ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2025 թվականի N 265-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 3-րդ հոդվածի աղյուսակում կատարել փոփոխություն, N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացումներ, N 4 աղյուսակում կատարել լրացում, N 3 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին՝
1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզի շենքի վերակառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություն կատարելով 2023 թվականի նոյեմբերի 23-ին «Վի Քեյ ԳՐՈՒՊ» ՍՊԸ–ի և «Հրշեջ Շահ-Ար» ՍՊԸ–ի ՀՁ–ի հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՏԶՀ-ՄԲՄ-ԱՇՁԲ-2023/2 պայմանագրում մինչև պայմանագրի ընդհանուր գնի 26.04 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները․
2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի քաղ. Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի նոր շենքի կառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություն կատարելով 2024 թվականի դեկտեմբերի 2-ին «Ֆ Տ Դ-ՇԻՆ» ՍՊԸ–ի հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՏԶՀ-ԴԲՄ-ԱՇՁԲ-2024/117 պայմանագրում մինչև պայմանագրի ընդհանուր գնի մինչև 20.2 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պայմանագրի փոփոխությունների կատարման արդյունքում ծավալները վերահաշվարկելիս հիմք են ընդունվում պայմանագրերին կից ծավալաթերթով սահմանված աշխատանքների կատարման նախահաշվային միավոր գները, իսկ նոր տողերի առաջացման դեպքում՝ սահմանված կարգով հաշվարկված և դրա արդյունքում նախագծային փաստաթղթերով նախատեսված միավոր գները: Ընդ որում, վերահաշվարկը կատարվում է՝
1) տեղակապումն իրականացնող նախագծող կազմակերպության կողմից և տեղակապման նախագծի հետ ներկայացվում է պարզ փորձաքննության.
2) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1869-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ը» պարբերությամբ նախատեսված կարգավորումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մարտի 2025 թվական:
