ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ ականդատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/10671/05/242025 թ. | ||
Վարչական գործ թիվ ՎԴ/10671/05/24 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Հ. Բ եդևյան | |
զեկուցող |
Ռ. Հակոբյան Ա. Թովմասյան | |
Լ. Հակոբյան | ||
ք ․ ՄԿՈՅԱՆ |
2025 թվականի մարտի 31-ին
գրավոր ընթացակարգով քննելով երրորդ անձ «Ֆասթ մեդիա» ՍՊ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25․11․2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերության ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի (այսուհետ` Գրասենյակ), երրորդ անձ՝ «Ֆասթ մեդիա» ՍՊ ընկերություն (նախկին անվանումը՝ «Վիվառո Մեդիա» ՍՊԸ) (այսուհետ` Ընկերություն)՝ Ընկերության անվամբ 27․03․2024 թվականին կատարված «FAST MEDIA» թիվ 39248, «FAST SPORTS» թիվ 39246, «FAST SPORTS+» թիվ 39245, «FAST SPORTS 1» թիվ 39244, «FAST SPORTS 2» թիվ 39243 և «FAST TV» թիվ 39247 ապրանքային նշանների գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` «ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության անվամբ 27․03․2024 թվականին կատարված «FAST MEDIA» թիվ 39248, «FAST SPORTS» թիվ 39246, «FAST SPORTS+» թիվ 39245, «FAST SPORTS 1» թիվ 39244, «FAST SPORTS 2» թիվ 39243 և «FAST TV» թիվ 39247 ապրանքային նշանների գրանցումները։
ՀՀ վարչական դատարանի 04․09․2024 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։
«ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերությունը հայցադիմումը կրկին ներկայացրել է ՀՀ վարչական դատարան՝ միաժամանակ միջնորդելով վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ․ Մաքեյան) (այսուհետ` Դատարան) 09․10․2024 թվականի որոշմամբ «ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերության միջնորդությունը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ, բավարարվել է, հայցադիմումն ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25․11․2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09․10․2024 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու, գործը ընդհանուր կանոններով քննելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին» որոշումը՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասով, թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել երրորդ անձ Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Վանիկ Մարգարյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերությունը (ներկայացուցիչ՝ Հայկ Ծատուրյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասը, 54-րդ հոդվածի 2-րդ մասը և 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով․
Վերաքննիչ դատարանը չի գնահատել սահմանված ժամկետում վիճարկման հայց ներկայացնելու համար հայցվորի կողմից ողջամիտ ու անհրաժեշտ գործողություններ կատարված չլինելու հանգամանքը կամ այլ կերպ ասած՝ անգործությունը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել բողոքում ներկայացված գրանցման մասին գրանցման պահին պաշտոնական էլեկտրոնային հարթակում առկա տեղեկատվության մասին փաստարկը, փոխարենն անդրադարձել է հայտերի մասին մինչ գրանցում կատարվելու ժամանակային տիրույթում դրանց հասանելիությանը: Բնական է, որ հայտերի առցանց հասանելիությունն առանցքային նշանակություն չունի այս գործով, սակայն բողոքի հիմնավորումներում նշված է եղել գրանցումների հասանելիությունը նույն էլեկտրոնային հարթակում՝ ուղղակիորեն հայտերի մասին երրորդ անձի կողմից ծանուցված լինելուց հետո անգործությամբ դատավարական ժամկետի բացթողման անհարգելիության մասով:
Վերաքննիչ դատարանը պատշաճ ու ամբողջական քննություն չի իրականացրել վերաքննիչ բողոքում բարձրացված հարցերի վերաբերյալ, մասնավորապես՝ չի գնահատել երրորդ անձի կողմից հայցվորին վիճարկվող ապրանքային նշանների հայտերի մասին ծանուցելուց հետո հայցվորի անգործությունը՝ վիճարկվող վարչական ակտերի ընդունումներին ուղղված վարչական վարույթների շրջանակներում որևէ առարկություն չներկայացնելու և վարույթի ընթացքին չհետևելու մասով։ Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել վիճարկվող որոշումների մասին տվյալների՝ ապրանքային նշանների գրանցման քաղվածքների առցանց հասանելիությանը պատասխանողի պաշտոնական կայքում գրանցման պահից, ինչը հասանելի է եղել բոլորի, այդ թվում՝ իր ենթադրյալ իրավունքը խախտող հայտերի մասին ծանուցված հայցվորի համար, չի անդրադարձել ՀՀ տարածքում հանրապետական սփռմամբ երրորդ անձի «ՖԱՍԹՍՊՈՐՏՍ» հեռուստածրագրի լայն տարածման պայմաններում իր իրավունքների ենթադրյալ խախտման կամ պաշտպանության համար հայցվորի կողմից սահմանված ժամկետում ողջամիտ ու անհրաժեշտ գործողություններ չիրականացնելու հանգամանքին:
Տվյալ դեպքում ապրանքային նշանների գրանցման մասին որոշումները կայացման պահից մտել են ուժի մեջ և հրապարակվել են, հետևաբար ՀՀ վարչական դատարան դրանց դեմ վիճարկման հայց կարող էր ներկայացվել 27․03․2024 թվականից երկամսյա ժամկետում, ինչը հայցվորը բաց է թողել և հայցադիմումը ներկայացրել է 29․08․2024 թվականին, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Վերաքննիչ դատարանը սահմանափակվել է բացառապես ձևական առումով ապրանքային նշանների վերաբերյալ 02.08.2024 թվականին պատասխանողի ծանուցմամբ տեղեկանալու փաստով՝ հաշվի չառնելով, որ դատավարական ժամկետի բացթողման հարգելիությունը պետք է հիմնավորվի նաև մի շարք այլ հանգամանքների հաշվառմամբ, այդ թվում՝ պարզի, թե արդյո՞ք հայցվորի կողմից իր իրավունքների պաշտպանության համար սահմանված ժամկետում կատարվել են ողջամիտ ու անհրաժեշտ գործողություններ դատավարական ժամկետը բաց չթողնելու համար, թե՝ ոչ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ հայցվորը տեղեկացված է եղել վիճարկվող գրանցումների համար հիմք հանդիսացող ապրանքային նշանների հայտերի մասին և կամքի առկայության դեպքում կունենար իրական հնարավորություն սահմանված ժամկետում ներկայացնելու վիճարկման հայց առցանց հրապարակված ապրանքային նշանների գրանցման տվյալներով, հետևաբար հայցվորը չի ապացուցել և չէր էլ կարող ապացուցել, որ իր կամքից անկախ պատճառներով է բաց թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետը:
Հայցվորը նշել է, որ ապրանքային նշանների մասին տեղեկացել է պատասխանողի պաշտոնական կայքից պատասխանողի ծանուցումից հետո, ինչը, սակայն, կարող էր ու պարտավոր էր անել երրորդ անձի կողմից ծանուցված լինելով՝ ապրանքային նշանների մասին գրանցման տվյալները հրապարակվելուց հետո՝ 27․03․2024 թվականից սկսած։ Ապրանքային նշանների հայտ ներկայացնելուց հետո երրորդ անձը 01.02.2024 թվականի գրությամբ դիմել է հայցվորին և տեղեկացրել է ապրանքային նշանների հայտերի մասին՝ հայցվորի համաձայնությունն ստանալու համար. վերջինս, սակայն, չի պատասխանել և արդյունքում երրորդ անձի կողմից ներկայացված ապրանքային նշանների ու ծառայությունների էական տարբերության հիմնավորումների շնորհիվ կայացվել է ապրանքային նշանների գրանցման որոշում։ Դեռևս ապրանքային նշանների հայտ ներկայացնելու պահից երրորդ անձը փաստացի օգտագործում է ապրանքային նշանները՝ դրա ներքո իրականացնելով հեռուստատեսային գործունեություն թե՛ համացանցի միջոցով, թե՛ հանրապետական սփռման «ՖԱՍԹՍՊՈՐՏՍ» հեռուստածրագրի միջոցով (ԵՀ 352 լիցենզիա, որը նշված է https://tvradio.am/type/tv/ կայքում), ուստի հայցվորն իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար կարող էր հեշտությամբ տեղեկանալ գրանցումների մասին, որպիսի հանգամանքները նույնպես հաշվի չեն առնվել Վերաքննիչ դատարանի կողմից։
Նման պայմաններում անհիմն են վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ ստորադաս դատարանների պատճառաբանությունները, քանի որ վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը պայմանավորված է եղել սուբյեկտիվ գործոնով (բացառապես հայցվորի կամքով), որից ելնելով՝ այդ ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելի լինելու վերաբերյալ փաստարկներն անհիմն են:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 25․11․2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Հայցվորը, ունենալով ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով երաշխավորված ու պաշտպանվող սեփականության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ մտավոր սեփականության իրավունքը, որի պաշտպանությանն ուղղված կառուցակարգերի իրականացումը հանդիսանում է նաև պետության պարտականությունը, 26․03․2024 թվականին դիմել է Գրասենյակին թիվ 20240887 հայտի հիման վրա՝ «Fast TV» ապրանքային նշանն իր անվամբ գրանցելու նպատակով, այն հաշվառմամբ, որ հանդիսանում է դեռևս 29․12․2008 թվականին գրանցված «FASTNET» թիվ 13587 ապրանքային նշանի իրավատերը։ Ըստ այդմ՝ հայցվորը ցանկանում է իրացնել նախկինում գրանցված ապրանքային նշանից բխող իր բացառիկ իրավունքը՝ համակցված ապրանքային նշան գրանցելու ուղղությամբ։ Ընդ որում՝ հայցվորի հայտի ներկայացման պահի դրությամբ՝ 26․03․2024 թվականին, Ընկերության անվամբ քննարկման առարկա հանդիսացող 6 ապրանքային նշաններից որևէ մեկը գրանցված չէր։ Հարկ է նշել, որ Գրասենյակն Ընկերությունից պահանջել է ներկայացնել հայցվորի համաձայնությունը հայտարկվող 6 ապրանքային նշանների գրանցման համար, քանի որ դրանք նույնական կամ շփոթելու աստիճան նման են հայցվորի՝ ավելի վաղ գրանցված ապրանքային նշանին, և դրանցով մակնշվող ապրանքների և (կամ) ծառայությունների նույն կամ նույնատիպ լինելը սպառողների մոտ շփոթություն առաջացնելու հավանականություն էր պարունակում, ինչի հաշվառմամբ էլ Ընկերությունը 01․02․2024 թվականին դիմել է հայցվորին, սակայն հայցվորն իր համաձայնությունը որևէ եղանակով չի տվել։ Հայցվորը, Ընկերությանը չտրամադրելով համաձայնություն, մինչև վերջինիս կողմից հայտարկվող ապրանքային նշանների գրանցման օրը, դիմել է Գրասենյակ՝ նախկինում իր անվամբ գրանցված ապրանքային նշանի հետ համակցված ապրանքային նշան գրանցելու նպատակով և այդ գործընթացի շրջանակներում տեղեկացել իր իրավունքի խախտման փաստի մասին՝ 02․08․2024 թվականին, երբ Գրասենյակը ծանուցմամբ մեջբերել է ապրանքային նշանի գրանցումը մերժելու այնպիսի հիմք, որը կիրառելի էր Ընկերության նկատմամբ։
Այսինքն՝ հայցվորի ձեռնարկած միջոցներն ամբողջությամբ համապատասխանում են թիվ ՎԴ/6236/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշմանն առ այն, որ վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետի բացթողումը կարող է հարգելի համարվել և վերականգնվել միայն այն պարագայում, երբ ներկայացված ապացույցներով կհիմնավորվի, որ հայցվորի կողմից ձեռնարկված գործողություններն անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության դիմելու համար և իրականացվել են վարչական ակտի մասին իրազեկվելուց հետո վիճարկման հայց ներկայացնելու՝ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում։
Հայցվորը ձեռնարկել է ողջամիտ միջոցներ իր խախտված իրավունքի վերականգնման ուղղությամբ հենց այն պահից սկսած, երբ տեղեկացել է դրա խախտման փաստի մասին և հետևաբար կարող էր ներկայացնել վիճարկման հայց այդ պահից հաշված երկամսյա ժամկետում։ Այս համատեքստում պետք է նշել, որ Ընկերության փաստարկներն առ այն, որ հայցվորը պետք է իրազեկված լիներ Ընկերության կողմից հայտերը Գրասենյակ ներկայացնելուց հետո և (կամ) Ընկերության գրությունը ստանալուց հետո, տրամաբանական և հիմնավոր չեն, քանի որ ապրանքային նշանի գրանցման մերժման հիմքերի գնահատումն իրականացվում է հենց գրանցված ապրանքային նշանի փաստի հաշվառմամբ, իսկ հայցվորի հայտի ներկայացման պահի դրությամբ շփոթության աստիճանի նման ապրանքային նշան գոյություն չի ունեցել և չէր էլ կարող գրանցվել։
Ստեղծված իրավիճակում հայցվորը, ունենալով ողջամիտ և իրավաչափ ակնկալիք իր սեփականության իրավունքի պաշտպանության հարցում, չէր կարող ակնկալել այլ բան, քան Ընկերության կողմից հայտարկվող ապրանքային նշանների գրանցման մերժումը, ինչը, սակայն, Գրասենյակը չի իրականացրել։ Հակառակ դեպքում հայցվորը կամ որևէ անձ, օրենքով սահմանված կարգով ունենալով սեփականության իրավունք, չեն կարող ունենալ համոզմունք, որ իրենց սեփականության իրավունքը պաշտպանված է երրորդ անձանց կամայական վարքագծից, քանի որ ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված հիմքով ծագած սեփականության իրավունքը կարող է դադարել կամ չպաշտպանվել այլ անձի կամայականության հետևանքով, իսկ նման ազդեցությունն անթույլատրելի է իրավական պետությունում, որը ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով կրում է յուրաքանչյուր անձի սեփականության իրավունքը պաշտպանելու պոզիտիվ պարտականություն։
Հայցվորը որևէ պարագայում պարտավոր չէր տեղեկացված լինել Ընկերության գործունեության վերաբերյալ և նշված հանգամանքն ինքնին չի կարող պայմանավորվել հայցվորի դատական պաշտպանության իրավունքը, քանի որ հայցվորի իրավունքի խախտումը բոլոր դեպքերում ծագել է հայցվորի կողմից ապրանքային նշանի հայտը ներկայացնելու հաջորդ օրը, և դրանով պայմանավորված հայցվորի սեփականության իրավունքի իրացման խոչընդոտը հարուցվել է այն պահին, երբ Գրասենյակը հայցվորին ներկայացրել է համապատասխան ծանուցումը։
Պնդելով, որ Դատարանն ունեցել է բավարար հիմքեր հայցվորի հիմնավորումների լույսի ներքո վերջինիս խախտված իրավունքի դատական պաշտպանության նպատակով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու համար, իսկ Վերաքննիչ դատարանն իր հերթին իրավացիորեն անդրադարձել է այդ հարցի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքներին՝ «ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերությունը խնդրել է Ընկերության վճռաբեկ բողոքը մերժել։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի, 54-րդ հոդվածի 2-րդ մասի և 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով․
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ապրանքային նշանի գրանցման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ հայցադիմումով ՀՀ վարչական դատարան դիմելու ժամկետների հաշվարկման առանձնահատկություններին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին դատարանի մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51, 55):
Դատարանի մատչելիության, մասնավորապես, ՀՀ վարչական դատարանի մատչելիության իրավունքի իրավաչափ սահմանափակումներն օրենսդիրը սահմանել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում հայցադիմում ներկայացնելու համար որոշակի իրավական պահանջներ ու պայմաններ ամրագրելու միջոցով, որոնք վերաբերում են ինչպես հայցադիմումի ներկայացման կարգին ու ժամկետներին, այնպես էլ ձևին և բովանդակությանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրելու օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրելու օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Քնարիկ Սարգսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2242/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.09.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու, դատական պաշտպանություն հայցելու համար համապատասխան ժամկետների սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել իրավական որոշակիությունն ու անվտանգությունը: Մյուս կողմից օրենսդիրը, այս նպատակի իրացման հետ հավասարակշռելով դատական պաշտպանության իրավունքի իրացման շահը, հնարավորություն է տվել շահագրգիռ անձանց բաց թողնված ժամկետը հարգելի համարելու ինստիտուտի կիրառման միջոցով ապահովել դատական պաշտպանության, դատարանի մատչելիության իրավունքների իրացումը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածը նախատեսում է բաց թողնված դատավարական ժամկետները, այդ թվում՝ դատարան հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետները վերականգնելու հնարավորություն այն դեպքում, երբ ժամկետը բաց է թողնված հարգելի պատճառով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:
Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով: Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատական պրոցեսին մասնակցելու, պահանջը և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով նշված ժամկետը չի բավականացրել համապատասխան դատավարական գործողությունները կատարելու համար» (տե՛ս, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Ռուբեն, Բաբկեն, Աշոտ Հովհաննիսյանների, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցվորի կողմից դատարան դիմելու համար ձեռնարկված միջոցները պետք է անհրաժեշտ լինեն դատարան հայց ներկայացնելու համար․ այլ կերպ՝ եթե հայցվորը ձեռնարկել է այնպիսի միջոցներ, որոնք չձեռնարկելու պայմաններում ևս կարող էր իրացնել դատարան դիմելու իր իրավունքը, ապա այդ միջոցները չեն կարող համարվել անհրաժեշտ, հետևաբար նաև՝ գնահատվել որպես դատարան դիմելու ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ։ Ըստ այդմ՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անհրաժեշտ կարող են համարվել այն միջոցները, որոնք չձեռնարկելը խոչընդոտ է հանդիսանում ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու համար։ Ուստի, եթե հայցվորը որպես դատարան դիմելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառ վկայակոչում է իր կողմից ձեռնարկված այս կամ այն միջոցը, ապա պետք է հիմնավորի նաև, որ առանց այդ միջոցը ձեռնարկելու հնարավոր չէր իրացնել ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու իրավունքը։ Համապատասխանաբար, ՀՀ վարչական դատարանը կարող է հայցվորի կողմից վկայակոչված պատճառը հարգելի համարել, եթե հավաստիանում է, որ առանց տվյալ միջոցը ձեռնարկելու՝ հայցվորի համար անհնարին էր դառնում ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացումը (տե՛ս, Արմինե Պետրոսյանը և Սամվել Մուսինյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/5428/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16․01․2024 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ գործողություն կատարելը կամ չկատարելը բողոքարկվել է վարչական կարգով, նույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո։
Վարչական ակտի ուժի մեջ մտնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք)։
Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի ընդունման մասին վարույթի մասնակիցներին իրազեկելու եղանակները սահմանված են Օրենքի 59-րդ հոդվածով, որի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով:
Օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վարչական ակտի հրապարակումը կատարվում է վարչական մարմնի տեղեկագրում կամ այլ պաշտոնական տեղեկագրում հրատարակելով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակելով: Գրավոր վարչական ակտը ենթակա է պարտադիր հրապարակման, եթե վարչական մարմնին հայտնի չեն այդ ակտով ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում: (…)։
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից ակնհայտ է, որ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահն օրենսդիրը պայմանավորել է այդ ակտի մասին վարչական վարույթի մասնակիցներին օրենքով սահմանված եղանակներից որևէ մեկով իրազեկելու հանգամանքով, ինչը նշանակում է, որ վերջիններիս համար վարչական ակտը կարող է ուժի մեջ մտնել իրազեկվելուն հաջորդող օրվանից, եթե oրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեuված չէ:
Այսպիսով՝ օրենսդիրը վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված երկամյսա ժամկետի հաշվարկի համար ելակետ է դիտարկում վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը, իսկ Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընդհանուր կանոնին համապատասխան վարչական ակտի ուժի մեջ մտնելը պայմանավորված է վարույթի մասնակիցներին տվյալ վարչական ակտի մասին իրազեկելու, այսինքն՝ վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին հանձնման կամ հրապարակման եղանակով իրազեկելու հանգամանքով:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ապրանքային նշանի գրանցման վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտի ուժի մեջ մտնելու առանձնահատկություններին․
ՀՀ իրավական համակարգում ապրանքային նշանի գրանցման գործընթացն իրենից ներկայացնում է առանձին տեսակի վարչական վարույթ, որի առանձնահատկությունները սահմանված են «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով։
«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապրանքային նշանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել դատարան ներկայացված համապատասխան հայցի կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա, եթե ապրանքային նշանի գրանցումը չի համապատասխանում նույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված պահանջներին:
«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապրանքային նշանի հայտը պետական լիազոր մարմին ներկայացվում է գրավոր կամ էլեկտրոնային համակարգի միջոցով: Հայտը ներկայացնում է հայտատուն՝ անմիջականորեն կամ իր ներկայացուցչի միջոցով՝ նրան տրված լիազորագրի հիման վրա:
«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` ընդունված հայտի հրապարակման և ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին որոշման հիման վրա դրա կայացման օրվանից հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինը հայտը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում, որտեղ զետեղում է հայտի համարը և ներկայացման թվականը, հայտատուի անունը, ազգանունը կամ անվանումը և գտնվելու վայրը, հայտարկված ապրանքային նշանի պատկերը և այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար հայտարկված է ապրանքային նշանի գրանցումը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայտի հրապարակման թվականից հետո` երկամսյա ժամկետում, ցանկացած անձ կարող է հայտարկված ապրանքային նշանի գրանցման դեմ գրավոր դիտողություն ներկայացնել պետական լիազոր մարմին այն մասին, որ դրա գրանցումը ենթակա է մերժման նույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված հիմքերով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ստացված դիտողության մասին պետական լիազոր մարմինը այն ստանալու օրվանից հետո գրավոր ծանուցում է հայտատուին՝ նշված ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ: Նշված ժամկետում հայտատուի կողմից նկատառումներ չներկայացնելու դեպքում դիտողությունը քննարկվում է առկա նյութերի հիման վրա:
«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հայտի հրապարակման թվականից հետո` երկամսյա ժամկետում, ավելի վաղ ապրանքային նշանի կամ հանրահայտ ապրանքային նշանի իրավատերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պահպանվող, աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան, պահպանվող արդյունաբերական դիզայնի, անվան կամ ազգանվան, կեղծանվան, պատկերի նկատմամբ ավելի վաղ ծագած իրավունքների տիրապետողները, գրականության, գիտության կամ արվեստի պահպանվող ստեղծագործությունների նկատմամբ ավելի վաղ ծագած հեղինակային իրավունքի իրավատերերը և ցանկացած այլ շահագրգիռ անձ կարող են հայտարկված ապրանքային նշանի գրանցման դեմ գրավոր առարկություն ներկայացնել պետական լիազոր մարմին այն մասին, որ դրա գրանցումը ենթակա է մերժման նույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված հիմքերով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ առարկությունն ստանալու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինն ստուգում է այն և նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ներկայացման պայմաններին դրա համապատասխանության դեպքում առարկության մասին գրավոր ծանուցում է հայտատուին՝ նշված ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ: Նշված ժամկետում հայտատուի կողմից նկատառումներ չներկայացվելու դեպքում առարկության հետագա քննարկումն իրականացվում է առկա նյութերի հիման վրա:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմաններին չհամապատասխանող առարկությունը համարվում է չներկայացված, ինչի մասին դրա ստացման օրվանից հետո պետական լիազոր մարմինը գրավոր ծանուցում է այն ներկայացնողին:
«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ և 11-րդ մասերի, ինչպես նաև 47-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ապրանքային նշանը հայտում նշված բոլոր ապրանքների կամ դրանց մի մասի համար գրանցելու մասին որոշում կայացնելու դեպքում պետական լիազոր մարմինը ծանուցում է հայտատուին կամ նրա ներկայացուցչին՝ ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետում, ապրանքային նշանի գրանցման համար օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու և վճարման անդորրագիրը ներկայացնելու անհրաժեշտության մասին։
«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապրանքային նշանը պետական գրանցամատյանում գրանցելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, պետական լիազոր մարմինն ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։
Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն ապրանքային նշանի գրանցման՝ որպես վարչական ակտի իրազեկման եղանակ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանել է այդ ապրանքային նշանի գրանցման մասին հրապարակումը, ուստի ապրանքային նշանի գրանցման՝ որպես վարչական ակտի, ուժի մեջ մտելու պահն ուղղակիորեն համընկնում է այդ հրապարակմանը հաջորդող օրվան։ Այլ կերպ ասած՝ ապրանքային նշանի գրանցման՝ որպես վարչական ակտի ուժի մեջ մտնելու օր պետք է դիտարկել ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակելու օրվան հաջորդող օրը։ Հետևաբար, ապրանքային նշանի գրանցման իրավաչափությունը վիճարկելու դեպքում դատարան հայց կարող է ներկայացվել ապրանքային նշանի գրանցման մասին «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու հաջորդ օրվանից, այսինքն՝ իրազեկվելու օրվանից հաշված երկամսյա ժամկետում։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ կարգավորումների հիմքում ընկած է այն իրավական տրամաբանությունը, որ ապրանքային նշանի գրանցմանն ուղղված վարչական վարույթի ելքով կարող է շահագրգռված լինել անձանց ավելի լայն շրջանակ, քանի որ տվյալ վարչական վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով կարող են շոշափվել ոչ միայն վարույթի մասնակիցների, այլ նաև հասարակության առավել լայն շրջանակների անձանց իրավունքներ ու օրինական շահեր: Նշվածով պայմանավորված՝ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով կարգավորվել են այդ վարչական վարույթի առանձնահատկությունները, այդ թվում՝ դրա արդյունքում ընդունված վարչական ակտի մասին հրապարակման եղանակով իրազեկելու կանոնը։ Այսինքն՝ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով ամրագրվել է ոչ միայն ապրանքային նշանի գրանցմանն ուղղված վարչական վարույթի մասնակիցների, այլ նաև՝ այդ վարույթի ելքով շահագրգռված բոլոր անձանց ծանուցելու առանձնահատուկ եղանակ, այն է` ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունների հրապարակումը «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում, որին հաջորդող օրվանից հաշված երկամսյա ժամկետում՝ գրանցված ապրանքային նշանը շահագրգիռ անձի պահանջով կարող է վիճարկվել դատական կարգով, իսկ նշված երկամսյա ժամկետը բաց թողնելու պարագայում անձը կզրկվի դատական պաշտպանության իր իրավունքն իրացնելու հնարավորությունից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը դատարանի որոշմամբ կհամարվի հարգելի և այն կվերականգնվի։ Ընդ որում՝ միջնորդությունը պետք է հիմնավորումներ և փաստարկներ պարունակի ապրանքային նշանի գրանցման մասին հրապարակման եղանակով իրազեկվելու օրվանից, այսինքն՝ «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում այդ ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունների հրապարակման հաջորդող օրվանից հաշված երկամսյա ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիության վերաբերյալ։
Այսպիսով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի և 60-րդ հոդվածի, ինչպես նաև «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի վերը նշված նորմերի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով վիճարկման հայց ներկայացնելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետի հաշվարկման համար ելակետ է հանդիսանում «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում ապրանքային նշանի գրանցման հրապարակմանը հաջորդող օրը։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապրանքային նշանի գրանցման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ հայց ներկայացնելիս ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետը խախտված է համարվում, եթե «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում ապրանքային նշանի գրանցման հրապարակմանը հաջորդող օրվա և ՀՀ վարչական դատարան դիմելու օրվա միջև ընկած ժամանակահատվածը գերազանցում է երկու ամիսը, իսկ եթե հայցվորը վիճարկվող ապրանքային նշանի գրանցման մասին իրազեկվել է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում ապրանքային նշանի գրանցման հրապարակմանը հաջորդող օրվանից հաշված երկամսյա ժամկետի ավարտից հետո, ապա վիճարկման հայց ներկայացնելիս պետք է ներկայացնի դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու միջնորդություն, որը կպարունակի փաստարկներ և հիմնավորումներ այդ ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիության մասին։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վիճարկման հայց ներկայացնելու ժամկետի հոսքն օրենսդիրը պայմանավորել է վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահով, հետևաբար, ապրանքային նշանի գրանցման մասին ավելի ուշ, քան «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում ապրանքային նշանի գրանցման հրապարակմանը հաջորդող օրն է, իրազեկվելու փաստարկը չի կարող բավարար լինել ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու հայցը դատարան ներկայացնելու երկամսյա դատավարական ժամկետի հոսքն այդ օրով պայմանավորելու համար։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապրանքային նշանի գրանցման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ հայցի ընդունելիության փուլում դատարանի կողմից, ի թիվս այլ հարցերի, ենթակա է ստուգման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ հայց ներկայացնելու դատավարական ժամկետի պահպանման հանգամանքը: Նշված հանգամանքը պարզելու նպատակով դատարանից պահանջվում է.
- որոշել երկամսյա ժամկետի հաշվարկման ելակետը. ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու դեպքում այդ ժամկետի հաշվարկման ելակետն «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում ապրանքային նշանի գրանցման հրապարակմանը հաջորդող օրն է,
- պարզել՝ արդյո՞ք վերը նշված ելակետի և տվյալ հայցադիմումը ներկայացնելու օրվա միջև ընկած ժամանակահատվածը գերազանցում է երկու ամիսը,
- այն դեպքում, երբ նշված ելակետի և տվյալ հայցադիմումը ներկայացնելու օրվա միջև ընկած ժամանակահատվածը գերազանցում է երկու ամիսը՝ պարզել, թե ներկայացվել է արդյո՞ք բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդություն,
- այն դեպքում, երբ նշված ելակետի և տվյալ հայցադիմումը ներկայացնելու օրվա միջև ընկած ժամանակահատվածը չի գերազանցում երկու ամիսը, սակայն ներկայացված է բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, չքննարկել միջնորդությունը՝ որպես առարկայազուրկ միջնորդություն:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունը 08․06․2023 թվականին Գրասենյակ է ներկայացրել «FAST MEDIA», «FAST SPORTS», «FAST SPORTS+», «FAST SPORTS 1», «FAST SPORTS 2» և «FAST TV» ապրանքային նշանների գրանցման հայտեր, և Գրասենյակը 19․06․2023 թվականին կայացրել է այդ հայտերը հրապարակելու և ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին որոշումներ (հատոր 2-րդ, գ.թ. 14-19)։
«ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերության տնօրենին ուղված 01․02․2024 թվականի գրությամբ Ընկերությունը հայտնել է, որ ««ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ն (…) հանդիսանում է ՀՀ-ում տեսալսողական ծրագրեր հեռարձակող։ Ընկերությունը ներկայումս հանդիսանում է ՀՀ-ում սպորտային տեսալսողական ծրագրեր հեռարձակող ընկերություն, որի «ՖԱՍԹՍՊՈՐՏՍ» տեսալսողական ծրագիրը 23․09․2023թ․-ից հեռարձակվում է ՀՀ-ում հանրապետական սփռմամբ՝ համաձայն N ԵՀ 352 լիցենզիայի։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ՝ ներքոնշյալ ապրանքային նշանների նկատմամբ իրավական պահպանություն ստանալու, այն է՝ ապրանքային նշանների գրանցման նպատակով․
1․ FAST MEDIA
2․ FAST SPORTS
3․ FAST SPORTS+
4․ FAST SPORTS 1
5․ FAST SPORTS 2
6․ FAST TV
Հիմք ընդունելով այն փաստը, որ Մտավոր սեփականության գրասենյակի կողմից գրանցված ապրանքային նշանների վերաբերյալ տեղեկատվական բազայի համաձայն՝ 29․12․2008թ․ Ձեր ընկերության («ԷՅՉՆԵԹ» ՍՊԸ) անունով Մտավոր սեփականության գրասենյակում գրանցվել է FASTNET ապրանքային նշանը (գրանցման համար՝ 13587) և նկատի ունենալով այն հանգամանքը, որ քննարկվող ապրանքային նշանով իրավական պահպանություն է տրվել ի թիվս այլնի՝ ԱԾՄԴ-ի 38-րդ դասի ինտերնետ կապի մատակարար ենթադասին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի կողմից մեր Ընկերության ապրանքային նշանների հայտերի ուսումնասիրման և փորձաքննության փուլում կարող է պահանջվել «Էյչնեթ» ՍՊԸ գրավոր համաձայնությունը՝ վերոնշյալ ապրանքային նշանների գրանցման համար։
Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ մեր Ընկերության թվով 6 ապրանքային նշանների հայտերում ևս նշվել է ԱԾՄԴ-ի 38-րդ դասը, սակայն ինտերնետ կապի մատակարար ենթադասը մեր կողմից չի նշվել։
(…) Խնդրում ենք «Էյչնեթ» ՍՊԸ կողմից տրամադրել գրավոր համաձայնություն՝ «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» ՍՊԸ վերոնշյալ վեց ապրանքային նշանների գրանցման վերաբերյալ՝ նկատի ունենալով մտավոր սեփականության գրասենյակի կողմից այն պահանջելու հանգամանքը» (հատոր 2-րդ, գ.թ. 32-33)։
Նշված գրությունը Ընկերության կողմից ուղարկվել է «ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերության տնօրեն Արտակ Բունիաթյանին, որը ստացվել է վերջինիս կողմից, որպիսի փաստերը «ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերությունը չի վիճարկել։
«ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերությունը 26․03․2024 թվականին «Fast TV» ապրանքային նշանը գրանցելու հայտ է ներկայացրել Գրասենյակ, որին ի պատասխան Գրասենյակից ստացվել է 02․08․2024 թվականի ծանուցումն այն մասին, որ «(…) հայտարկված ապրանքային նշանի վրա «TV» գրառումը նշում է կոնկրետ ծառայության տեսակը, ուստի 38-րդ դասի վերը նշված ծառայության համար սպառողին կարող է մոլորության մեջ գցել ծառայության տեսակի վերաբերյալ հարցերում՝ հաղորդելով՝ կեղծ և սպառողներին մոլորության մեջ գցող տվյալներ։
(…) հայտարկված նիշի գրանցումը կարող է մերժվել, որպես ապրանքային նշան, քանի որ այն կարող է շփոթություն առաջացնել 38-րդ դասի ծառայությունների համար Հայաստանի Հանրապետությունում գրացման հիման վրա պահպանվող «FAST TV» և «FASTMEDIA» («ֆասթ մեդիա» ՍՊԸ Երևան, 0047, Գ․ Հովսեփյան փ 20 շենք AM, N 39247 և N 39248, 27.03.2024թ․) համակցված ապրանքային նշանների նկատմամբ։ (…) Տվյալ դեպքում համեմատվող ապրանքային նշանների բառային տարրերն ունեն ձայնային նմանություն, որը որոշվել է նշաններից մեկը մյուսի մեջ մտնելով, այն է՝ գրանցված համակցված ապրանքային նշանների «FAST» բառային տարրերն ամբողջությամբ ներառված են հայտարկված ապրանքային նշանում։
(…) հայտարկված նիշի գրանցումը կարող է մերժվել, քանի որ այն կարող է շփոթություն առաջացնել հայտի ներկայացման թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս օգտագործվող «FAST TV» ապրանքային նշանի նկատմամբ, որի վերաբերյալ տվյալները տեղադրված են https://play.google.com/store/apps/details?id=com.vmediamobile&hl=en ինտերնետային կայքում, և որի մասին հայտատուն կարող էր իմանալ (…)» (հատոր 1-ին, գ.թ. 50-51)։
Գրասենյակին ուղղված 14․08․2024 թվականի գրությամբ «ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերությունը խնդրել է տրամադրել «FAST TV» և «FAST MEDIA» ապրանքային նշանների գրանցման գործընթացին վերաբերող բոլոր նյութերը (հատոր 1-ին, գ.թ. 52)։
Գրասենյակը 27․03․2024 թվականին կայացրել է «FAST MEDIA», «FAST SPORTS», «FAST SPORTS+», «FAST SPORTS 1», «FAST SPORTS 2» և «FAST TV» ապրանքային նշանների գրանցման վերաբերյալ որոշումներ (հատոր 2-րդ, գ.թ. 20-31)։
«ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերությունը 27․08․2024 թվականին փոստային առաքման եղանակով հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան (հատոր 1-ին, գ․թ․ 21) ընդդեմ Գրասենյակի՝ Ընկերության անվամբ 27․03․2024 թվականին կատարված «FAST MEDIA» թիվ 39248, «FAST SPORTS» թիվ 39246, «FAST SPORTS+» թիվ 39245, «FAST SPORTS 1» թիվ 39244, «FAST SPORTS 2» թիվ 39243 և «FAST TV» թիվ 39247 ապրանքային նշանների գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին։
ՀՀ վարչական դատարանը 04․09․2024 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ «ներկայացված հայցադիմումն իրենից ներկայացնում է վիճարկման հայց, հետևաբար դրա վրա տարածվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված երկամսյա ժամկետը, որպիսի ժամկետը Հայցվորի կողմից բաց է թողնվել, քանզի վերջինս վիճարկում է 27.03.2024 թվականին կատարված ապրանքային նշանների գրանցումները: Մինչդեռ, վիճարկման հայցադիմումը փոստային առաքմամբ դատարան է ներկայացվել 2024 թվականի օգոստոսի 27-ին, այսինքն՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված երկամսյա ժամկետի բացթողմամբ»:
Կրկին ներկայացված հայցադիմումով հայցվորը ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, նշելով, որ «Ընկերությունը 26.03.2024 թվականին Գրասենյակ է ներկայացրել թիվ՝ 20240887 հայտը՝ «Fast TV» ապրանքային նշանն իր անվամբ գրանցելու նպատակով, ինչի կապակցությամբ Ընկերությունը 02.08.2024 թվականին ստացել է ծանուցումը, որտեղ ի թիվս այլնի նշված է եղել, որ հայտարկված նիշը, որպես ապրանքային նշան, կարող է շփոթություն առաջացնել 38-րդ դասի ծառայությունների համար Հայաստանի Հանրապետությունում գրանցման հիման վրա պահպանվող «FAST TV» և «FAST MEDIA» (…) համակցված ապրանքային նշանների նկատմամբ:
Ծանուցումը ստանալուց հետո Հայցվորը 14.08.2024թ. դիմել է Գրասենյակ, ինչպես նաև ուսումնասիրել է Գրասենյակի https://aipo.am/hy/national-procedure-reg պաշտոնական էլեկտրոնային կայքում առկա տեղեկատվությունը «FAST MEDIA» N 39248, «FAST TV» N 39247 ապրանքային նշանների վերաբերյալ, որի արդյունքում պարզել է, որ նշված ապրանքային նշանները 27.03.2024 թվականին Գրասենյակը գրանցել է «Ֆասթ մեդիա» ՍՊԸ-ի անվամբ, որի իրավունքը չուներ, քանի որ Ընկերությանը պատկանող «FASTNET» N 13587 ապրանքային նշանը գրանցված է եղել ավելի շուտ՝ դեռևս 29.12.2008 թվականին: Պարզվել է նաև, որ «Ֆասթ մեդիա» ՍՊԸ-ի անվամբ են գրանցվել նաև «FAST SPORTS» N 39246, «FAST SPORTS+» N 39245, «FAST SPORTS1» N 39244, «FAST SPORTS2» N 39243 ապրանքային նշանները:
Վերը նշված ապրանքային նշանների գրանցման վերաբերալ երբևէ Հայցվորը չի ծանուցվել: Ավելին, գործող իրավակարգավորումների պարագայում, իրավական տեսանկյունից եղել է արգելք առանց Հայցվորի համաձայնության վերը նշված ապրանքային նշանները գրանցելու հետ կապված, որպիսի պայմաններում Հայցվորը չէր էլ կարող ենթադրել, որ «FAST MEDIA» N 39248, «FAST SPORTS» N 39246, «FAST SPORTS+» թիվ N 39245, «FAST SPORTS1» N 39244, «FAST SPORTS2» N 39243 և «FAST TV» N 39247 ապրանքային նշանները կարող էին գրանցվել:
(…) Հայցվորը զրկված է եղել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում վիճարկելու «FAST MEDIA» N 39248, «FAST SPORTS» N 39246, «FAST SPORTS+» N 39245, «FAST SPORTS1» N 39244, «FAST SPORTS2» N 39243 և «FAST TV» N 39247 ապրանքային նշանների գրանցումները, քանի որ ծանուցված չի եղել դրանց վերաբերյալ: Նշված գրանցումների վերաբերյալ Հայցվորը ծանուցվել է 02.08.2024թ. Գրասենյակից ստացված ծանուցումից հետո» (հատոր 1-ին, գ.թ. 42-43)։
Դատարանը 09․10․2024 թվականի որոշմամբ «ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերության բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել է հետևյալ պատճառաբանությամբ. «Հայցվորի՝ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների պահպանման նկատառումով անհրաժեշտ է միջնորդությունը բավարարել և իրավական հնարավորություն տալ վերջինիս իրականացնելու օրինական շահերի դատական պաշտպանության հիմնարար իրավունքը»։
Վերաքննիչ դատարանը 25․11․2024 թվականի որոշմամբ Դատարանի 09․10․2024 թվականի որոշման դեմ երրորդ անձ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժել է՝ այն պատճառաբանությամբ, որ «դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին հայցվոր կողմի միջնորդությունը` դրանում մատնանշված փաստարկների հիմքով, ենթակա էր բավարարման, ինչն էլ հաշվի առնելով՝ Վարչական դատարանն իրավացիորեն վերականգնել է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու հայցվորի իրավունքը։ Քննարկվող դեպքում սույն գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունից հստակ երևում է, որ թիվ 20240887 հայտի հիման վրա «Fast TV» ապրանքային նշանն իր անվամբ գրանցելու նպատակով Ընկերությունը Գրասենյակ է դիմել 2024 թվականի մարտի 26-ին, մինչդեռ, վիճակվող «FAST MEDIA» թիվ 39248, «FAST SPORTS» թիվ 39246, «FAST SPORTS+» թիվ 39245, «FAST SPORTS 1» թիվ 39244, «FAST SPORTS 2» թիվ 39243 և «FAST TV» թիվ 39247 ապրանքային նշանների գրանցումները կատարվել են 2024 թվականի մարտի 27-ին։ Ինչ վերաբերվում է բողոքաբերի փաստարկին առ այն, որ 2023 թվականի հունիսի 19-ից սկսած ապրանքային նշանների հայտերը հրապարակված են եղել Գրասենյակի պաշտոնական կայքէջքում, այնուհետև, երրորդ անձի կողմից 2024 թվականի փետրվարի 02-ին ծանուցումով Ընկերությունը ծանուցվել է հայտարկվող 6 ապրանքային նշանների գրանցման հայտերի ներկայացման մասին, ապա (…) վերոնշյալ փաստարկը վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետի բացթողումը հարգելի չգնահատելու հիմք չէ՝ նկատի ունենալով, որ ապրանքային նշանների գրանցման վերաբերյալ հայտ ներկայացնելը դեռևս չի ենթադրում դրանց գրանցվելու պարտադիր հետևանք, իսկ պաշտոնական էլեկտրոնային հարթակում ապրանքային նշանների հայտերի հասանելիությունը՝ մինչ փաստացի գրանցում կատարված լինելու ժամանակային տիրույթում, որևէ առանցքային նշանակություն չունի։ Այսինքն, հայցի հարուցման պարագայում դատավարական ժամկետի հաշվարկը պետք է հոսեր 2024 թվականի օգոստոսի 02-ից հաշվված։ Տվյալ դեպքում հայցադիմումը փոստային ծառայության միջոցով վարչական դատարան է ներկայացվել 2024 թվականի օգոստոսի 27-ին։ Ստացվում է, որ հայցվորի կողմից պահպանվել են Վերաքննիչ դատարանի վերն արտահայտած դիրքորոշմամբ սահմանված կարգով վիճարկման հայց ներկայացնելու համար ժամկետի հաշվարկման պայմանները։ (…) բողոքաբերի փաստարկն առ այն, որ փաստացի օգտագործում է վիճահարույց ապրանքային նշանները՝ դրանց ներքո իրականացնելով հեռուստատեսային գործունեություն թե՛ համացանցի միջոցով, թե՛ հանրապետական սփռման «ՖԱՍԹՍՊՈՐՏՍ» հեռուստածրագրի միջոցով, ինչը նշանակում է, որ Ընկերությունը կարող էր ավելի վաղ տեղեկանալ վիճահարույց վարչական ակտերի մասին, ապա (…) նշված հանգամանքն ինքնին չի նշանակում, որ ապրանքային նշանների օգտագործումը բխեցվել է դրանց գրանցման փաստից»։
Վերոգրյալ իրավական դրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վիճարկման հայցը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված դատավարական ժամկետների պահպանմամբ ներկայացված լինելու հարցի լուծումն ուղղակիորեն պայմանավորված է վիճարկվող ապրանքային նշանների գրանցումների ուժի մեջ մտնելու հանգամանքով։ Ինչպես վերն արդեն նշվել է՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` Օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով վիճարկվող՝ 27․03․2024 թվականին կատարված ապրանքային նշանների գրանցումները սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ ուժի մեջ են մտել ապրանքային նշանների գրանցման մասին իրազեկելու հաջորդող օրվանից, որն ապրանքային նշանների գրանցման վարչական վարույթի պարագայում պետական լիազոր մարմնի կողմից ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակմանը հաջորդող օրն է։
Սույն գործում առկա ապացույցների ուսումնասիրությունից հետևում է, որ տվյալ դեպքում վիճարկվող ապրանքային նշանների գրանցումները կատարվել են 27․03․2024 թվականին, ուստի գործում է այն կանխավարկածը, որ «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում այդ գրանցումների մասին տեղեկությունների հրապարակումը «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով կատարվել է առավելագույնը նշված ապրանքային նշանների պետական գրանցամատյանում գրանցելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում։ Հետևաբար՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում վիճարկվող ապրանքային նշանների գրանցումների մասին տեղեկությունները «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակելու առավելագույն ժամկետը 28․04․2024 թվականն է։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև սույն գործում առկա չէ վիճարկվող ապրանքային նշանների գրանցման մասին տեղեկությունները «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվա վերաբերյալ որևէ ապացույց, այդուհանդերձ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված իրավակարգավորման հաշվառմամբ այդ ապրանքնային նշանների գրանցումների վիճարկման հայց ներկայացնելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված երկամսյա ժամկետի հաշվարկի համար պետք է ելակետ ընդունվի ապրանքային նշանների գրանցումների մասին տեղեկությունները «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակելու առավելագույն ժամկետին՝ 28․04․2024 թվականին հաջորդող օրը՝ 29․04․2024 թվականը, որպիսի պարագայում այդ օրվանից հաշված երկամսյա ժամկետում, այսինքն՝ 30․06․2024 թվականը ներառյալ վիճարկման հայցը կարող էր ներկայացվել ՀՀ վարչական դատարան։ Հետևաբար նշված ժամկետը բաց թողնելու պարագայում վիճարկման հայց ներկայացնելիս հայցվորը պարտավոր էր ներկայացնել դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդություն, որը պետք է հիմնավորումներ պարունակեր 30․06․2024 թվականից հետո մինչև հայցադիմումը փաստացի ներկայացնելու օրն ընկած ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիության վերաբերյալ։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում թե՛ Դատարանը, թե՛ Վերաքննիչ դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու հայցվորի միջնորդությունը քննարկելիս, որպես դատավարական ժամկետի հաշվարկման ելակետ, հիմք են ընդունել ոչ թե վարչական ակտի ընդունման մասին հայցվորի՝ օրենքով սահմանված կարգով իրազեկված լինելու, այսինքն՝ վիճարկվող ապրանքային նշանների գրանցումների ուժի մեջ մտնելու օրը, այլ՝ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ հայցվորի կողմից որոշակի միջոցներ ձեռնարկելու հանգամանքը: Ավելին, Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ դատավարական ժամկետի հաշվարկը պետք է հոսեր 02․08․2024 թվականից հաշվված, իսկ տվյալ դեպքում հայցադիմումը փոստային ծառայության միջոցով ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 27․08․2024 թվականին՝ եզրահանգել է, որ հայցվորի կողմից պահպանվել են վիճարկման հայց ներկայացնելու համար ժամկետի հաշվարկման պայմանները։ Այսինքն՝ ըստ էության համարելով, որ հայցվորը վիճարկման հայցը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել դատավարական ժամկետի պահպանմամբ՝ Վերաքննիչ դատարանն այդուհանդերձ իրավաչափ է համարել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու հայցվորի իրավունքը վերականգնելու Դատարանի եզրահանգումը։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետի հաշվարկման համար 02․08․2024 թվականը ելակետ ընդունելու պարագայում Վերաքննիչ դատարանը ոչ թե պետք է իրավաչափ համարեր բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու հայցվորի իրավունքը վերականգնելու Դատարանի եզրահանգումը, այլ պետք է արձանագրեր, որ ներկայացված միջնորդությունը եղել է առարկայազուրկ և ենթակա չի եղել քննարկման։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ստորադաս դատարանները սխալ ելակետով են պայմանավորել վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետի հաշվարկման սկիզբը՝ անտեսելով ապրանքային նշանների մասին հրապարակման եղանակով իրազեկելու «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի կարգավորումները։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում հայցվորն առնվազն 28․04․2024 թվականի դրությամբ իրազեկված է եղել ապրանքային նշանների գրացման վերաբերյալ՝ «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում դրանց հրապարկման միջոցով, իսկ սույն գործով վիճարկման հայցը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել 27․08․2024 թվականին (փոստային կապի ծառայության միջոցով)՝ չներկայացնելով որևէ փաստարկ վիճարկվող ապրանքային նշանների գրանցումների մասին տեղեկությունները «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակելու առավելագույն ժամկետի՝ 28․04․2024 թվականին հաջորդող օրվանից՝ 29․04․2024 թվականից հաշված երկամսյա ժամկետի ավարտից՝ 30․06․2024 թվականից հետո մինչև հայցադիմումը փաստացի ներկայացնելու օրն ընկած ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիության վերաբերյալ, հետևաբար Դատարանը, բավարարելով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին հայցվորի միջնորդությունը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի որոշումը, կայացրել են ոչ իրավաչափ դատական ակտեր՝ թույլ տալով արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ։
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 25․11․2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25․11․2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասով վերացնել ՀՀ վարչական դատարանի 09․10.2024 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու, գործը ընդհանուր կանոններով քննելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Հ. Բեդևյան |
Զեկուցող |
Ռ. Հակոբյան ա. Թովմասյան |
Լ. Հակոբյան | |
ք․ ՄԿՈՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 ապրիլի 2025 թվական:
