ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 1993 թ. N 249
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՌԵՖՈՐՄԻ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի փետրվարի 4-ի «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշմանը համապատասխան ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման շրջանային ու տեղական հանձնաժողովների իրավասությունները վերապահվել են պատգամավորների համապատասխան տեղական խորհուրդներին, ինչպես նաև հաշվի առնելով «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների կողմից սեփականաշնորհման և ապապետականացման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման ուղղությամբ իրականացվող աշխատանքների օպերատիվ ղեկավարումն ու վերահսկողությունը, ինչպես նաև ռեֆորմին առնչվող օրենսդրական ակտերի նախագծերի մշակման կազմակերպումն ու կոորդինացումը դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության վրա:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման կենտրոնական պետական հանձնաժողովի աշխատակազմի հիման վրա ստեղծել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման գլխավոր վարչություն:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության մասին» N 155 որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանն ունենալ նախարարի հինգ տեղակալ, այդ թվում` մեկ առաջին տեղակալ, և 13 անդամից բաղկացած կոլեգիա»:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդն ավելացնել 3339,0 հազար ռուբլով:
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների գյուղվարչությունների կազմում կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնը վերանվանել ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման գծով գյուղվարչության պետի տեղակալ:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման կենտրոնական պետական հանձնաժողովի աշխատակազմի ֆունկցիաները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության վրա դնելու կապակցությամբ ստեղծել հանձնման-ընդունման հանձնաժողով հետևյալ կազմով`
Ա. Հյուսիսյան | - ՀՀ կառավարության գործերի կառավարչի առաջին տեղակալ | |
Վ. Աբրահամյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ | |
Մ. Ազարյան | - ՀՀ կառավարության ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման կենտրոնական պետական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար | |
Ս. Չարյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործերի կառավարիչ |
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի հողային ռեֆորմի և սեփականաշնորհման կենտրոնական պետական հանձնաժողովի և նրա աշխատանքային ապարատի ստեղծման մասին» N 43, Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման կենտրոնական պետական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 70 և 1992 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման կենտրոնական պետական հանձնաժողովի աշխատակազմ ստեղծելու մասին» N 71 որոշումները:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
