ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
27 մարտի 2025 թ. |
N 9 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 67-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ուսումնասիրելով «Իմ հզոր համայնք» կուսակցության վարչության նախագահ Սպարտակ Թարթիկյանի 2025 թվականի մարտի 11-ի դիմումը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Ընտրական օրենսգիրք) 51-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով և նպատակ ունենալով հստակեցնել Ընտրական օրենսգրքի՝ նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի վերաբերյալ տարաբնույթ ընկալումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Դիմումատուի իրավական դիրքորոշումը և ներկայացված պահանջը
«Իմ հզոր համայնք» կուսակցության վարչության նախագահ Սպարտակ Թարթիկյանի 2025 թվականի մարտի 11-ի դիմումով (որը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացվել է էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով քաղաքացի Գարեգին Պետրոսյանի անունից ներկայացված հ. 1438544 դիմումով) նշվում է.
««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, այցելու:
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս է ընտրական գործընթացների հետ կապված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ պարզաբանումներ այն դեպքերում, երբ համապատասխան գործառույթը վերապահված չէ պատասխանատու այլ մարմինների:
Ելնելով այն հանգամանքից, որ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը մասնակցում է 2025 թվականի մարտի 30-ին նշանակված՝ Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին, և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասը՝ խնդրում եմ տալ պաշտոնական պարզաբանում հետևյալ հարցի կապակցությամբ, արդյո՞ք «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 9-րդ մասի իմաստով հայերենին չտիրապետող (հայերեն կարդալ չկարողացող) ընտրողները համարվում են քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրող:
Մեր կարծիքով, այդ ընտրողները պետք է համարվեն քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրող՝ հետևյալ պատճառներով:
Նախ՝ կարծում ենք, որ պարզաբանման ենթակա դրույթը վերաբերում է երեք խումբ անձանց՝ տեսողական խնդիրներ ունեցող ընտրողներին, հենաշարժողական խնդիրներ ունեցող ընտրողներին և հայերենին չտիրապետող (հայերեն կարդալ չկարողացող) ընտրողներին։
Երկրորդ՝ Սահմանադրության 7-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝
1. Ընտրողներն ընտրություններին մասնակցում են հավասար հիմունքներով։
2. Հանրային իշխանությունները հավասար պայմաններ են ապահովում ընտրողների ընտրական իրավունքի իրականացման համար:
3. Ընտրողները, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ընտրելու և ընտրվելու իրավունք ունեն:
Որոշ ընտրողներ կարող են չտիրապետել հայերենին, իսկ համամասնական ընտրակարգով անցկացվող ավագանու ընտրություններին, համաձայն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, կարող են մասնակցել նաև մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց շարքում մեծ թիվ են կազմում օտարերկրացիները, ովքեր ևս կարող են չտիրապետել հայերենին:
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 9-րդ մասը մեր նշած տրամաբանությամբ չմեկնաբանելու դեպքում վերոհիշյալ անձինք կարող են զրկվել իրենց ընտրական իրավունքն իրացնելու հնարավորությունից, ինչը կզրոյացնի հավասար ընտրական իրավունքի գաղափարը։
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ պաշտոնական պարզաբանումը տրվում է դիմումն ստանալուն հաջորդող ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում:
Պաշտոնական պարզաբանման սույն դիմումը չիմաստազրկելու համար խնդրում ենք դրա հիման վրա պաշտոնական պարզաբանումը տալ հնարավորինս սեղմ ժամկետում՝ մինչև մարտի 30-ին տեղի ունենալիք Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը։
Ելնելով վերոգրյալից՝ ակնկալում ենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրվելիք պաշտոնական պարզաբանումը կհավաստի, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 9-րդ մասի իմաստով հայերենին չտիրապետող (հայերեն կարդալ չկարողացող) ընտրողները համարվում են քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրող:»։
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիմնավորումները (պատճառաբանությունները) և եզրահանգումը
Ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ «Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, այցելու: Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։ Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:»։
Ընտրելու և ընտրվելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածով։ ՀՀ Սահմանադրության 7-րդ հոդվածով անդրադարձ է կատարվում ընտրական իրավունքի սկզբունքներին՝ սահմանելով, որ Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:
Ընտրական օրենսգիրքը, վերը նշված կարգավորումների հաշվառմամբ, սահմանել է ընտրական իրավունքի սկզբունքները, այդ թվում՝ գաղտնի քվեարկությունը։ Այսպես, Ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Քվեարկությունը գաղտնի է: Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն: Ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է:»։ Քվեարկության գաղտնիության ապահովմանն են ուղղված Ընտրական օրենսգրքի բազմաթիվ կանոնակարգումներ՝ քվեարկության սենյակի կահավորման, քվեարկության կարգի, քվեարկության սենյակում ներկա գտնվող անձանց իրավունքների և պարտականությունների և այլնի վերաբերյալ։ Այսպես, Ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության համաձայն՝ «Ընտրողը քվեարկությանը մասնակցում է անձամբ. լիազորված քվեարկությունն արգելվում է:»։ Ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե ընտրողն ինչպես է քվեարկում:»։
Միաժամանակ, Ընտրական օրենսգիրքը պարտավորեցնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին միջոցներ ձեռնարկել քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով` ընտրական օրենսդրությամբ նախատեսված կանոնակարգումների և երաշխիքների պահպանման վտանգման ռիսկերը չեզոքացնելու կամ նվազագույնի հասցնելու համար։
Այսպես, Ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է. «Քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է սահմանել լրացուցիչ հնարավորություններ` ապահովելով քվեարկողի կամքի ազատ արտահայտման հնարավորությունը և քվեարկության գաղտնիությունը:»։
Ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր 2016 թվականի նոյեմբերի 22-ի N 136-Ն որոշմամբ սահմանել է լրացուցիչ հնարավորություններ քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների քվեարկությունը մատչելի դարձնելու համար։
Վերոգրյալը թույլ է տալիս եզրակացնելու, որ օրենսդիրը մտադրություն է ունեցել նախատեսել այնպիսի կանոնակարգումներ, որոնք հնարավորություն կտան յուրաքանչյուր ընտրողին ինքնուրույն քվեարկել։ Մի շարք կանոնակարգումներ նվիրված են առանձին դեպքերին։ Օրինակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 22-ի N 136-Ն որոշման 1-ին կետով սահմանված են այն միջոցները, որոնք ձեռնարկվում են տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների քվեարկությունը մատչելի դարձնելու համար։
Միաժամանակ, Ընտրական օրենսգիրքը, որպես ընտրելու իրավունքի իրացման երաշխիք, «քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող» ընտրողին հնարավորություն է ընձեռում իր քվեարկությունը կազմակերպելու օգնողի միջոցով՝ սահմանափակելով այդ հարցում այն անձանց մասնակցությունը, որոնք ընտրական գործընթացում հանդես են գալիս որևէ կարգավիճակով՝ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, այցելու։ Օրենսդիրը, անդրադառնալով «քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող» ընտրողին, որևէ հիմք չի սահմանել ընտրողին այդպիսին ճանաչելու համար, ուստի, գործնականում ընտրողի կողմից քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու կամ ինքնուրույն քվեարկելու հնարավորություն ունենալու կամ չունենալու վերաբերյալ եզրահանգումն արվել է յուրաքանչյուր դեպքում՝ կոնկրետ հանգամանքներին գնահատական տալով։ Հետևապես, որևէ հանգամանք ինքնին (այդ թվում՝ հայերենին չտիրապետելը (հայերեն կարդալ չկարողանալը)) չի կարող իրավաչափ հիմք հանդիսանալ՝ Ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 9-րդ մասի իմաստով՝ ընտրողին քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ճանաչելու կամ ընտրողին որպես քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող որակելու համար: Դիմումում ներկայացված մեկնաբանման շրջանակներում կխախտվի այն ընտրողի քվեարկության գաղտնիության իրավունքը, որը, թեև չի տիրապետում հայերենին, սակայն օգտվելով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումներն օտար լեզվով և նրանց հերթական համարները պարունակող՝ տեղամասային կենտրոնում փակցված պաստառներից, հնարավորություն ունի ինքնուրույն քվեարկելու։ «Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին՝ Ընտրական օրենսգրքով նախատեսված կանոնակարգումից զատ այլ տրամաբանության համատեքստում (այդ թվում՝ դիմումում հիշատակված) դիտարկելը կհանգեցնի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ ընտրական իրավունքի սկզբունքների անտեսմանը և (կամ) խախտմանը։
Հիմք ընդունելով վերոգրյալը, Ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 9-րդ մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է.
Որևէ հանգամանք ինքնին (այդ թվում՝ հայերենին չտիրապետելը (հայերեն կարդալ չկարողանալը)) հիմք չէ՝ Ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 9-րդ մասի իմաստով՝ ընտրողին քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ճանաչելու կամ ընտրողին որպես քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող որակելու համար, ինչը, միաժամանակ, չի զրկում ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող ընտրողին Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով քվեարկելու այլ անձի օգնությամբ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Վ. Հովակիմյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2025 թվական:
