ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 1993 թ. N 217
Քաղ. Երևան
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Գյումրի քաղաքում երկրաշարժից տուժած բնակչության բնակարաններով ապահովումն արագացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` անհատական բնակարանային շինարարության երկարաժամկետ վարկավորման համար հատկացված վարկային էմիսիայի ընդհանուր միջոցներից 2 մլրդ ռուբլի նախատեսել Գյումրիի Մարմաշեն թաղամասում 800 բնակելի տուն կառուցելու համար։
2. Գյումրի քաղաքում մեկ ընտանիքի (տան) համար նախատեսել 2,5 մլն ռուբլի վարկ` շինարարության հինգերորդ տարվանից սկսած, 20 տարվա ընթացքում հավասարաչափ մարելու պայմանով՝ տարեկան 0,5 տոկոսի չափով։
Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ մշակել վարկավորման մեխանիզմ՝ նկատի ունենալով դրամի արժեզրկման (ինֆլյացիա) ընթացքը։
3. Հանձնարարել պատգամավորների Գյումրիի քաղխորհրդի գործադիր կոմիտեին՝
ա) սեղմ ժամկետում ավարտել անհատական բնակարանային շինարարության համար հողամասերի հատկացումը` դրանք ամրակցելով անհատ կառուցողներին.
բ) կազմակերպել մրցույթ՝ կապալառու կազմակերպություն ընտրելու համար։
4. Անհատական բնակելի տների շինարարությունն իրականացնել կապալային հիմունքներով։
5. Թույլատրել պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին՝
ա) բնակարանային շինարարության համար հատկացված վարկային էմիսիայի միջոցներից 1,5 մլրդ ռուբլի հատկացնել Մարմաշեն թաղամասի անհատ կառուցողներին՝ զրոյական ցիկլի իրականացման և ինժեներական հաղորդակցությունների շինարարության համար.
բ) զրոյական ցիկլի ավարտից հետո այն անհատույց հանձնել անհատ կառուցողներին և նոր միայն ձևակերպել վարկը՝ տան շինարարությունը շարունակելու համար։
6. Պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն հանդիսանում է վարկի նպատակային օգտագործման և վերադարձման երաշխավոր անձ։
7. Անհատական բնակարանային շինարարությունը ֆինանսավորող խնայբանկին՝ բացել կառուցողի համապատասխան նպատակային հաշիվ և, պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի գործկոմի հետ համաձայնեցնելով, շինարարական աշխատանքների կատարման համեմատ անհրաժեշտ միջոցներ փոխանցել կապալառու կազմակերպություններին։
8. Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը՝ սահմանել խիստ հսկողություն շինարարության կատարման և աշխատանքի որակի նկատմամբ՝ կառուցվող տարածքի սեյսմակայունությանը համապատասխան։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
