ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 895-Ա |
«13» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Էսթեր Միքայելյանի 2025 թվականի փետրվարի 12-ի թիվ Դ-15955-25 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:
2025 փետրվարի 12-ի թիվ Դ-15955-25 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի քննության կապակցությամբ 2025 թվականի մարտի 7-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Էսթեր Միքայելյանի ներկայացուցիչ՝ Գևորգ Հակոբյանը:
Ուսումնասիրելով 2025 թվականի փետրվարի 12-ի թիվ Դ-15955-25 դիմումը, նշված դիմումին կից ներկայացված ապացույցները, 2025 թվականի մարտի 7-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով դիմումի առարկային առնչվող Երևանի քաղաքապետարանի տիրապետման ներքո առկա և լսումների ժամանակ ներկայացված բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Էսթեր Միքայելյանը, հիմք ընդունելով թիվ Դ-15955-25 դիմումին կից ներկայացված ապացույցները, խնդրել է փոխհատուցել 2023 թվականի օգոստոսի 1-ին Թումանյան փողոցով ընթանալու ժամանակ ծառի ճյուղը «Opel Astra 1.6» մակնիշի «34 PV 519» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ընկնելու հետևանքով առաջացած վնասը, որն ըստ «Ճարտարագետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի փետրվարի 5-ին տրված թիվ 25-003Պ ապրանքագիտական եզրակացության՝ կազմում է 649,000 (վեց հարյուր քառասունինը հազար) ՀՀ դրամ:
2014 թվականի մայիսի 31-ին տրված՝ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 01BA299893 վկայականի համաձայն՝ «Opel Astra 1.6» մակնիշի «34 PV 519» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը գրանցված է եղել Էլմիրա Միքայելյանի անվամբ:
2021 թվականի մարտի 22-ին տրված՝ թիվ ԲԱ375830 մահվան մասին պետական վկայականի համաձայն՝ նույն օրը գրանցվել է քաղաքացի Էլմիրա Միքայելյանի մահվան փաստը:
«Երևան» նոտարական տարածքի նոտար Մերի Սարգսյանի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 6-ին տրված՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ Էսթեր Միքայելյանը ժառանգել է Էլմիրա Միքայելյանի ժառանգական գույքը, որի կազմում նաև՝ «Opel Astra 1.6» մակնիշի «34 PV 519» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի 1/2 բաժնեմասը:
«Երևան» նոտարական տարածքի նոտար Մերի Սարգսյանի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 6-ին տրված՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ Էսթեր Միքայելյանը ժառանգել է Կամո Միքայելյանի ժառանգական գույքը, որի կազմում նաև՝ «Opel Astra 1.6» մակնիշի «34 PV 519» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի 1/2 բաժնեմասը:
«Ճարտարագետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետը 2025 թվականի փետրվարի 5-ին տրված թիվ 25-003Պ ապրանքագիտական եզրակացությամբ պատասխանելով «Որքան է կազմում փորձաքննությանը տրամադրված «Opel Astra 1.6» մակնիշի «34 PV 519» պետհամարանիշի՝ 01.08.2023թ. ժամը 21:27-ի ժամանակահատվածում, ք.Երևան Թումանյան 23 հասցեում տեղի ունեցած ծառի անկման հետևանքով թեթև մարդատար տրանսպորտային միջոցին պատճառված վնասի չափը:» հարցին, նշել է հետևյալը. «Փորձաքննությանը տրամադրված «Opel Astra 1.6» մակնիշի «34 PV 519» պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վնասի չափն արժեքային արտահայտությամբ փորձաքննության իրականացման ժամանակահատվածի դրությամբ կազմում է 649,000 (վեց հարյուր քառասունինը հազար) ՀՀ դրամ:»:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 14-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:
Օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Օրենսգրքի 17-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ վնասի հատուցում պահանջելու իրավունքը պատկանում է այն անձին, ում իրավունքը խախտվել է կամ ով կրել է վնաս:
2025 թվականի փետրվարի 12-ի թիվ Դ-15955-25 դիմումով ներկայացված պահանջին իրավական գնահատական տալու նպատակով անհրաժեշտ է Օրենսգրքի 14-րդ և 17-րդ հոդվածների կարգավորման համատեքստում պարզել այն հանգամանքը, թե արդյո՞ք քննարկվող իրավահարաբերություններում Էսթեր Միքայելյանը հանդիսանում է վնաս կրած անձ:
Դիմումատուի կողմից նշված և վնասի փոխհատուցման պահանջի հիմքում դրված պատահարը տեղի է ունեցել 2023 թվականի օգոստոսի 1-ին, հետևաբար հաշվի առնելով, որ պատահարի օրվա դրությամբ Էսթեր Միքայելյանը չի հանդիսացել «Opel Astra 1.6» մակնիշի «34 PV 519» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի սեփականատեր, կարելի է փաստել, որ տվյալ պատահարի հետևանքով Էսթեր Միքայելյանի իրավունքի խախտում տեղի չի ունեցել և վերջինս իր գույքի վնասվածքի ձևով վնաս չի կրել:
Օրենսգրքի 1184-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքի կանոններով:
Օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:
Օրենսգրքի 1184-րդ և 1186-րդ հոդվածների դրույթների կարգավորման համատեքստում դիտարկելով Էսթեր Միքայելյանի կողմից ժառանգությամբ ընդունված գույքի ծավալը՝ կարելի է փաստել, որ վերջինս ժառանգել է «Opel Astra 1.6» մակնիշի «34 PV 519» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը այն արտաքին տեսքով և որակական հատկանիշներով, որպիսիք առկա են եղել ժառանգության բացման պահին: Անկախ այն հանգամանքից, թե «Opel Astra 1.6» մակնիշի «34 PV 519» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը ժառանգության բացման պահին ինչպիսի արտաքին տեսք, որակական հատկանիշներ կամ դեֆորմացիաներ է ունեցել, այն հանդիսացել է ժառանգման առարկա և ժառանգվել է տվյալ պահին առկա արտաքին տեսքով, որակական հատկանիշներով և ապրանքային արժեքով:
Վերը մեջբերված իրավանորմերի համատեղ կիրառման և նշված փաստական հանգամանքների ամբողջական գնահատման արդյունքում կարելի է փաստել, որ վնասի փոխհատուցում պահանջելու իրավունքը պատկանում է վնաս կրած անձին և չի հանդիսանում ժառանգաբար փոխանցման ենթակա իրավունք, հետևաբար քննարկվող պարագայում՝ Էսթեր Միքայելյանը չի հանդիսանում վնասի հատուցման սուբյեկտ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էսթեր Միքայելյանի՝ վնասի հատուցման պահանջ ներկայացնելու սուբյեկտ չհանդիսանալու հանգամանքն արդեն իսկ 2025 թվականի փետրվարի 12-ի թիվ Դ-15955-25 դիմումի մերժման համար բավարար հիմք է հանդիսանում, ուստի նշված հանգամանքով պայմանավորված և վարույթը չբարդացնելու նպատակով՝ առանձին գնահատման չեն ենթարկվում այլ փաստական հանգամանքները, որպիսիք են՝ նկարագրված պատահարի արդյունքում «Opel Astra 1.6» մակնիշի «34 PV 519» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը վնասվածքներ ստանալու հանգամանքը (չի ներկայացվել փոխադրամիջոցի հետքաբանական փորձաքննության եզրակացություն), վնասի չափը (2025 թվականի փետրվարի 5-ի փորձագետի եզրակացությամբ վնասը որոշվել է ոչ թե պատահարի օրվա, այլ փորձաքննության իրականացման դրությամբ), պատահարի և վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 17-րդ, 1058-րդ, 1071.1-րդ, 1184-րդ և 1186-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Էսթեր Միքայելյանի վնասի փոխհատուցման պահանջի մասին 2025 թվականի փետրվարի 12-ի թիվ Դ-15955-25 դիմումը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |
