցադրումը Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում դիտարկել անձի սեփականության իրավունքին անհամաչափ միջամտություն թույլ չտալու, ինչպես նաև անձի դատական պաշտպանության նախնական միջոցի արդյունավետության ապահովման անհրաժեշտության տեսանկյունից։
Սեփականության իրավունքի հետ կապված սահմանադրաիրավական հարաբերությունների կարգավորման սկզբունքային նորմերը, ինչպես նաև սեփականության իրավունքի պաշտպանության սահմանադրական երաշխիքներն ամրագրված են ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով: Նշված հոդվածը սահմանում է.
«1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
(...)
3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով (...)»։
Բացահայտելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության (այսուհետ՝ Թիվ 1 Արձանագրություն) 1-ին հոդվածով ամրագրված նորմերի բովանդակությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) արձանագրել է. Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը բաղկացած է երեք առանձին նորմերից. առաջին նորմը, որը շարադրված է առաջին պարբերության առաջին նախադասության մեջ, կրում է ընդհանուր բնույթ և սահմանում է գույքից անարգել օգտվելու սկզբունքը. երկրորդ նորմը, որը ներառված է առաջին պարբերության երկրորդ նախադասության մեջ, վերաբերում է գույքից զրկելուն և դրա համար սահմանում է որոշակի պայմաններ. երրորդ նորմով՝ սահմանված երկրորդ պարբերությունում, ճանաչվում է, որ Պայմանավորվող պետությունները, inter alia, ունեն գույքի օգտագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու իրավունք՝ ընդհանուր շահերին համապատասխան: Երեք նորմերը, սակայն, «առանձին» չեն՝ կապակցված չլինելու իմաստով։ Երկրորդ և երրորդ նորմերը վերաբերում են գույքից անարգել օգտվելու իրավունքի իրականացմանը միջամտելու հատուկ դեպքերին և, հետևաբար, պետք է մեկնաբանվեն առաջին նորմի մեջ ձևակերպված ընդհանուր սկզբունքի լույսի ներքո (տե՛ս, Minasyan and Semerjyan v. Armenia, թիվ 27651/05 գանգատով Եվրոպական դատարանի 23.06.2009 թվականի վճիռը, կետ 60):
Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի առաջին և ամենակարևոր պահանջն այն է, որ պետական մարմինների կողմից գույքից անարգել օգտվելու իրավունքին միջամտությունը պետք է լինի օրինական. առաջին պարբերության երկրորդ նախադասությունը թույլատրում է գույքից օգտվելու իրավունքի դադարումը միայն «այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով» (...): Ավելին, օրենքի գերակայությունը, հանդիսանալով ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկը, ներհատուկ է Կոնվենցիայի բոլոր հոդվածներին (…): Հետևաբար այն հարցը, թե արդյոք պահպանվել է ընդհանուր հասարակական շահի պահանջների և անձի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև արդարացի հավասարակշռությունը (…) դառնում է հիմնավորված այն ժամանակ, երբ հաստատվում է, որ այդ միջամտությունը բավարարել է օրինականության պահանջը և կամայական չի եղել (տե՛ս, Minasyan and Semerjyan v. Armenia, թիվ 27651/05 գանգատով Եվրոպական դատարանի 23.06.2009 թվականի վճիռը, կետ 66):
Ըստ Եվրոպական դատարանի՝ Թիվ 1 Աարձանագրության 1-ին հոդվածի հետ համատեղելի լինելու համար օտարմանն ուղղված միջոցառումը պետք է բավարարի հետևյալ երեք պայմանները. այն պետք է իրականացվի ներպետական իշխանությունների կողմից ցանկացած կամայական գործողություն բացառող՝ «օրենքով նախատեսված պայմաններին համապատասխան», պետք է բխի «հանրային շահերից», ինչպես նաև դրանով պետք է հաստատվի արդարացի հավասարակշռություն սեփականատիրոջ իրավունքների և հանրության շահերի միջև (տե՛ս, Osmanyan and Amiraghyan v. Armenia թիվ 71306/11 գանգատով Եվրոպական դատարանի 11.10.2018 թվականի վճիռը, կետ 50):
Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով պահանջվում է, որ ցանկացած միջամտություն պետք է ողջամտորեն համաչափ լինի հետապնդվող նպատակին: Անհրաժեշտ արդարացի հավասարակշռություն չի հաստատվի, եթե տվյալ անձը կրում է առանձին և ավելորդ բեռ (տե՛ս, Osmanyan and Amiraghyan v. Armenia թիվ 71306/11 գանգատով Եվրոպական դատարանի 11.10.2018 թվականի վճիռը, կետ 62):
Անձի սեփականության իրավունքի դատական պաշտպանության արդյունավետության ապահովման կարևոր երաշխիք է նախնական պաշտպանության միջոցի ինստիտուտը։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության վերաբերյալ» Rec(2004)20 հանձնարարականը (այսուհետ՝ Հանձնարարական) առանձնացնում է վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության հինգ հիմնական սկզբունք, այդ թվում՝ դատական վերահսկողության արդյունավետության սկզբունքը։ Հանձնարարականը որպես արդյունավետ վերահսկողության անհրաժեշտ տարր է դիտարկում նախնական պաշտպանության միջոցը։ Հանձնարարականի 5 (d) կետի համաձայն՝ դատարանին պետք է վերապահվի մինչև գործի քննության ավարտը նախնական պաշտպանության միջոցներ կիրառելու լիազորություն։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Վարչական գործերով նախնական դատական պաշտպանության մասին» R (89) 8 հանձնարարականի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը, նախնական պաշտպանության միջոց տրամադրելու հարցը քննարկելիս, պետք է հաշվի առնի բոլոր վերաբերելի գործոններն ու շահերը։ Նախնական պաշտպանության միջոց, մասնավորապես, պետք է կիրառվի այն դեպքում, եթե վարչական ակտի կատարումը կարող է պատճառել լուրջ վնաս, որը կարող է վերականգնվել դժվարությամբ կամ վարչական ակտն առերևույթ (prima-facie) իրավաչափ չէ։
Նույն հանձնարարականի 3-րդ կետի համաձայն՝ իրավասու դատարանի կողմից կիրառվող նախնական պաշտպանության միջոցները կարող են դրսևորվել վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելով, վարչական ակտի ընդունման պահին գոյություն ունեցած վիճակը ամբողջովին կամ մասնակիորեն պահպանելով և վարչական մարմնի վրա որևէ պարտականություն դնելով։ Նախնական պաշտպանության միջոցները կարող են տրամադրվել այնքան ժամկետով, որքան դատարանը պատշաճ կհամարի։ Դրանք կարող են ենթարկվել որոշակի պայմանների։ Դրանք կարող են վերացվել։ Նախնական պաշտպանության միջոցները որևէ կերպ չեն կարող կանխորոշել վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վերաբերյալ դատարանի որոշումը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) սահմանված՝ անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունն ապահովելուն ուղղված նախնական պաշտպանության միջոցներից է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտը։
Վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտի նպատակը ու գործառույթը բացահայտված են ՀՀ վճռաբեկ դատարանի առանձին որոշումներում։ Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը որպես վիճարկման հայցերով հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության եղանակ՝ սահմանել է վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման ինստիտուտը, որը նպատակ է հետապնդում ապահովել հայցվորի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը՝ դատական պաշտպանությունը չդարձնելով ինքնանպատակ (տե՛ս, «Երևանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/2643/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2023 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վարչական ակտի կասեցումը՝ որպես նախնական պաշտպանության միջոց, հնարավորություն է տալիս պահպանել այն փաստական և/կամ իրավական վիճակը, որը գոյություն է ունեցել վիճարկվող վարչական ակտի բացակայության պայմաններում (տե՛ս, «Վան Բիզնես Կենտրոն» ՓԲԸ-ն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0257/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.12.2023 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտի կիրառմամբ դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունն ապահովվում է այս ինստիտուտի հետևյալ անհրաժեշտ որակների միջոցով՝ կասեցման վերաբերյալ միջնորդությունների քննարկման և որոշման կայացման հրատապություն, օպերատիվություն և որոշակիություն: Հրատապության անհրաժեշտ որակը դատարաններից պահանջում է անհապաղ ձեռնարկել միջոցներ կանխելու համար հայցվորին պատճառվելիք զգալի վնասը և վերջինիս իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու հնարավորությունը (տե՛ս, Գևորգ Սարգսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8180/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.11.2024 թվականի որոշումը)։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընդհանուր կանոնին համապատասխան՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցվում է վիճարկման հայցը վարույթ ընդունելու փաստի ուժով։ Միաժամանակ, նշված ընդհանուր կանոնից նույն հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերով սահմանված են բացառություններ։ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը՝ նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում։
Օրենսգրքի 83-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է սեղմ ժամկետ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդության քննարկման և լուծման համար։ Միջնորդության վերաբերյալ որոշումը կայացվում է 3 օրվա ընթացքում։ Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշումը՝ որպես Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջանկյալ դատական ակտ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 127-րդ հոդվածի 11-րդ մասին համապատասխան, օրինական ուժի մեջ է մտնում այն ստանալուց 5 օր հետո: Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել օրենքով նախատեսված դեպքերում` մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը չի սահմանում նշված որոշումը դատարանի կողմից դատավարության մասնակիցներին ուղարկելու կոնկրետ ժամկետ, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է վերջիններիս ուղարկվի կայացնելու պահից սկսած ողջամիտ ժամկետում՝ հաշվի առնելով վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտին բնորոշ վերը նշված որակները՝ դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու հանգամանքով պայմանավորված։ Նկատի ունենալով, որ օրենսդիրը, վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդության քննարկումը համարելով հրատապ անհրաժեշտություն, միջնորդությունը քննարկելու և որոշում կայացնելու համար սահմանել է եռօրյա ժամկետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին դատարանի որոշումը ևս պետք է դատավարության մասնակիցներին ուղարկվի հնարավորինս հրատապ, այն է՝ որոշումը կայացնելու օրը կամ դրան հաջորդող աշխատանքային օրը։
Վերոհիշյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախնական պաշտպանության միջոցի իրավունքի արդյունավետության կարևոր ցուցիչ է վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին դատարանի որոշմամբ վերը նշված նպատակներին հասնելու հանգամանքը։ Այլ կերպ՝ նախնական պաշտպանության միջոցի իրավունքի արդյունավետ իրացումն ապահովված է, եթե վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին դատարանի որոշման հիման վրա, ի թիվս այլնի, ապահովվել է դրանով հետապնդվող նպատակը․ հակառակ դեպքում այդ միջոցի կիրառումը դառնում է ինքնանպատակ։ Նախնական պաշտպանության միջոցի իրավունքի արդյունավետության կարևոր ցուցիչ է նաև վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին դատարանի որոշման կատարումը՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտի վերը նշված անհրաժեշտ որակներին, այն է՝ հրատապությանը, օպերատիվությանը և որոշակիությանը համապատասխան։ Այսինքն՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին դատարանի որոշման կատարման գործընթացում հրատապության, օպերատիվության և որոշակիության բացակայությունը ևս կարող են նախնական պաշտպանության կիրառված միջոցը դարձնել ինքնանպատակ։
Վերոհիշյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին դատարանի որոշումը հայցվորի կողմից ստացվելու և այդ փաստի ուժով օրինական ուժի մեջ մտնելու պայմաններում հայցվորն ունի իրավաչափ ակնկալիք այդ որոշման՝ հրատապության, օպերատիվության և որոշակիության որակներին համապատասխան կատարման և ըստ այդմ՝ դրա արդյունքում վարչական ակտի կատարումը կասեցնելու նպատակների իրացման առնչությամբ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված բացառությունը վերաբերում է այն դեպքին, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտը: Այսինքն՝ ՀՀ վարչական դատարանն իրավասու է Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում կայացնելու «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 83-րդ հոդվածին համապատասխան ընդունված «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշման կատարումը նշանակում է հարկադիր էլեկտրոնային աճուրդն անցկացնելու իրավական հնարավորության բացառում։ Ըստ այդմ՝ «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին դատարանի որոշումն այդ որոշման շահառուի՝ հայցվորի կողմից ստացված լինելու և այդ փաստի ուժով օրինական ուժի մեջ մտած լինելու պայմաններում հայցվորը, անկախ պատասխանողի կողմից որոշումն ստացված լինելու փաստից, ունի իրավաչափ ակնկալիք, որ իր գույքը մինչև կասեցման ժամկետի ավարտն այլևս չի կարող իրացվել հարկադիր էլեկտրոնային աճուրդով։ Եթե հայցվորի կողմից խնդրո առարկա որոշումը ստացված լինելու և այդ փաստի ուժով օրինական ուժի մեջ մտած լինելու պայմաններում հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացումը՝ պայմանավորված նշված որոշումը պատասխանողի կողմից ստացված չլինելու հանգամանքով, համարվի իրավաչափ, ապա կստացվի, որ որոշումը հայցվորի կողմից ստացված լինելու ու ուժի մեջ մտած լինելու հանգամանքը որևէ իրավական նշանակություն ձեռք չի բերում և հայցվորի համար որևէ իրավական հետևանք չի առաջացնում, ինչը կխաթարի նախնական պաշտպանության միջոցի իրավունքի բուն էությունը։ Նման պայմաններում հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացումը և դրա արդյունքում հայցվորի գույքի իրացումը թույլ չի տալիս պահպանել նախնական պաշտպանության միջոցի կիրառման նպատակը, ինչի արդյունքում չի ապահովվում նախնական պաշտպանության միջոցի իրավունքի, հետևաբար նաև՝ դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը՝ հանգեցնելով նաև անհամաչափ միջամտության անձի սեփականության իրավունքին։
Վերոհիշյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» վարչական ակտը կասեցնելու վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի որոշման՝ հայցվորի կողմից ստացված լինելու և այդ փաստի ուժով օրինական ուժի մեջ մտած լինելու պայմաններում հարկադիր էլեկտրոնային աճուրդով հայցվորի գույքի իրացումը չի կարող իրավաչափ համարվել։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Դավիթ Թովմասյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության կողմից 28.06.2021 թվականին անցկացված հարկադիր էլեկտրոնային աճուրդը։
Դատարանը, բավարարելով հայցը, արձանագրել է, որ «ներկայացված կատարողական վարույթի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/5460/05/21 վարչական գործով 24.05.2021թ.-ին կայացված Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշմամբ Դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայցվորի կողմից վիճարկվում է 15.03.2021 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը, որով իրականացվում է կատարողական գործողություն, այն է Դավիթ Թովմասյանին պատկանող անշարժ գույքը ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, և այն հանգամանքը, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի կատարումը չկասեցնելու դեպքում առկա է իրական վտանգ, որ դրա ի կատար ածվելու պայմաններում կարող է անհնարին դառնալ հայցվորի իրավունքների պաշտպանությունը, միաժամանակ վերջինս գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումից կարող է կրել էական վնասներ, գտել է, որ հայցվորի միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման, որի արդյունքում էլ որոշել է կասեցնել «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշման կատարումը:
Հետևաբար, ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/5460/05/21 վարչական գործով 24.05.2021թ.-ին Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշման կայացման պահից սկսած հարկադիր կատարողը պարտավոր էր կասեցնել կատարողական վարույթը և դադարեցնել հարկադիր էլեկտրոնային աճուրդը:
Այնինչ՝ թիվ ՎԴ/5460/05/21 վարչական գործով 24.05.2021թ.-ին Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշման կայացված լինելու պայմաններում, աճուրդը փաստացի շարունակվել է, որի ընթացքում էլ 28.06.2021թ.-ին հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվել է հայցվորին պատկանող անշարժ գույքը:
Վերոգրյալով պայմանավորված՝ Դատարանը գտնում է, որ պատասխանողը պարտավոր էր հիմք ընդունել Հարկադիր կատարողի որոշման կատարման կասեցման վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի որոշումը, և կասեցնել արգելադրված գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդը, ինչը տվյալ դեպքում տեղի չի ունեցել, որպիսի պայմաններում Դատարանը գտնում է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն իրականացվել է օրենքի խախտմամբ և պետք է ճանաչվի անվավեր»։
Վերաքննիչ դատարանը մերժել է Ծառայության վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ «ներկայացված կատարողական վարույթի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/5460/05/21 վարչական գործով 24.05.2021թ.-ին կայացված Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշմամբ Դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայցվորի կողմից վիճարկվում է 15.03.2021 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը, որով իրականացվում է կատարողական գործողություն, այն է Դավիթ Թովմասյանին պատկանող անշարժ գույքը ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, և այն հանգամանքը, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի կատարումը չկասեցնելու դեպքում առկա է իրական վտանգ, որ դրա ի կատար ածվելու պայմաններում կարող է անհնարին դառնալ հայցվորի իրավունքների պաշտպանությունը, միաժամանակ վերջինս գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումից կարող է կրել էական վնասներ, գտել է, որ հայցվորի միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման, որի արդյունքում էլ որոշել է կասեցնել «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշման կատարումը: Հետևաբար, ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/5460/05/21 վարչական գործով 24.05.2021թ.-ին Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշման կայացման պահից սկսած հարկադիր կատարողը պարտավոր էր կասեցնել կատարողական վարույթը և դադարեցնել հարկադիր էլեկտրոնային աճուրդը: Այնինչ՝ թիվ ՎԴ/5460/05/21 վարչական գործով 24.05.2021թ.-ին Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշման կայացված լինելու պայմաններում, աճուրդը փաստացի շարունակվել է, որի ընթացքում էլ 28.06.2021թ.-ին հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվել է հայցվորին պատկանող անշարժ գույքը: Վերոգրյալով պայմանավորված՝ Դատարանը գտնում է, որ պատասխանողը պարտավոր էր հիմք ընդունել Հարկադիր կատարողի որոշման կատարման կասեցման վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի որոշումը, և կասեցնել արգելադրված գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդը, ինչը տվյալ դեպքում տեղի չի ունեցել, որպիսի պայմաններում Դատարանը գտնում է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն իրականացվել է օրենքի խախտմամբ և պետք է ճանաչվի անվավեր:(․․․):
Այսինքն՝ «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» վարչական ակտի կատարման կասեցման պայմաններում հարկադիր ծառայողը չէր կարող կատարել արգելադրված անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելուն ուղղված գործողություններ՝ իրականացնելով Օրենքի 35.1-րդ և 35.2-րդ հոդվածներով նախատեսված գործողությունները։ Մինչդեռ սույն դեպքում հայցվորին պատկանող անշարժ գույքը 28.06.2021 թվականին կայացված էլեկտրոնային աճուրդով իրացվել է՝ այդ կերպ խախտելով Օրենքի 35.1-րդ և 35.2-րդ հոդվածներով նախատեսված կանոնները, այն է՝ նշված հոդվածներով նախատեսված գործողությունները կատարելով օրենքով նախատեսված արգելքի՝ արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու վերաբերյալ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի գոյության պայմաններում»:
Վերը նշված վերլուծությունների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 26․11․2020 թվականին տրվել է թիվ ԵԴ/6796/17/20 կատարողական թերթը, որի համաձայն՝ Դավիթ Թովմասյանից հօգուտ «Կրեդո Ֆինանս» ՈւՎԿ ՓԲ ընկերության օգտին պետք է բռնագանձել 2․786․528 ՀՀ դրամ և հաշվեգրվող տոկոսներ, ինչպես նաև 41․798 ՀՀ դրամ, որպես հայցվորի կողմից նախապես վճարված արբիտրաժային վճարի գումար, գումարների բռնագանձումը պետք է տարածել Դավիթ Թովմասյանին, Աշոտ Թովմասյանին և Սուսաննա Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ ք. Երևան, Արաբկիր թիվ 39 փող., 1-ին «ա» շենք, բն. 66-67 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա (տե՛ս, 15․03․2021 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը, հատոր 1-ին, գ․թ․ 19)։
ՀՀ վարչական դատարանի 24.05.2021 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Դավիթ Թովմասյանի հայցադիմումն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ «Կրեդո Ֆինանս» ՈւՎԿ ՓԲԸ՝ 15.03.2021 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին՝ վարչական գործ թիվ ՎԴ/5460/05/21 (հիմք՝ www.Court.am պաշտոնական կայք)։
ՀՀ վարչական դատարանի 24.05.2021 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և վարչական գործը դատաքննության նշանակելու մասին» որոշման համաձայն՝ հայցվորը հայցադիմումին կից դատարան է ներկայացրել վիճարկվող վարչական ակտի՝ 15.03.2021 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշման կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն այն հիմնավորմամբ, որ 15.03.2021 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշման կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի և անհնարին կդարձնի իր իրավունքների պաշտպանությունը, քանի որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի և սույն գործով կայացվելիք վերջնական վարչական ակտի միջև ժամանակային հեռավորությունը, կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված գույքը հայցվորի կողմից հետ ստանալը տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով դառնա անհնար։
ՀՀ վարչական դատարանի 24.05.2021 թվականի որոշմամբ բավարարվել է հայցվոր Դավիթ Թովմասյանի միջնորդությունը և կասեցվել է Ծառայության 15.03.2021 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» վարչական ակտի կատարումը վեցամսյա ժամկետով՝ մինչև 24.11.2021 թվականը։
Թիվ ՎԴ/5460/05/21 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 24.05.2021 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» որոշումը Դավիթ Թովմասյանի կողմից ստացվել է 10.06.2021 թվականին։
Ծառայության կողմից 28.06.2021 թվականին իրականացված աճուրդով իրացվել է ք. Երևան, Արաբկիր թիվ 39 փող., 1-ին «ա» շենք, բն. 66-67 հասցեի անշարժը գույքը և կազմվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին 28.06.2021 թվականի թիվ q06875083-21/01 արձանագրությունը:
Ծառայության կողմից 28.06.2021 թվականին աճուրդն իրականացնելուց հետո՝ 12.07.2021 թվականին Ծառայությունում ստացվել է թիվ ՎԴ/5460/05/21 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 24.05.2021 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» որոշումը։
Համակարգային վերլուծության ենթարկելով վերը նշված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանի 24.05.2021 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» որոշումը հայցվորի կողմից ստացվելու և այդ փաստի ուժով օրինական ուժի մեջ մտնելու պայմաններում հայցվորն ունեցել է իրավաչափ ակնկալիք այդ որոշման՝ հրատապության, օպերատիվության և որոշակիության որակներին համապատասխան կատարման և ըստ այդմ՝ դրա արդյունքում վարչական ակտի կատարումը կասեցնելու նպատակների իրացման։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Օրենսգրքի 83-րդ հոդվածին համապատասխան ընդունված՝ ՀՀ վարչական դատարանի 24.05.2021 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» որոշման կատարումը նշանակում է հարկադիր էլեկտրոնային աճուրդն անցկացնելու իրավական հնարավորության բացառում։ Ըստ այդմ՝ ՀՀ վարչական դատարանի 24.05.2021 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» որոշումն այդ որոշման շահառուի՝ հայցվորի կողմից ստացված լինելու և այդ փաստի ուժով օրինական ուժի մեջ մտած լինելու պայմաններում հայցվորը, անկախ պատասխանողի կողմից որոշումն ստացված լինելու փաստից, ունեցել է իրավաչափ ակնկալիք, որ իր գույքը մինչև կասեցման ժամկետի ավարտն այլևս չի կարող իրացվել հարկադիր էլեկտրոնային աճուրդով։
Մինչդեռ Ծառայությունը 28.06.2021 թվականին իրականացված աճուրդով իրացրել է ք. Երևան, Արաբկիր թիվ 39 փող., 1-ին «ա» շենք, բն. 66-67 հասցեի անշարժը գույքը, ինչի արդյունքում փաստացի խաթարվել է նախնական պաշտպանության միջոցի իրավունքի բուն էությունը, հետևաբար նաև՝ դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը՝ հանգեցնելով նաև հայցվորի սեփականության իրավունքին անհամաչափ միջամտության։ Ավելին, թիվ ՎԴ/5460/05/21 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 24.05.2021 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և վարչական գործը դատաքննության նշանակելու մասին» որոշման բովանդակությունից հետևում է, որ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը հայցվորի կողմից ՀՀ վարչական դատարան է ներկայացվել հայցադիմումին կից, ուստի գործում է այն կանխավարկածը, որ Ծառայությունն իրազեկված է եղել 15.03.2021 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշման կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդության մասին, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի իրավակարգավորման ուժով հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները ուղարկվել են պատասխանող Ծառայությանը՝ նշվածը հավաստող ապացույցները կցելով հայցադիմումին: Նման պայմաններում, թեև Ծառայությունը 28.06.2021 թվականին աճուրդն իրականացրել է ավելի վաղ, քան Ծառայությունում 12.07.2021 թվականին ստացվել է թիվ ՎԴ/5460/05/21 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 24.05.2021 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» որոշումը, այդուհանդերձ վերը նշված իրավական դիրքորոշման հաշվառմամբ Ծառայութունն առնվազն պետք է հետամուտ լիներ թիվ ՎԴ/5460/05/21 վարչական գործով ներկայացված միջնորդությունը ՀՀ վարչական դատարանի կողմից բավարարելու կամ մերժելու մասին որոշման առկայությունը պարզելուն և միայն դրանից հետո ձեռնամուխ լիներ հարկադիր էլեկտրոնային աճուրդով գույքն իրացնելու կատարողական գործողություններին։
Վերոհիշյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանի 24.05.2021 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» որոշման՝ հայցվորի կողմից ստացված լինելու և այդ փաստի ուժով օրինական ուժի մեջ մտած լինելու պայմաններում հարկադիր էլեկտրոնային աճուրդով հայցվորի գույքի իրացումն իրավաչափ չէ, ինչն իրավացիորեն արձանագրել է նաև Վերաքննիչ դատարանը։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, ուստի բողոքը ենթակա է մերժման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Տվյալ դեպքում Ծառայության կողմից վճարվել է 20.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գումար, ուստի պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.02.2024 թվականի որոշումը թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
2. Պետական տուրքի հարցը համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Հ. Բեդևյան |
Զեկուցող |
Ռ. Հակոբյան Ա. Թովմասյան |
ք․ ՄԿՈՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 ապրիլի 2025 թվական:
