ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 1994 թ. N 120
Քաղ. Երևան
«ՋՐԱՄԲԱՐ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածի և ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի N 399 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի «Հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկը սահմանելու մասին» N 399 որոշմամբ հաստատված հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկում «Հայջրտնտ» ՀԳԱՄ-ի «ջրամբարներ» բառերը փոխարինել «Ջրամբար» հատուկ նշանակության պետական ձեռնարկություն» բառերով։
2. Հաստատել «Ջրամբար» հատուկ նշանակության պետական ձեռնարկության կանոնադրությունը (կցվում է)։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ կառավարության 1994 թ. մարտի 16-ի N 120 որոշմամբ |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«ՋՐԱՄԲԱՐ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. «Ջրամբար» պետական ձեռնարկությունը հատուկ նշանակության պետական ձեռնարկության կարգավիճակ է ստացել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 16-ի N 120 որոշմամբ, ելնելով ջրամբարների և հիդրոտեխնիկական կառուցվածքների, որպես ստրատեգիական նշանակության օբյեկտների, շահագործման բնույթից, թողարկվող արտադրանքին, աշխատանքների կազմակերպմանը, տեխնոլոգիական գործընթացներին, գործունեության անվտանգությանը ներկայացվող հատուկ պահանջներից, որով և պայմանավորվում է ձեռնարկության գործունեության կենտրոնացված կառավարման անհրաժեշտությունը։
2. «Ջրամբար» հատուկ նշանակության պետական ձեռնարկությունը, համաձայն «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հա յաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածի, ենթակա է ուղղակի կառավարման Հայաստանի Հանրապետության կառավարության հատուկ լիազորած պետական մարմնի՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից։
3. «Ջրամբար» հատուկ նշանակության պետական ձեռնարկությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, ինչպես նաև դրոշմակնիք։
4. «Ջրամբար» հատուկ նշանակության պետական ձեռնարկությունը (այսուհետև՝ ձեռնարկություն) իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հրամաններով, հրահանգներով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ։
5. Ձեռնարկության լրիվ ֆիրմային անվանումն է՝ «Ջրամբար» հատուկ նշանակության պետական ձեռնարկություն, կրճատը՝ «Ջրամբար» ՀՆՊՁ։
6. Ձեռնարկության գտնվելու վայրը՝ քաղաք Երևան, Նորքի 5-րդ զանգված, Ջրվեժի արդհանգույց, 375079։
II. Ձեռնարկության հիմնական նպատակները և խնդիրները
7. Ձեռնարկության հիմնական նպատակներն են՝
ա) իր ենթակայության տակ գտնվող ջրամբարների միջոցով հանրապետության տարածքում եղած ջրային (գետային) հոսքի առավել կարգավորումը.
բ) ջրամբարներում կուտակված ջրի առավել արդյունավետ օգտագործման ապահովումը գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման, գյուղատնտեսական և անասնապահական մթերքների արտադրության, արդյունաբերական և այլ խնդիրների իրականացման համար.
գ) ջրամբարներում կուտակված ջրի բաշխումը և վերաբաշխումը ջրօգտագործողների միջև՝ ելնելով ջրօգտագործման գործող նորմաներից, համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային ռեսուրսների վարչության կողմից հաստատված սահմանաքանակի (լիմիտի) և ջրօգտագործողների պահանջարկից.
դ) ջրի բաշխման ժամկետացանկի ճշգրտումն ըստ քանակի և տրման ժամանակամիջոցի` կախված տարվա ջրառատությունից, շրջանի բնակլիմայական պայմաններից, ոռոգման գործող նորմերից և այլ պահանջներից.
ե) հիդրոհանգույցների շահագործման կազմակերպումը, դրանց կառուցվածքների վիճակի դիտարկումները, նորոգման, վերահսկման և այլ աշխատանքների կազմակերպումը, որոնք կապահովեն հիդրոհանգույցների անխափան աշխատանքը` գործող տեխնիկական շահագործման նորմերին համապատասխան.
զ) ջրամբարների ջրապահպան և օտարման գոտիների կազմակերպումը՝ ելնելով սանիտարական և այլ գործող նորմերից, դրանց ռեժիմի հսկողությունը.
է) ջրամբարների տարածքի, կառուցվածքների, ջրապահպան և օտարման գոտիների համալիր օգտագործումը տնտեսության բոլոր ոլորտներում (ձկնաբուծություն, ռեկրեացիա և այլն)։
8. Ձեռնարկությունը այդ նպատակների համար՝
ա) կազմակերպում է պատվարի ու հիդրոհանգույցի մյուս կառուցվածքների վիճակի դիտարկումները չափիչ-հսկիչ սարքավորումներով և այլ մեթոդներով ապահովելով կառույցների երաշխավորված անխափան շահագործումը: Կատարում է այդ դիտարկումների արդյունքների վերլուծություն, առաջավոր փորձի, նորագույն տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրման աշխատանքներ.
բ) կազմակերպում և իրականացնում է ջրամբարների ու հիդրոկառույցների նախնական պլանավորված նորոգում՝ ապահովելով ջրի կուտակումը և արդյունավետ ու անկորուստ օգտագործումը.
գ) սահմանված կարգով իրականացնում է ջրամբարների և հիդրոհանգույցների, որպես հատուկ կարևորության օբյեկտների, պահպանումը.
դ) իրականացնում է ջրամբարների ափապահպան աշխատանքները, կոորդինացնում ու վերահսկում է ջրամբարների ջրատարածքների և օտարման գոտիների օգտագործումը.
ե) իրականացնում է ջրամբարների կադաստրի վարումը.
զ) ելնելով ջրօգտագործողների կողմից նախօրոք ներկայացված ջրի պահանջարկից, ջրամբարի լցվածությունից և կանխատեսվող ջրի մուտքի հաշվարկային տվյալներից, կազմում է ջրի օգտագործման համալիր ժամկետացանկ ըստ սպառման նորմաների և սահմանաքանակների, որը համաձայնեցվում է ջրօգտագործողների հետ։
է) տնտեսական փոխհարաբերությունների մեջ է մտնում ջրամբարում կուտակված ջուրը օգտագործող ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ ու համապատասխան պայմանագրերով ապահովում է ջրի տալը և տրված ջրի վարձի գանձումը, ըստ նախօրոք հաստատված սահմանաքանակի։
9. Համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերի և պայմանագրերի ձեռնարկությունը սահմանակից պետությունների հետ իրականացնում է սահմանամերձ ջրամբարների համատեղ շահագործման ու նորոգման աշխատանքներ, նշված հարցերի վերաբերյալ բանակցություններ վարում այդ պետությունների իրավասու մարմինների հետ։
10. Ձեռնարկությունը սահմանված կարգով վերահսկում է ջրամբարների տարածքում, ջրապահպան գոտիներում, ջրամբարների հիդրոհանգույցներում կատարվող ամեն տեսակի տնտեսական գործունեությունը։ Կազմակերպում է ջրամբարների և ափերի առավելագույն տնտեսական օգտագործումը։ Ուսումնասիրում և հաստատում է այդպիսի գործունեության հետ կապված սխեմաները, նախագծերը, շինարարական աշխատանքները։
11. Ձեռնարկությունը կազմակերպում է իր կազմի մեջ մտնող բոլոր ստորաբաժանումների հիմնական արտադրական և սոցիալական զարգացման հարցերը:
12. Ձեռնարկությունն իր իրավասության սահմաններում մասնակցում է՝
ա) ջրի հանրապետական ծրագրի մշակմանը, ջրային տնտեսության ընթացիկ և ստրատեգիական ծրագրերի կազմմանն ու իրականացմանը.
բ) ջրատնտեսական արտադրության մեջ ներդրվող նորագույն տեխնոլոգիաների, ստանդարտների, ինչպես նաև այդ բնագավառում իրավական ակտերի մշակմանը, և կատարում է մելիորատիվ ու համալիր օգտագործման նպատակով կառուցվող օբյեկտների նախագծերի փորձաքննությունը և համաձայնեցումը, իրականացնում օբյեկտների շահագործման ընդունումը։
III. Ձեռնարկության գույքը և տնտեսական գործունեությունը
13. Ձեռնարկությունը ջրամբարների հիդրոտեխնիկական կառուցվածքների, ջրային տարածքի և օտարման գոտիների տնօրինողն է և ինքնուրույն կազմակերպում է դրանց տնտեսական օգտագործումը։
14. Ձեռնարկությանն է պատկանում իրեն ամրացված գույքի լրիվ տնտեսավարման իրավունքը։ Ձեռնարկության գույքն են կազմում իր հիմնական ու շրջանառու միջոցները, դրամական միջոցները և արժեթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրեն պատկանող այլ նյութական և ոչ նյութական օբյեկտներ։
15. Ձեռնարկությունն իր շահույթի հաշվին ստեղծում է կենտրոնացված տնտեսական խթանման ֆոնդեր և դրանք ուղղում ձեռնարկության արտադրատնտեսական ու սոցիալական զարգացմանը։
16. Ձեռնարկությունն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, լիազոր մարմնի համաձայնությամբ հիմնադրել դուստր ձեռնարկություններ, ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ (բաժանմունքներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ), ընդգրկվել (անդամակցել) այլ կազմակերպական իրավական տեսակի հանրապետության տարածքում և օտարերկրյա պետություններում) ձեռնարկություններում։
17. Ձեռնարկության գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշը շահույթն է, որն օգտագործվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
18. Ձեռնարկության ֆինանսական ռեսուրսների աղբյուրներն են՝
ա) տրված ջրի դիմաց գանձվող վարձավճարը.
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության դրամական ներդրումները.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սակագնի սահմանման հետ կապված տարբերության փոխհատուցումը.
դ) արտադրանքի իրացումից ստացված հասույթը.
ե) ամորտիզացիոն մասհանումները.
զ) դեպոզիտային միջոցների դիմաց ստացված տոկոսները.
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ դրամական մուտքերը։
19. Ձեռնարկությունում պարտադիր կարգով կազմավորվում է պահուստային ֆոնդ, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նորմատիվներին համապատասխան։
20. Ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության օգնությամբ կազմավորում է ֆինանսական ռեսուրսներ՝ փոխառու միջոցների, Հայաստանի Հանրապետությունում ու այլ պետություններում բանկային և առևտրային վարկերի ներգրավմամբ (այդ թվում տարադրամով ստանալու միջոցով), տրամադրում է դրամական փոխառություններ, իր միջոցները ներդնում այյ ձեռնարկություններում և կազմակերպություններում։
21. Ձեռնարկությունն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային և այլ հաշիվներ բացել Հայաստանի Հանրապետության ցանկացած բանկային հիմնարկում՝ իր դրամական միջոցները պահելու, հաշվարկային, վարկային ու դրամարկղային ամեն տեսակի գործառնություններ իրականացնելու համար։
22. Ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում վիճակագրական հաշվետվություն։
23. Ձեռնարկությունը ներգրավում է վարձու աշխատողների և նրանց հետ իր աշխատանքային հարաբերությունները կարգավորում աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրերով։
24. Ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, լիազոր մարմնի թույլտվությամբ որոշում է իր ներքին կազմակերպական կառուցվածքը, ստորաբաժանումների, արտադրական այլ օղակների ցանկը, կառավարման համակարգը և սահմանում ներքին աշխատանքային կանոնները։
25. Ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է կատարել պետական պատվերներ, կնքել պայմանագրեր, այդ թվում՝ օտարերկրյա պետությունների ձեռնարկությունների և կազմակերպությունների հետ։
26. Ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բոլոր ձևերով ձեռք է բերում գույք, այդ թվում` արժեթղթեր, օգտագործում է դրանք և դրանցից ստացված եկամուտը։ Պայմանագրային հիմունքներով օգտագործում է այլ ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների գույքն ու մյուս միջոցները։
27. Ձեռնարկությունը դատական կամ արբիտրաժային կարգով վիճարկում է իր շահերին վնաս հասցրած քաղաքացիների, բանկային և այլ հիմնարկների, ֆինանսական հաստատությունների, կազմակերպությունների, պետական մարմինների գործողությունները, հանդես է գալիս որպես հայցվոր և պատասխանող դատարանում, արբիտրաժում, միջնորդ դատարանում։
28. Ձեռնարկությունն իրավունք ունի դատական կամ արբիտրաժային կարգով պաշտպանելու իր ֆիրմայի անվանումն ու այլ նույնանուն ձեռնարկություններից պահանջելու այդ անվանման անօրինական օգտագործման դադարեցում և իրեն պատճառած վնասի փոխհատուցում:
IV. Ձեռնարկության կառավարումը
29. Ձեռնարկության ղեկավար մարմիններն են՝ գլխավոր տնօրենը և ձեռնարկության խորհուրդը։
30. Ձեռնարկության գլխավոր տնօրենը պաշտոնի է նշանակվում և ազատվում է պաշտոնից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից՝ կոնտրակտային եղանակով։ Կոնտրակտում սահմանվում են ձեռնարկության գլխավոր տնօրենի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները վերադաս պետական մարմնի ու աշխատավորական կոլեկտիվի հետ, նրա աշխատանքի վարձատրության և զբաղեցրած պաշտոնից ազատելու պայմանները, կոնտրակտի ժամկետը, կոնտրակտի դադարեցման հիմքերն ու այլ դրույթներ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին համապատասխան։
31. Ձեռնարկության գլխավոր տնօրենն իր իրավասության սահմաններում կազմակերպում է ձեռնարկության գործունեությունը, առանց լիազորագրի գործում է ձեռնարկության անունից, ներկայացնում նրա շահերը, տնօրինում է ձեռնարկության գույքը, կնքում պայմանագրեր (այդ թվում՝ աշխատանքային և կոլեկտիվ), տալիս է լիազորագրեր, բանկային հիմնարկներում բացում հաշիվներ, ինչպես նաև իրականացնում օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ։
32. Ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալներին պաշտոնի է նշանակում և ազատում պաշտոնից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` գլխավոր տնօրենի ներկայացմամբ։
33. Ձեռնարկության խորհուրդը կազմվում և գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
34. Ձեռնարկության խորհուրդը կազմվում է 9 անդամից։ Խորհրդի կազմի 1/3-ն ընտրվում է աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովում, բաց քվեարկությամբ, իսկ 2/3-ը՝ գլխավոր տնօրենի ներկայացմամբ և հաստատվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից։
35. Ձեռնարկության խորհուրդն իր իրավասության սահմաններում. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկում և որոշում է ընդունում հետևյալ հարցերի վերաբերյալ`
ա) համակարգի հեռանկարային զարգացման.
բ) ձեռնարկության արտադրական, սոցիալական զարգացման.
դ) ձեռնարկության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և դուստր ձեռնարկությունների տնօրենների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման մասին հաշվետվությունների.
դ) դուստր ձեռնարկությունների աշխատանքի համակարգման, կադրերի ընտրության և տեղաբաշխման.
ե) դուստր ձեռնարկությունների հիմնադրման, վերակազմավորման, լուծարման.
զ) ձեռնարկության կառուցվածքի.
է) ձեռնարկության և դուստր ձեռնարկությունների օգուտներից ու ամորտիզացիոն մասհանումներից գոյացած եկամուտների բաշխման և վերաբաշխման, օգտագործման, կենտրոնացված ֆոնդերի գոյացման ու նպատակային օգտագործման.
ը) հիմնական միջոցների դուրսգրման և այլնի։
36. Ձեռնարկության վերահսկիչ հանձնաժողովը ստեղծվում և գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
V. Ձեռնարկության գործունեության դադարեցումը
37. Ձեռնարկությունը վերակազմավորվում կամ լուծարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ կարգով։
