ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
28 մարտի 2025 թ. |
N 36-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Ընդունել տեղամասային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Վ. Հովակիմյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025 թ. մարտի 28-ի N 36-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ Լ ՈՒ Խ 1
Ընդհանուր դրույթներ
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ` Ընտրական օրենսգիրք) սահմանված կարգով ընտրական տեղամասում կազմակերպում է քվեարկությունը, ամփոփում քվեարկության արդյունքները, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով նախատեսված ընտրական փաստաթղթերն ու պարագաները ներկայացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
2. Հանձնաժողովը գործում է օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:
3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Ընտրական օրենսգրքով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով և սույն կանոնակարգով:
4. Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում ընդունում է անհատական իրավական ակտեր:
5. Հանձնաժողովի կրճատ անվանումն է` ՏԸՀ:
6. Հանձնաժողովի նիստերը գումարվում են տեղամասային կենտրոնում:
Գ Լ ՈՒ Խ 2
Հանձնաժողովի կազմավորումը և աշխատանքների կազմակերպումը
7. Հանձնաժողովը կազմավորվում, Հանձնաժողովի անդամները նշանակվում են Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում: Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը նշանակվում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ` Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
Հանձնաժողովի անդամը Հանձնաժողովում գործում է անկախ և չի ներկայացնում իրեն նշանակողին:
8. Հանձնաժողովի առաջին նիստը տեղամասային կենտրոնում հրավիրվում է Հանձնաժողովի կազմավորման օրվանից հետո` 3-րդ օրը, ժամը 12.00-ին:
9. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում թափուր տեղը համալրվում է Հանձնաժողովի կազմավորման համար սահմանված կարգով` 7-օրյա ժամկետում, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ:
10. Եթե սույն կանոնակարգի 9-րդ կետով սահմանված ժամկետում և կարգով Հանձնաժողովի անդամ չի նշանակվել, ապա Հանձնաժողովի անդամների թափուր տեղերը լրացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող քաղաքացիներից: Այս դեպքում, եթե սույն կանոնակարգի 9-րդ կետով սահմանված ժամկետում և կարգով Հանձնաժողովի նշանակվող անդամը պետք է զբաղեցներ Հանձնաժողովի նախագահի կամ Հանձնաժողովի քարտուղարի պաշտոնը, ապա ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի նշանակած անդամն է նշանակվում այդ պաշտոնում:
11. Հանձնաժողովի անդամի, Հանձնաժողովի նախագահի կամ Հանձնաժողովի քարտուղարի պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմումը դիմումատուն ներկայացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին և այդ մասին անհապաղ տեղեկացնում իրեն նշանակողին:
12. Դիմումը պետք է պարունակի դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, տեղամասային ընտրական հանձնաժողովի համարը, դիմում ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը և ժամը:
13. Հանձնաժողովի անդամները վարձատրվում են ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո:
14. Վերաքվեարկություն անցկացրած Հանձնաժողովի նախագահին, քարտուղարին և անդամներին լրացուցիչ վարձատրություն չի տրվում:
15. Հանձնաժողովի նախագահին, քարտուղարին կամ անդամին վարձատրություն չի տրվում, եթե նա չի ստորագրել քվեարկության արդյունքների արձանագրությունները, կամ եթե նրա լիազորությունները վաղաժամկետ դադարել են:
16. Հանձնաժողովի լիազորությունները դադարում են ընտրության ավարտից հետո` համապատասխան ընտրական հանձնաժողովի կողմից ընտրության արդյունքներն ամփոփելուց 7 օր հետո` բացառությամբ Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ անցկացվելու դեպքի:
17. Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում Հանձնաժողովի լիազորությունները դադարում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը:
Գ Լ ՈՒ Խ 3
Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի քարտուղարի և Հանձնաժողովի անդամի իրավունքներն ու պարտականությունները
18. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները,
2) վարում է Հանձնաժողովի նիստերը,
3) հրավիրում է Հանձնաժողովի արտահերթ նիստ` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով,
4) ստորագրում է նիստերի արձանագրությունները, Հանձնաժողովի ելից փաստաթղթերը,
5) ապահովում է Ընտրական օրենսգրքով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով նախատեսված պահանջների կատարումը, անհրաժեշտ կարգ ու կանոն հաստատում տեղամասային կենտրոնում,
6) լիազոր մարմնից ստանում է տեղամասային կենտրոնում փակցվող և Հանձնաժողովի կողմից գործածվող ընտրողների ցուցակները (առկայության դեպքում` լրացուցիչ ցուցակը), ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները և քվեարկության օրն ընտրական տեղամասում ընտրողների լրացուցիչ ցուցակներ կազմելու համար անհրաժեշտ ձևաթղթերը,
7) փակցնում է ընտրողների ցուցակի, այդ թվում` լրացուցիչ ցուցակների օրինակը տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում,
8) ստանում է քվեարկության կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ ընտրական փաստաթղթերը, քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ընտրական տեղամասի համար տպագրված ինքնասոսնձվող դրոշմանիշերը, ընտրողների գրանցման տեխնիկական սարքավորումը (սարքավորումները), Հանձնաժողովի կնիքը, Հանձնաժողովի անդամների թվին համապատասխան անհատական կնիքները, գրենական պիտույքները և այլ պարագաները և ապահովում սահմանված կարգով դրանց պահպանումը,
9) հայտարարում է քվեարկության սկիզբը և ավարտը,
10) կազմակերպում և վերահսկում է քվեարկության անցկացումը, անհրաժեշտության դեպքում օժանդակում գործառույթ իրականացնող անդամներին, փոխարինում նրանց և մասնագետին ժամանակավոր բացակայության դեպքում,
11) Ընտրական օրենսգրքով սահմանված պարբերականությամբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով հաղորդում է ընտրական տեղամասում քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը,
12) քվեարկության ընթացքում` քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև վերնազգեստի վրա առանց համապատասխան վկայականի անձանց արգելում է մուտք գործել կամ ներկա գտնվել Հանձնաժողովում և քվեարկության սենյակում,
13) սահմանափակում է քվեարկության սենյակում միաժամանակ գտնվող ընտրողների թիվը, եթե ընտրողների թիվն այնքան է, որ ակնհայտորեն խաթարվում է քվեարկության բնականոն ընթացքը, բայց ոչ պակաս, քան 15 ընտրող` ընտրողներին քվեարկության սենյակ թողնելով հերթով` մեկ-մեկ,
14) թույլտվություն է տալիս ոստիկանության ծառայողներին տեղամասային կենտրոն զենքով մուտք գործելու` քվեարկության բնականոն ընթացքի վտանգման դեպքում,
15) ստորագրում և կնքում է Հանձնաժողովի կազմած ընտրողների լրացուցիչ ցուցակի յուրաքանչյուր էջ, նշում լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը,
16) հրապարակում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը, արձանագրության մեկ օրինակը փակցնում տեղամասային կենտրոնում,
17) տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տալիս է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածք` Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով,
18) ստորագրում է փաթեթավորված ընտրական փաստաթղթերի փաթեթների, ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկի վրա, սահմանված կարգով փակում է ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկը,
19) ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկը, քվեարկության ծրարների փաթեթը, Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ՝ չօգտագործված քվեաթերթիկները, քվեարկության արդյունքների արձանագրության 2 օրինակը, արձանագրությունից մեկ քաղվածք, գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը, տեխնիկական սարքավորումը, քվեատուփը, քվեախցիկները ներկայացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով,
20) իրականացնում է Ընտրական օրենսգրքով և սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:
19. Հանձնաժողովի քարտուղարը`
1) փոխարինում է Հանձնաժողովի նախագահին նրա հանձնարարությամբ կամ բացակայության ընթացքում,
2) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ,
3) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերը,
4) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,
5) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ գրառումներ է կատարում գրանցամատյանում, օժանդակում գործառույթ իրականացնող անդամներին, փոխարինում նրանց և մասնագետին ժամանակավոր բացակայության դեպքում,
6) իրականացնում է Ընտրական օրենսգրքով և սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:
20. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կարող է կատարել Հանձնաժողովի այլ անդամ:
21. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի`
1) նախապես ծանոթանալու Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին,
2) ելույթ ունենալու Հանձնաժողովի նիստում,
3) ներկայացնելու առաջարկություններ, առարկություններ և պահանջելու, որ այդ հարցով անցկացվի քվեարկություն,
4) նիստի մասնակիցներին տալու հարցեր, ստանալու պատասխաններ,
5) հայտնելու քվեարկության նախապատրաստման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ իր կարծիքը,
6) իրականացնելու Ընտրական օրենսգրքով սահմանված այլ լիազորություններ:
22. Հանձնաժողովի անդամը պարտավոր է`
1) կատարել Հանձնաժողովի նախագահի` իր իրավասության սահմաններում տրված հանձնարարությունները,
2) մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին և կատարել իր լիազորությունները,
3) մասնակցել ընտրական հանձնաժողովի անդամների համար կազմակերպվող մասնագիտական դասընթացներին,
4) մասնակցել Հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը,
5) կրել Ընտրական օրենսգրքով սահմանված այլ պարտականություններ:
23. Հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի առաջին նիստում, ստորագրում են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի իրավունքների և պարտականությունների ծանոթացման տեքստը: Եթե հանձնաժողովի անդամը բացակայել է Հանձնաժողովի առաջին նիստից կամ հանձնաժողովի անդամ է նշանակվել Հանձնաժողովի առաջին նիստը կայանալուց հետո, ապա Հանձնաժողովի անդամը Հանձնաժողովի անդամի իրավունքների և պարտականությունների ծանոթացման տեքստը ստորագրում է քվեարկության նախորդ օրը անցկացվող նիստի ժամանակ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ քվեարկության օրը։ Դրա վերաբերյալ Հանձնաժողովի գրանցամատյանում կատարվում է գրառում։
Գ Լ ՈՒ Խ 4
Հանձնաժողովի նիստերի հրավիրման և անցկացման կարգը
24. Հանձնաժողովի հերթական նիստերը գումարվում են Ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում և ժամկետում:
25. Հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրում է Հանձնաժողովի նախագահը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով:
26. Նիստին Հանձնաժողովի անդամների մասնակցությունը նշվում է Հանձնաժողովի գրանցամատյանում, որտեղ յուրաքանչյուրն ստորագրում է իր ազգանվան դիմաց:
27. Նիստերն անցկացվում են տեղամասային կենտրոնում:
28. Նիստերի օրակարգը սահմանված է Ընտրական օրենսգրքով:
29. Քվեարկության օրը Հանձնաժողովն անցկացնում է երկու նիստ`
1) ժամը 7.00-ին, որի ժամանակ Հանձնաժողովը վիճակահանությամբ որոշում է ընտրողներին գրանցող, քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող, ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամներին, Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ՝ նաև շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող առնվազն մեկ անդամին և Հանձնաժողովի անդամների` 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը,
2) քվեարկության ավարտից ժամը 20.00-ից հետո, որի ժամանակ Հանձնաժողովն իրականացնում է տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփումը:
30. Հանձնաժողովի նիստերին, ինչպես նաև քվեարկության օրը` քվեարկության սենյակում կարող են ներկա գտնվել`
1) Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամները` համապատասխան հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ,
2) Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի մինչև երկու վստահված անձ,
3) մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի յուրաքանչյուր թեկնածուի մեկ վստահված անձ, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի մեկ վստահված անձ,
4) յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր,
5) յուրաքանչյուր միջազգային կազմակերպությունից մինչև երկու դիտորդ` թարգմանչի ուղեկցությամբ
6) տեղական դիտորդների դեպքում` յուրաքանչյուր կազմակերպությունից` երկու դիտորդ, իսկ համատեղ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից միասնական՝ երկու դիտորդ,
7) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների և այլ պետությունների ընտրական մարմինների ներկայացուցիչները` այցելուի կարգավիճակով՝ թարգմանչի ուղեկցությամբ,
8) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի գրավոր հանձնարարությամբ,
9) մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն, Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ՝ յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված մեկական թեկնածու` միայն տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին:
31. Հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք վերնազգեստի վրա պարտադիր կարգով տեսանելի ձևով պետք է կրեն նիստում ներկա գտնվելու իրավունքը հավաստող վկայական:
32. Եթե քվեարկության սենյակում գտնվող դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների թիվն այնքան է, որ ակնհայտորեն խաթարում է քվեարկության բնականոն ընթացքը, ապա Հանձնաժողովն իրավասու է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ սահմանելու քվեարկության սենյակում միաժամանակյա գտնվելու իրավունք ունեցող դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների առավելագույն թիվը: Որոշումը պետք է համապատասխանի համաչափության սկզբունքին, և ամեն դեպքում այդ որոշմամբ սահմանված թիվը չի կարող նվազ լինել 15-ից:
Եթե քվեարկության սենյակում արդեն իսկ ներկա են սույն կետով սահմանված առավելագույն թվով դիտորդներ և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ապա Հանձնաժողովի նախագահն իրավասու է արգելել նոր դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մուտքը քվեարկության սենյակ:
Սույն կետի կատարումն ապահովելու անհնարինության դեպքում Հանձնաժողովի նախագահի պահանջով այն իրականացվում է ոստիկանության օժանդակությամբ:
33. Սույն կանոնակարգի 32-րդ կետում սահմանված սահմանափակումը չի տարածվում այցելուների, միջազգային դիտորդների, նրանց թարգմանիչների և հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչների վրա:
34. Հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ սույն կանոնակարգը խախտելու, ինչպես նաև Հանձնաժողովի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերում` վստահված անձի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի, դիտորդի նկատմամբ կիրառվում է նախազգուշացնում:
Նախազգուշացումից հետո վստահված անձի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի, դիտորդի կողմից Օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքում, որն էապես խաթարում է ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը, վստահված անձը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը, դիտորդը հեռացվում են Հանձնաժողովի նիստից, իսկ քվեարկության օրը` քվեարկության սենյակից և տեղամասային կենտրոնից:
Դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին, վստահված անձին Հանձնաժողովի նիստից և տեղամասային կենտրոնից հեռացնելու որոշումն ընդունվում է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով:
35. Քվեարկության սենյակում միաժամանակյա գտնվելու իրավունք ունեցող դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների առավելագույն թիվը սահմանելու, ինչպես նաև դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին, վստահված անձին նախազգուշացնելու, Հանձնաժողովի նիստից և տեղամասային կենտրոնից հեռացնելու մասին Հանձնաժողովի գրանցամատյանում գրառվում է Հանձնաժողովի որոշում` նշելով պատճառը:
Գ Լ ՈՒ Խ 5
Հանձնաժողովի նիստում քննարկումների կազմակերպման, որոշումների ընդունման և արձանագրությունների կազմման կարգը
36. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա հանձնարարությամբ կամ բացակայության դեպքում` Հանձնաժողովի քարտուղարը:
37. Նիստում հարցերը քննարկվում և գործառույթներն իրականացվում են Ընտրական օրենսգրքով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով սահմանված հաջորդականությամբ և կարգով:
38. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի իրավազոր նիստում` բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ` կողմ կամ դեմ:
39. Որոշումն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել նիստին ներկա հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին, բացառությամբ Ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերի:
40. Քվեարկության ավարտից հետո` մինչև ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը, Հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:
41. Հանձնաժողովը քվեարկության արդյունքների ամփոփման նիստի վերջում, բայց ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 12 ժամ հետո, ավարտում է տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության կազմումը: Արձանագրությունը կազմվում է չորս օրինակից:
42․ Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկը, ընտրողների ցուցակների փաթեթը, քվեարկության ծրարների փաթեթը, չօգտագործված քվեաթերթիկները, քվեարկության արդյունքների արձանագրության երկու օրինակը, արձանագրության մեկ քաղվածք, գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը, տեխնիկական սարքավորումը և այլ ընտրական պարագաները քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 14 ժամվա ընթացքում ներկայացնում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2025 թվական:
