ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/9636/05/20 Վարչական գործ թիվ ՎԴ/9636/05/20
Ա. Առաքելյան Դատավորներ՝ Գ. Սոսյան Կ․ Գևորգյան
Նախագահող դատավոր՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Հ. Բեդևյան | |
զեկուցող |
ք․ ՄԿՈՅԱՆ Ա. Թովմասյան | |
Ռ. Հակոբյան |
2025 թվականի մարտի 21-ին
գրավոր ընթացակարգով քննելով Կիմա Պապինյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.06.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Կիմա Պապինյանի ընդդեմ Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)` վարչական ակտը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Կիմա Պապինյանը պահանջել է իր ընտանիքին վերաբերող մասով անվավեր ճանաչել Հանձնաժողովի 14.12.2012 թվականի թիվ 31 արձանագրային որոշման թիվ 5 հարցի 5.49-րդ ենթակետով ընդունված միջամտող վարչական ակտը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա․ Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 14.12.2022 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.06.2024 թվականի որոշմամբ Կիմա Պապինյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.12.2022 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կիմա Պապինյանը (ներկայացուցիչ Էլիտա Մուրադյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Ինչ վերաբերում է 10.01.2025 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն վավերացված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի անունից, որպես ի պաշտոնե ներկայացուցիչ, հանդես եկող Եղիազար Վարդանյանի էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ներկայացված է էլեկտրոնային փաստաթղթի պատճենի՝ թղթի վրա կատարված վերարտադրության (արտաքին) ձևով, որը, սակայն, չի համապատասխանում «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջներին, քանի որ այն չի պարունակում նշում՝ էլեկտրոնային փաստաթղթի պատճենը լինելու, ինչպես նաև դրա համապատասխանությունը բնօրինակին վավերացված չէ օրենսդրությամբ սահմանված կարգով։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեցիայի 6-րդ, 13-րդ հոդվածները և նույն կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ, 54-րդ, 150-րդ, 151-րդ հոդվածները, սխալ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ վիճարկման հայցը ՀՀ վարչական դատարան ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված երկամսյա ժամկետի ավարտից հետո: Նման փաստը հաստատված համարելու կամ որ նույնն է՝ վիճարկվող վարչական ակտը Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված ժամկետում ուժի մեջ մտնելու վերաբերյալ վերջինս իր ձեռքի տակ պետք է ունենար այդ փաստը հավաստող ապացույց, մինչդեռ, նման ապացույց գործում առկա չէ և ձեռք չի բերվել նաև Դատարանի կողմից իրականացված պատշաճ դատավարական ընթացակարգերի շրջանակներում: Այս պայմաններում անհրաժեշտ է պարզել, թե վարչական ակտը երբ է համարվում ուժի մեջ մտած:
Վերաքննիչ դատարանը նշել է, որ վարչական ակտի մասին հայցվորն իրազեկված է եղել առնվազն 11.12.2013 թվականին, սակայն, խախտելով դատավարական իրավունքի նորմերը, չի նշել, թե գործում առկա որ ապացույցով է նման փաստը հաստատվում: Ընդ որում, այդ ապացույցը պետք է լիներ կամ վարչական ակտը հայցվորին հանձնված լինելու, կամ վարչական ակտը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հրապարակված լինելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, թե նման փաստը հաստատվում է ՀՀ նախագահին ուղղված հայցվորի` 11.12.2013 թվականի դիմում-խնդրանքի և դրան կից ներկայացված փաստաթղթերի, այդ թվում՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության 31.01.2013 թվականի թիվ 03/13.1/529-2013 գրության պատճենների միջոցով, ապա նման պնդումն ակնհայտ անհիմն է, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածը վարչական ակտի իրազեկման նման եղանակ չի նախատեսում, այլ կերպ՝ այդ գրություններով չի կարող հաստատված համարվել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստը, որ հայցվորը վարչական ակտի մասին իրազեկվել է 11.12.2013 թվականին, ուստի Դատարանը սխալ է մեկնաբանել օրենքը և չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները, միաժամանակ, խախտել է նաև դատավարական իրավունքի նորմերը՝ պատշաճ ապացույցի բացակայության պայմաններում վարչական ակտի մասին իրազեկված լինելու փաստը հաստատված համարելու վերաբերյալ, ինչն էլ հանգեցրել է գործի սխալ լուծման:
Սույն գործով հայցվորի կողմից պահպանվել է հայց ներկայացնելու ժամկետը, քանի որ վարչական ակտն ուժի մեջ է մտել 09.10.2020 թվականին, վարչական ակտի օրինակը ստանալուն հաջորդող օրը, իսկ հայցադիմումը դատարան է ներկայացվել 17.11.2020 թվականին, այսինքն` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված դատավարական ժամկետների պահպանմամբ:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.06.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` ամբողջ ծավալով նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Հանձնաժողովի 14.12.2012 թվականի թիվ 31 արձանագրության քաղվածքի թիվ 5 հարցի վերաբերյալ 5.49-րդ ենթակետով որոշվել է. «5. Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու չճանաչել`
5.49 ՀՀ Լոռու մարզի Լեռնապատ համայնքի բնակիչ Կիմա Պապինյանին` ղեկավարվելով ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 2-րդ, 3-րդ կետերի, 11-րդ կետի 1-ին ենթակետի, նույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1402-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով» (հատոր 1-ին, գ.թ. 53-54):
2) ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի 31.01.2013 թվականի թիվ 03/13.1/529-13 գրությամբ` ի պատասխան Կիմա Պապինյանի 08.01.2013 թվականի դիմումին, հայտնվել է հետևյալը. «…ՀՀ Լոռու մարզի Լեռնապատ համայնքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, համայնքի ղեկավարի կողմից 2008 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ սահմանված` բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում Դուք 1 անձով հաշվառված եք որպես 1 սենյակի հավակնող՝ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2005 թվականի մարտի 18-ի վճռի (գործ 2/850-2005թ.) հիման վրա:
Դատարանի վճռի հիման վրա հաշվառված լինելով ՀՀ Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավարի կողմից 2008 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ հաստատված բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակում, դուք դիտարկվել եք այդ ցուցակում հաշվառված ընտանիքների հետ հավասար իրավական դաշտում:
Նշված ցուցակում հաշվառված ընտանիքների, այդ թվում նաև Ձեր փաստաթղթային փաթեթն ուսումնասիրվել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրները կարգավորող իրավական ակտերի դրույթներին համապատասխան՝ մասնավորապես, ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի 1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի դրույթներին:
Ձեր փաստաթղթային փաթեթը քննարկվել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի 2012 թվականի հուլիսի 7-ին կայացած նիստում։
Քննարկման արդյունքներով, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ և 11-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով, Դուք չեք ճանաչվել համայնքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շահառու հետևյալ պատճառաբանությամբ՝
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ ճշտված տեղեկատվության համաձայն՝ 2002 թվականի հունիսի 21-ին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N0322864 վկայականի համաձայն՝ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի Համբարձումյան փողոցի N3 շենքի թիվ 20 բնակարանի նկատմամբ Ձեր անվամբ գրանցված է ընդհանուր համատեղ սեփականության իրավունք.
- 1980 թվականից Դուք հաշվառված եք Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի N3 շենքի թիվ 20 հասցեում՝ այսինքն երկրաշարժի պահին ՀՀ Լոռու մարզի Լեռնապատ համայնքում հաշվառում չեք ունեցել» (հատոր 1-ին, գ.թ. 46-47)։
3) ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին 11.12.2013 թվականին ուղղված դիմում-խնդրանքի համաձայն` Կիմա Պապինյանը խնդրել է ի պաշտոնե և ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան լուծում տալ իր խնդրին, որ կարողանա վերջապես ստանալ բնակարան կամ բնակարանի գումարային փոխհատուցում: Դիմում-խնդրանքին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը հետևյալն է.
«1. Անձնագրի պատճեն
2. բն. տան նվիրատվության պայմանագրի պատճեն
3. հողամասի տեղեկանքի պատճեն
4. գյուղապետարանի տեղեկանքի պատճեն
5. դատարանի վճռի պատճեն
6. նախարարության պատասխանը
7. բնակարանի օրդերի պատճեն
8. բնակ. բաժնի տեղեկանքի պատճեն» (հատոր 1-ին գ.թ. 38-40):
4) ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի 08.10.2020 թվականի թիվ 03/13/8024-2020 գրությամբ` ի պատասխան Արտուր Հարությունյանի 22.09.2020 թվականի` Կիմա Պապինյանի ընտանիքի բնակարանային գործի ընթացքի մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ թիվ Հ-20/0669 դիմումի, նշվել է. «…Կիմա Պապինյանի բնակապահովման հարցը քննարկվել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 14-ին կայացած նիստում (նիստի արձանագրությունից քաղվածքը կցվում է), և քննարկման արդյունքներով Կիմա Պապինյանը չի ճանաչվել Ծրագրի շահառու:
Միաժամանակ հայտնում ենք, որ իր բնակարանային խնդիրը Ծրագրի շրջանակներում չդիտարկելու պատճառների և իրավական հիմքերի վերաբերյալ Կիմա Պապինյանը տեղեկացվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության (ներկայումս՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտե) 2013 թվականի հունվարի 31-ի N03/13.1/529-2013 գրությամբ (գրության մեջ տեղ է գտել վրիպակ՝ նիստի ամսաթիվը դեկտեմբերի 14-ի փոխարեն գրված է հուլիսի 7)։
Առդիր՝ 2 ֆայլ» (հատոր 1-ին գ.թ. 12-13):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ, 54-րդ, 96-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետի հաշվարկման ելակետը որոշելու համար անհրաժեշտ՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու փաստի գնահատման առանձնահատկություններին` վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51, 55):
Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրելու օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրելու օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Քնարիկ Սարգսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2242/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.09.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացված որոշումներից մեկում արձանագրել է, որ դատարանի մատչելիության, մասնավորապես, ՀՀ վարչական դատարանի մատչելիության իրավունքի իրավաչափ սահմանափակումներն օրենսդիրը սահմանել է՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում հայցադիմում ներկայացնելու համար որոշակի իրավական պահանջներ ու պայմաններ ամրագրելու միջոցով, որոնք վերաբերում են ինչպես հայցադիմումի ներկայացման կարգին ու ժամկետներին, այնպես էլ ձևին և բովանդակությանը: (…) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու, դատական պաշտպանություն հայցելու համար համապատասխան ժամկետների սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել իրավական որոշակիությունն ու անվտանգությունը (տե՛ս, Հակոբ Հակոբյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, Արթուր Սարգսյանի, Միթրա Էմամվիրդի Ղաֆֆարի Շահրիվարդիի թիվ ՎԴ/0360/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.03.2023 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև` Օրենսգիրք) 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ գործողություն կատարելը կամ չկատարելը բողոքարկվել է վարչական կարգով, նույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո:
Օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։
Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե` լրացել է հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վիճարկման հայցադիմումն օրենքով սահմանված դատավարական ժամկետի պահպանմամբ ներկայացնելը հայցադիմումը վարույթ ընդունելու անհրաժեշտ նախապայմաններից մեկն է, հետևաբար վիճարկման հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս վարչական դատարանը պարտավոր է անդրադառնալ նշված հայցատեսակի համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետները պահպանված լինելու հարցին: (...) Վիճարկման հայց ներկայացնելու ժամկետների հարցի լուծումն ուղղակիորեն պայմանավորված է վիճարկվող վարչական ակտի (այդ թվում նաև վարչական բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի) ուժի մեջ մտնելու կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելու հանգամանքով (տե՛ս, Արմեն Դանիելյանն ընդդեմ ՀՀ Նախագահի թիվ ՎԴ/9097/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.12.2020 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գրավոր վարչական ակտի ընդունումը բավարար չէ, գրավոր վարչական ակտի իրավական համակարգում ի հայտ գալու և գործելու համար անհրաժեշտ է նաև, որ օրենքով սահմանված կարգով այդ վարչական ակտը մտնի ուժի մեջ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ օրենսդիրը վարչական ակտը վիճարկելու օրենքով սահմանված ժամկետի հոսքը պայմանավորել է ոչ թե վարչական ակտի ընդունմամբ, այլ այդ ակտի` օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելու հետ: ՀՀ վճռաբեկ դատարանը, առաջնորդվելով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը երաշխավորելու անհրաժեշտությամբ, գտել է, որ վարչական ակտի վիճարկման պարագայում անձի՝ դատարան դիմելու համար սահմանված ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ վարչական ակտի հասցեատերը տեղեկացել է իր նկատմամբ տվյալ վարչական ակտի ընդունման մասին, այլ խոսքով, օրենքով սահմանված կարգով վարչական ակտի ուժի մեջ մտնելուց հետո (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014թ. որոշումը):
Վարչական ակտի ուժի մեջ մտնելու հարցը կարգավորված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 59-րդ և 60-րդ հոդվածներով:
Այսպես. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով:
Նույն հոդվածի` իրավահարաբերության ծագման պահին գործող 2-րդ մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև` օրենքով սահմանված այլ եղանակներով:
Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով:
Սույն մասով նախատեսված հանձնման մյուս միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ որևէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում, եթե հասցեատերն ինքը խնդրել է օգտագործել հանձնման այլ միջոցներ:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վարչական ակտի հրապարակումը կատարվում է վարչական մարմնի տեղեկագրում կամ այլ պաշտոնական տեղեկագրում հրատարակելով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակելով:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահն օրենսդիրը պայմանավորել է այդ ակտի մասին վարչական վարույթի մասնակիցներին, այդ թվում նաև ակտի հասցեատիրոջն օրենքով սահմանված եղանակներից որևէ մեկով իրազեկելու հանգամանքով, ինչը նշանակում է, որ վերջիններիս համար վարչական ակտը կարող է ուժի մեջ մտնել իրազեկվելուն հաջորդող օրվանից, եթե oրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեuված չէ:
Այսպիսով, գրավոր վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը պայմանավորված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելու, այսինքն՝ վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին հանձնման կամ հրապարակման եղանակով իրազեկելու հանգամանքով:
Ընդ որում, օրենսդիրը սահմանել է գրավոր վարչական ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու հատուկ կանոն՝ միևնույն ժամանակ նախատեսելով բացառություն նշված կանոնից այն պարագայում, երբ որևէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում, եթե հասցեատերն ինքն է խնդրել օգտագործել հանձնման այլ միջոցներ:
Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վիճարկման հայցադիմումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացված լինելու հանգամանքն ուղղակիորեն պայմանավորված է վարչական ակտի, այդ թվում նաև վարչական բողոքի վերաբերյալ որոշման մասին հայցվորի իրազեկմամբ, ուստի վիճարկման հայցը կարող է ներկայացվել վարչական ակտի կամ վարչական բողոքի վերաբերյալ որոշման ընդունման մասին հայցվորի իրազեկվելուն կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուն հաջորդող օրվանից սկսած երկամսյա ժամկետում: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը բաց թողնելու դեպքում հայցվորը պարտավոր է ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն: Ընդ որում, հայցվորի վրա չի կարող դրվել դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդություն ներկայացնելու պարտականություն, եթե վիճարկման հայցը ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով սահմանված ժամկետների պահպանմամբ(տե՛ս, Արմեն Դանիելյանն ընդդեմ ՀՀ Նախագահի թիվ ՎԴ/9097/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.12.2020 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է. «(...) Հաշվի առնելով, որ օրենսդիրը վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված երկամյսա ժամկետի հաշվարկի համար ելակետ է դիտարկում վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը, իսկ Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընդհանուր կանոնին համապատասխան վարչական ակտի ուժի մեջ մտնելը պայմանավորված է վարույթի մասնակիցներին տվյալ վարչական ակտի մասին իրազեկելու հանգամանքով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ օրենսդիրը վարչական ակտը վիճարկելու երկամսյա ժամկետի մեկնարկը ևս պայմանավորում է վիճարկվող վարչական ակտի մասին վարույթի մասնակիցների կողմից իրազեկվելու հանգամանքով։ Սակայն, այն դեպքում, երբ օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմանվում է վերջինիս ուժի մեջ մտնելու այլ կարգ, քան սահմանված է Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված ընդհանուր կանոնով, Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետի հոսքն սկսվում է օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմանված կարգով վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից։
(…) Վիճարկման հայցի ընդունելիության փուլում դատարանի կողմից, ի թիվս այլ հարցերի, ենթակա է ստուգման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ հայց ներկայացնելու դատավարական ժամկետի պահպանման հանգամանքը: Նշված հանգամանքը պարզելու նպատակով դատարանից պահանջվում է հետևյալ հաջորդական գործողությունների կատարումը.
- որոշել երկամսյա ժամկետի հաշվարկման ելակետը (…),
- պարզել՝ արդյո՞ք վերը նշված ելակետի և տվյալ հայցադիմումը ներկայացնելու օրվա միջև ընկած ժամանակահատվածը գերազանցում է երկու ամիսը. ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ այն դեպքում, երբ հայցադիմումի ընդունումը մերժելուց հետո հայցվորը երկրորդ անգամ է ներկայացնում միևնույն հայցադիմումը (Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառությունների հաշվառմամբ), երկամսյա ժամկետի պահպանված լինելու/չլինելու հարցը գնահատելիս հիմք պետք է ընդունվի երկրորդ անգամ հայցադիմումը ներկայացնելու օրը,
- այն դեպքում, երբ նշված ելակետի և տվյալ հայցադիմումը ներկայացնելու օրվա միջև ընկած ժամանակահատվածը գերազանցում է երկու ամիսը, պարզել բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդության առկայությունը (բացակայությունը),
- այն դեպքում, երբ նշված ելակետի և տվյալ հայցադիմումը ներկայացնելու օրվա միջև ընկած ժամանակահատվածը չի գերազանցում երկու ամիսը, սակայն ներկայացված է բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, չքննարկել միջնորդությունը՝ որպես առարկայազուրկ միջնորդություն» (տե՛ս, Հակոբ Հակոբյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, Արթուր Սարգսյանի, Միթրա Էմամվիրդի Ղաֆֆարի Շահրիվարդիի թիվ ՎԴ/0360/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.03.2023 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ դատավարական ժամկետները բաց թողնված լինելու հանգամանքը կարող է հաստատված համարվել միայն վիճարկվող վարչական ակտի, այդ թվում նաև վարչական բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվա վերաբերյալ անհերքելի ապացույցների առկայության պարագայում (տե՛ս, Մհեր Մնացականյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3194/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2020 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ, 60-րդ հոդվածների և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համակարգային վերլուծությունից հետևում է, որ հայցադիմումը դատավարական ժամկետների պահպանմամբ ներկայացված լինելու հանգամանքը հնարավոր է անսխալ որոշել միայն այն դեպքում, երբ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվա մասին փաստն անվիճելի է:
Ցանկացած այլ դեպքում, երբ դատական պաշտպանություն հայցող անձը վիճարկում է վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրը և դատարանին տեղեկություն հայտնում իր իրազեկման օրվա մասին, որը հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում, ըստ էության, դատարանին հայտնի միակ տեղեկությունն է լինում, հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս, որպես իրազեկման օր, դատարանը պետք է հիմք ընդունի նշված օրը, հետևաբար վիճարկման հայց ներկայացնելու համար դատավարական ժամկետների հաշվարկն էլ պետք է կատարվի այդ օրվանը հաջորդող օրվանից և, եթե այդ պարագայում վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը բաց չի թողնվել, այն վերականգնելու միջնորդությունը դառնում է առարկայազուրկ, որի պատճառով միջնորդությունը քննարկելու անհրաժեշտությունը բացակայում է (տե՛ս, Հովհաննես Չամսարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/7268/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը):
Վերահաստատելով և զարգացնելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկման հայցի օբյեկտ կարող է դառնալ բացառապես ուժի մեջ գտնվող միջամտող վարչական ակտը, իսկ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահն օրենսդիրը պայմանավորել է այդ ակտի մասին վարչական վարույթի մասնակիցներին Օրենքի 59-րդ հոդվածով սահմանված եղանակներից որևէ մեկով իրազեկելու հանգամանքով: Ըստ այդմ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դատավարական ժամկետների ընթացքի սկիզբը բացահայտելու տեսանկյունից էական նշանակություն ունի վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական վարույթի մասնակից հանդիսացող անձի կողմից վիճարկման հայցի ներկայացման համար սահմանված դատավարական ժամկետների հաշվարկման համար անհրաժեշտ պայման է վերջինիս` Օրենքի 59-րդ հոդվածով սահմանված եղանակներից որևէ մեկով (հանձնման կամ հրապարակման) վիճարկվող ակտի մասին իրազեկելու փաստը հաստատող ապացույցի առկայությունը։ Հատկանշական է, որ վիճարկման հայց հարուցելու դատավարական ժամկետի հաշվարկման այլ կարգ օրենքով նախատեսված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական մարմնի ընդունած ակտը բողոքարկվել է վարչական կարգով: Հետևաբար, այն դեպքում, երբ վարչական ակտը վիճարկող սուբյեկտի դերում հանդես է գալիս վարույթի մասնակիցներից որևէ մեկը, այդ թվում` ակտի հասցեատերը, վիճարկման հայցը օրենքով սահմանված դատավարական ժամկետներում ներկայացված լինելու հարցը լուծելիս և այդ նպատակով Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված իրավակարգավորումներին համապատասխան դատավարական ժամկետների ընթացքի սկիզբը որոշելիս էական է պարզել ոչ թե այն հանգամանքը, թե վերջինս երբ է տեղեկացել իրեն վերաբերող միջամտող վարչական ակտի գոյության մասին, այլ այն, թե վիճարկվող ակտը իրավահարաբերության ծագման պահին գործող Օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված եղանակներից որևէ մեկով երբ է հանձնվել նրան կամ ուժի մեջ մտել նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով (վարչական մարմնի տեղեկագրում կամ այլ պաշտոնական տեղեկագրում հրատարակելով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակելով):
Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության իրավունքն արդյունավետ իրացնելու և վարչական դատավարության կարգով Օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված վիճարկման հայց ներկայացնելու համար անձը փաստացի իր տրամադրության տակ պետք է ունենա վիճարկվող վարչական ակտը: Ըստ այդմ, վարչական ակտի հասցեատիրոջն ուղղված որևէ այլ փաստաթղթում վիճարկվող ակտի վերաբերյալ նշում կատարված լինելը դեռևս բավարար չէ արձանագրելու, որ վերջինիս կողմից վիճարկման հայցով դատարան դիմելու ժամկետի հոսքը սկսվում է այդ փաստաթուղթը ստանալու պահից, քանի որ Օրենքի 59-րդ հոդվածը վարչական ակտի իրազեկման նման եղանակ չի նախատեսում:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Կիմա Պապինյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է իր ընտանիքին վերաբերող մասով անվավեր ճանաչել Հանձնաժողովի 14.12.2012 թվականի թիվ 31 արձանագրային որոշման թիվ 5 հարցի 5.49-րդ ենթակետով ընդունված միջամտող վարչական ակտը։
Դատարանի 14.12.2022 թվականի որոշմամբ սույն վարչական գործի վարույթը կարճվել է այն պատճառաբանությամբ, որ «Տվյալ դեպքում, հաշվի առնելով այն փաստը, որ սույն վարչական վիճարկվող վարչական ակտի մասին հայցվորն իրազեկված է եղել առնվազն 11.12.2013 թվականին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին հասցեագրված դիմում-խնդրանքը կազմելու պահին, մինչդեռ, հայցադիմումը Դատարան է ներկայացրել միայն 17.11.2020 թվականին, ուստի բաց է թողել վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված երկամսյա ժամկետը:
Վերոգրյալ մեկնաբանությունների լույսի ներքո՝ անդրադառնալով հայցվորի ներկայացուցչի այն փաստարկին, որ վիճարկվող վարչական ակտը հայցվորին է ուղարկվել 22.09.2020 թվականին՝ թիվ 03/13/8024-2020 գրությամբ, որը ներկայացուցիչն ստացել է 08.10.2020 թվականին, այսինքն՝ վիճարկվող վարչական ակտն ուժի մեջ է մտել 09.10.2020 թվականին՝ վարչական ակտի օրինակն ստանալուն հաջորդող օրը, իսկ հայցադիմումը Դատարան է ներկայացվել 17.11.2020 թվականին՝ դատավարական ժամկետների պահպանմամբ՝ Դատարանն այդ փաստարկն անհիմն է համարում՝ հաշվի առնելով այն փաստը, որ սույն վարչական գործում առկա նյութերով չի հիմնավորվում, որ հայցվորը, վիճարկվող վարչական ակտի մասին իրազեկվելու պահից` առնվազն 11.12.2013 թվականից հետո՝ մինչև 2020 թվականը՝ շուրջ 7 տարի, ակտիվ գործողություններ է իրականացրել այդ վարչական ակտը ձեռք բերելու և դրա շրջանակներում իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելու ուղղությամբ, այսինքն՝ գործում առկա ապացույցներով չի հիմնավորվում, որ հայցվորը ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ վարչական ակտի գոյության մասին իրազեկվելուց հետո օրենքով սահմանված ժամկետում վիճարկվող վարչական ակտը ձեռք բերելու և Դատարան դիմելու ուղղությամբ, սակայն, իրենից անկախ պատճառներով նշված ժամկետը չի բավականացրել վիճարկվող վարչական ակտը ձեռք բերելու և իր իրավունքներն իրացնելու համար:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի համաձայն` դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե` լրացել է հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը:
Նկատի ունենալով, որ հայցվորն առնվազն 11.12.2013 թվականին իրազեկված լինելով սույն վարչական գործով վիճարկվող վարչական ակտի մասին՝ ինչպես օրենքով սահմանված երկամսյա ժամկետում, այնպես էլ դրանից հետո՝ շուրջ 7 տարի ակտիվ գործողություններ չի ձեռնարկել այդ վարչական ակտը ձեռք բերելու և դրա շրջանակներում դատական պաշտպանության իր իրավունքն իրացնելու ուղղությամբ՝ որպիսի հանգամանքը բացահայտվել է գործի քննության ընթացքում, իսկ հայցադիմումը Դատարան է ներկայացրել միայն 17.11.2020 թվականին՝ Դատարանը գտնում է, որ լրացել է հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ Դատարան չի ներկայացվել միջնորդություն՝ վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին, ավելին՝ հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ դատավարական ժամկետի վերականգնման միջնորդություն ներկայացնելու առիթը բացակայում է՝ Դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի վարույթը ենթակա է կարճման»։
Վերաքննիչ դատարանի 05.06.2024 թվականի որոշմամբ Կիմա Պապինյանի վերաքննիչ բողոքը մերժվել է` Դատարանի 14.12.2022 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը թողնելով անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «Սույն գործում առկա փաստաթղթերի, մասնավորապես` հայցվորի կողմից ՀՀ Նախագահին ուղղված 11.12.2013 թվականի դիմում-խնդրանքի և դրան կից ներկայացված փաստաթղթերի, այդ թվում՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության 31.01.2013 թվականի թիվ 03/13.1/529-2013 գրության պատճենների ուսումնասիրության արդյունքում Վերաքննիչ դատարանը փաստում է, որ սույն վարչական գործով վիճարկվող վարչական ակտի մասին հայցվորն առնվազն 11.12.2013 թվականին՝ ՀՀ Նախագահին հասցեագրված դիմում-խնդրանքը կազմելու պահին, իրազեկված է եղել, քանի որ այդ օրվա դրությամբ իր տրամադրության տակ է եղել նշված գրությունը, որպիսի հանգամանքով պայմանավորված հայցվորն այն կցել է նշված դիմում-բողոքին (հիմք՝ դիմում-բողոքի վերջի էջում նշված փաստաթղթերի ցանկ):
Այսինքն` վեճի առարկա վարչական ակտի մասին հայցվորն իրազեկված է եղել առնվազն 11.12.2013 թվականին՝ ՀՀ Նախագահին հասցեագրված դիմում-խնդրանքը կազմելու պահին, մինչդեռ հայցադիմումը դատարան է ներկայացրել միայն 17.11.2020 թվականին:
(…)
Հետևաբար, նկատի ունենալով, որ հայցվորն առնվազն 11.12.2013 թվականին իրազեկված լինելով սույն վարչական գործով վիճարկվող վարչական ակտի մասին՝ ինչպես օրենքով սահմանված երկամսյա ժամկետում, այնպես էլ դրանից հետո շուրջ 7 տարի ակտիվ գործողություններ չի ձեռնարկել այդ վարչական ակտը ձեռք բերելու և դրա շրջանակներում դատական պաշտպանության իր իրավունքն իրացնելու ուղղությամբ, իսկ հայցադիմումը դատարան է ներկայացվել միայն 17.11.2020 թվականին, Վերաքննիչ դատարանը ևս գտնում է, որ սույն դեպքում լրացել է հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Հանձնաժողովի 14.12.2012 թվականի թիվ 31 արձանագրության քաղվածքի թիվ 5 հարցի վերաբերյալ 5.49-րդ ենթակետով որոշվել է.
«5. Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու չճանաչել`
5.49 ՀՀ Լոռու մարզի Լեռնապատ համայնքի բնակիչ Կիմա Պապինյանին` ղեկավարվելով ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 2-րդ, 3-րդ կետերի, 11-րդ կետի 1-ին ենթակետի, նույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1402-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով» (հատոր 1-ին, գ.թ. 53-54):
ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի 31.01.2013 թվականի թիվ 03/13.1/529-13 գրությամբ` ի պատասխան Կիմա Պապինյանի 08.01.2013 թվականի դիմումին, հայտնվել է հետևյալը. «…ՀՀ Լոռու մարզի Լեռնապատ համայնքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, համայնքի ղեկավարի կողմից 2008 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ սահմանված` բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում Դուք 1 անձով հաշվառված եք որպես 1 սենյակի հավակնող՝ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2005 թվականի մարտի 18-ի վճռի (գործ 2/850-2005թ.) հիման վրա:
Դատարանի վճռի հիման վրա հաշվառված լինելով ՀՀ Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավարի կողմից 2008 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ հաստատված բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակում, դուք դիտարկվել եք այդ ցուցակում հաշվառված ընտանիքների հետ հավասար իրավական դաշտում:
Նշված ցուցակում հաշվառված ընտանիքների, այդ թվում նաև Ձեր փաստաթղթային փաթեթն ուսումնասիրվել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրները կարգավորող իրավական ակտերի դրույթներին համապատասխան՝ մասնավորապես, ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի 1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի դրույթներին:
Ձեր փաստաթղթային փաթեթը քննարկվել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի 2012 թվականի հուլիսի 7-ին կայացած նիստում։
Քննարկման արդյունքներով, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ և 11-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով՝ Դուք չեք ճանաչվել համայնքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շահառու հետևյալ պատճառաբանությամբ՝
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ ճշտված տեղեկատվության համաձայն՝ 2002 թվականի հունիսի 21-ին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N0322864 վկայականի համաձայն՝ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի Համբարձումյան փողոցի N3 շենքի թիվ 20 բնակարանի նկատմամբ Ձեր անվամբ գրանցված է ընդհանուր համատեղ սեփականության իրավունք.
- 1980 թվականից Դուք հաշվառված եք Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի N3 շենքի թիվ 20 հասցեում՝ այսինքն երկրաշարժի պահին ՀՀ Լոռու մարզի Լեռնապատ համայնքում հաշվառում չեք ունեցել» (հատոր 1-ին, գ.թ. 46-47)։
11.12.2013 թվականին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին ուղղված դիմում-խնդրանքի համաձայն` Կիմա Պապինյանը խնդրել է ի պաշտոնե և ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան լուծում տալ իր խնդրին, որ կարողանա վերջապես ստանալ բնակարան կամ բնակարանի գումարային փոխհատուցում: Դիմում-խնդրանքին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը հետևյալն է. «1. Անձնագրի պատճեն 2. բն. տան նվիրատվության պայմանագրի պատճեն 3. հողամասի տեղեկանքի պատճեն 4. գյուղապետարանի տեղեկանքի պատճեն 5. դատարանի վճռի պատճեն 6. նախարարության պատասխանը 7. բնակարանի օրդերի պատճեն 8. բնակ. բաժնի տեղեկանքի պատճեն» (հատոր 1-ին գ.թ. 38-40):
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի 08.10.2020 թվականի թիվ 03/13/8024-2020 գրությամբ` ի պատասխան Արտուր Հարությունյանի 22.09.2020 թվականի` Կիմա Պապինյանի ընտանիքի բնակարանային գործի ընթացքի մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ թիվ Հ-20/0669 դիմումի, նշվել է. «…Կիմա Պապինյանի բնակապահովման հարցը քննարկվել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 14-ին կայացած նիստում (նիստի արձանագրությունից քաղվածքը կցվում է), և քննարկման արդյունքներով Կիմա Պապինյանը չի ճանաչվել Ծրագրի շահառու:
Միաժամանակ հայտնում ենք, որ իր բնակարանային խնդիրը Ծրագրի շրջանակներում չդիտարկելու պատճառների և իրավական հիմքերի վերաբերյալ Կիմա Պապինյանը տեղեկացվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության (ներկայումս՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտե) 2013 թվականի հունվարի 31-ի N03/13.1/529-2013 գրությամբ (գրության մեջ տեղ է գտել վրիպակ՝ նիստի ամսաթիվ դեկտեմբերի 14-ի փոխարեն գրված է հուլիսի 7)։
Առդիր՝ 2 ֆայլ» (հատոր 1-ին գ.թ. 12-13):
Վճռաբեկ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի բողոքարկվող դատական ակտի հիմնավորվածությունը, նախևառաջ արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ ելակետ է ընտրել հայցվորի կողմից Հանձնաժողովի 14.12.2012 թվականի թիվ 31 արձանագրային որոշման թիվ 5 հարցի 5.49-րդ ենթակետով ընդունված վարչական ակտը վիճարկելու երկամսյա ժամկետի հաշվարկի համար։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն հայցադիմումը ներկայացնելու երկամսյա ժամկետի հոսքը չէր կարող սկսված համարվել վիճարկվող ակտի մասին ենթադրաբար ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի 31.01.2013 թվականի թիվ 03/13.1/529-13 գրությունից իրազեկվելու հաջորդ օրվանից, քանզի նշված գրության մասին իրազեկումը որևէ կերպ չէր կարող որպես ելակետ ընդունվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված երկամսյա ժամկետի հաշվարկի համար՝ նկատի ունենալով, որ այդ ժամկետի մեկնարկը սկսվում է Հանձնաժողովի 14.12.2012 թվականի թիվ 31 արձանագրային որոշման թիվ 5 հարցի 5.49-րդ ենթակետով ընդունված վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից, իսկ հայցվորի համար, ով հանդիսանում է վիճարկվող ակտի հասցեատերը, դատավարական ժամկետի ընթացքի սկիզբը որոշվում է իրավահարաբերության ծագման պահին գործող Օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված եղանակներից որևէ մեկով ակտը նրան հանձնելուն կամ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով ուժի մեջ մտելուն հաջորդող օրվանից:
Սույն գործի նյութերում առկա ապացույցներով չի հիմնավորվում, որ Հանձնաժողովի 14.12.2012 թվականի թիվ 31 արձանագրային որոշման թիվ 5 հարցի 5.49-րդ ենթակետով ընդունված վարչական ակտը մինչև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի 08.10.2020 թվականի թիվ 03/13/8024-2020 գրությանը կից հայցվորին ուղարկվելը իրավահարաբերության ծագման պահին գործող Օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով` ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, վարչական մարմնի կողմից հանձնվել է ակտի հասցեատեր Կիմա Պապինյանին` պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու կամ օրենքով սահմանված որևէ այլ եղանակով: Ինչպես նաև գործում առկա չեն ապացույցներ առ այն, որ վիճարկվող վարչական ակտի մասին ակտի հասցեատեր Կիմա Պապինյանն ավելի վաղ իրազեկվել է Օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով` հրապարակման եղանակով:
Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների այն եզրահանգմանը, որ վիճարկվող ակտի գոյության մասին հայցվոր Կիմա Պապինյանը կարող էր տեղյակ լինել ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի 31.01.2013 թվականի թիվ 03/13.1/529-13 գրությունից, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ քննարկվող գրությամբ նշվել է հետևյալը. «(…) Ձեր փաստաթղթային փաթեթը քննարկվել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի 2012 թվականի հուլիսի 7-ին կայացած նիստում։
Քննարկման արդյունքներով, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ և 11-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով՝ Դուք չեք ճանաչվել համայնքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շահառու հետևյալ պատճառաբանությամբ (…)»:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի 31.01.2013 թվականի թիվ 03/13.1/529-13 գրությանը կից որևէ փաստաթուղթ ուղարկված լինելու վերաբերյալ դրանում նշում առկա չէ: Ինչ վերաբերում է գրությամբ Հանձնաժողովի 07.07.2012 թվականին կայացած նիստում հայցվորի փաստաթղթային փաթեթի քննարկման արդյունքներով որոշում կայացված լինելու վերաբերյալ նշում կատարված լինելուն, ապա Վճռաբեկ դատարանը նախ փաստում է, որ հայցվորի վերաբերյալ վիճարկվող վարչական ակտը կայացվել է ոչ թե 07.07.2012 թվականին, այլ 14.12.2012 թվականին, և բացի այդ, եթե նույնիսկ գրությամբ ճիշտ նշված լինեին հայցվորի վերաբերյալ ընդունված որոշման ամսաթիվը և բովանդակությունը, միևնույնն է դրա մասին իրազեկվելու պահը որևէ կերպ չէր կարող որպես ելակետ ընդունվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված երկամսյա ժամկետի հաշվարկի համար, քանի որ Օրենքի 59-րդ հոդվածը վարչական ակտի իրազեկման նման եղանակ չի նախատեսում:
Սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումները կիրառելով սույն գործի փաստերի նկատմամբ` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ տվյալ դեպքում հայցվոր Կիմա Պապինյանի կողմից վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետի հոսքը սկսվել է Հանձնաժողովի 14.12.2012 թվականի թիվ 31 արձանագրային որոշման թիվ 5 հարցի 5.49-րդ ենթակետով ընդունված վարչական ակտն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելու, այն է` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի 08.10.2020 թվականի թիվ 03/13/8024-2020 գրությանը կից ակտն իրեն հանձնվելուն հաջորդող օրվանից` 09.10.2020 թվականից, ուստի հայցը դատարան կարող էր ներկայացվել մինչև 09.12.2020 թվականը ներառյալ: Նման պայմաններում, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հայցադիմումը փոստային առաքման եղանակով ներկայացվել է 17.11.2020 թվականին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկման հայցը ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ժամկետի պահպանմամբ, հետևաբար, սույն դեպքում առկա չէ գործի վարույթը կարճելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը, այն է՝ լրացել է հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետի պահպանված լինելու (չլինելու) հարցը լուծել և վարչական գործի վարույթը կարճել է հայցվորի կողմից Հանձնաժողովի 14.12.2012 թվականի թիվ 31 արձանագրային որոշման թիվ 5 հարցի 5.49-րդ ենթակետով ընդունված վարչական ակտը վիճարկելու երկամսյա ժամկետի հաշվարկի համար սխալ ելակետ ընտրելով, ուստի, նման պայմաններում մերժելով ՀՀ վարչական դատարանի 14.12.2022 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը` Վերաքննիչ դատարանը, սահմանափակել է հայցվորի Դատարանի մատչելիության իրավունքը, որը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ համատեղելի չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, քանի որ համաչափության առումով չի ապահովում ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ու հետապնդվող նպատակների միջև:
Վերոգրյալ հիմնավորումներով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ, 54-րդ, 96-րդ հոդվածների պահանջների խախտմամբ, ինչի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայց ներկայացնելու ժամկետը լրացած լինելու պատճառաբանությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով գործի վարույթը կարճման ենթակա լինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն, իսկ գործի ըստ էության քննություն ստորադաս դատարանների կողմից չի իրականացվել` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ վարչական դատարան նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.06.2024 թվականի որոշումը և սույն վարչական գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության։
2․ Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Հ. Բեդևյան |
Զեկուցող |
ք․ ՄԿՈՅԱՆ Ա. Թովմասյան |
Ռ. Հակոբյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 ապրիլի 2025 թվական:
