ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1235-Ա |
«03» ապրիլի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Հայկ Գրիգորյանի 2025 թվականի մարտի 5-ի թիվ Դ-23733-25 դիմումի (այսուհետ՝ նաև Դիմում) հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:
Դիմումի առարկայի քննության կապակցությամբ 2025 թվականի մարտի 26-ին, ժամը 11.00-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Հայկ Գրիգորյանը:
Ուսումնասիրելով Դիմումը, Դիմումին կից, ինչպես նաև վարույթի լսումների ժամանակ ներկայացված նյութերը, 2025 թվականի մարտի 26-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով Դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Լսումների ընթացքում Հայկ Գրիգորյանը, հիմք ընդունելով «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների կողմից տրված՝ 2025 թվականի փետրվարի 13-ի թիվ ՎՊ-25-184-ԱՎ ավտոտեխնիկական, 2025 թվականի փետրվարի 13-ի թիվ ՎՊ-25-185-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) և 2025 թվականի փետրվարի 14-ի թիվ ՎՊ-25-186-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունները, խնդրել է փոխհատուցել 2024 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 21:58-ին Երևան քաղաքի Ազատության պողոտայում, «Mini Cooper 1.6 I» մակնիշի «37 FK 261» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի, այն է՝ ավտոմեքենան Ազատության պողոտայից դեպի Թբիլիսյան խճուղի և Քանաքեռ փողոց տանող ճանապարհների միջնամասում առկա սահմանազատված եռանկյունաձև կանաչապատ գոտու եզրաքարերի դիմաց ճանապարհային նշան տեղադրված չլինելու հետևանքով նշված եզրաքարին բախվելու արդյունքում առաջացած վնասը, որը կազմում է 1.031.000 (մեկ միլիոն երեսունմեկ հազար) ՀՀ դրամ:
Լսումների ընթացքում հայտնած դիրքորոշմամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2025 թվականի մարտի 28-ի թիվ Դ-33080-25 դիմումով Հայկ Գրիգորյանը խնդրել է նաև փոխհատուցել «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագիտական ծառայություններ մատուցելու դիմաց վճարված՝ ընդհանուրը 210.000 (երկու հարյուր տասը հազար) ՀՀ դրամը, «Եուրոմոթորս» ընկերությանը՝ ավտոմեքենայի ընթացային համակարգի ստուգման դիմաց վճարված 46.000 (քառասունվեց հազար) ՀՀ դրամը, ինչպես նաև ավտոմեքենայի տեղափոխումն ապահովելու նպատակով կատարված 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամը՝ որպես խախտված իրավունքի պաշտպանության նպատակով կատարված ծախսեր:
2024 թվականի հոկտեմբերի 31-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ AB021727 վկայագրի և տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 01AB021717 վկայականի համաձայն՝ «Mini Cooper 1.6 I» մակնիշի «37 FK 261» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Հայկ Գրիգորյանի սեփականությունը:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակցի կողմից 2024 թվականի նոյեմբերի 28-ին կազմվել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի սխեման (գծագիր) և նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին թիվ 882447 արձանագրությունը, որի 5.7-րդ կետում Հայկ Գրիգորյանը կատարել է հետևյալ նշումը «ընթացել եմ 55կմ/ժ արագությամբ, խոչընդոտը նկատել եմ վթարի պահին»:
«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2025 թվականի փետրվարի 13-ին տրված թիվ ՎՊ-25-184-ԱՎ ավտոտեխնիկական եզրակացության (այսուհետ՝ Ավտոտեխնիկական եզրակացություն) «4. Հետևություններ» բաժնում նշված է, որ ներկայացված պայմաններում ճանապարհի և ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների՝ ճանապարհային նշանների պահպանման համար պատասխանատու պաշտոնատար և այլ անձինք և ճանապարհի վրա աշխատանք կատարելու համար պատասխանատու անձը, դեպքի վայրի ճանապարհահատվածում՝ Երևան քաղաքի Ազատության պողոտային հ.26 հասցեին հարակից դեպքի վայրի ճանապարհահատվածում, դեպի Թբիլիսյան խճուղի և դեպի Քանաքեռցու փողոց տանող ճանապարհների միջնամասում, երթևեկելի մասում առկա՝ եզրաքարերով սահմանազատված եռանկյունաձև կանաչապատ գոտու (բարձրացված անվտանգության կղզյակ) եզրաքարերի դիմաց, ճանապարհը և ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները՝ ճանապարհային նշանները, չպահպանելով երթևեկության համար անվտանգ վիճակում՝ ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենսդրության, ստանդարտների, նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» N 1699-Ն որոշման 51.4-րդ և 55.25-րդ կետերի պահանջներով, որի արդյունքում օրվա մութ ժամանակ «Mini Cooper 1.6 I» մակնիշի «37 FK 261» հաշվառման համարանիշի ավտոմեքենան ընդհարվել է այդ եզրաքարերին, տեխնիկական տեսակետից թույլ են տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջներին հակասող գործողություններ՝ դրանցով իսկ պայմանավորելով տվյալ պատահարի առաջացումը: Նույն եզրակացության «4. Հետևություններ» բաժնում փորձագետը նշել է, որ ներկայացված պայմաններում «Mini Cooper 1.6 I» մակնիշի «37 FK 261» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը տվյալ պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել, և նրա կողմից թույլ տրված այնպիսի գործողություններ, որպիսիք տեխնիկական տեսակետից հակասեին ՃԵԿ պահանջներին և պայմանավորած լինեին տվյալ պատահարի առաջացումը, չեն դիտվում:
«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2025 թվականի փետրվարի 13-ին տրված թիվ ՎՊ-25-185-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) եզրակացության (այսուհետ՝ Հետքաբանական եզրակացություն) «4. Հետևություններ» բաժնում նշված է, որ փորձաքննությանը ներկայացված «Mini Cooper 1.6 I» մակնիշի «37 FK 261» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի՝ նույն եզրակացության մեջ նշված հետքերը, վնասվածքները և անսարքություններն իրենց բնույթով, տեղակայումներով, առաջացման ուղղվածություններով և հատկանիշներով կարող էին առաջանալ օտար պինդ մարմնի՝ դեպքի վայրի ճանապարհահատվածում՝ Երևան քաղաքի Ազատության պողոտայի 26 հասցեին հարակից դեպքի վայրի ճանապարհահատվածում՝ դեպի Թբիլիսյան խճուղի և դեպի Քանաքեռցու փողոց տանող ճանապարհների միջնամասում՝ երթևեկելի մասում առկա՝ եզրաքարերով սահմանազատված եռանկյունաձև կանաչապատ գոտու (բարձրացված անվտանգության կղզյակ) եզրաքարերի հետ անմիջական փոխազդեցության մեջ մտնելու հետևանքով, ինչպես նաև՝ այդ փոխազդեցության ժամանակ «Mini Cooper 1.6 I» մակնիշի «37 FK 261» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առաջացած հարվածային բնույթի ուժերի ներգործության հետևանքով՝ «Պատահարի հանգամանքները» բաժնում նշված ժամանակ և հանգամանքներում, ընդ որում, դրանց առաջացումն ավտոմեքենայի նորմալ շահագործական պայմաններում՝ առանց նշված հատվածների հետ օտար պինդ մարմնի կողմից հարվածային բնույթի փոխազդեցության և հակազդող ուժերի ազդեցության ու դրանց հետևանքի, տեխնիկական տեսակետից հնարավոր չէ, այն է՝ տեղի ունեցած պատահարի և «Mini Cooper 1.6 I» մակնիշի «37 FK 261» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետքերի, վնասվածքների և անսարքությունների միջև առկա է պատճառահետևանքային կապ (պատճառը «Mini Cooper 1.6 I» մակնիշի «37 FK 261» հաշվառման համարանիշի ավտոմեքենան դեպքի վայրի եզրաքարերի հետ փոխազդելն է, հետևանքը՝ դրանից առաջացած հետքերը, վնասվածքներն ու անսարքությունները):
«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2025 թվականի փետրվարի 14-ին տրված թիվ ՎՊ-25-186-ԱՊ ապրանքագիտական եզրակացության (այսուհետ՝ Ապրանքագիտական եզրակացություն) «Հետևություն» բաժնի համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված «Mini Cooper 1.6 I» մակնիշի «37 FK 261» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա նկարագրված վնասվածքների հետևանքով պատճառված նյութական վնասի չափը, 2024 թվականի նոյեմբերի 28-ի դրությամբ, կազմել է շուրջ 1.031.000 (մեկ միլիոն երեսունմեկ հազար) ՀՀ դրամ:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները և ուղղությունները, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման իրավական հիմքերը, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքները և պարտականությունները։
Օրենքի 9.1-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ ներքին գործերի լիազոր մարմին) վերահսկողություն է իրականացնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ և ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ, իսկ նույն հոդվածի 1-ին մասի «է» հսկողություն է իրականացնում ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, ներկայացնում հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ:
Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կազմակերպում և անցկացնում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ:
Օրենքի 1-ին, 9.1-րդ և 10-րդ հոդվածներով նախատեսված՝ վերը մեջբերված իրավանորմերից հետևում է, որ անվտանգ երթևեկություն ապահովելու գործառույթն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից և Երևանի քաղաքապետը, որպես տեղական ինքնակառավարման մարմին, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հարցում չի հանդիսանում իրավասու և պատասխանատու պաշտոնատար անձ:
Քննարկվող պարագայում, ելնելով Դիմումով ներկայացված պահանջի բովանդակությունից և դրա հիմքում դրված փաստական հանգամանքներից, ենթակա է պարզման, թե արդյոք դիմումատուի կողմից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ.
1) Երևանի քաղաքապետի կողմից թույլ է տրվել ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելուն ուղղված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ոչ իրավաչափ ճանաչված անգործություն,
2) վարորդը տեխնիկական տեսանկյունից չի ունեցել խոչընդոտը հայտնաբերելու և կանխելու հնարավորություն,
3) պատահարը հանդիսանում է Երևանի քաղաքապետարանի ենթադրյալ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը,
4) Երևանի քաղաքապետարանի ենթադրյալ անգործության և վնասի միջև առկա է պատճառահետևանքային կապ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը որպես փոխհատուցման ենթակա վնաս դիտել է այն վնասը, որը պատճառվել է տեղական ինքնակառավարման մարմնի ապօրինի գործողություններով (անգործությամբ), որպիսի հանգամանքը վարույթով չի հաստատվել:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96-րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն, անդրադառնալով վնասի հատուցման օրենսդրական կարգավորումներին, ընդգծել է հետևյալը. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ): Հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով: Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ: (տես՝ Նելլի Մկրտչյանի ընդդեմ «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ի թիվ ԵԿԴ/2600/02/10 գործով 04․10․2013 թվականի որոշումը)։»:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.
«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ:
Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Դիմումով ներկայացված վնասի փոխհատուցման պահանջի հիմնավորվածության ապացուցման նկատմամբ կիրառվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթը:
Քննարկվող պարագայում՝ Հայկ Գրիգորյանը Դիմումով ներկայացված՝ 1.031.000 (մեկ միլիոն երեսունմեկ հազար) ՀՀ դրամի չափով վնասի փոխհատուցման պահանջը հիմնավորել է Ավտոտեխնիկական եզրակացությամբ, Հետքաբանական եզրակացությամբ և Ապրանքագիտական եզրակացությամբ, հետևաբար նշված պահանջի հիմնավորվածությունը ենթակա է գնահատման ներկայացված փորձագիտական եզրակացությունների ապացուցողական նշանակությունը պարզելու միջոցով:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով 2015 թվականի հուլիսի 17-ին կայացված որոշմամբ անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նշել է, որ ապացույցի յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, ինչը կարող է պայմանավորված լինել ապացույցի կազմավորման բնույթով, աղբյուրով, արտահայտման ձևով և այլ գործոններով, հետևաբար անգամ ընդհանուր կարգով գնահատումն անհրաժեշտ է իրականացնել այդ առանձնահատկությունների հաշվառմամբ: Նույն որոշմամբ անդրադառնալով փորձագետի եզրակացության, որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը առանձնացրել է այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը գտել է, որ փորձագետի եզրակացությունը վերաբերելիության առումով գնահատելիս՝ նախևառաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե փորձագետին առաջադրված հարցերը որքանով նշանակություն ունեն գործի լուծման համար, ապա միայն անդրադառնալ այդ հարցադրումների վերաբերյալ արված եզրահանգումներին, թույլատրելիության տեսանկյունից գնահատման ենթարկելիս՝ առաջնահերթ կարևորվում է փորձաքննությունն իրականացնող անձի որակավորումը և ձեռնհասությունը, արժանահավատության տեսանկյունից գնահատելիս՝ պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին:
Որպես վարորդի կողմից պատահարը կանխելու տեխնիկական հնարավորության բացակայությունը հիմնավորող ապացույց՝ Հայկ Գրիգորյանը մատնանշել է Ավտոտեխնիկական եզրակացությունը, որով փորձագետը համապատասխան հաշվարկի համար, որպես ելակետային տվյալ, օգտագործել է «Mini Cooper 1.6 I» մակնիշի «37 FK 261» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մինչ պատահարը ընթացքի արագության վերաբերյալ փորձաքննությանն առաջադրված մեծությունը, որպիսին նշվել է նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին թիվ 882447 արձանագրության 5.7-րդ կետում Հայկ Գրիգորյանի կողմից, ով հանդիսանում է գործով շահագրգիռ անձ, իսկ մինչ պատահարը նշված ավտոմեքենայի արագությունը որոշելը չի հանդիսացել փորձագետին առաջադրված պարզման ենթակա հարց և այդ կապակցությամբ առկա չէ համապատասխան փորձաքննության արդյունքով ձեռք բերված եզրակացություն: Նշված հանգամանքով պայմանավորված՝ կարելի է փաստել, որ Ավտոտեխնիկական եզրակացությունը հիմնված չէ մասնագիտական հետազոտության արդյունքում ստացված տվյալի (մինչ պատահարը ավտոմեքենայի արագության ցուցանիշի) վրա, ուստի ապացուցված չէ փորձագետի կողմից օգտագործված բոլոր ելակետային տվյալների հավաստիությունը, որի պայմաններում Ավտոտեխնիկական եզրակացությունը գնահատվում է ոչ թույլատրելի և ոչ արժանահավատ:
Այսպիսով՝ Դիմումի հիման վրա իրականացված վարչարարության շրջանակներում ստացված ապացույցների ամբողջական գնահատման և հետազոտման արդյունքում կարելի է փաստել, որ.
1) առկա չէ վիճելի իրավահարաբերություններում Երևանի քաղաքապետի կողմից թույլ տրված ենթադրյալ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչած՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ,
2) պատահարին հանգեցրած խոչընդոտը վարորդի կողմից հայտնաբերելու և կանխելու տեխնիկական տեսանկյունից հնարավորության բացակայության մասին Ավտոտեխնիկական եզրակացությունը հանդիսանում է ոչ թույլատրելի և ոչ արժանահավատ ապացույց,
3) ապացուցված չէ պատահարը Երևանի քաղաքապետարանի ենթադրյալ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը,
4) ապացուցված չէ Երևանի քաղաքապետարանի ենթադրյալ անգործության և պահանջված՝ 1.031.000 (մեկ միլիոն երեսունմեկ հազար) ՀՀ դրամ գնահատված վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված փաստական հանգամանքներն արդեն իսկ Դիմումի մերժման համար բավարար հիմք են հանդիսանում, ուստի նշված հանգամանքով պայմանավորված և վարույթը չբարդացնելու նպատակով՝ Հայկ Գրիգորյանի կողմից ներկայացված՝ խախտված իրավունքների վերականգնման նպատակով կատարված ծախսերը փոխհատուցելու մասին պահանջն առանձին գնահատման և քննարկման առարկա չի դարձվում, քանի որ այն ածանցվում է հիմնական՝ գույքին պատճառված վնասի փոխհատուցման պահանջից:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 1-ին, 9.1-րդ և 10-րդ հոդվածների դրույթները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ հոդվածների և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ, 42-րդ, 43-րդ, 96-րդ հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Հայկ Գրիգորյանի 2025 թվականի մարտի 5-ի թիվ Դ-23733-25 դիմումով ներկայացված պահանջը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
