ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 1993 թ. N 430
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԿԱԶՄՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով վճարային հաշվեկշռում արտացոլվող վալյուտադրամային քաղաքականության մշակման համար արտասահմանի հետ ֆինանսական հարաբերությունների արդյունքներն օգտագործելու անհրաժեշտությունից, ինչպես նաև Միջազգային տարադրամային ֆոնդին, Համաշխարհային բանկին և միջազգային այլ կազմակերպություններին այն ներկայացնելու նպատակահարմարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշռի վերջնական կազմումը և միջազգային կազմակերպություններին դրա պաշտոնապես ներկայացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը`
ա) ապահովել`
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության հետ համատեղ մաքսային տեղեկատվության վրա հիմնված արտաքին առևտրի վիճակագրության ներդրումը.
Ծառայությունների ներմուծման և արտահանման (տրանսպորտային բեռնափոխադրումներ, ուղևորափոխադրումներ, ապահովագրություն և այլն) վիճակագրական դիտարկումը.
Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից դուրս ուղղակի կապիտալ ներդրումների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքագրումը և ամփոփումը.
վճարային հաշվեկշռի ամփոփ աշխատանքների կազմակերպումը և իրականացումը.
բ) կազմել Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշիռները`
եռամսյակային կտրվածքով` սկսած 1993 թվականի առաջին եռամսյակից, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացման ժամկետ սահմանելով հաջորդ եռամսյակի վերջը.
տարեկան կտրվածքով` 1993 թվականի արդյունքներով, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացման ժամկետ սահմանելով հաջորդ տարվա հուլիսի 1-ը.
գ) սույն որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով ստեղծել իր կազմում վճարային հաշվեկշռի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում, այն համալրել որակյալ մասնագետներով և կազմակերպել նրանց անհրաժեշտ վերապատրաստումը ինչպես տեղում, այնպես էլ համապատասխան ուսումնական դասընթացների գործուղելով:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը ներկայացնել վճարային հաշվեկշռի կազմման համար անհրաժեշտ տեղեկատվություն:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդն ավելացնել 2564,1 հազար ռուբլով:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
