ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 1993 թ. N 89
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կառավարման կառուցվածքը կատարելագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչությունը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և հաստատել նրա ենթակայության ձեռնարկությունների ցանկը, համաձայն N 1 հավելվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության վերակազմավորման իրականացման միջոցառումների ցանկը, համաձայն N 2 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրությունը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն վարչության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերի մասին:
4. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի «Հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկը սահմանելու մասին» N 399 որոշմամբ «Զվարթնոց», «Շիրակ» և «Էրեբունի» օդանավակայաններին տրվել է հատուկ նշանակության պետական ձեռնարկության կարգավիճակ:
«Զվարթնոց», «Շիրակ» և «Էրեբունի» օդանավակայաններին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել օդանավակայանների կանոնադրությունները:
5. «Զվարթնոց», «Շիրակ» և «Էրեբունի» օդանավակայանների տնօրինությանը հանձնել`
- օդային երթևեկության կառավարման ծառայությունը.
- աերոդրոմային ծառայությունը.
- ավիացիոն անվտանգության ծառայությունը.
- աերոդրոմները.
- ռադիոտեխնիկական սարքավորման և կապի միջոցների շահագործման բազան.
- թռիչքների էլեկտրալուսատեխնիկական ապահովման ծառայությունը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Սիփան» պետական բազմապրոֆիլ ֆիրման հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայությանը:
«Զվարթնոց» օդանավակայանի տնօրինությանը հանձնել նրա տարածքում գտնվող «Սիփան» պետական բազմապրոֆիլ ֆիրմայի ավտոկանգառը և բաց պահեստը, ինչպես նաև տեխնիկական մյուս միջոցները, համաձայն N 3 հավելվածի:
«Շիրակ» օդանավակայանի տնօրինությանը հանձնել նրա տարածքում գտնվող «Սիփան» պետական բազմապրոֆիլ ֆիրմայի շինարարական բազան:
7. Հայաստանի պետական ավիաընկերությունը վերակազմավորել «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերություն» պետական ձեռնարկության, նրան տալով ազգային փոխադրողի կարգավիճակ:
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերություն» պետական ձեռնարկության տնօրինությանը հանձնել թռիչքային ստորաբաժանումները, ավիացիոն փոխադրումների ծառայությունը, օդային հաղորդակցության կենտրոնական գործակալությունը և ավիացիոն-տեխնիկական բազաները` իրենց հիմնական և շրջանառու միջոցներով:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը`
ա) «Զվարթնոց», «Շիրակ» և «Էրեբունի» օդանավակայանների վառելիքաքսայուղային նյութերի ծառայության և փոխաբեռնման բազայի հիման վրա ստեղծել վառելիքաքսայուղային նյութերի պետական ձեռնարկություն, օդանավակայանների տնօրինությանը թողնելով իրենց վառելիքաքսայուղային նյութերի տարողությունները, բացառությամբ փոխաբեռնման բազայի.
բ) ուսումնավարժական կենտրոնի բազայի վրա ստեղծել «Ավիաուսումնական կենտրոն» պետական ձեռնարկություն.
գ) բժշկասանիտարական ծառայության բազայի վրա ստեղծել ավիաբժշկական պետական ձեռնարկություն.
դ) շինվերանորոգման վարչության բազայի վրա ստեղծել նորոգման-շինարարական, նյութատեխնիկական մատակարարման բաժնի բազայի վրա` նյութատեխնիկական մատակարարման, բանվորական մատակարարման առևտրաարտադրական միավորման բազայի վրա` բանվորական մատակարարման պետական ձեռնարկություններ.
ե) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծել հանձնաժողով և երկամսյա ժամկետում ավարտել նշված պետական ձեռնարկությունների միջև հիմնական և շրջանառու միջոցների բաժանման, հանձնման և ընդունման աշխատանքները.
զ) հիմնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի զարգացման հիմնադրամ:
Մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի զարգացման հիմնադրամի կանոնադրությունը.
է) վեցամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության օդային օրենսգրքի նախագիծը:
9. Սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացման կոորդինացումը դնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Մ. Շիշմանյանի վրա:
10. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել փոխվարչապետ Վ. Չիտեչյանի վրա:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 1993 թ. մարտի 9-ի N 89 որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
«Զվարթնոց» օդանավակայան» հատուկ նշանակության պետական ձեռնարկություն
«Շիրակ» օդանավակայան» հատուկ նշանակության պետական ձեռնարկություն
«Էրեբունի» օդանավակայան» հատուկ նշանակության պետական ձեռնարկություն
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերություն» պետական ձեռնարկություն` դուստր ձեռնարկություններով
Վառելիքաքսայուղային նյութերի պետական ձեռնարկություն
Նյութատեխնիկական մատակարարման պետական ձեռնարկություն
Բանվորական մատակարարման պետական ձեռնարկություն
«Ավիաուսումնական կենտրոն» պետական ձեռնարկություն
Ավիաբժշկական պետական ձեռնարկություն
Նորոգման-շինարարական պետական ձեռնարկություն
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 1993 թ. մարտի 9-ի N 89 որոշման |
Ց Ա Ն Կ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Միջոցառումների անվանումը |
Կատարման ժամկետը |
Պատասխանատու անձը |
1 |
2 |
3 |
____________________________________________________________________________________________ | ||
Հաստատել պետական ձեռնարկությունների միջև հիմնական և շրջանառու միջոցների բաժանման հանձնաժողովի կազմը | մեկ շաբաթ | Յու. Մնացականով |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության վերակազմավորման և պետական ձեռնարկությունների ստեղծման մասին հրամանների արձակում | ՀՀ կառավարության որոշումը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում |
Ս. Ալեքսանյան Ս. Ֆադեև |
Մշակել և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերություն» պետական ձեռնարկության և սիմվոլիկայի էսքիզները | 10.03..93 | Գ. Սարգսյան |
Նշանակել պետական ձեռնարկությունների տնօրեններին | 15.03.93 | Յու. Մնացականով |
ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություններ վարչության պետի տեղակալների թեկնածությունների մասին |
20.03.93 |
Յու. Մնացականով |
ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն քաղաքացիական ավիացիայում կիրառվող տուգանքների և դրանցից գոյացած գումարների օգտագործման կարգի մասին | 09.04.93 | Յու. Մնացականով |
Մշակել և էկոնոմիկայի նախարարության ու ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնել վարչության կողմից մատուցվող վճարովի ծառայությունների ցանկը և այդ գումարների օգտագործման կարգը | 09.04.93 | Յու. Մնացականով |
ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը | 09.04.93 | Յու. Մնացականով |
Օդային անվտանգության ծառայության աշխատանքների ուժեղացման նպատակով կատարելագործել ծառայության կառուցվածքը |
10.04.93 | օդանավակայաններ |
Մշակել և հաստատել վարչության համակարգի պետական ձեռնարկությունների միջև մատուցվող ծառայությունների սակագները | 15.04.93 | Յու. Մնացականով |
Քննարկել և հաստատել պետական ձեռնարկությունների կանոնադրությունները | 25.04.93 | Յու. Մնացականով |
Ավարտել համապատասխան պայմանագրերի կնքումը վարչության համակարգի պետական ձեռնարկությունների միջև | 30.04.93 | Համակարգի պետական ձեռնարկություններ |
Նախապատրաստել և ավարտել ԱՊՀ անդամ պետությունների հետ օդային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագրերի կնքումը | 30.04.93 | Յու. Մնացականով |
Ձեռնարկել միջոցառումներ «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերություն» պետական ձեռնարկության մշտական ներկայացուց-չությունների ստեղծման ուղղությամբ | 30.04.93 | «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերություն» պետական ձեռնարկություն |
Հաստատել թռիչքների չվացուցակը | 30.04.93 | Յու. Մնացականով |
Ավարտել օդանավերի վրա քաղաքացիական ավիացիայի սիմվոլների տեղադրումը | 01.07.93 | «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերություն» պետական ձեռնարկություն |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 1993 թ. մարտի 9-ի N 89 որոշման |
Ց Ա Ն Կ
«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԱՇՎԵԿՇՌԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
Անվանումը |
Քանակը (հատ) |
Ավտոբարձիչ Լ-34 |
3 |
Ասֆալտափռիչ |
1 |
Գլդոն |
1 |
Ավտո-աշտարակ ՎՍ-22 |
1 |
Ավտո-կռունկ 40 տ |
1 |
Ինքնաթափ ավտոմեքենա ԿՐԱԶ |
3 |
Բեռնատար ավտոմեքենա ԿՐԱԶ (ՄԱԶ) |
3 |
Վառելիքալցավորիչ ՏԶ-22 |
1 |
Վառելիքալցավորիչ ՏԶ-7,5 (9,1) |
4 |
Հրշեջ մեքենա ՊՏ-130 |
2 |
Ավտոբուս ՊԱԶ (ԿԱՎԶ) |
3 |
Բեռնատար ավտոմեքենա ԻԺ-2715 |
3 |
Ինքնաթափ ավտոմեքենա ԿԱՄԱԶ-5511 |
4 |
Բեռնատար ավտոմեքենա ԿՐԱԶ-258 |
4 |
Քարշակ ԿՐԱԶ-255 |
4 |
Ավտոբուս ՌԱՖ-2203 |
2 |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀաՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ կառավարության 1993 թ. մարտի 9-ի N 89 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (ստորև` վարչություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է քաղաքացիական ավիացիայի կառավարումը, ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը պատասխանատվություն է կրում ճյուղում տիրող վիճակի և նրա հետագա զարգացման, գիտատեխնիկական զարգացման քաղաքականության, շուկայական հարաբերությունների անհրաժեշտ նախադրյալների ստեղծման ու սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման համար:
II. Վարչության խնդիրներն ու ֆունկցիաները
2. Վարչության հիմնական խնդիրներն են`
ա) օդային փոխադրումների զարգացման պետական ծրագրերի մշակումն ու իրագործումը.
բ) ավիաձեռնարկությունների գիտատեխնիկական զարգացման քաղաքականության իրականացումը.
գ) թռիչքներն ապահովող համակարգերի և միջոցների, օդանավակայանների շահագործման միասնական նորմերի և կանոնների մշակումը և սահմանումը.
դ) թռիչքների անվտանգության նորմերի, ավիացիոն տեխնիկայի, օդանավակայանների, օդային երթևեկության միջոցների, համակարգերի և կապի շահագործման բնագավառում սահմանված ստանդարտների, նորմերի ու կանոնների պահպանումը և թռիչքների ղեկավարումը.
ե) սահմանված կարգով օդանավերին, օդանավակայաններին, աերոդրոմներին, ավիաընկերություններին (անկախ սեփականության ձևից), ավիաձեռնարկություններին, ավիացիոն մյուս ծառայություններին համապատասխան հավաստագրեր (սերտիֆիկատներ) տալը.
զ) օդային երթևեկության կառավարման մարմինների կողմից օդանավերի, վերգետնյա սարքավորումների, ռադիոտեխնիկական միջոցների, աերոդրոմների և օդանավակայանների շահագործման կանոնների կատարման նկատմամբ վերահսկողությունը.
է) հանրապետության տարածքում ավիացիոն պատահարների քննությունը, իսկ հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցած ավիացիոն պատահարների քննություն անցկացնող հանձնաժողովների աշխատանքներին մասնակցելու համար մասնագետների առանձնացումը.
ը) բոլոր ավիացիոն պատահարների հաշվառումը.
թ) ավիացիոն մասնագետների պատրաստումը, անձնակազմին որակավորման կարգերի շնորհումը, օդանավերի հրամանատարների պատրաստման կարգի մշակումը և հաստատումն ու նրանց պաշտոնում նշանակումը.
ժ) քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ օրենսդրական ակտերի նախագծերի նախապատրաստումը.
ի) քաղաքացիական ավիացիայի օդանավերի և օդանավակայանների պետական մատյանի վարումը.
լ) համապատասխան նախարարությունների հետ համատեղ քաղաքացիական ավիացիայի բնագավառում սակագնային քաղաքականության իրականացումը.
խ) քաղաքացիական ավիացիայի բնագավառի միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելը.
ծ) օդային հաղորդակցության ոլորտում միջկառավարական համաձայնագրի նախապատրաստումը.
կ) ավիաձեռնարկությունների միջև փոխադարձ հաշվարկների կարգավորումը.
հ) ավիացիոն ապահովագրության մասին առաջարկությունների մշակումը և կարգավորումը.
ձ) օդային տրանսպորտում կիրառվող գների, սակագների, օդանավակայանային և օդանավագնացության կոպարների, զեղչերի մասին առաջարկությունների մշակումը.
ղ) գործող օրենսդրությանը համապատասխան արտոնագրեր տալը.
ճ) աղետի մեջ գտնվող կամ աղետի ենթարկված օդանավերի որոնման աշխատանքների վերաբերյալ կանոնների մշակումը, հաստատումը և այդ աշխատանքների ղեկավարումը:
3. Վարչությունն իրավունք ունի`
ա) իրավասության սահմաններում մշակելու և հաստատելու ավիացիայի գործունեությունը կարգավորող նորմատիվ ակտեր.
բ) դադարեցնելու օդանավերին, աերոդրոմներին, օդանավակայաններին, օդային ուղիներին, ավիաընկերություններին, ավիաձեռնարկություններին, թռիչքների ապահովման հետ կապված ծառայություններին, օդային երթևեկության կառավարման մարմիններին տրված հավաստագրերի գործողությունը` սահմանված պահանջներին դրանց անհամապատասխանության փաստերի հայտնաբերման դեպքում.
գ) սահմանված կարգով դադարեցնելու ավիացիոն փոխադրումների, կոմերցիոն և տնտեսական գործունեության իրավունք ստացած շահագործողներին տրված լիցենզիաների գործողությունը.
դ) սահմանված կարգով դադարեցնելու ավիացիոն անձնակազմի վկայականների գործողությունը.
ե) վերահսկելու օդանավակայանների շրջակայքում կառուցվելիք բարձրահարկ շենքերի շինարարական նախագծերը.
զ) մասնակցելու Հայաստանի Հանրապետությունում ավիաընկերությունների թռիչքներին` որպես ստուգողներ նրանց անձնակազմում.
է) թույլատրելու (արգելելու) օդանավերի մուտքը Հայաստանի օդային տարածք, ինչպես նաև` օդանավերի վայրէջքը Հայաստանի օդանավակայաններում.
ը) հիմնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի զարգացման հիմնադրամ:
III. Վարչության աշխատանքի կազմակերպումը
4. Վարչության համակարգն ընդգրկում է ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:
5. Վարչությունը ճյուղին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով գործող օրենսդրությամբ նախատեսված վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ինքնուրույնությունը:
6. Վարչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է իրեն հանձնարարված ճյուղի պետական գույքի տիրապետման և օգտագործման ֆունկցիաները:
7. Վարչությունը`
ա) ղեկավարվում է ՀՀ գործող օրենսդրությամբ, ինչպես նաև սույն կանոնադրությամբ.
բ) ընդհանրացնում է ճյուղում օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, առաջարկություններ է մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք մտցնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:
8. Վարչությունը ճյուղի կառավարման բոլոր հարցերի քննարկումը և լուծումը կազմակերպում է կոլեգիալության ու միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի և որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց ճշտորոշ պատասխանատվության սահմանումով:
9. Վարչությունը գլխավորում է վարչության պետը, որը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Վարչության պետն ունի տեղակալներ որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում ՀՀ կառավարությունը` վարչության պետի ներկայացմամբ:
10. Վարչության պետը`
ա) պատասխանատվություն է կրում վարչության վրա դրված խնդիրների և ֆունկցիաների կատարման համար.
բ) սահմանում է վարչության պետի տեղակալների, բաժինների պետերի և վարչության մյուս ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը.
գ) կատարում է վարչության պետի տեղակալների միջև պարտականությունների բաշխումը.
դ) հաստատում է վարչության կենտրոնական ապարատի հաստիքային ցուցակը.
ե) հաստատում է վարչության բաժինների, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կանոնադրությունները.
զ) առաջարկում է վարչության կոլեգիայի անդամների թվաքանակը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի անհատական կազմը.
է) կազմակերպում և ղեկավարում է վարչության կոլեգիայի նիստերը.
ը) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:
Վարչության պետի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ պետի պարտականությունները կատարում է նրա տեղակալներից մեկը:
11. Վարչությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են վարչության պետը (նախագահ), նրա տեղակալները` ի պաշտոնե, վարչության այլ ղեկավար աշխատողներ:
12. Վարչության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ճյուղի զարգացման հիմնական հարցերը, քննարկում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում է վարչության ստորաբաժանումների, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների հաշվետվությունները:
Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, վարչության պետի հրամաններով: Վարչության պետի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնություններ լինելու դեպքում պետը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
13. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննարկելու, ճյուղում միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու համար վարչությունում կարող է ստեղծվել գիտատեխնիկական խորհուրդ` բաղկացած գիտնական փորձագետներից, մասնագետներից, ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատվում է վարչության պետի կողմից:
14. Վարչությունը ստեղծում, վերակազմում և լուծարում է իր ենթակայության ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
15. Վարչության կենտրոնական ապարատի աշխատողների տարեկան աշխատավարձի ֆոնդը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
16. Վարչության կենտրոնական ապարատի պահպանումը կատարվում է հանրապետական բյուջեի և արտաբյուջետային ֆինանսավորման հաշվին:
17. Վարչությունը սահմանված կարգով կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը, միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունները վերացնելու համար:
18. Վարչությունը իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:
