ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2025 թվականի N 327-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1815-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակների կենդանի խոզերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակում կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» N 1815-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել․
2) որոշման 2-րդ կետում «պետական եկամուտների կոմիտեին» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարությանը» բառերով․
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 20-ի N 327-Ն որոշման |
|
«Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1815-Ն որոշման |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԸՆՏԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԵՆԴԱՆԻ ԽՈԶԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
1. Սույն ընթացակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետություն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակների կենդանի խոզերի (այսուհետ՝ ապրանք) ներմուծման ժամանակ ծագող հարաբերությունները:
2․Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք (այսուհետ՝ դիմումատու) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ լիազոր մարմին) են ներկայացնում դիմում՝ համաձայն սույն ընթացակարգի ձևի՝ կցելով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակի կենդանի խոզերի գլխաքանակի առնվազն 70%-ի պահպանման չափով անասնաշենքի առկայությունը հիմնավորող փաստաթղթերի պատճենները (համապատասխան սեփականության իրավունքի վկայական կամ վարձակալության պայմանագիր) և լուսանկարներ։
3․Դիմումատուն դիմումը և դրան կից փաստաթղթերը ներկայացնում է լիազոր մարմին՝ էլեկտրոնային եղանակով (secretariat@mineconomy.am), փոստային առաքմամբ կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ։
4․Դիմումատուի կողմից ներկայացված դիմումում կամ կից փաստաթղթերում թերությունների առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիազոր մարմինը դիմումի մուտքագրման օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով կամ կապի այլ միջոցներով առաջարկում է դիմումատուին 2 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները: 2 աշխատանքային օրվա ընթացքում պահանջվող թերի փաստաթղթերը չներկայացնելու կամ թերությունները չվերացնելու դեպքում դիմումը մերժվում է։
5․Լիազոր մարմինը սույն ընթացակարգի 2-րդ և 4-րդ կետերով սահմանված ժամկետների ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե է ներկայացնում տեղեկություն դիմումատուների միջև ապրանքի բաշխման վերաբերյալ։
6. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը նախարարություն է ներկայացնում հետևյալ տեղեկությունները՝
1) 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքի ծավալների վերաբերյալ՝ ըստ ներմուծողների և վերջիններիս կողմից ներմուծված ծավալների.
2) 2025 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքի վերաբերյալ՝ ըստ ներմուծողների և վերջիններիս կողմից ներմուծված ծավալների։
7․ Լիազոր մարմինը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրվա դրությամբ ապրանքի մնացորդը դիմումատուների միջև բաշխում է համամասնորեն ամսական կտրվածքով՝ հաշվի առնելով նախորդ տարվա ընթացքում դիմումատուների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքի բնաիրային ծավալները։
8. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն՝ սույն որոշման գործողության ընթացքում մինչև հաջորդող ամսվա 15-ը լիազոր մարմին է ներկայացնում տեղեկատվություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ամսական պարբերականությամբ յուրաքանչյուր ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքի ներմուծված ծավալների մասին՝ ըստ դիմումատուների, ինչպես նաև պաշտոնական կայքում տեղադրում է տեղեկատվություն՝ յուրաքանչյուր ամսվա ընթացքում ներմուծված ապրանքի քանակի վերաբերյալ։
Ձև
ԴԻՄՈՒՄ
1. Դիմումատու` ______________________________________________________
2. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ՀՎՀՀ-ն, ֆիզիկական անձի ՀԾՀ-ն կամ անձնագրային տվյալները`______________________________ ____________________________________________________________________
3. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության իրականացման վայրը, ֆիզիկական անձի բնակության կամ հաշվառման հասցեն՝_____________________________________________________________
4․ Դիմումատուի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ինտերնետային պաշտոնական կայքը (առկայության դեպքում)՝_____________ ___________________________________________________________________
5. Տեղեկատվություն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակի կենդանի խոզերի կանխատեսվող ներմուծվող գլխաքանակի վերաբերյալ՝ ____________________________________________________________________
6. Լրացուցիչ տեղեկատվություն (անհրաժեշտության դեպքում) _____________ _____________________________________________________________________
7․ Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ: _____________________________________________________________ (իրավաբանական անձի իրավասու ներկայացուցչի կամ անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի ստորագրությունը, անունը, ազգանունը)»։ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
20.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2025 թվական:
